«ԵՂԵԼ ԵՆ-ՉԵՆ ԵՂԵԼ, ԿԵՐԵԼ ԵՆ-ԽՄԵԼ ԵՆ...» ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ Համեղ խորտիկները եւ մերոնք Եկատերինա Ռոժդեստվենսկայայի գրքում Եկատերինա Ռոժդեստվենսկայան հայտնի է որպես լուսանկարիչ, լրագրող, հագուստի ձեւավորող եւ թարգմանչուհի, «7 օր» շաբաթահանդեսի խմբագիր, իսկ ամենից շատՙ որպես ռուս հանրածանոթ բանաստեղծ, «վաթսունականիստ» Ռոբերտ Ռոժդեստվենսկու դուստր: Սակայն թերեւս նրան է՛լ ավելի մեծ ճանաչում կբերի այս տարի նրա հեղինակությամբ լույս տեսած հատորըՙ «Եղել են-չեն եղել, կերել են-խմել են... Ընտանեկան պատմություններ» ("Жили-были, ели-пили... Семейные истории") խոսուն վերնագրով: Առատորեն պատկերազարդված այս գրքում համադրված են ինքնակենսագրությունը, հուշագրությունը եւ... խոհարարությունը: Մանկության հուշերը, կենսագրական դրվագները, ընտանեկան ուրախ եւ տխուր պատմությունները, ծնողների նամակները, Ռոժդեստվենսկու բանաստեղծությունները եւ այլն, ընդմիջվում են նկարագրվող իրադարձության եւ անձի հետ կապված որեւէ ուտեստի, ճաշատեսակի բաղադրատոմսերով: Արդյունքում ընթերցողը 1960-2000-ական թվականների խորհրդային եւ ռուս իրականության, ռուս հայտնի բանաստեղծներից մեկի եւ նրա շրջապատի, տարբեր ականավոր անձանց վերաբերյալ ինֆորմացիա ստանալու հետ մեկտեղ հարստացնում է խոհանոցային գիտելիքները ու եւս մեկ խոհարարական գիրք հավելում դարակին... Մի կողմից արագ (եւ անորա՛կ) սննդի տիրապետության, մյուս կողմիցՙ առողջ սնվելու անվերջ քարոզարշավի մեր ժամանակներում Եկատերինա Ռոժդեստվենսկայան իր այս գրքով հիշեցնում է «դանդաղ սնունդի» առավելությունները եւ համեղ ուտելիքը որպես կյանքի հաճույքներից մեկը դիտարկելու կարեւորությունը: Իզուր չէ չին մեծ փիլիսոփա Լաո Ծին իր նշանավոր «Բնական հունի ուսմունք» փիլիսոփայական տրակտատում հավասարակշիռ եւ երջանիկ կեցության նախապայմաններից մեկը համարել նաեւ համեղ սնունդը... Կան հեղինակներ, որոնք հատուկ սիրով, ավելինՙ կրքով իրենց գրական գործերում մանրամասն նկարագրում են այս կամ այն խորտիկը, ասես գրավոր խոսքով ընթերցողին մասնակից են դարձնում հերոսներիՙ սնունդ ճաշակելու գործինՙ երբեմն ոչ միայն հիշատակելով տարբեր կերակրատեսակներ, այլեւ տալով դրա պատրաստման եղանակը: Ի թիվս շատերի, կարելի է հիշել Ռաբլեի, Գոգոլի, Չեխովի, Ագաթա Քրիսթիի, Աստրիդ Լինդգրենի, Անրի Թրուայայի անունները: Օրինակ, Անրի Վեռնոյի «Մայրիկ» գրքից հնարավոր է սովորել հայկական փախլավայի, իսկ Ֆեթհիյե Չեթինի «Տատիկս» գրքիցՙ մեֆթունե կերակրատեսակի պատրաստումը: Սակայն միանգամայն նորություն էր ամբողջական բաղադրատոմսերի ընդգրկումը հուշագրական գրականության մեջ: (Նման մի բան հանդիպում ենք Մառլեն Դիթրիխի կենսագրության մեջ, հավելվածում, որտեղ լեգենդար կինոաստղը, լինելով համադամասեր, ի թիվս մի շարք երեւույթների իր սահմանումներին, անդրադարձել է նաեւ մի շարք գաստրոնոմիական հասկացությունների): Թեեւ Ռոժդեստվենսկայան գրքի առաջին իսկ տողով հաստատում է, որ «Մեր ընտանիքում երբեք ուտելիքի հատուկ պաշտամունք չի եղել» , սակայն ողջ հատորը կարծես հակառակն է ցույց տալիս: Հյուրերի անդադար հոսք ունեցող այդ օջախում, որի միակ արական սեռի ներկայացուցիչը եղել է ինքըՙ Ռոբերտ Ռոժդեստվենսկին, ավանդական եփութափն ու հյուրամեծարումը բացառիկ մակարդակի է հասել... Եկատերինան երբեմն ներկայացնում է ողջ ճաշացանկը, որը տարբեր ժամանակներում ամենայն սիրով եւ համբերատարությամբ կյանքի են կոչել խոհարարական արվեստի նրբություններին տիրապետող իր նախատատ Պոլյան, տատիկ Լիդկան (նախկին պարուհի), մայրըՙ Ալլա Բորիսովնան (գրաքննադատ), ինքըՙ Եկատերինան եւ իր քույր Քսենյան: Սերը համեղ սնվելու հանդեպ անցել է նաեւ Եկատերինայի միջնեկ որդունՙ Դմիտրի Բիրյուկովին, որը բացել է մի փոքր ռեստորան, ի պատիվ պապի կոչել «Ռոբկաֆե» եւ հանրությանն է առաջարկում իրենց ընտանեկան ուտեստները: Տաղանդավոր բանաստեղծըՙ սիրված եւ գնահատված ու չափազանց հյուրասեր, շրջապատված է եղել բազմաթիվ ընկերներով, իսկ ո՞րտեղ կարելի է ընկերների հետ ամենալավ կերպով ժամանակ անցկացնել, ուրախանալ եւ հաց կիսել, եթե ոչ սեփական տանը եւ ամառանոցում: Հուշագիրք-խոհարարագրքի էջերից տանտերերի եւ ընթերցողի հետ սեղան են նստում խորհրդային մշակույթի մի շարք անվանի գործիչներՙ դերասաններ Լյուդմիլա Գուրչենկոն եւ Ռոստիսլավ Պլյատտը, երգահան Առնո Բաբաջանյանը, դերասան-երգիչ Վլադիմիր Վիսոցկին, երգիչներ Իոսիֆ Կոբզոնը եւ Մուսլիմ Մագոմաեւը, բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն եւ շատ ուրիշներ... Եվ բոլորի հետ կապված կան խոհարարական զուգորդումներ, նրանց սիրելի խորտիկի կամ հեղինակային կերակրատեսակի բաղադրատոմսը (օրինակ, այն թվականներին, երբ խորհրդային մարդկանց հայտնի չէր տիրամիսուն, Մագոմաեւին հաջողվել էր վարսակի թխվածքաբլիթներից պատրաստել, այսպես կոչված, ռուսական տիրամիսու): Թող սխալ տպավորություն չստեղծվի, թե Ռոժդեստվենսկայայի գիրքը որկրամոլության գովք է: Ճաշատեսակները, նախուտեստները, թխվածքները, իրականում ֆոն են ծառայում մի անցած-գնացած ժամանակաշրջանի համար, որն առկա է այս գրքի բոլոր էջերումՙ իր մթնոլորտով, նշանավոր դեմքերով, զվարճալի դեպքերով, երգերով ու բանաստեղծություններով: Հեղինակից անպակաս է հումորը. օրինակ, չափազանց զվարճալի է մանկության սարսափելի-զավեշտալի դրվագը, թե ինչպես խանութից գնված գայլաձուկը բնակարանում դուրս է պրծել տոպրակից, հարձակվել փոքրիկ Կատյայի վրա, եւ նախատատիկը կրծքով պաշտպանել է ծոռնուհուն, իսկ հետո առանձնահատուկ ջանասիրությամբ է մորթել ու մշակել այդ «հրեշին»: Եվ կամ ինչպես է հնդիկ խոհարարը արձագանքել իրեն անծանոթ մթերքներին. Եկատերինայի մատներին ճակնդեղի հյութ տեսնելովՙ շտապել է կտրել «արյունահոսությունը» եւ ոչ մի կերպ չի հասկացել, թե ինչպես կարելի է ուտել այնպիսի «գարշահոտ» բաներ, ինչպիսիք են պանիրը կամ մարինացված ծովատառեխը... Ռոժդեստվենսկայայի դիմասրահում կան նաեւ մի քանի հայեր: Մերոնց նա առաջին անգամ հիշում է աստրախանցի տատիկի կերակուրների կապակցությամբ, որ վերջինս պատրաստել է նաեւ տոլմա (գրել է դ-ով), ինչը համարել է իր ծննդավայրի ճաշատեսակ, «հավանաբար այն պատճառով, որ Աստրախանում ապրել են թե՛ շատ հայեր, թե՛ ադրբեջանցիներ» : Ռոժդեստվենսկիների ընտանիքի բարեկամն է եղել Առնո Բաբաջանյանը: «Երկու մեծ երգահան» գլխում պատմվում է, թե ինչպես մի անգամ Բաբաջանյանի համերգից հետո Ռոժդեստվենսկին նրան 20-25 այլ հյուրերի հետ տարել է իր տուն: Կանայք սկսել են խմորի մեջ թաթախած նրբերշիկ տապակել: «Խոհանոց մտավ Առնո Հարությունովիչը ու սկսեց մեզ անեկդոտ պատմել: Նա ցնցող կերպով էր պատմում: Պատմում է եւ ուտում է պատրաստի նրբերշիկներըՙ գոլորշին վրան: Պատմում է եւ ուտում: Պատմում է եւ ուտում: Մենք տապակում ենք ու հռհռում: Տապակում ենք ու հռհռում: Հետո ուշքի եկանք, իսկ Առնոն գրեթե լրիվ կերել էր: Արդեն չեմ հիշում, թե այդ անգամ հյուրերին ինչ հյուրասիրեցինք» : Բաբաջանյանի հետ կապված Ռոժդեստվենսկայան հիշել է նաեւ մեկ այլ զվարճալի դրվագ, դարձյալ կապված ուտելիքի հետ, թե ինչպես մի անգամ երգահան, հայտնի «օյինբազ» Նիկիտա Բոգոսլովսկին Առնոյի գլխին խաղ է խաղացելՙ նախ լրջորեն պատմելով կենդանացող արձանների մասին եւ հետո, կարծես իմիջիայլոց, ցույց է տվել մոսկովյան ձիարձաններից մեկի պոչի տակ ընկած անհասկանալի շագանակագույն առարկաները, վերցրել դրանք եւ, ի սարսափ Առնոյի, սկսել է ուտել, մինչեւ որ վերջինս զգացել է լուլա-քյաբաբի ծանոթ բույրը... Մարիետա Շահինյանի հետ կապված հուշերը գաստրոնոմիական չեն, սակայն նույնպես զվարճալի են: Մի ամառ Ռոժդեստվենսկիները հանգստացել են Յուրմալայի գրողների ստեղծագործական տանը, այդտեղ է եղել նաեւ արդեն շատ ծեր եւ գրեթե խլացած Մարիետա Շահինյանը: Մի անգամ նա չի եկել նախաճաշին, ապա նաեւՙ ճաշին: Գրողներն անհանգստացել են, երկար ծեծել են նրա սենյակի դուռը, եւ պատասխան չստանալովՙ ի վերջո կոտրել են դուռը: Ներխուժելով սենյակՙ նրանք տեսել են գրասեղանի մոտ նստած աշխատող Շահինյանին, լսելու սարքն էլՙ անջատված, կողքը դրած: Աչքերը բարձրացնելով իր սենյակի դուռը ջարդողների վրաՙ Մարիետա Շահինյանն ասել է. «Կարծում էիք, որ սատկել ե՞մ: Հույս չունենա՛ք: Իմ սենյակը ոչ մեկին չի՛ հասնի: Դո՛ւրս կորեք էստեղից» : Իսկ մի անգամ փոքրիկ Եկատերինան ականատես է եղել Մարիետա Շահինյանի եւ բանաստեղծ, ստալինյան մրցանակի դափնեկիր Լեւ Օշանինի երկխոսությանը: Նրանք երեքով հայտնվել են վերելակում: «Մարիետան սեւեռուն նայեց Օշանինին եւ հարցրեց. - Եթե չեմ սխալվում, դուք Օշա՞նինն եք: - Այո,- ասաց նաՙ հաճոյախոսություն սպասելով Շահինյանից: - Այդ դեպքում պիտի ձեզ ասեմ, որ որպես բանաստեղծ դուք կե՛ղտ եք,- ասել է Մարիետա Շահինյանը ու հանել է լսողական սարքըՙ ցույց տալով, որ խոսակցությունն ավարտված է եւ ամենակարեւոր բանն ինքն արդեն ասել է»: Ռոժդեստվենսկայայի գրքի մի գլուխը վերնագրված է «Մեր պատասխանն Ազնավուրին»: Այնտեղ պատմվում է, թե ինչպես է կարողացել լուսանկարել Մոսկվայում գտնվող ֆրանսահայ մեծանուն շանսոնյեին, որին նա «հասել է» իր դպրոցական ընկերուհուՙ «հայ գեղեցկուհի» Լենա Բալիեւայի ՙ Ռուսաստանում Հայաստանի այն ժամանակվա դեսպան Արմեն Սմբատյանի կնոջ միջոցով: Այդ գլխում նա պատմում է, թե ինչպես է մասնակցել Հայաստանի դեսպանատանՙ Ազնավուրի պատվին տված ճաշկերույթինՙ նշելով, որ երգչին «հայրենակիցները ամենաբարձր մակարդակով են ընդունել» , ապա կատարել է հերթական գաստրոնոմիական շեղումըՙ տալով այդ երեկո Ազնավուրի ամենից շատ հավանած կերակուրիՙ երեք ձկնատեսակով կոտլետի բաղադրատոմսը ու թե ինչպես է հետո լուսանկարել «ամենահայտնի ֆրանսահային» : Ազնավուրը Եկատերինային ցույց է տվել իր հյուրանոցային համարի մահճակալը, որը «ոչ թե մահճակալ էրՙ բառի սովորական իմաստով, այլ անծայրածիր հինգմետրանոց պատվանդան խմբակային օրգիայի համար» : «Մահճակալի» տակ եղել են լույսեր, ինչպես թռիչքի հրապարակում, իսկ վրանՙ տասը լայն բարձ: «Թե իմանասՙ որքան անհարմար է այստեղ: Ես մահճակալի վրա բարձերը շարում եմ իրար վրա, նոր կարողանում եմ քնել: Մտքներով ինչպե՞ս է անցելՙ էսպիսի վիթխարի բան սարքել: Ես հո հասարակաց տա՞նը չեմ: Իսկի հասարակաց տանն էլ սա հարմար չէր լինի,- վրդովվում էր նա» : Եվ այդ գլխի վերջումՙ «մահճակալի» լուսանկարը: «Բիրդան աղաներին» բնորոշ չտեսության մի մարմնացում... Եկատերինա Ռոժդեստվենսկայայի «Եղել են-չեն եղել, կերել են-խմել են...» գիրքը հրաշալի նվեր է ռուսերեն կարդացող այն ընթերողներին, ովքեր (տողերիս հեղինակի նման) սիրում են կարդալ կենսագրություններ, հուշեր, ավելի մոտիկից ճանաչել խորհրդային կյանքը, մտավորականներին եւ արվեստագետներին, գնահատում են հումորը եւ, իհարկե, սիրում են խոհանոցային մշակույթը եւ դեմ չեն փորձարկել նոր, անծանոթ բաղադրատոմսեր... |