RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#045, 2015-12-04 > #046, 2015-12-11 > #047, 2015-12-18 > #048, 2015-12-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 18-12-2015



ՑՈՒՑԱՍՐԱՀ

Տեղադրվել է` 2015-12-19 14:47:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 1249, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 1

ՀԱՅԿԱԿԱՆ ԿՅԱՆՔԵՐ, ԱՎՍՏՐԱԼԻԱԿԱՆ ԵՐԱԶՆԵՐ...

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Տարին հեռանում, հիշողություններն են մնում: Քաղաքային կյանքի մշակութային այն իրադարձություններից, որոնց հաղորդակցվել ու որից ավելի տպավորվել եմ, եւ արձագանքը հանիրավի ուշացած է, Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում բացված ավստրալահայ նկարիչների ցուցահանդեսն է: Ժամանակ է անցել, բայց այն թարմությունը, որ նրանք էին բերել ցուցասրահՙ հեռավոր աշխարհամասի տաք գույների ու ձայների մի հրաշալի բույլ, դեռ երկար հիշողությանս մեջ կմնա:

«Հայկական կյանքեր, ավստրալիական երազներ» այս խորագիրն էին ընտրել ավստրալահայ մեր հայրենակիցներըՙ նախապես արդեն վերաբերմունք ու տրամադրություն ստեղծող: Այցելեցի փակումից մեկ-երկու ժամ առաջ. դրսում երեւանյան կյանքն էրՙ թավշե աշնան, ներսում գույների կուտակված տրամադրություններ: Մասնակից չորս արվեստագետներ սրահում էին, որոնցից երկուսիՙ Ռոբերտ Սրջարարյանի եւ Հակոբ Մաջարյանի հետ զրույցից նոր աշխարհ հայտնաբերեցիՙ ավստրալահայ արվեստագետների երեւակայության, մտածողության անծանոթ շերտեր` մեղմ ու գրավիչ:

Փորձում եմ մեկ հայացքով ընդգրկել սրահի գույները, պատկերներն ու ձեւերը, փորձում հասկանալ, ընտելանալ, որին օգնում է տարիներ առաջ Հայաստանից Ավստրալիա մեկնած լուսանկարիչ, դիզայներ Ռոբերտ Սրջարարյանի բարեհամբույր ծանոթացումը ցուցադրված աշխատանքների ոճին, թեմատիկ առանձնահատկություններին ու դրանց հեղինակներինՙ Շաքե Վարդանյան, Արա Նալբանդյան, Պոլետտ Արզումանյան, Կիրո Դավիթյան, Լյուսի Սարգիսյան, Պետրոս Հովակիմյան, Շաքե Բերբերյան, Հենրիկ Միքայելյան, Հելեն Ալաջաջյան, որոնց գեղարվեստական մտածողության դրսեւորումները պատկերացում են տալիս ավստրալահայ ժամանակակից մշակույթի մասին:

Հեռավոր հայկական այս համայնքումՙ ավստրալահայերը ամեն կերպ ձգտում են պահպանել ու զարգացնել հայկական մշակույթըՙ ցույց տալով դրա կենսունակությունը: 1992 թ. ստեղծված Համազգայինի հայկական արվեստի խորհուրդը կոչված է այսպիսի առաքելությանՙ խթանելու գեղարվեստական զարգացումները, քաջալերելու տաղանդավոր հայ արվեստագետներին, որի կազմակերպությամբ անցկացված տասը բիենալեները բացահայտել եւ Ավստրալիայում հայտնի են դարձրել հարյուրավոր հայ նկարիչների:

Ավստրալահայ նկարիչների համար հայաստանյան այս ցուցահանդեսն առաջինն էր եւ ունեցավ հաջող ընթացք: Տպավորությունները ջերմ էին, հատկապես թանգարանի տնօրենությունից, այցելուներից ու նրանց ուշադրությունից, փոքր- ինչ անակնկալը` Սփյուռքի նախարարի բացակայությունից: Ընդհանուր ոգեւորությունն ու գոհունակությունը ակնհայտ էին, նաեւ հայաստանյան օրերի ջերմությունը նրանց հիշողությունների լավագույն մասն էր լինելու, որի մասին ավելի ուշ, վերադարձին անդրադարձան:

Իսկ երեւանյան ցուցասրահը կրակագույնի, վառ դեղնի, նարնջի ու կապույտի անցումներով ավստրալիական մթնոլորտի մեջ էր: Ներկայացված գործերը տարատեսակ ոճերի արտահայտություններ լինելով, աշխատված ջրաներկով, ակրիլով, պաստելով, յուղաներկով, նաեւՙ խառը տեխնիկայով, բնության ներշնչանքներ, կյանքային անդրադարձներ էին, քաղաքային ու ծովային տեսարաններ, նաեւ ենթագիտացական ապրումներ, զգացողական վերացարկումներ: Հաճախ նկատելի էին տեղաբնիկների էկզոտիկ մշակույթի ազդեցություններ, աբորիգենների հնագույն ավանդույթների ու սովորույթների տարրերի ներմուծում նկարչության մեջ, ժողովրդական հերոսների կերպավորումներ: Նկարչական մի քանի անդրադարձներում բնիկների հնագույն հավատալիքային խորհրդապատկերների, նշանային համակարգերի համադրումը ժամանակակից ձեւերի հետ, նոր հնչեղություն էր հաղորդում անցյալի մոռացվող շերտերին:

Ցուցադրության մյուս կարեւոր մասը լուսանկարչական աշխատանքներն էին: Ռոբերտ Սրջարարյանը արտակարգ ճաշակ ու նրբագեղություն է ցուցաբերում հատկապես կանացի դիմանկարներում. նրա հերոսուհիները հիմնականում պրոֆեսիոնալ մոդելներ են, կան նաեւ պարզ մարդիկ, երկու դեպքում էլ տպավորիչ կերպարներՙ օժտված արտիստիկ խառնվածքով: Լուսանկարների մուգ ֆոնի ընտրությունը առավել ընդգծում եւ արտահայտչական է դարձնում կերպարն ամբողջության մեջ, երբեմն էլ որոշ տարրերի գեղազարդարումով թատերային բնույթ է հաղորդվում նրանց: Տարբեր շարքերից ընտրված գործերը ներկայացնում են նրա արվեստի թեմատիկ բազմազանությունը, դրացից մեկը կոչվում է «Մահացու մեղքեր»:

Լուսանկարչական սարքը, տեխնիկական միջոցների տիրապետումն ու պահի տպավորությունը բավարար չեն արտահայտելու այն, ինչին ձգտում է հեղինակը: Կերպարին խորքային բովանդակություն հաղորդելու, խառնվածք ստեղծելու համար նա փորձում է ավելի լավ ճանաչել մարդուն, թափանցել նրա ներաշխարհը, արտաքինի տակ տեսնել ներքին կյանքի շարժերը: Այս առումով խոսուն է կիսամերկ տղամարդու դիմանկարների շարքը, որ նա արել է բնորդի տանը, սեփական միջավայրում, որն, ինչպես փոխանցված է լուսանկարներին, բավականին մռայլ ու ճնշող է: «Կարող ես ունենալ որեւէ կոնցեպտ եւ աշխատել դրանով, սակայն երբ ավելի ես ճանաչում մարդուն, մեկ այլ կոնցեպտով ես աշխատում, եւ արդյունքը նկատելիորեն տարբեր է»: Ռոբերտ Սրջարարյանը հրատարակել է երկու լուսանկարչական ալբոմ, մասնակցել է նորաձեւության նկարահանումներին, համագործակցել «Ալիսիա Հոլլեն» ավստրալիական նորաձեւության բրենդի հետ:

Հակոբ Մաջարյանը Ավստրալիա տեղափոխվել է Հորդանանից, վաղուց, շուրջ 40 տարի առաջ: Նրա երեսնամյա լուսանկարչական գործունեությունը նվիրված է Ավստրալիայի եւ Հայաստանի բացահայտմանը: Հայաստան այցելում է հաճախակի, լուսանկարչական չորս ալբոմները («Անտիկ երկրի պատկերազարդ ժառանգությունը») նվիրված են Հայաստանին:

Հակոբ Մաջարյանի լուսանկարչությունը բնության ձայնի ունկնդրում է, ծես, բնության ծեսի հաղորդակցում. նրա արվեստի անսովոր հմայքը շարժման արտացոլանքի մեջ է, որն արդյունք է ոչ միայն տեխնիկական միջոցների կամ մեթոդների, որ կիրառում է նա լուսանկարելիս, այլեւՙ այն խորը ներդաշնակության, որը զգում է բնության հետ հաղորդակցվելիս: Նրա լուսանկարներից շատերը գեղանկարչական տպավորություն են թողնում, իմպրեսիոնիստական գեղագիտությամբ: Շարժումը, որ բնության, կյանքի եւ արվեստի հիմքն է, իր լուսանկարչություն մեջ ներկա է հետագծերի, բծերի տեսքով: Այսպիսի լուսանկարչությունը զուտ պահի արձանագրում չէ. նա ստեղծում է շարժվող գույների, լողացող հետագծերի, փախչող ծառերի ընթացք, վերարտահայտում բնության, կյանքի դինամիկան, որսում նրբագույն շարժումներ, առաջին հայացքից աննշան թվացող դետալները բերում առաջին պլան:

Լուսանկարչական սարքը ասես հետեւում է աստղերի շարժին, քամու ընթացքին, անապատի լռությանը, բարձրացող եւ իջնող արեւի գույներին: Դա արվում է տեւական ժամանակաընթացքում, մանավանդ հաջող է լիալուսնի լուսավորությամբ: Նա ապրում է բնության մտերմությունը, գիտի, ճանաչում է նրա ամեն շարժում ու ձայն. ընտրում է օրվա ճիշտ պահը, դուրս է գալիս արեւածագից կես ժամ առաջ, երբ լույսն ու մութը խառնված են դեռ, տեղ է հասնում այն պահին, երբ արեւը հանդարտ մտնում է աշխարհ: Ու ծնունդ են առնում բազում գեղեցկություններՙ ծաղիկն արեւալույսի մեջ, ժայռըՙ լույսից կարծրությունը կորցնող, անապատն ավելի շառագունող...

Այսպիսին ավստրալիական երազներն էին Երեւանումՙ բնությանը մերձ, հարազատ ու ներշնչված: Հուսանքՙ առաջին այս հաջող համագործակցությունը կապահովի շարունակականությունՙ ավստրալիական երազները հայրենիքում ավելի հաճախ հանգրվանելու:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #47, 18-12-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ