ՆԵՂՈՍԻ ՍՈԽԱԿԸ. ՎԱԼԵՆՏԻՆԱ ԱՄԻՐԱՅԱՆ (ԱՌՆՈ) Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Սփյուռքագիտական որոնումները միշտ լեցուն են անակնկալներով... Հայազգի կինոգործիչների եւ չինաբնակ հայերի փնտրտուքներում կապ հաստատելով հայազգի ամերիկյան բեմադրիչ-դերասան Էդվին Ջերարդի հետՙ պարզեցի, որ նա թոռն է հին մամուլից ինձ ծանոթ եգիպտահայ երգչուհի-դերասանուհի Վալենտինա Ամիրայանի, որն էլ, պարզվեց, եղել է դարձյալ մամուլից ինձ ծանոթ չինաբնակ ազգային գործիչ Հայկ Ասատուրյանի կինը: Մեր խնդրանքով Էդվին Ջերարդն ուղարկեց իր տատիկի մասին տվյալներ, հոդվածների կտրոններ (դրանց մի մասի հրատարակության տարեթվերն անընթեռնելի են, սակայն ստույգ լինելն անվիճելի է), եւ արդյունքում ուրվագծվեց հետեւյալ դիմանկարը... Վալենտինա Ամիրայանըՙ ծնյալ Մարիա Վալենտինա Հորտենսիա Նեդդա Առնո (1901, Կոստանդնուպոլիս - 1971, Լոս Անջելես), եզակի է սփյուռքահայ մշակույթի պատմության մեջ այն առումով, որ լինելով միայն մոր կողմից հայազգիՙ նվիրված է եղել հայ արվեստին: Նրա հայրըՙ իտալացի Նիկոլա Միքելե Առնոն, սերել է Սարդինիայի ազնվական մի տոհմից, մայրը պոլսահայուհի էրՙ Ագապի Համամճյան: Չգիտենք, թե ինչ պատճառով է մոտ 1920 թվականին Վալենտինան հայտնվել Եգիպտոսում, որտեղ ամուսնացել է ծնունդով զմյուռնիացի Ստեփան Զարմայր Ամիրայանի հետ: Կահիրեում 1922-ին ծնվել է նրանց դուստր Ալիդան: Վալենտինան եղել է Կահիրեի երաժշտական լիցեյի հիմնադիր, երգահան, պրոֆեսոր Կանտոնիի ուսանողը, բազմիցս մասնակցել նրա աշակերտների հանրային համերգներինՙ կատարելով իր ուսուցչի գործերից եւ հայկական երգեր: 1920-ականներին երիտասարդ, գեղեցկատես Վալենտինան իշխող դեմք է եղել Կահիրեի հայ համայնքի երաժշտական եւ թատերական միջոցառումներում: Հատկապես հաջող է եղել նա Տիգրանյանի «Անուշ» օպերայի բեմադրության մեջ: Ինչպես գրել է Օ. Մ. ծածկանվամբ հեղինակը. «Տիկին Ամիրայեան էր եւ կը մնար կեդրոնական դէմքը խաղին, որ սկիզբէն մինչեւ վերջը փայլեցաւ իր դերին բարձրութեան մէջ, եւ իր հմայիչ երգեցողութեամբ ու սիրուն դերակատարութեամբ օփէրային շնորհքը եղաւ: Մասնաւորապէս տպաւորիչ էր Տիկ. Ամիրայեանի այն երգը, որով կը պատմէր Տէրվիշին անէծքը» (տեսՙ «Անուշ»ի բեմադրութիւնը, «Արեւ» օրաթերթ, Կահիրե, 29.05.192?): Նույն թերթը Ալեքսանդրիայում օպերայի ներկայացման առթիվ դարձյալ գրել է. «Գալով դերակատարներուն, պէտք է ըսել որ Տիկին Ամիրայեան յաջողութեամբ տարաւ Անուշի դերը: Իր մելանոյշ ձայնը, նուրբ շարժումները զինքը բաւական մօտիկցուցած էին փիէսին այն տառապող ու դժբախտ Անուշին, որուն կարելի չէ չվշտակցիլ, չկարեկցիլ» («Անուշ»ի ներկայացումը Աղէքսանդրիոյ մէջ, «Արեւ», 18.06.192?): Մեր ձեռքի տակ է 1925 թվականի օգոստոսի 9-ին Կահիրեի «Սան Ստեֆանո» կազինոյում կայացած 11-րդ սիմֆոնիկ մեծ համերգի ֆրանսերեն ազդագիրը: Համերգը ղեկավարել է մաեստրո Էդգարդո Բոնոմին, մեներգել է Վալենտինա Ամիրայանը: Հնչել է Շուբերտի «Ողբերգական սիմֆոնիան», Ռիմսկի-Կորսակովի «Ռուսական մեծ Զատիկը» նախերգանքը, իսկ Ամիրայանը կատարել է մեներգեր Պուչչինիի «Մանոն Լեսկո», Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերաներից, նաեւ Կոմիտասի «Հայաստանը»: 1927-ի մի համերգում Ամիրայանը կատարել է հայկական, ֆրանսիական եւ իտալական երգեր, նաեւ մի արիա Մոցարտի «Ֆիգարոյի գիշերը» օպերայից: «Մէկ կողմ ձգելով իրեն ձայնին քնքշութիւնն ու զգայնութիւնը, հարկ է յիշել, որՙ առաջին երգը, Մօզարի «Նօձձէ տի Ֆիկարօ»-ն, ձայնի ինչ թարմութեամբ որ սկսաւ, ութը-ինը դժուարին կտորներ երգելէ վերջը «Սիրուհիս»-ը եւ ներկաներուն պահանջքին վրայ Պ. Կանաչեանի «Օրօր»-ը երգեց նոյն թարմութեամբ»,- գրել է Ս. Կարապետյանը Կահիրեի «Լուսարձակ» պարբերականում (26.12.1927): 1930-ին երգչուհին Գյուլչորայի դերով հանդես է եկել «Արշին մալ ալան» երաժշտախաղում: Այս թվականին Կահիրեի «Արաքս» շաբաթաթերթը հունիսի 14-ի համարում գրել է. «Տիկին Վ. Ամիրայեան իր բնական խաղարկութեամբ եւ սրտագրաւ ձայնով կրցաւ մինչեւ խաղին վերջը խանդավառել ներկաները, մանաւանդ իր «Սիրուհիս»ը երազներու աշխարհ մը բացաւ բոլորի սրտին մէջ: Միջնարարին շնորհալի տիկինը երգեց Ա. Ահարոնեանի «Հայրենի Տուն»ըՙ ներկաներէն խլելով բուռն եւ անվերջ ծափեր»: «Նեղոսի սոխակ», «եգիպտահայ բեմին իսկապէս սոխակը ըլլալու սահմանուած երգչուհի» անվանված Վալենտինա Ամիրայանը հրավիրվել է երգելու նաեւ Եգիպտոսի թագավորի պալատում: Ելույթներ է ունեցել նաեւ Սուդանում, արժանացել Խարթումի անգլիալեզու մամուլի գնահատականին, այդ հոդվածները թարգմանաբար լույս են տեսել Կահիրեի ֆրանսալեզու մամուլում: Շնորհաշատ երգչուհի-դերասանուհին առաջարկ ստանալով Եգիպտոսի կինոընկերությունից ՙ Էմի Ռայան անվամբ նկարահանվել է «Հրաշքների պարտեզը» եւ «Նորին վեհափառություն Ք» շարժանկարներում: «Այս երկու ֆիլմերու պատրաստութենէ վերջ, որ պիտի տեւէ երեք ամիս, մեր տաղանդաւոր հայրենակցուհին պիտի մեկնի Ամերիկա, մասնաւոր պայմանագրութեամբ խաղալու համար Հոլիվուտի մէջ: Վստահ ենք, որ Տիկին Ամիրայեան իր թովիչ խաղարկութեամբ եւ հմայիչ ձայնովը քիչ ատենի մէջ պիտի դառնայ խօսուն սինէմայի երկրպագու միջազգային միլիոնաւոր բազմութիւններու պաշտած կուռքը, եւ հայ անունը այսպէսով անգամ մը եւս պիտի փառաւորէ գեղարուեստական աշխարհիս մէջ, Մամուլեաններու, Մաքսուտեաններու կողքին»,- «Արաքս» թերթում գրվել է «Տիկին Վալենթին Ամիրայեանի փայլուն ապագան» հոդվածում: Արտիստուհին նախ մեկնել է Փարիզ, մասնակցել կինոյի արվեստագիտուհիների նվագահանդեսինՙ արժանանալով ֆրանսիական մամուլի ուշադրությանը: «Հաճոյքը ունեցանք ունկնդրելու եգիպտահայ երգչուհի Ամի Րայեան, որ արուեստով կ"արտասանէ ռեփերթուարի բազմաթիւ կտորներ. ի միջի այլոցՙ ան երգեց հայկական հիանալի մելոտի մը, որ իր իսկ հեղինակութիւնն է»,- գրել է «Սինե կոմեդիա» թերթը: Իսկ «Օզ"Էկյուտ» պարբերականը գրել է. «Էմի Ռայան, տակավին անծանօթ մի անուն Փարիզում, մի երիտասարդ եգիպտուհի, որ օժտված է հրաշալի լիրիկական սոպրանոյով: «Մոն կլյուբի» կանանց ընկերակցությունը նրան բացահայտեց անցած շաբաթ: Ի թիվս այլ յուրահատկություններիՙ Էմի Ռայանը երգում է ինը լեզվով: Նա հավասար հաջողությամբ կատարեց իրարից տարբեր ստեղծագործություններՙ Հաջի Ապաստոլոնի հունական օպերետը, Ռիխարդ Շտրաուսի «Սերենադը» գերմաներեն, «Բոհեմական կյանքի վալսը» իտալերեն, ամերիկյան ոճի իր հորինվածքը, Վալվերդեի «Կլավելիտոսը» իսպաներեն եւ Մարգրիտ Մոնեի «Արի իմ գիրկը» ֆրանսերեն»: Փարիզի Կինոյի ակումբի «Լե կլակետ» պաշտոնաթերթն էլ վկայել է, որ ակումբի գեղարվեստական նիստը նախագահել է «համակրելի եւ դեռատի եգիպտահայ արվեստագիտուհի օրիորդ Էմի Ռայանը, որ մոտ ժամանակներս կինոյի կարեւոր ընկերություններից մեկի աստղը պիտի լինի»: Ճիշտ է, Էմի Ռայանը 1933-ին Փարիզից անցել է ԱՄՆ, որտեղ նկարահանվել է մի քանի կինոնկարում, սակայն աստղ չի դարձել... Ամերիկահայ մի հեղինակ արտիստուհուն նկարագրել է որպես միջահասակ, «կենցաղագիտական շնորհալի ժեստով» օժտված մի տիկին: «Եթէ հայերս վարժուած ըլլայինք Ամերիկացւոց նման սոշըլ լայֆ-ի (սոցիալական կյանքի - Ա. Բ.) նկարագրական ձեւինՙ հետաքրքիր կը լինէր յարգելի օրիորդի հագուածքին ու այլ էդիքէդին շուրջ մանրամասնութիւններ տալ, սակայն կը բաւականանք միայն խոստովանելովՙ որ ան գեղեցիկ դիմագիծով, նուրբ կազմով, քաղցրաբարբառ լեզուով եւ շնորհալի ձեւերով օժտուած աղջիկ մ"է, որ եթէ չ"ուզեր իր ինքնութիւնը յայտնելՙ ոչ ոք կը կասկածի, որ ան Հայուհի է» (հոդվածագիրն, անշուշտ, չի իմացել արտիստուհու կես իտալուհի լինելը): Ինչեւէ, Վալենտինա Ամիրայանը վերադարձել է Եգիպտոս, որտեղ ծանոթացել է գործարար, Եգիպտոսի բռնցքամարտի նախկին չեմպիոն Հայկ Ասատուրյանի (1901, Հելիոպոլիս - 1987, Լոս Անջելես) հետ: Ամուսնալուծված լինելովՙ Վալենտինան երկրորդ անգամ ամուսնացել է իր տարեկից, համակրելի, եռանդուն Ասատուրյանի հետ: 1934-ին նրանք մշտական բնակության են մեկնել Չինաստանՙ իրենց հետ տանելով ոչ միայն Վալենտինայի Ալիդա դստերը, Օգյուստա քրոջը ու նրա ամուսին Երվանդ Համամճյանին, այլեւ Վալենտինայի առաջին ամուսին Ստեփան Ամիրայանին: Շանհայ մեկնելու ճանապարհին ճապոնական «Հարունա Մարու» նավի վրա Վալենտինան ծանոթացել է ամերիկացի նշանավոր կինոբեմադրիչ Սեսիլ Բ. դե Միլի հետ, որը նրան հրավիրել է ԱՄՆՙ փորձելու մասնակցել իր «Կլեոպատրա» ֆիլմի գլխավոր դերակատարուհու մրցույթին: Սակայն Վալենտինային այլ կյանք էր սպասում... Հաստատվելով Շանհայումՙ Հայկ Ասատուրյանը դարձել է Չինաստանի կինոյի եւ մարզաշխարհի մագնատներից մեկը: Նրան է պատկանել Շանհայի «Մետրոպոլիտեն ֆիլմզ» ընկերությունը, նրա ջանքերով է իրականացվել «Ավազի մորեխները» չինական կինոնկարը: Հիմնել եւ ղեկավարել է մարզադաշտեր Շանհայում, Տյենծինում, նաեւ Մանիլայում (Ֆիլիպիններ): Ասատուրյանը եղել է Չինաստանի հայ համայնքի կարեւոր դերակատարներից, առատաձեռն նվիրատվություններ է կատարել ազգային հաստատություններին: Ժամանակի մամուլը, սակայն, լռում է, թե ինչով է զբաղվել Չինաստանում Վալենտինան... Վրա է հասել Երկրորդ աշխարհամարտը: Չինաստանը գրաված Ճապոնիայի իշխանությունները տեղաբնակ հայերին համարել են թշնամի եւ արգելափակել են համակենտրոնացման ճամբարներում: Վալենտինա եւ Ալիդա Ամիրայանները ձերբակալվել եւ ուղարկվել են Ֆիլիպիններՙ 1942-1945 թվականներին արգելափակված մնալով Մանիլայի ճապոնական համակենտրոնացման ճամբարում: Պատերազմի ավարտից հետո Վալենտինան գերությունից դուրս է եկել քաղցից կիսամեռ վիճակում: Ամերիկացիները նրանց քաղաքացիություն են առաջարկել, եւ ընտանիքը մեկնել է Լոս Անջելես: Այստեղ էլ տարիներ անց նախկին երգչուհին վախճանվել է 70 տարեկան հասակում... «Նեղոսի սոխակի» գեղարվեստական ձիրքերը ժառանգել է նրա թոռըՙ դերասան, բեմադրիչ, թատերագիր Էդվին Ջերարդը (ծնյալ Վարդան Համամճյան, ծն. 1948), որը տասնյակ բեմադրություններ եւ դերակատարումներ է իրականացրել Լոս Անջելեսում եւ Փարիզում... |