ԶԱՐԵՀ ՈՐԲՈՒՆՈՒ «ԹԵԿՆԱԾՈՒՆ»ՙ ԱՆԳԼԵՐԵՆ Հ. Ծ. Հայկական ուսումնասիրությունների եւ հետազոտությունների Բելմոնտի (Մասաչուսեթս) NAASR կենտրոնում մայիսի 25-ին տեղի է ունցել սփյուռքահայ գրականության հիմնադիրներից Զարեհ Որբունուն (Եոքսյուզյան) նվիրվածՙ թարգմանիչ եւ գիտաշխատող Ջենիֆեր Մանուկյանի դասախոսությունը: «Ուխտադրուժ գրողը: Զարեհ Որբունին եւ 20-րդ դարի արեւմտահայ գրականությունը Ֆրանսիայում» թեմայով դասախոսությունը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի» անցկացվել է NAASR-Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի «ժամանակակից հայկական հարցեր շարքի» շրջանակներում եւ Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) համահովանավորությամբ: 1920-30 թվականներին մի խումբ երիտասարդ գրողներ Փարիզը դարձրել են արեւմտահայ գրական կյանքի էպիկենտրոնը: Այդ գրողները դիտավորյալ կերպով խզել են իրենց հարաբերությունները օսմանյան շրջանի հայ գրականության թեմատիկայից եւ ոճական առումներից եւ հիմնել նոր, սփյուռքահայ գրականությունը: Մանուկյանի դասախոսությունը հիմնվել է նրանցից մեկիՙ քիչ ծանոթ, բայց արգասաբեր գրող Որբունու վրա, որի 1967-ին հրատարակված «Թեկնածուն» (The Candidate) հատորը ինքը անգլերենի է թարգմանել (Իշխան Ջինբաշյանի հետ) 2016-ին: Դրանից առաջ Մանուկյանը 2014-ին թարգմանել էր Զապել Եսայանի «Սիլիհտարի պարտեզները» եւ արժանացել NAASR-ի Սոնա Արոնյանի անվան մրցանակին: Աշնանից նա իր դոկտորականի վրա է աշխատելու Լոս Անջելեսի Կոլումբիա համալսարանում (UCLA): Զարեհ Որբունին ծնվել է Օրդույում (Թուրքիա) 1902-ին եւ վախճանվել Փարիզում, 1981 թվին: 1915-ին հոր զովհելուց հետո ընտանիքի հետ փախել է Ռուսաստան, որտեղ մեկ տարի մնալուց հետո վերադարձել է Կ. Պոլիս: Սովորել է Պերպերյան վարժարանում: Ապա մեկնել է Ֆրանսիա, որտեղ Պ. Զարոյանի հետ խմբագրել է «Նոր հաւատք» եւ «Լուսաբաց» պարբերականները: Նրա երկերին բնորոշ են խոր հոգեբանական նկարագրությունները: |