RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#027, 2016-07-15 > #028, 2016-07-22 > #029, 2016-07-29 > #030, 2016-08-19 > #031, 2016-08-26

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 29-07-2016



Տեղադրվել է` 2016-07-28 20:53:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 5580, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՏԱՆ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԸ». ԵՐԲ ՏՈՒՆԸ ՆՈՒՅՆՆ Է, ՆԱՅՈՂՆԵՐԸՙ ՀԱՅ ՈՒ ԹՈՒՐՔ

Նաիր ՅԱՆ

Կարծես չհայտարարագրված պարտք լինի. հայ ռեժիսորները, որպես կանոն, ջանում են անդրադառնալ Հայոց ցեղասպանությանը: Բոլորն են խոստովանումՙ բարդ, պատասխանատու թեմա է, հետեւաբար, իրենց ոչ միշտ է հաջողվում էկրան բարձրացնել մեր ազգային ողբերգությունը: Դրա համար լավ սցենար, ֆինանսական բավարար միջոցներ, ստեղծագործական պրոֆեսիոնալ կազմ (խաղարկային ֆիլմի դեպքումՙ որակյալ դերասաններ), ռեժիսորական հետաքրքրական մոտեցում ու գաղափարներ են պետք. առնվազն այսքանը: Իսկ առավելագույն որակ ու միջազգային արձագանք ստանալու համար այս հարցում հրեական կինեմատոգրաֆի ճկունությունը, պատվախնդրությունն ու հեռատեսությունն է պետք: Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերով հայ ռեժիսորները ցանկանում են իրազեկել համաշխարհային հանրությանը եւ նպաստել պատմական արդարության հաստատմանը:

Առայժմ ոչ մի ֆիլմ չի նկարվել առանց քաղաքական ենթատեքստիՙ որպես ուղղակի գեղարվեստական կամ փաստավավերագրական ֆիլմ: Ու հնարավոր էլ չէ առանց քաղաքական բուն ենթատեքստի, քանի դեռ Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում ու Թուրքիայի կողմից հատուցում չի ստացել: Ինչո՞ւ են հրեաների նկարահանածՙ Հոլոքոստի մասին ֆիլմերը մեկը մյուսից հաջողված ու գեղարվեստական, գեղագիտական արժանիքներով հարուստ, իսկ մեր ֆիլմերըՙ կաղացող, թույլ ու թերի: Հիմնականում մեկ պատճառ կա. Հոլոքոստը ճանաչված, ընդունված, ապացուցված ու հատուցված ցեղասպանություն է, իսկ Հայոց ցեղասպանությունըՙ ոչ: Մեր ֆիլմերը վիրավորված, արհամարհված, պարտված ազգի հոգեբանությամբ են նկարահանվում, իսկ հրեաներինըՙ դատը շահած ու ցեղասպանին եւ ամբողջ աշխարհին ծնկի բերած ազգի: Նրանք քաղաքական ենթատեքստը կարեւորելու կարիք չունեն, մենք ունենք, դրա համար էլ նրանց ֆիլմերում առաջնային տեղը հատկացվում է գեղարվեստին, ոչ թե մեզ նմանՙ քարոզին ու մարդկանց աչքը, ականջը, խղճի դուռը բացելու ջանքերին:(*) Կարճ ասածՙ մեր ֆիլմերում մենք մեր ցեղասպանությունը դեռ ապացուցում ենք, ի տարբերություն հրեաների, որոնք Հոլոքոստն էկրանից դուրսՙ իրական կյանքում են ապացուցել ու նրանց խնդիրն այդ թեմայի հիման վրա գեղարվեստ, մեծ կինո ստեղծելն է, մինչդեռ մենք իրական կյանքում ամբողջապես չապացուցածը փորձում ենք ապացուցել կինոյում: Ու դա անում ենք գեղարվեստի հաշվին: Արդյունքում ապացույցը ուժ չունի, որովհետեւ էկրանից դուրս քաղաքականությունն այլ բան է թելադրում, իսկ գեղարվեստը հետին պլան է մղված ի սկզբանե: Երբ ձերբազատվենք ենթատեքստից ու ապացուցելու առաքելությունից ու միակ նպատակը դարձնենք գեղարվեստական որակյալ ֆիլմ ստեղծելը, այդ ժամանակ գեղարվեստը, բարձր կինոն իրենց ազդեցությամբ կապացուցեն դժվար ապացուցելին, արվեստը կանի ավելին, քան քաղաքական քողարկված ենթատեքստերը: Այս դիտարկումըՙ իմիջիայլոց:

Ամեն տարի հայ ռեժիսորները նորանոր ֆիլմեր են նկարում ցեղասպանության մասին, որոնցում սեպի պես խրված են Մեծ եղեռնն ապացուցելու ճիգերը: Օտար երկրներում ապրող հայ ռեժիսորների համար այս թեմայով ֆիլմեր ստեղծելն ավելի բարդ է, քանի որ հատկապես գործընկեր կազմակերպությունները ոչ միշտ են համաձայնում Հայոց ցեղասպանության թեման էկրան բարձրացնել: Այն, ինչը մեծ հաշվով ժխտվում ու մերժվում է, ինչին տեղյակ չէ միջազգային հանրությունը, ֆիլմ արտադրողներն աշխատում են չանդրադառնալ. շահութաբեր չէ: Իսկ գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանության ու առհասարակ հայ ժողովրդի մասին աշխարհը տեղյակ էլ չէ: Բայց դրսում ապրող հայ ռեժիսորները հնարավորության դեպքում իրենց հոգու պարտքն աշխատում են կատարել, ու եթե հաջողվում է թեկուզ մի քանի հազար հանդիսատեսի իրազեկել պատմական ճշմարտության մասին, իրենց վարձատրված են զգում:

Երիտասարդ կինոռեժիսոր Նարե Մկրտչյանն ապրում է ԱՄՆ-ում, ավարտել է Կալիֆորնիայի կինոարվեստների դպրոցը, աշխատում է Feeln ընկերությունումՙ որպես ռեժիսոր ու պրոդյուսեր: 2015 թվականին սկսել է նկարահանել Հայոց ցեղասպանության մասին «Տան այն կողմը» փաստագրական լիամետրաժ ֆիլմը, որի հայաստանյան պրեմիերան տեղի ունեցավ 13-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:

Նարեն պատմեց այն զգացողությունների, ֆիլմին նախորդած ու հաջորդած դեպքերի մասին, որոնք, բնականաբար, էկրանից դուրս են, բայց ֆիլմի հետ մեկ ամբողջություն են կազմում: Նարեն պատմում է.

Երբ ինքնաթիռը մոտեցավ Թուրքիայի սահմանին, սկսեցի անասելի դողալ:

Նախկինում երբեք չէի եղել Թուրքիայում ու հիմա այնտեղ էի գնումՙ ֆիլմս նկարելու: Իմ ներսում երկու «ես» կարՙ ռեժիսորը եւ հայուհին. չէ՞որ ես էլ իմ անձնական պատմությունն ունեմ: Տատիկս Արեւմտյան Հայաստանից էր, վերապրել է ցեղասպանությունը, հրաշքով ողջ մանցել. նրան փրկել է մի թուրք: Ես գնում էի տատիկիս հայրենիքը, որտեղ ապրում են ցեղասպանություն իրականացրած թուրքերի ժառանգները, միգուցե նաեւ տատիկիս փրկած թուրքի որդիները: Հակասական զգացողություններ ունի այդ ժամանակ:

Իմ հերոսուհին կիսով չափ թուրք է, կիսով չափՙ հայ: Նրա տատիկին եւս մի թուրք է փրկել:

Բայց ի տարբերություն իմ տատիկի, նրա տատիկըՙ 13-ամյա մի աղջնակ, ստիպված է եղել ամուսնանալ իրեն փրկող թուրք զինվորականի հետ, դավանափոխ լինել ու ամբողջ կյանքում այդպես էլ երբեք չժպտալ: Ես սարսափում եմ, երբ մտածում եմ, որ իմ հերոսուհու փոխարեն կարող էի եւ ես լինել, չէ՞որ երկուսիս տատիկներին էլ թուրքերն են փրկել, բայց իմ տատիկը բախտի բերմամբ տեղափոխվել է Արեւելյան Հայաստան, իսկ նրանըՙ մնացել Թուրքիայում:

Ես Թուրքիայում էիՙ տատիս հայրենիքում, բայց դա իմ տունը չէր: Իմ հերոսուհին իր տատիկի բռնազավթած հայրենիքում էր, բայց այն իր տունն էր համարում:

Իմ հերոսուհու հետ Թուրքիայից եկանք Հայաստան 2015 թվականի ապրիլինՙ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նա ինքնաթիռի մեջ դողում էր այնպես, ինչպես եսՙ Թուրքիա մեկնելիս: Նրա մեջ էլ էին հակասական զգացողությունները բախվում, ինչպես իմ ներսում: Նա գնում էր այն երկիրը, որտեղ ապրում են իր տատիկի ազգակիցները, բայց որոնց պապերին ու տատերին կոտորել են իր պապի ազգակիցները: Ամբողջ ընթացքում օպերատորը նկարում էր նրան: Երեւանի օդանավակայանում նա չէր կարողանում թաքցնել հուզմունքն ու դողը: Նրա ապրումներն ակնհայտ էին:

- Նա այդպես էլ չարտասանեց «ցեղասպանություն» բառը:

- Իմ կիսաթուրք-կիսահայ հերոսուհին նախատեսվածից քիչ մնաց Երեւանում, պատճառաբանեց, թե ընտանեկան խնդիրներ են ծագել, բայց ես տեսնում էի, որ նա շատ լարված է, տեղը չի գտնում Հայաստանում: Ֆիլմի վերջում նա այդպես էլ չխոստովանեց, որ թուրքերը ցեղասպանություն են իրականացրել հայերի նկատմամբ: Դա նրա կարծիքն էր, ես ոչինչ անել չէի կարող: Շատ վիրավորված ու վրդովված էի. անգամ նրան օդանավակայան չուղեկցեցի: Մենակ նստեց տաքսի ու գնաց: Հետո երբ ֆիլմի մի օրինակն իրեն ուղարկեցի, զանգեց ինձ: Հուզված էր, ասաց. «Ես այդպես էլ քաջություն չունեցա ճշմարտությունն ասելու»:

Նարե Մկրտչյանը համարում է, որ իր «Տան մյուս կողմը» ֆիլմն անավարտ է, չունի վերջաբան ու հանգուցալուծում, բայց նաեւ նկատել է, որ Հայոց ցեղասպանության մասին բոլոր ֆիլմերն են այդպես: «Բոլոր ֆիլմերն, այդ թվումՙ իմը, անավարտ են, որովհետեւ մեր խնդիրը դեռեւս լուծված չէ, մեր հարցն անպատասխան է, ու աշխարհի ասելիքըՙ անավարտ»,- ավելացրեց Նարեն:

Ֆիլմում հնչում է նաեւ թուրք հասարակության կարծիքը. թուրքերի մեծ մասն ուղղակի խուսափում է խոսել ցեղասպանության մասինՙ նշելով, որ լիարժեք տեղեկություն չունեն, կամ այն, ինչ եղել է, անցյալում է ու իրենց հետ կապ չունի, կամՙ պատերազմի ժամանակ ամեն ինչ հնարավոր է եւ այլն:

Ֆիլմի հերոսուհին Ծիծեռնակաբերդի հուշակոթողին իր ձեռքով գործած անմոռուկներ է դնում ու անզուսպ արտասվում. այստեղ խոսում է գենետիկական հիշողությունըՙ իր տատի արյունը: Բայց հաջորդ պահին նա ժխտում է ցեղասպանությունը. այստեղ խոսում է հայ տատիկի մարմնին, կյանքին ու նրա հայրենիքին բռնի տիրացած թուրք պապի արյունը:

Թուրք հասարակությունը պատրաստ չէ ճշմարտության աչքերի մեջ նայել: Նարեն ասում է. «Մի պահ պատկերացնենք, թե հայերս ցեղասպան ժողովուրդ ենք, անգամ 100 տարի հետո արդյո՞ք հեշտությամբ կընդունեինք մեր պապերի հանցանքը: Արդյո՞ք կհամարձակվեինք այդ ամոթը խոստովանել»:

Հ.Գ.- Ամերիկահայ ռեժիսոր Նարե Մկրտչյանի «Տան մյուս կողմը» փաստավավերագրական ֆիլմը ամերիկյան Feeln ընկերության հիմնադիր Ռոբ Ֆրիդը ներկայացրել է «Օսկարի»: Ֆիլմի ցուցադրությունները մինչեւ այժմ անցել են լեփ-լեցուն դահլիճներում, եւս մի քանի ցուցադրություններ են նախատեսված ամերիկյան այլ կինոդահլիճներում, ինչպես նաեւ Եվրոպայում ու Կանադայում: Ֆիլմի հեղինակներին ուրախացնում է նաեւ այն, որ արտասահմանյան մամուլն ու հանդիսատեսը դրական է արձագանքել, ինչը շատ կարեւոր է «Օսկար» մրցանակաբաշխության ժյուրիի համար:

*) Առարկենք մեր հոդվածագրին. Հոլոքոսթին նվիրված վաղ շրջանի ֆիլմերից ոմանք ունեն նույն թերությունը, ինչպես Բաբի Յարի նատուրալիստական աղեխարշ տեսարաններով հարուստ նույնանուն ֆիլմում: Ըստ երեւույթին ցեղասպանության թեման որոշ ճանապարհ պետք է անցնի նաեւ կինոասպարեզում, որպեսզի գեղարվեստական կատարելության հասնի: Խմբ.:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #29, 29-07-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ