RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2016-04-22 > #016, 2016-04-29 > #016, 2016-05-06 > #018, 2016-05-13

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 06-05-2016



Տեղադրվել է` 2016-05-05 23:34:42 (GMT +04:00)


Ընթերցված է` 1544, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 8

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆՈՒՄ

Մանկավարժական համալսարանում մեկնարկեց «Պլեներ ՀԱՅԱՍՏԱՆ-2016» խորագրով գեղանկարչության միջազգային սիմպոզիումը, որը կազմակերպել է Կերպարվեստի ամբիոնը:

Մայիսի 1-10-ն անցկացվող սիմպոզիումին մասնակցում են 6 երկրիցՙ Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Լատվիայից, Իրանից հրավիրված 16 ճանաչված գեղանկարիչներ, որոնք ձեռնարկի շրջանակներում մասնակցում են զրույցների, բանավեճերի, քննարկում տարաբնույթ խնդիրներ, իրականացնում փորձի փոխանակում` վարպետաց դասեր:

Ողջունելով հյուրերինՙ Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը հույս հայտնեց, որ միջազգային սիմպոզիումը կդառնա ավանդական եւ կանցկացվի յուրաքանչյուր տարի: Հյուրերին ողջունեց ՀՊՄՀ Կերպարվեստի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, հայտնի գեղանկարիչ Փարավոն Միրզոյանը ՙ վստահեցնելով, որ միջազգային պլեների կազմակերպումը աննախադեպ, կարեւոր ձեռնարկ է բուհական համակարգում:

Պրոֆեսորի կարծիքովՙ ոլորտի լավագույն նկարիչների մասնակցությունը կնպաստի, որ Մանկավարժականի ուսանողները ուսումնասիրեն նրանց գեղանկարչական վարպետության գաղտնիքները, լսեն մասնագիտական խորհուրդներ, ծանոթանան եւ ծանոթացնեն իրենց ազգային մշակույթին:

«Մեր երկրի համար դժվարին ժամանակներում անգամ հայ ժողովուրդը պատրաստ է հյուրընկալել եւ հիացնել իր մշակույթով»,- նշեց Փարավոն Միրզոյանն ու հավելեց, որ այս տասը օրերին արված նկարները ցուցադրվելու են նախ Հայաստանի ազգային պատկերասրահում, ապա իրենց տեղը կգտնեն Մանկավարժականի թանգարանում:

Բազմաթիվ պլեներների մասնակցած գեղանկարիչները վստահեցրինՙ նման ձեռնարկները մեծապես նպաստում են երկրի հանդեպ հետաքրքրությունն ավելացնելու, Հայաստանը ճանաչելի դարձնելու տեսանկյունից:

Գեղանկարչության միջազգային սիմպոզիումի մասնակիցները շնորհակալություն հայտնեցին ՀՊՄՀ-ի ռեկտորին հյուրընկալության համար եւ բուհին հանձնեցին խորհրդանշական նվերներ: Ի դեպ, Անգլիայից ժամանած նկարիչ Օլգա Շիենկոյի նվերն ամենաուրախալին էր հատկապես ուսանողների համար. նրա հրավերով Գեղարվեստական կրթության ֆակուլտետի լավագույն շրջանավարտներից մեկը հնարավորություն կունենա 10 օրով լինել Անգլիայում, այցելել ցուցադրությունների:

10-օրյա սիմպոզիումը նպատակ ունի հրավիրյալներին ծանոթացնել Մանկավարժական համալսարանի կրթական համակարգին, բուհի կառուցվածքին ու գործունեությանը, ինչպես նաեւ խորացնել եւ զարգացնել տարբեր երկրների հետ կրթական ու մշակութային կապերը:

Ձեռնարկի շրջանակներում կկազմակերպվեն նաեւ այցելություններ Հայաստանի պատմական եւ մշակութային տեսարժան վայրերՙ ծանոթանալու Հայաստան աշխարհին եւ ավելի մոտիկից զգալու հայ գեղանկարչի ներշնչանքի աղբյուրը: Այցերի ընթացքում նկարիչները կնկարեն համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողներիՙ ապագա նկարիչ-մանկավարժների հետ, կծանոթանան նրանց ուսումնական գործընթացին, արվեստանոցների պատրաստվածությանը, ներգրավվածությանը կրթական նոր համակարգին:

Սիմպոզիումը կավարտվի Հայաստանի ազգային պատկերասրահում ամփոփիչ ցուցահանդեսով. յուրաքանչյուր հեղինակի մեկական լավագույն աշխատանք կնվիրաբերվի Մանկավարժական համալսարանին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 06-05-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ