RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2017-07-07 > #027, 2017-07-14 > #028, 2017-07-21 > #029, 2017-07-28 > #030, 2017-08-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017



ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Տեղադրվել է` 2017-07-20 21:59:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 5753, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԱՀԻՏ ԱԲԱԴ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖԻԼՄ ՆԿԱՐԱՀԱՆԵԼԸ ԹԵ՛ ԴԺՎԱՐ Է, ԹԵ՛ ՀՐԱՇԱԼԻ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

- Սիրելի Անահիտ, կինոյին մոտ կանգնած մարդիկ արդեն որոշ ժամանակ էՙ խոսում են Հայաստանում քո նկարահանած ֆիլմի մասին, որը դեռեւս էկրան չի բարձրացել: Ես դիտել եմ մի քանի կարճ հատված եւ պիտի ասեմ, որ սպասելիքներս մեծ են: Ոչ միայն այն պատճառով, որ այն Արցախում է նկարահանվել եւ քաղաքական նշանակություն ունի, ոչ միայն այն բանի համար, որ մեր այսօրվա ցավերի մասին է, այլեւ քանի որ նկատեցի որակներ, որ մեր կինոյում հազվադեպ են: Խնդրում եմ պատմեսՙ ինչպես սկսվեց նախագիծը եւ հիմա ո՛ր փուլում է:

- Շատ պարտավորեցնող, կասեիՙ վախեցնող է ասածդ. հուսով եմՙ կարդարանան հանդիսատեսի սպասելիքները: Ինձ համար լավ կինո ստեղծելը նպատակ է, ցանկություն է, կյանք է եւ իմաստ է: Փորձել եմ, որ այն լինի անկեղծ, ինչպես որ զգացել եմ եւ ինչպես որ դրսեւորվել է իմ տրամաբանական կամ զգացական աշխարհում: Ֆիլմը ստեղծելիս ո՛չ սկզբում, ո՛չ հետո քաղաքական նպատակ կամ ենթատեքստ չի եղել: Գաղափարը ծնվել է դեռ 1999 թվականին, երբ առաջին անգամ ճամփորդում էի Արցախում: Նկարահանման ընթացքում, իհարկե, շատ բան փոխվեց, բայց էությունը մնաց նույնը: Սկզբնական անունը «Քարվաճառ» էր, բայց հետո դարձրի «Եվա»: Այն դրամա է: Հերոսուհին ստիպված է լինում Երեւանից տեղափոխվել Արցախՙ սահմանամերձ գյուղ: Մնացածըՙ ֆիլմում:

- Ո՞րը եղավ ֆիլմի գլխավոր մարտահրավերը:

- Ես ամեն բան արեցի, որ ֆիլմը բառի բուն իմաստով համատեղ լինի: Ֆիլմն ամբողջությամբ հայկական պատմություն է, լեզուն հայերեն է, Արցախի բարբառով, դերասանական կազմն ամբողջովին հայեր են, իսկ կինոխցիկի թիկունքը, այսինքնՙ տեխնիկական կողմը, Իրանից է: Երեք տարի առաջ, Իրանում ֆիլմի նկարահանման արտոնությունը ստանալուց հետո դիմեցինք Հայաստանի մշակույթի նախարարությանը եւ Ազգային կինոկենտրոնին: Կինոկենտրոնը, գնահատելով հանդերձ սցենարը, պատասխանեց, որ բյուջե չունի: Դիմեցի անգամ անհատ ձեռներեցների, սակայն ապարդյուն: Բախտի բերմամբ թե պատահմամբ, բարի կամեցողների միջնորդությամբ հանդիպեցի տիկին Ռիտա Սարգսյանին, առանց որի վերաբերմունքի այս նախագիծը չէր իրականանա: Այդպիսով, ապահովվեց հայկական կողմի մասնակցությունը ընդհանուր բյուջեի մեկ հինգերորդ չափով: Կինոնկարն ամբողջությամբ նկարահանեցինք Արցախումՙ վայելելով ոլորտի պատասխանատուների ու տեղի ժողովրդի աջակցությունը եւ ջերմ, պատասխանատու վերաբերմունքը: Սակայն հաճախ նաեւ տուժել ենք անտարբերությունից, անպատասխանատվությունից, հայկական կողմի ղեկավարության անհարկի ձգձգումներից, երբեմն էլ դժվարություններ էին լինում եռակողմ գործնական հարաբերություններում: Բայց ինչեւէ, որոշ տառապանքներից հետո ֆիլմն արդեն ամբողջապես պատրաստ է, Կաննի շուկայում արդեն կազմակերպվել է պրոֆեսիոնալ ցուցադրությունը, որի ընթացքում եղան առաջարկներ տարբեր փառատոներից, սակայն համաշխարհային առաջնախաղը դեռ չի եղել: Ցանկանում եմ, որ այն տեղի ունենա Երեւանում, արդեն այդ նպատակով եմ եկել, բայց, ցավոք, առայժմ այս գործը գլուխ չի գալիս, անգամՙ փակ ցուցադրությունն է անհնար կազմակերպելՙ ինձ համար անհասկանալի պատճառներով: Բայց հուսով եմ, որ աշնանը կցուցադրենք Հայաստանում եւ Իրանում, որից հետո միայնՙ ուրիշ երկրներում:

- Իրանական կողմի համար խնդիր չէ՞ր, որ ֆիլմը նկարահանվում է միջազգայնորեն չճանաչված պետությունում:

- Ո՛չ, քանի որ ո՛չ ֆիլմի թեման էր անմիջականորեն առնչվում քաղաքական խնդրին, ո՛չ էլ կինոն ընդհանրապես նման սահմանափակումներ ունի: Այսօր աշխարհում շատ վայրերում քաղաքական կամ ռազմական ճգնաժամ գոյություն ունի (ցավոք), որտեղ, սակայն, ֆիլմեր են նկարահանվում: Մեր կինոնկարի թեման համամարդկային է, որ աշխարհի որեւիցե տեղ կարող էր կատարվել. դրա հետ մեկտեղ անխուսափելիորեն ունի հայկական նկարագիր, էություն եւ մշակույթ:

- Իմ դիտած դրվագներում հատկապես տպավորիչ է դերասանուհի Նարինե Գրիգորյանը...

- Այո, նա գլխավոր դերակատարուհին է: Ընդհանրապես, ունեցանք դերասանների լավ կազմ, հանձինս Մարջան Ավետիսյանի, Ռոզի Ավետիսովայի, Շանթ Հովհաննիսյանի, Տիգրան Դավթյանի, Սերգեյ Թովմասյանի, Մարատ Դավթյանի, անգամՙ ոչ պրոֆեսիոնալների:

- Արտասահմանցու համար դժվար չէ՞ ֆիլմ նկարահանել կինոյի մասին օրենք չունեցող Հայաստանում:

- Ինձ համարՙ որպես հայի եւ կինոգործչի, Հայաստանում ֆիլմ նկարահանելը թե՛ դժվար է, թե՛ հրաշալի: 1992-ից պարբերաբար կինոնկարահանումների եմ մասնակցում Հայաստանում ու միշտ սիրել եմ այստեղ աշխատելը: Նույնիսկ հիմա, երբ այնքան տառապեցի «Եվայի» վրա, հաջորդ նախագիծս կրկին մտածում եմ Հայաստանում իրականացնել: Չգիտեմ, սա խենթություն է, թե ինչ է, բայց մի բան կաՙ այստեղի ժողովրդի էության մեջ, ընդերքում մի տեսակ հարգանք, գուրգուրանք կա արվեստի հանդեպ: Դա մղում ու քաջալերում է միշտ գալ այստեղ, միասին ճամփա կտրել ու մի բան կերտել:

- Դու կանգնած ես կինոյի ասպարեզում հայ-իրանական համագործակցության ակունքներում, եթե չեմ սխալվումՙ սկսած Հայաստանում նկարահանված «Տավարիշ» ֆիլմից...

- «Տավարիշի» նկարահանումներին ներկա չեմ եղել, միայն մասնակցել եմ կազմակերպչական գործին, իսկ ավելի ուշ իմ գործուն մասնակցությամբ Հայաստանում նկարվեց իրանական երկրորդ ֆիլմըՙ Դավուդ Նեժադի «Զինաթափումը»: Դրան հետեւել են մի քանի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, սերիալներ, վավերագրական նախագծեր, որոնց վերնագրերը նույնիսկ չեմ հիշում: Դրանցում աշխատել եմ որպես երկրորդ ռեժիսոր, տնօրեն եւ արտադրիչ, իսկ ինքնուրույն 1999-ին նկարահանել եմ «Արցախի պատմական հուշարձանները»ՙ լուսահոգի ճարտարապետ Արմեն Հախնազարյանի համագործակցությամբ: Առաջին անգամ էր, երբ վավերագրական կինոյում արձանագրվում էին Արցախի ամբողջական պատմական հուշարձանները: Դա թե՛ արխիվային նյութ էր, թե՛ փաստագրություն: Հետագայում իմ նկարահանած կադրերը տեսնում եմ հայկական տարբեր հեռուստաալիքների հաղորդումներում:

- Իսկ Իրանում արդեն իսկ բավական փորձ ունեիր կինոյում...

- Բացի տարբեր մեծ ու փոքր նախագծերիցՙ նկարահանել էի մի շարք վավերագրական ու կարճամետարժ ֆիլմեր, հիմնականումՙ հայկական թեմայովՙ «Իմ մանկապարտեզը», «Իմ մանկությունը», «Իրանահայերի դերն իրանական կինոյի պատմության մեջ», «Հին Ջուղան եւ ջուղայեցիները», «Իրանահայությունը» 26 րոպեանոց իրանա-բրիտանական արտադրությունը: Երբ մի խումբ իրանահայ երիտասարդներ բարձրացան Արարատի գագաթն ու այնտեղից նկարահանված նյութ բերեցին, հաճույքն ունեցա մոնտաժել, եւ արդյունքը եղավ «Արարատի գագաթի նվաճումը» ֆիլմը:

- Վերադառնալով «Եվային»ՙ գուցե ոմանց կհետաքրքրի, թե Իրանն ի՞նչ մասնավոր հետաքրքրություն ունիՙ նկարահանելով ամբողջովին հայերեն եւ հայկական թեմայով մի կինոնկար:

- Ինչպես Ամերիկան է ֆիլմեր ստեղծում Չինաստանում կամ Ֆրանսիանՙ Հնդկաստանում, այնպես էլ Իրանը կարող է որեւիցե երկրում կինո նկարահանել: Իրանի կինոն հզոր է, աշխարհում իր յուրահատուկ տեղն ունի եւ թեւակոխել է մի հանգրվան, որ ուզում է զարկ տալ համատեղ արտադրությունների: Եվ ո՞ւմ հետ դա կարող է ավելի լավ անել, քան իր հարեւան երկրի, մանավանդ որ ինձ նման համառ մեկը գործի մեջ մտավ: Իրանն այնքան կարեւորում է համագործակցությունը Հայաստանի հետ, որ նրա բարձրագույն կինողեկավարությունը պատրաստ է գալ, մասնակցել այստեղի փակ դիտմանը, եւ տրամադրություն կա Իրան-Հայաստան կինոյի դաշտում համագործակցության պայմանագիր ստորագրելուն: Հուսանք, որ մեր մշակութային ղեկավարները կօգտվեն այդ տրամադրությունից եւ մի նոր կարեւոր գործընթացի սկիզբը կդրվի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #28, 21-07-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ