«ՍԱՐՈՅԱՆ/ՊՈԼ» ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՅԻ ՄՐՑԱՆԱԿԸՙ ՋՈՒՆ ՔԱՐԻԼԻՆ Հ. Ծ. Հայտնի է դարձել Լոս Անջելեսում գործող «Հայկական դրամատիկական արվեստի միության» (ADAA) 2008-ին մեկնարկած մարդու իրավունքի պաշտպանությանը նվիրված «Սարոյան/Պոլ» դրամատուրգիական մրցանակաբաշխության այս տարվա հաղթողի անունը: Դա դրամատուրգ եւ դերասան Ջուն Քարիլն է, որ նաեւ քաղաքագետ է եւ անգլիական գրականության մասնագետ: Մրցանակի արժանացած նրա պիեսը կոչվում է «The Good Minister from Harare» («Լավ նախարարը Հարարեից»), որը պատմում է Զիմբաբուեյում Ռոբերտ Մուգաբեի իշխանության օրոք կատարված քիչ հայտնի ցեղասպանության մասին: Դրա օգտին արձագանքել են ավելի քան 120 թատերագետներ: Քարիլի նախորդ գործերից հայտնի են «Stone Angels» (Քարե հրեշտակներ) եւ «God՛s Wife» (Աստծո կինը) պիեսները: Գլենդեյլի «Անտեուս» թատերական ընկերության Կիկի եւ Դեյվիդ Զինդլեր կատարողական արվեստի կենտրոնում կայացած հանդիսության ժամանակ նրան 10.000 դոլարի մրցանակը հանձնել են Հենք Սարոյանը (Էմմի մրցանակակիր ռեժիսոր) եւ Կարեն Քոնդազյանը (մրցանակակիր դերասանուհի եւ ADAA-ի հիմնադիր անդամներից): Ընթերցվել են հատվածներ եզրափակիչ փուլ հասած թատերգություններից: «Սարոյան/Պոլ» մրցանակը հնարավոր է դարձել ստեղծել Վիլյամ Սարոյանի եւ Հայ եկեղեցվո արեւմտյան թեմի Լիլիան եւ Վառնում Պոլի անվամբ հիմնադրամների աջակցության շնորհիվ: |