RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 18-12-2015



Տեղադրվել է` 2015-12-19 14:47:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1165, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ԵՐԵՔ ՀԱՐԵՎԱՆ, ԵՐԵՔՆ ԷԼ ՄԻ ՎԱՐՔԻ

Նաիր ՅԱՆ

Հուշարձանագետին արգելել են Վրաստան մտնել

Ջուղայի խաչքարերի սպանդից անցել է ուղիղ տասը տարի: Մեր երկիրը միջազգային ամբիոններից այդպես էլ պահանջ չներկայացրեց Ադրբեջանինՙ պատասխան տալ այդ եղեռնագործության համար: Դե, քանի որ մենք հետեւողական ու պատվախնդիր չգտնվեցինք, միջազգային ատյանները մեր սիրուն աչքերի համա՞ր պիտի Ադրբեջանի բմբուլները քամուն տային: Ջուղան անցավ-գնաց: Թեեւ Իրանի սահմանից արված տեսանկարահանումը ցցուն փաստ ու վկայություն էր, որի հիման վրա կարող էինք դատական գործ հարուցել Ադրբեջանի նկատմամբ: Դա էլ չարեցինք: Տասը տարվա ընթացքում քանի՜-քանի անգամ են մեր բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպումներ ունեցել իրենց ադրբեջանցի գործընկերների հետ ու, հետեւաբար, միջազգային մամուլի եւ միջնորդ պետությունների առաջ հնարավորություն ունեցել հրապարակավ ասելու. «Ես հրաժարվում եմ նույն սեղանի շուրջը նստել ու բանակցել մի նախագահի կամ բարձրաստիճան այսինչ պաշտոնյայի հետ, որի բանակն իր հրամանատարների պահանջով ոչնչացրել է իմ ժողովրդի ստեղծած մշակութային բացառիկ կոթողները, որոնք համայն մարդկության ոչ նյութական մշակութային արժեքներ են ու դրանց պահպանությունը բոլորիս պարտականությունն է»: Ախորժակներիսՙ քացախ. ոչ ոք չհամարձակվեց ադրբեջանցիներին ասելՙ աչքիդ վերեւը սեւ հոնք կա: Մարսվեց-գնաց Ջուղան:

Հուշարձանագետ, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը մշտապես առիթներ է փնտրել գոնե որպես հայ մտավորական ու հասարակական կառույցի ղեկավարՙ միջազգային լսարանի առջեւ ներկայացնել ադրբեջանական վանդալիզմը, ցուցադրել հիմնադրամի կողմից պատրաստված «Ջուղա» ֆիլմը:

Մենք մի բան չենք կարողանում ընկալել, ու դա իսկապես ողբերգություն է. Հայաստանն ինչ հարաբերությունների մեջ է Թուրքիայի, Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի հետՙ ոչ մի օտարերկրացու չի հուզում: Ոչ մի եվրոպացու չի հետաքրքրում ո՛չ Հայոց ցեղասպանությունը, ո՛չ էլ Ղարաբաղի հարցը, ո՛չ մեր երկրի քաղաքական ու ո՛չ էլ տնտեսական կամ սոցիալական խնդիրները: Բայց մշակույթի հարցում միջազգային հանրությունը շատ ուշադիր ու հետեւողական է, նաեւ ընդվզողՙ մշակութային վանդալիզմների նկատմամբ: «Ջուղա» ֆիլմը տեսնելովՙ մի շվեդ պատգամավոր հաջորդ օրը հայտարարեց. «Ադրբեջանը վանդալ երկիր է»: Այն, ինչ հնարավոր չէ անել քաղաքական դաշտում, մշակույթի միջոցով կարելի է ճիշտ թիրախին խփել, որովհետեւ մշակույթի լեզուն ընդհանուր է, հասանելի եւ հասկանալի մոլորակի տարբեր անկյուններում: Բա էլ ինչի՞ են թուրքերն այսքան խանդավառված, առիթ-անառիթ Հայաստան գցում իրենց: Էլ երգչուհի ու գրող, էլ քանոնահար ու ուդահար են մեր երկիր ուղարկում, թեՙ գնացեք, լայն ու ծորուն ժպիտներով հայերի ձեռքը սեղմեք, մշակութային համատեղ նախագծեր իրականացրեք ու հայկական մամուլի առաջ ծանրումեծ հայտարարեք. «Արի Պեպան ջան, բարըշինք»: Փակ սահմաններով, առանց դիվանագիտական հարաբերությունների, մերժողական կեցվածքով, Թուրքիա այցելող զբոսաշրջիկների ցուցակից հայերին հանելովՙ նրանք խայծը մշակույթի միջոցով են ուզում մեր կոկորդում տեղավորել: Դե մենք էլ երբեմն կուլ ենք տալիս, նայած թե ով է ինքնակամ ընկնում թուրքերի ձեռքը, նայած ազգային արժանապատվության ինչ չափաբաժին է մոր կաթի հետ նրա երակներն անցել:

Մշակույթով կարող ես ազգ ու պետություն մեծարել, մշակույթվ կարող ես ազգ ու պետություն ոչնչացնել: Անդրադառնանք մեր մյուս հարեւանինՙ Իրանին: Չեն սպասում, որ մենք բարձրաձայնենք այնտեղ գտնվող մեր մշակութային արժեքների վերականգնման ու պահպանման մասին: Մեզնից առաջ են ընկնում, վերականգնում-պրծնում են ու մեզ հրավիրում, թեՙ եկեք-տեսեք, լա՞վ ենք աշխատել, թերություն կա՞, ասեք, մի ամաչեք:

Հիմա խոսենք մեր հյուսիսային հարեւանի մասին, որին հաճախ անվանում ենք եղբայր: Աստված բոլորին հեռու պահի երեսիդ ժպտացող, բայց թիկունքից հարվածող «եղբայրներից»: Վրաստանի հետ մենք մշակութային տեղեկատվական պատերազմի մեջ ենք, բայց դրա մասին պաշտոնապես չենք հայտարարում: Չենք հայտարարում, որովհետեւ պաշտոնյաների հեչ պետքն էլ չի, որ այդ երկրում յուրացվում են հայկական հուշարձանները, եկեղեցիների պատերից ջնջվում-մաքրվում են հայատառ արձանագրություններն ու միջնադարյան որմնանկարները:

Հայաստանում ու հատկապես նրա սահմաններից դուրս հայկական հուշարձանների մասին տեղեկությունների, մանրազնին ուսումնասիրությունների ու հետազոտությունների համար մենք, հետագայում նաեւ մեր սերունդները դեռ երկար ենք պարտական լինելու հուշարձանագետ Սամվել Կարապետյանին: Վրաստանի վարչական տարածքում գտնվող մեր կոթողների մասին տեղեկությունները նա սկսել է հրապարակել 1995 թվականից: Այդ տարի հրատարակել է մի գրքույկ-քարտեզ, որտեղ անուն առ անուն նշված են 650 հայկական հուշարձաններՙ իրենց համառոտ պատմությամբ: Երեք տարի հետո վրացի հայագետը գիրք է հրատարակել ու անհեթեթ ապացույցներ բերել, թե հայկական անվանվող եկեղեցիները կառուցված են վրացական աղյուսից: Հետո վրացիները զարմանք են հայտնել, թե ինչպե՞ս, ուրեմն Վրաստանում կա 650 հայկական կոթող, այսինքնՙ ավելի շատ, քան վրացակա՞ն:

Թե ինչու են զարմանում մեր հյուսիսային եղբայրները, դա է զարմանալի: Եթե Թիֆլիսի 47 քաղաքագլուխներից 45-ը հայեր են եղել, եթե Գուգարաց նահանգը, Ջավախքը հայկական տարածքներ են, բայց գտնվում են Վրաստանի վարչական սահմաններից ներս, եթե հայերը դարեր շարունակ այդ երկրի տնտեսական, քաղաքական, մշակութային ոլորտներում կարեւորագոյւն դեր են ունեցել, զարմանալու ի՞նչ կա: Ի դեպ, Սամվել Կարապետյանի հետազոտությոնները պարզել են, որ այն հայ քաղաքագլուխները, որոնք թաղվել են Վրաստանի տարածքում, նրանց գերեզմանները ոչնչացված են:

Սամվել Կարապետյանը հրատարակել է մեկ այլ գիրքՙ «Վրաց պետական քաղաքականությունը եւ հայ մշակույթի հուշարձանները», որտեղ ցուցադրվում են հայկական եկեղեցիների լուսանկարներՙ մի դեպքումՙ հայատառ արձանագրությամբ, մյուս դեպքումՙ նույն կոթողըՙ ջնջած-քերած պատերով: Նա համարձակորեն հայտարարել է, որ Վրաստանում հայկական հուշարձանների ոչնչացումն ու յուրացումը պետական ծրագրված քաղաքականության հետեւանք է: Գրքում զետեղել է լուսանկարներ, որոնցում Իլյա կաթողիկոսը վրացական ծեսով վերաօծում է Թբիլիսիի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցին ու այն դարձնում ուղղափառ առաջնորդանիստ: Շեւարդնաձեն ներկա է եղել արարողությանը:

Վրացի հայագետները վերջին տարիների իրենց հրատարակություններում միտումնավոր հրաժարվել են Քարթլի բառից, որը թարգմանաբար նշանակում է Հայաստան: Նախկինում նրանք գրավոր եւ բանավոր վկայություններում նշել են Քարթլի անունը, այսինքնՙ հաստատել են, որ այդ տարածքները հայկական են, Հայաստանի պատմական հողերը: Իսկ այսօր իրենց հիշողությունից ու գրքերից ջնջել են Քարթլին, այնպես, ինչպես Օսմանական քարտեզներում թուրքերը նշում էին Էրմենիստան անունը, իսկ այսօր նույն քարտեզի վրա գրում են Արեւելյան Անատոլիա:

Հայագետներ Դմիտրի Թումանաշվիլին եւ Զազա Ալեքսիձեն գիրք են հրատարակել, որտեղ չկարողանալով հերքել Վրաստանում հայկական եկեղեցիների գոյությունըՙ մեղքը գցում են հայերի վրա: Հայտարարում են, թե իբր հայ հոգեւորականների ձեռքն ընկած խեղճ վրացիները դարձել են Գրիգորյան ու կառուցել առաքելական եկեղեցիներ: Սուրբ Նշան եկեղեցու պարագայում նրանք այլ պատճառաբանություն են բերում, թե իբր 18-րդ դարում հայ մեծահարուստներն այն գնել են վրացիներից ու դարձրել առաքելական եկեղեցի: Այնինչ բազմաթիվ հիշատակարաններ են պահպանվում, որոնք վկայում են, որ Սուրբ Նշանը միջնադարում կառուցել են հայերը: Այդ փաստերը Սամվել Կարապետյանը հատ-հատ ներկայացրել է, որից հետո վրացական կողմը լռել է: Հուշարձանագետը պատրաստվում է հրատարակել «Հայկական եկեղեցիները Վրաստանում» ծավալուն գիրքը, որը ծանր հրետանու արժեք կունենա մեզ համար, եթե, իհարկե, մեր պետական պաշտոնյաները մի օր հանկարծ կարեւորեն Վրաստանում ոչնչացվող ու յուրացվող հայկական հուշարձանների ճակատագիրը եւ համարձակվեն դեմ առ դեմ կանգնել իրենց վրացի գործընկերների առջեւ ու բողոքի նոտա հղել: Սամվել Կարապետյանն իր նոր գիրքը հրատարակելիս թերեւս օգտագործի եղած նյութերն ու լուսանկարները կամ այն ուսումնասիրությունները, որ վերջերս կատարել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի մասնագիտական խումբը:

Հոկտեմբերի 18-ին ինքը խմբի հետ դուրս է եկել Հայաստանից, որպեսզի մեկնի Վրաստանՙ հերթական ուսումնասիրություններն անելու այդ երկրում: Սական Սադախլոյի մաքսատան վրացի աշխատակիցը հայտարարել է, որ խումբը կարող է մտնել Վրաստան, իսկ Սամվել Կարապետյանըՙ ոչ: Թե ինչու, չի մեկնաբանել: Եվ Սամվել Կարապետյանը վերադարձել է Հայաստան: Հաջորդ օրն իսկ նամակ է ուղարկել Հայաստանում Վրաստանի դեսպանությանըՙ պարզելու, թե ինչու է իր անունը հայտնվել Վրաստանի «սեւ ցուցակում»: Անցել է մեկուկես ամիս. ոչ մի պատասխան: Հուշարձանագետը մաքսատան դիպվածը պատմել է մեր մշակույթի նախարարին, որն էլ իր հերթին խնդիրը ներկայացրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանին: Իշխանական շղթան օղակվում է, մինչդեռ Սամվել Կարապետյանը կարծում , որ իր կարգավիճակը չի փոխվի: Առայժմ նա միակ պատասխան-նամակն ստացել ե մեր արտգործնախարարությունից: Այս գերատեսչությունը ոչ մի պարզաբանում չի ներկայացրել խնդրի վերաբերյալ, միայն գրել է, որ իրենք շատ են գնահատում Սամվել Կարապետյանի գործունեությունը: Այ այսպիսի դարակազմիկ պատասխան, որին կերազի իրեն հարգող ամեն մտավորական ու արվեստագետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ