ՌԵԺԻՍՈՐ ԹԵՐՐԻ ՋՈՐՋԸ «ԽՈՍՏՈՒՄԸ» ՖԻԼՄԻ ՄԱՍԻՆ Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ Մարտին հրավեր ստանալով Պիտեր Բալաքյանից դիտելու «Խոստումը» ֆիլմը եւ ապա նաեւ զրուցելու ռեժիսոր Թերրի Ջորջի հետ, նախքան ապրիլյան առաջնացուցադրությունը, Պոլ Պողոսյանը Բոստոնից Համիլտոն է մեկնել եւ հանրահայտ ռեժիսորի հետ հարցազրույց անցկացրել, որը տպագրվել է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթում»: «Շատ ռեժիսորներ, սովորաբար, իշխող են լինում, պարտադրող: Թերրի Ջորջը ավելի շուտ համալսարանի դասախոսի տեսքն ունի, բարձրահասակ է ու շնորհալի, հանգիստ ու անբռնազբոս: Նրա խոսակցությունը գրավիչ է ու հետաքրքրական», գրում է Պողոսյանը ռեժիսորի մասին: Ստորեւ նրա հարցազրույցը թարգմանաբար: Պ.Պ.- Տորոնտոյի կինոփառատոնում առաջին անգամ ցուցադրվելուց հետո «Խոստումը» ֆիլմը որեւէ ձեւով փոփոխության ենթարկվե՞լ է: Լսել եմ, որ թուրքական հակազդեցություն է եղել: Թ.Ջ.- «International Movie Data Base-ը» (IMDB) կինոտվյալների միջազգային կենտրոնը երբեք նման փորձառություն չէր ունեցել: Փառատոնի օրերին մենք երկու անգամ ամենաընդարձակ դահլիճում ցուցադրեցինք ֆիլմը, որը 3 հազար հանդիսատեսի կողմից հոտնկայս ծափահարություններով ընդունվեց: Այնուհետեւ IMDB-ն ստացավ մոտ 60 հազար բացասական գնահատական: Դա ակնհայտորեն թուրքական մեքենայության արդյունք էր: Մարդիկ առանց ֆիլմը տեսնելու, կամ դրա մասին որեւէ գաղափար ունենալու, 1 գնահատականն էին տվել 10 աստիճան սանդղակում: Նրանց պարզապես թելադրել էին այդպես վարվել: Դրան հետեւեց տասնյակ հազարավոր ամերիկացիների դրական արձագանքըՙ 10 գնահատականը: Գալով փոփոխությանը, ֆիլմը մի փոքր կրճատվել է եւ ենթարկվել չնչին փոփոխությունների: Հիմնականում պահպանվել է Տորոնտոյում ցուցադրված տարբերակը: Պ.Պ.- Ի՞նչը ձեզ դրդեց նկարահանել «Խոստումը»: Ֆիլմի պատմության մեջ ի՞նչը գրավեց ձեզ: Թ.Ջ.- Գործակալությունս սցենարը ուղարկեց ինձ մտածելով, որ այն կհետաքրքրի ինձ, քանի որ նման թեմաներով ֆիլմեր նկարահանել էի արդեն, ինչպես «Հանուն հոր» (In the Name of the Father) եւ «Ռուանդա հյուրանոցը» (Hotel Rwanda) ֆիլմերը, որոնք շոշափում են մարդու իրավունքի եւ արդարության թեմաները: «Հանուն հոր» ֆիլմը իրական պատմությունն է չորս անմեղ մարդկանց, որոնց թյուրիմացաբար մեղավոր էին ճանաչել 1974-ին «իռլանդական հանրապետական բանակի» իրագործած ռմբակոծումների համար: Իսկ «Ռուանդա հյուրանոցը» 1994-ի ռուանդական ցեղասպանության մասին է: Երբ կարդացի սցենարը, մտածեցի, որ այն ամբողջությամբ չի ներկայացնում Հայոց ցեղասպանությունը: Դրա համար էլ ընդարձակեցի պատմությունը եւ ներմուծեցի Քրիստոֆեր Մայերզի կերպարը, որի դերը կատարում է Քրիստիան Բեյլը: Մայերզըՙ լրագրողը, հավաքական կերպարն է այն օտարեկրացիների, որոնք ականատես են եղել Հայոց ցեղասպանության այս կամ այն դրվագներին: Պիտեր Բալաքյանի «Այրվող Տիգրիսը» (The Burning Tigris) մեծապես օգնեց ինձ ծանոթանալու Հայոց ցեղասպանության մասին ամերիկյան թերթերի արձագանքների հետ, իսկ նրա թարգմանած «Հայկական Գողգոթան» (Armenian Golgotha) հուշերի հատորը նպաստեց, որ հասկանամ ցեղասպանության տարողունակությունը եւ վերապրողների, կամ մազապուրծ եղածների հոգեբանությունը: Պ.Պ.- Ի՞նչ դեր ունեցաք դերերի բաշխման հարցում: Թ.Ջ.- Քրիստիան Բեյլը արդեն ընդգրկված էր, նախքան իմ ներգրավվածությանը: Նրա անունը հրապուրեց նաեւ ուրիշներինՙ Օսկար Այզեկին, Ջեյմս Կրոմուելին (դեսպան Մորգենթաուի դերում), Ժան Ռենոյին եւ Շոհրե Աղդաշլուին: Դժվարը Աննայի դերակատարին գտնելն էր: Նա բարդ կերպար է, ուժեղ եւ անկախ կնոջ մի կերպար, որը պետք է կարողանար գրավել երկու իրարից տարբեր տղամարդկանց ուշադրությունը: Ընկերներիցս մեկը կանադական նորաձեւության մի ամսագիր էր ուղարկել ինձ, շապիկին Շառլոտ լը Բոնի նկարով: Ես մոդել չէի որոնում, բայց նրա հարցազրույցներն ու զավեշտական սքեչները դիտելուց եւ իր հետ հանդիպելուց հետո հասկացա, որ նա կարող է Աննայի դերը կատարել: Սոցիալապես ավանգարդիստական հայացքների տեր կինը (ծնվել էր Ֆրանսիայում) վստահաբար կարող էր գրավել Քրիս Մայերզի, իսկ Կոնստանդնուպոլսում, տուրք տալով իր արյան ձայնին, նաեւ Մայքլի ուշադրությունը: Պ.Պ.- Ի՞նչ դեր ուներ Քըրք Քըրքորյանը: Թ.Ջ.- Նա ֆինանսավորել էր ամբողջ ֆիլմը: Առանց նրա «Խոստումը» չէր կայանա: Նա բարեփոխել է սցենարը: Քըրքը սիրում էր պատմողական, էպիկական ֆիլմերը, որոնք հիմնված են սիրող զույգերի ճակատագրերի վրա: Նա հավատացած էր, որ նրանց կերպարներում հանդիսատեսը ճանաչում է ինքն իրեն: Շատ էր հավանում Դեյվիդ Լինի ֆիլմերըՙ «Լոուրենս Արաբիացին» եւ «Դոկտոր Ժիվագոն»: Պ.Պ.- Ինչպե՞ս կբնութագրեիք ֆիլմի ոճը: Թ.Ջ.- «Խոստումը» մերօրյա «կոմերցիոն» ֆիլմերի շարքում չի կարելի դասել: Այնտեղ չկան գերհերոսներ, ավտոմոբիլային հետապնդումներ, պայթյուններ, մի խոսքով այն ինչ այսօր անվանում են «էքշն»: Դա ավելի շուտ դասական ոճով նկարահանված ֆիլմ է, որն հասցեագրված է սովորական մարդկանց: Սիրում եմ նկարահանել ուսուցողական, հիշարժան որոշակի դասեր պարունակող ֆիլմեր: Կարծում եմ «Խոստումը» այդպիսի ֆիլմ է: Պ.Պ.- Կարծում եք «Խոստումը» տալի՞ս է Հայոց ցեղասպանության ճշգրիտ պատկերացումը: Թ.Ջ.- «Հանուն հոր» եւ «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերը նկարահանելիս հասկացա, որ այն ինչ ցուցադրում ես էկրանին, պետք է որ մանրակրկիտ ուսումնասիրված լինի: Նույնիսկ եթե երեւակայական որոշ տեսարաններ ես ավելացնում, պետք է հետեւես, որ դրանք չաղավաղեն մարդկանց եւ դեպքերի իրական պատկերները: Կերպարներն ու դեպքերը պետք է հանդիսատեսին փոխանցեն իրական պատկերն այն ամենի, ինչ կատարվել էր անցյալում, տվյալ վայրում եւ որոշակի ժամանակաշրջանում: «Խոստումը» ֆիլմում ամեն մի մանրամասնություն ստուգված եւ վերստուգված է. նշանդրեքի տեսարանը, օրինակ, պարերը, գյուղական վայրի համայնքային կյանքը պատկերող տեսարանները, եկեղեցական երգեցողությունը եւ այլն, բոլորը ենթարկված են լուրջ ուսումնասիրության եւ ճշգրտված են: Իսպանիայում, Պորտուգալիայում եւ Մալթայում նկարահանելիս ես որոնում էի տեսարաններ, վայրեր, որոնք կհամապատասխանեին իմ ձեռքի տակ ունեցած հին, օսմանյան շրջանի լուսանկարներին: Զարմանալի նմանություններ եմ հայտնաբերել դրանց միջեւ: Պ.Պ.- Ֆիլմը նկարահանելիս հայերի ակնկալիքները կամ Քըրքորյանի ֆինանսավորումը արդարացնելու առումով որեւէ ճնշման ենթարկվե՞լ եք: Թ.Ջ.- Քըրքը վախճանվել էր նախքան նկարահանումներն սկսելը: Նա հավանություն տվել էր սցենարին: Էրիկ Իսրայելյանն էր, որ վերահսկեց ամբողջ ծրագիրը եւ հետամուտ եղավ, որ պահպանվեն Քըրքի տեսակետները: Ֆիլմը պետք է պատմեր ցեղասպանության պատմությունը սիրային եռանկյունու հենքի վրա: Մենք դիտավորյալ զանց ենք արել բռնության երկարատեւ տեսարաններ ընդգրկելուց, որպեսզի ֆիլմը կարելի լինի դիտել, ինչպես ասում են, «ընտանյոք հանդերձ»: Ես գիտակցում էի ֆիլմի հաջողության կարեւորությունը հայերի համար եւ ամեն ինչ արել եմ, որ արդարացնեմ նրանց ակնկալիքները, եւ հավատարիմ մնամ ճշմարտությանը: Պ.Պ.- Ի՞նչն է ձեզ մղել պատմական ֆիլմեր նկարահանելու: Թ.Ջ.- Մարդիկ հիմա ավելի շատ ֆիլմերից են բան սովորում, քան պատմական գրքերից: Ո՞վ գիտեր կամբոջական մահվան դաշտերի մասին, մինչեւ «The killing Fields» ֆիլմը էկրաններին չհայտնվեց: Այդ ֆիլմը մարդկանց գիտակցության մեջ ամրապնդեց Կամբոջայում կատարված իրադարձությունները: «Հանուն հոր» ֆիլմը տեղեկացրեց մարդկանցՙ իռլանդական քաղաքականության մասին: «Ռուանդա հյուրանոցը» իրազեկեց ռուանդական ցեղասպանության մասին: «Խոստումը» առաջին գեղարվեստական ֆիլմն է Հայոց ցեղասպանության մասին եւ հույս ունեմ, որ այն նպաստելու է այդ ցեղասպանության առավել ճանաչման գործընթացին: «Open Road» ընկերությունն է վերահսկում նրա թողարկումը, եւ նրանք մեծ հաջողություններ են արձանագրել նման ֆիլմերի թողարկման գործում: Ամերիկայից հետո ապրիլի 28-ից այն ցուցադրվելու է Եվրոպայում, իսկ մայիսի սկզբներիցՙ նաեւ Ասիական երկրներում: ԱՄՆ-ում մոտ 2000 կինոթատրոններ ցուցադրելու են ֆիլմը: Քարոզարշավ, ինչքան հնարավոր է, ծավալում ենք. ես շուտով կմեկնեմ Լոնդոն: Ամենալավ ֆիլմերն անգամ երեք շաբաթ են դիմանում էկրաններին: Կարեւորը առաջին շաբաթավերջն ու նրան հաջորդող շաբաթն է: Հույս ունենք, որ բերնե-բերան ֆիլմի դրական արձագանքները կտարածվեն եւ ֆիլմը կշարունակի ցուցադրվել կինոթատրոններում: «Ռուանդա հյուրանոցի» դեպքում այդպես եղավ, մինչեւ հասավ Օսկարի թեկնածու դառնալուն: Հուսով եմ, «Խոստումը» ֆիլմը կհետեւի նրան: Նկար 1. Ձախից աջՙ Պիտեր Բալաքյան, Թերրի Ջորջ եւ Պոլ Պողոսյան |