RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2017-03-17 > #011, 2017-03-24 > #012, 2017-03-31 > #013, 2017-04-07 > #014, 2017-04-14

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 31-03-2017



ԱՆՑՅԱԼ ՈՒ ՆԵՐԿԱ

Տեղադրվել է` 2017-03-30 20:37:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 2834, Տպվել է` 23, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԱՏԻԿԻ ՕՐԱԳԻՐԸ ՀԱՆԳԵՑՐԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԴԵԲՅՈՒՏԱՅԻՆ ՎԵՊԻ

Նախաբանը եւ թարգմանությունը շվեդերենիցՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

Այս տարի փետրվարին Շվեդիայում լույս տեսավ ֆրանսիացի դերասանուհի Աննի Ռոմանի «Հայաստանցի տատիկս» ֆրանսերեն գրքի թարգմանությունը, որը լայն արձագանք գտավ մամուլում եւ շվեդ հասարակության մեջ:

Ծնունդով սամսունցի հայ տատիկի ձեռքի տակ մեծացած Աննի Ռոմանը 1970-ականներից հաջողությամբ աշխատում է թատրոնում, կինոյում եւ հատկապես հեռատեսիլում: Նկարահանվել է մեծ եւ փոքր էկրանի 70-ից ավելի ֆիլմում, աշխատել այնպիսի հանրահայտ ֆրանսիացի բեմադրիչների հետ, որպիսիք են Ժան-Լյուկ Գոդարը, Կլոդ Լելուշը, Իվ Բուասեն, Ժան-Ժաք Բենեքսը, Ժաք Ռընարը:

Թարգմանաբար ներկայացնում ենք Շվեդիայի կենտրոնական «Սվենսկա դագբլադեթ» օրաթերթում հրատարակված մի հոդված Աննի Ռոմանի «Հայաստանցի տատիկս» գրքի վերաբերյալ: Ավելացնենք նաեւ, որ գիրքը Գրիգոր Ջանիկյանի հայերեն թարգմանությամբ անցյալ տարվա նոյեմբերից շարունակաբար տպագրվում է Երեւանի «Կանչ» երկշաբաթաթերթում:

Երբ Աննի Ռոմանը գտավ հարյուր տարվա օրագրային գրառումներ պարունակող մի տետրակ, իսկույն հասկացավ, որ կարող է գրի առնել իր պատմությունը: Արդյունքը եղավ «Հայաստանցի տատիկս» դեբյուտային գիրքն այն մասին, թե ինչպես է իր տատիկը փրկվել ցեղասպանությունից:

Տատիկի պատմությունն Աննի Ռոմանը ողջ կյանքում կրել է իր մեջ: Տատիկըՙ Սրբուհի Հովակյանը, փրկվել էր 1915 թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը եւ մեկնել է Մարսելՙ նոր կյանք սկսելու Ֆրանսիայում: Աննի Ռոմանն իր կյանքի առաջին տասներկու տարիներն ապրել է տատիկի հետ, որն անընդհատ վերհիշել է իր փորձառությունը: Թոռնուհունՙ Աննիին, նա պատմել է 1915 թվականի մասին, թե ինչպես են իրենից տարել իր մանկահասակ դուստր Աիդային, որն անհետ կորել է, ինչպես է ինքը եւ իր չորս տարեկան Ժիրայր որդին ուրիշ կանանց եւ երեխաների հետ քշվել մահվան երթի, թե ինչպես է նա հետագայում տղային տվել մի անծանոթ թրքուհու, որ երեխան ողջ մնա, եւ թե ինչպես է իրեն ի վերջո հաջողվել փախչել ու գտնել իր որդուն...

- Երբ նա ինձ պատմում էր իր պատմությունները, դրանք նման էին հեքիաթի, շատ սարսափելի մի հեքիաթի, որը, սակայն, երջանիկ ավարտ է ունենում: Ես ու տատիկս դեմ դիմաց նստած էինք լինում, իսկ փոքրիկ տղան, որին նա տվել էր ուրիշի, մեզ հետ էր, իմ մորեղբայրն էր,- պատմում է Աննի Ռոմանը, որն այցելել է Շվեդիա եւ մասնակցել Ումեո քաղաքի գրականության փառատոնին:

Սրբուհի տատիկի պատմությունն անթեղված է մնացել իր սրտումՙ մի օր այնտեղից ազատվելու սպասումով, իսկ Աննի Ռոմանը ժամանակ է ունեցելՙ սովորելու եւ կինոյի ու հեռուստատեսության դերասանուհու կարիերայի համար, մինչեւ որ կհասկանար, թե ինչպես կարող է պատմել իր տատիկի «հեքիաթը»: Երբ 2014 թվականին մի օր նա կարգի բերելիս է եղել խորդանոցը, մորեղբայր Ժիրայրի թողած առարկաների մեջ գտել է տատիկի իրերըՙ բացիկներ, նամակներ, մի հին անձնագիր ու մի փոքր, խորհրդավոր տետր:

- Ես ուզեցի կարդալ, բայց այն հայերեն էր: Բայց եւ այնպես, որոշ ժամանակ անց, նորից ձեռքս առա տատիկիս տետրը ու տեսա, որ դրա մի մասը նաեւ ֆրանսերեն է: Եվ ես հասկացա, որ դա տատիկի օրագրային գրառումներն են հենց այն ժամանակաշրջանում, երբ, փաստորեն, կատարվել էր ցեղասպանությունը:

Իր հագուստի մեջ Սրբուհի Հովակյանը թաքցրել է տետրակն ու մի մատիտ, որը նրա հետ են եղել 1915-ի մահվան երթի ժամանակ: Հնարավորության դեպքում նա գրի է առել իր հետ կատարվածը: Մի մասը գրել է հայերեն, մի մասըՙ ֆրանսերենՙ դպրոցում սովորած լեզվով:

- Անհավատալի՛ էր: Ողջ կյանքում մեջս կրել եմ տատիկիս պատմությունը, իսկ հիմա, 2014 թվականին, գտնում եմ այս տետրը: Ես անմիջապես հասկացա, որ գտա բանալին, թե ինչպես պիտի գրել այդ պատմությունը, եւ որ գիրքը պետք է պատրաստ լինի 2015-ինՙ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին,- ասում է Աննի Ռոմանը:

Տետրակի հայտնաբերումն Աննի Ռոմանին հստակեցրել է, թե գրական ի՛նչ հնարք պետք է օգտագործել. տատիկի կյանքը փոքրիկ Աննիի դիտանկյունիցՙ ընդմիջված տետրից կատարված մեջբերումներով:

- Ուզում եմ պատմել, թե ինչպես էի մանուկ ժամանակ մեկնաբանում պատմությունը, թե ինչպես էր երեխան վերարտադրում որեւէ սարսափելի պատմություն: Օրինակ, տատիկը պատմում էր, որ բոլոր տղամարդիկ ուզում էին ամուսնանալ իր հետ: Որպես փոքրիկ աղջիկՙ ես չէի հասկանում, թե ինչու էին այդքան շատ մարդիկ ուզում նրան կնության առնել: Բայց խոսքն, իհարկե, բռնաբարության մասին էր: Ես փորձել եմ գրավել երեխայի մտքերն այդ մեծահասակների ճակատագրի վերաբերյալ: Երեխաները ամեն ինչ չեն հասկանում, բայց շատ ավելին են հասկանում, քան որ մեզ թվում է:

Աշխատանքը արդյունքում 2015 թվականին լույս տեսավ Աննի Ռոմանի առաջին գիրքըՙ «Հայաստանցի տատիկս», որն այժմ հրատարակվել է Մադլեն Յան Գուստաֆսոնի շվեդերեն թարգմանությամբ («Էլիզաբեթ Գրաթե» հրատարակչություն):

Փոքրիկ Աննիիՙ Օսմանյան կայսրությունում տատիկի հետ կատարվածի մեկնաբանությունը 22-ամյա Սրբուհի Հովակյանիՙ 1915-ին իր ապրած սարսափների հետ խաչաձեւելու մեթոդն ազդեցիկ է: Պատմությունը երեխայի աչքերով տեսնելը գրավիչ է:

Աննի Ռոմանը մեծացել է իր տատիկի մոտ, իսկ մայրն ապրել է ուրիշ տանըՙ իր նոր ամուսնու հետ:

- Բայց ես նույնպես հոգ եմ տարել տատիկիս: Ես որոշ չափով մայր եմ եղել նրա համար: Մենք միասին ենք ապրել, մինչեւ որ նա հիվանդացավ, երբ ես տասներկու տարեկան էի, որից հետո տեղափոխվեցինք մայրիկի մոտ:

Աննի Ռոմանն ավելին չի ուզում ասել այդ մասին:

- Այդ մասին կլինի իմ հաջորդ գիրքը: Ես չէի ուզում իմ ողջ կյանքը պատմել այս գրքում, այլ ուզում էի կենտրոնանալ տատիկի ճակատագրի վրա 1915 թվականին: Կարծում եմ, ավելի լավ կլինի, որ մարդիկ հետաքրքրվեն եւ ցանկություն ունենան կարդալու իմ հաջորդ գիրքը, որը գրում եմ հիմա: Այն պատրաստ կլինի մարտի վերջին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #12, 31-03-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ