RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 29-04-2016



ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Տեղադրվել է` 2016-04-28 21:16:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 3615, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇՈՒՄԵՐԱԿԱՆ ՇՈՒՐՈՒՊՊԱԿ ԱՐՔԱՅԻ ԽՐԱՏՆԵՐՆ ԻՐ ՈՐԴՈՒՆ

Ռուզան ՊՈՂՈՍՅԱՆ

Հինարեւելյան իմաստության գրականության ակունքները սկիզբ են առնում շումերներից, որոնց թողած գրական ժառանգության մեջ հայտնի են «Ագարակատիրոջ տարեգիրքը», «Շուրուպպակի խրատներն իր որդի Զիուսուդրային» եւ «Բարոյական եւ էթիկական խրատների պատառիկներ» ժողովածուները: Շուրուպպակի խրատները համարվում են այդ հնագույն ժողովրդի աշխարհընկալումն ու կենսափիլիսոփայությունն արտացոլող անզուգական նմուշներ: Ինչպես հայտնի է, դրանք գրի են առնվել Ք.ծ.ա. 2 հազար տարի առաջ եւ վերագրվել են Շուրուպպակ արքային, որը շումերական Նոյի` Զիուսուդրայի հայրն էր: Շումերական խրատների ամբողջ նյութը գրվել է 700 սալիկների վրա, որոնց մեծ մասն անհայտ է եղել մինչեւ 1958 թվականը:

Շուրուպպակն իր որդուն տվել է 280 խրատ, որոնք սկսվում են արձակ բանաստեղծությանը բնորոշ հետեւյալ տողերով. «Այն օրերին` այն հեռու-հեռավոր ժամանակներին, այն գիշերներին` այն երազային գիշերներին, այն տարիներին` այն անհիշելի տարիներին մի իմաստուն մարդ էր ապրում երկրում: Նա կարողանում էր խոսել ճիշտ ընտրված բառերով ու խրատներ էր տալիս իր որդի Զիուսուդրային. «Որդյա՛կ, թույլ տուր քեզ խրատներ տամ, դու պետք է ականջալուր լինես: Մի՛ հրաժարվիր իմ խրատներից, մի՛ անտեսիր իմ խոսքերը: Տարեց մարդու խրատները կարեւոր են, դու պետք է ընդունես դրանք» :

Խրատների զգալի մասն ուսուցանում է բարոյական անբասիր վարքագիծ, սակայն հանդիպում են նաեւ խիստ առօրեական, գործնական խրատներ.

Որդյա՛կ, քո տունը մի կառուցիր հրապարակի մոտ, այնտեղ միշտ մարդաշատ է:

Դու ոչ մեկին երաշխավոր մի՛ եղիր, այլապես քեզ հանգիստ չեն թողնի:

Թույլ մի՛ տուր, որ երաշխավոր լինեն քեզ համար, թե չէ կարհամարհեն քեզ:

Ոչինչ մի՛ գողացիր, ոչ մեկի տուն մի՛ ներխուժիր:

Մի՛ ձգտիր գանձեր ունենալ:

Գողն առյուծի նման է, բայց բռնվելուց հետո դառնում է ստրուկ:

Ամուսնացած երիտասարդ կնոջ շուրջը մի՛ պտտվիր, պատիժը կարող է շատ դաժան լինել:

Որդյա՛կ, ամուսնացած կնոջ հետ սենյակի անկյունում մի՛ նստիր:

Քո ստրկուհու հետ մարմնական հաճույքներ մի՛ վայելիր, այլապես նա քեզ հանգիստ չի թողնի:

Կռվի առիթներ մի՛ փնտրիր, մի՛ ստորացրու ինքդ քեզ:

Պոռոտախոս մի՛ եղիր, այդ դեպքում միայն կվստահեն քո խոսքերին:

Ճամփա մի՛ ընկիր գիշերը, այն կարող է թաքցնել թե՛ բարին, թե՛ չարը:

Ոչ մեկի հետ գողացված ուտելիք մի՛ կեր:

Քո ձեռքը մի՛ թաթախիր արյան մեջ:

Մի՛ խոսիր անփութորեն, այլապես ծուղակի մեջ կընկնես:

Մի՛ ձգտիր դեպի այն ջուրը, որին չես կարող հասնել:

Տուն մի՛ շինիր գոռոզամիտ մարդու հետ, նա քեզ իր ստրուկը կդարձնի:

Որդի՛ս, բռնություն մի գործադրիր եւ ոչ մեկին մի՛ զրկիր:

Չարախոսի աչքերը միշտ հետեւում են քեզ, երբեք մի՛ զգա նրա ներկայությունը, թույլ մի՛ տուր, որ նա ազդի քեզ վրա:

Մի՛ ընդդիմացիր քեզանից հզոր մարդուն:

Մի՛ քանդիր դրսի պատը:

Դատողություններ մի՛ արա, երբ գարեջուր ես խմում:

Որդի՛ս, համեստ եղիր իշխանավորի առջեւ, քանի որ միայն այդպես կհաղթես չարակամին:

Ունեցիր իշխանություն, իրավունք եւ հավատարիմ եղիր Աստծուն:

Մեծ ունեցվածքը կարող է վատնվել, իսկ փոքրի հետ ոչինչ չի կարող համեմատվել:

Մորդ հետ կոպիտ մի՛ խոսիր, դա ատելություն կառաջացնի քո հանդեպ:

Կասկածի տակ մի՛ առ մորդ եւ Աստծո խոսքերը:

Հայրը նման է Աստծուն, նրա խոսքերն արժանահավատ են: Հոր խրատները պետք է ընդունել:

Մի՛ սպանիր...

Իր «Ամեն ինչ սկսվում է Շումերից» գրքում Ս.Կրամերը գրում է, որ շումերական պանթեոնը երկրպագվել է նաեւ Արատտայում, իսկ դա նշանակում է, որ այնտեղ տարածված են եղել նաեւ շումերական խրատները, որոնք այն ժամանակ պարտադիր են եղել արքայական եւ իշխանական զարմերի համար: Բերնեբերան փոխանցվելով` դրանք դարձել են Միջագետքի եւ հարակից ժողովուրդների սեփականությունը:

Շումերական ժողովրդի ու նրա լեզվի գոյությունը երկար տարիներ փորձ է արվել հերքել` բոլոր հնարավոր փաստարկներով: Այսպես օրինակ, հայտնի արեւելագետ Յոսեֆ հա Լեւին 1870 թվականից ջանացել է ապացուցել, որ բացի սեմականներից ուրիշ ոչ մի ժողովուրդ տիրապետություն չի ունեցել Բաբելոնում, իսկ շումերական լեզու կոչվածը արհեստականորեն ստեղծել են սեմականները` գաղտնի նպատակներով: Ահա թե ինչու եվրոպացի ուսումնասիրողները շումերականից ավելի մեծ նշանակություն են տվել եգիպտական խրատական գրականությանը, որն, ինչպես հայտնի է, մեծ ազդեցություն է ունեցել սուրբգրային իմաստության գրականության, հատկապես` «Առակացի» վրա: Գիտնականներ Ա. Էրմանը, Մ. Լիխտեյմը եւ ուրիշներ, «Առակացը» համեմատելով եգիպտական խրատների ժողովածուի` «Ամենեմոպի» հետ, եկել են այն եզրահանգման, որ «Առակացի» հեղինակը ծանոթ է եղել եգիպտական խրատներին: Այդ մասին են վկայում հատկապես Առակաց ԺԲ. 21 ` «Ահաւասիկ ուսուցանեմ քեզ զբանս ճշմարիտս...», Ժ. 24` «Ըստ կորստեան շրջի ամպարիշտ...», ԻԱ. 20` «Եւ դու գրեա զնոսա յանձին քում երեքկին. ի խորհուրդ, եւ ի գիտութիւն, եւ ի հանճար...» եւ այլ խրատներ:

Ի. դարասկզբին լույս տեսած «Ամենեմոպի» անգլերեն թարգմանությունը, փաստորեն, ակնառու է դարձրել եգիպտական խրատների առկայությունը սուրբգրային իմաստության գրքերում, սաղմոսներում, ինչպես նաեւ Աստծո տասը պատվիրաններում: Այն բովանդակում է խրատներ կամ խորհուրդներ, որոնց իմացությունը երկար դարեր անհրաժեշտ է եղել իմաստալից կյանքով ապրելու համար: Դրանք լայնորեն տարածված են եղել Եգիպտոսում Ք.ծ.ա. 1300-1075 թթ. եւ բացառիկ նշանակություն են ունեցել եգիպտացիների հասարակական կյանքում: Խրատների հեղինակը համարվում է եգիպտական թագավոր Կնախտի որդի Ամենեմոպը, որի դպիրն այդ խրատները գրի է առել նրա ժառանգներին փոխանցելու նպատակով: Ուսումնասիրողների բնութագրմամբ, եգիպտական խրատներում ամփոփված են երկիրը կառավարելու` թագավորների կենսափորձն ու բարոյական բարձր չափանիշները, որոնք պարտադիր փոխանցվել են սերունդներին` կատարյալ մարդու իրական կերպարը ստեղծելու համար:

Նշենք մի քանիսը` ցույց տալու համար շումերական խրատների հետ դրանց նմանությունը.

Մի՛ վիճիր վրդովված մարդու հետ, ո՛չ էլ խայթիր նրան քո խոսքերով:

Զսպի՛ր քեզ ամբարտավանի առջեւ, հանդարտվի՛ր խոսելուց առաջ:

Մի՛ ընկերացիր անզուսպ մարդու հետ, ո՛չ էլ զրուցիր նրա հետ, մի՛ շտապիր հավատարիմ լինել նրան, որպեսզի հետո չհուսախաբվես:

Լավ է քիչ` Աստծո ողորմությամբ, քան շատ` սխալ ճանապարհով ձեռք բերված:

Հաց մի՛ կեր քո տիրոջ առջեւ, մի՛ շտապիր խոսել նրա ներկայությամբ:

Զսպի՛ր քո լեզուն նրան պատասխանելիս, զգույշ եղիր, որ հանկարծ չվիրավորես նրան:

Ականջալուր եղիր քեզ ուղղված խոսքերին, եւ թող քո սիրտը մեկնի դրանք:

Իմաստություն եւ խրատ ճանաչելու պատգամը հնագույն ժամանակներից ի վեր առաջինն է եղել թագավորների դպիրների կազմած խրատանիներում, որոնք որպես մեծարժեք ժառանգություն փոխանցվել են արքայական տոհմերի սերունդներին: Մեծանուն բանագետ, ակադեմիկոս Ա. Ղանալանյանն իր «Թե ինչո՞ւ Մաշտոցը թարգմանեց Սողոմոնի առակները» հոդվածում գրում է. «Այն հանգամանքը, որ Մեսրոպ Մաշտոցը հայերեն տառերի ստեղծումից անմիջապես հետո առաջին հերթին նպատակահարմար է գտել թարգմանելու ոչ թե Նոր կտակարանը, այլ` ավանդական Սողոմոն Իմաստունին վերագրված առակների հայտնի ժողովածուն, ունի իր լուրջ հասարակական պատճառները: Հայ ժողովրդի առաջին մեծ լուսավորիչն այդ արել է իր սիրեցյալ աշակերտներին եւ ընդհանրապես իր ազգակիցներին մատչելի, հետաքրքրական ձեւով ու բովանդակությամբ, ու միաժամանակ հասարակական-բարոյական նշանակալից արժեք եւ խրատական-դաստիարակչական նշանակություն ունեցող գիրք տված լինելու համար»: Նա չի անտեսել նաեւ այն փաստը, որ այդ խրատների նմանությունների եւ ընդհանրությունների զգալի մասը բնորոշ է աշխարհի զանազան վայրերում ապրող ժողովուրդների ավանդական բանահյուսությանը:

Հինարեւելյան խրատները հնուց ի վեր տարածված են եղել նաեւ Հայկական լեռնաշխարհում, եւ խրատական գրականությամբ սերունդ կրթելու դարավոր ավանդույթը խստորեն պահպանվել է ոչ միայն եգիպտական, հրեական, հունահռոմեական, պահլավական, արաբական, այլ նաեւ հայոց արքայական եւ իշխանական ընտանիքներում: Խրատանիները հավասարազոր են եղել կյանքի հանրագիտարանների, ուսուցանել են բարոյական համընդհանուր բարձր արժեքներ, որոնք առաջին հերթին պարտադիր են եղել արքայական եւ իշխանական ընտանիքների եւ ապա` ժողովրդի համար: Դյուրությամբ ընկալվելով, այդ խրատները հարստացրել ու կրթել են մարդկանց միտքը, ազնվացրել ու մաքրել են հոգին` հեռու պահելով պիղծ արարքներից:

Արդի ժամանակների հզորների կյանքում, ցավոք, դրանք արժեզրկվել են` ձեռք բերելով միանգամայն հակառակ իմաստ:

Շումերական խրատն ասում է.

Քո տունը մի՛ կառուցիր հրապարակի մոտ, այնտեղ միշտ մարդաշատ է,

Բռնություն մի՛ գործադրիր, ոչ մեկին մի՛ զրկիր:

Իսկ մերօրյա խրատը`

Քո տունը կառուցիր հրապարակի մոտ, որ շատ մարդ տեսնի:

Բռնություն գործադրի՛ր, ում կարող ես` զրկի՛ր...

Ահա թե ինչու է աշխարհն այսօր դարձել այսքան վայրագ եւ անկառավարելի...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 29-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ