ԱՐՎԵՍՏԸ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼԻՆԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ, ԲԱՅՑ... Նաիր ՅԱՆ Վերջին տարիներին երեւանյան թանգարանները ջանում են հասարակությանն ավելի մոտեցնել իրենց, որպեսզի թանգարան-այցելու ավանդական փոխհարաբերությունից բացի, որ կարող է դրսեւորվել առավելագույնը տարին մեկ-երկու անգամ, ստեղծվի ավելի ամուր, հարազատական ու հոգեւոր կապ: Հատկապես ամռանը մի շարք մշակութային օջախներ, օրինակՙ Ազգային պատկերասրահը, Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Ավ. Իսահակյանի տուն-թանգարանը, երեխաների համար նախատեսված ծրագրեր են իրականացնում, որ ներառում են ե՛ւ ուսուցում, ե՛ւ ժամանց: Մանուկներն ու պատանիները մի քանի ժամ անց են կացնում թանգարանի հարկի տակՙ ոչ թե որպես ժամանակավոր այցելու, այլ յուրային: Թանգարանային ամենօրյա միջավայրը հարազատ է դառնում, ու թանգարանային ամեն նմուշ նրանք սկսում են խորությամբ ճանաչել, գիտակցել դրանց արժեքը: Ավելինՙ հոգեւոր միջավայրում անց կացված արվեստի դասերը դյուրամարս ու տպավորիչ են դառնում: Մանավանդ որ այն, ինչ պատմվում է, ցուցադրվում եւ օրինակներ են բերվում հենց իրենց միջավայրից, իրենց շրջապատող արվեստի նմուշներից: Այդպես երեխաները շոշափելիորեն տեսնում ու հասկանում են բացատրվածը. նկարում ու քանդակում են, ծեփում ու գրում են այն, ինչ ներկայացվեց իրենց: Մանկական ամենամաքուր ու չմիջնորդավորված տպավորություններն ու զգացողություններն արտահայտվում են թուղթ ու ջրաներկով, կավով ու պլաստիլինով. նրանք ցույց են տալիս իրենց հասկացած եւ ընկալած Վան Գոգին, Պիկասոյին, Մոնեին, Դա Վինչիին: Իրենց ձեռքերով պատկերում են Մարաշի ու Այնթապի ասեղնագործությունը, ստվերների թատրոնը, ներկայացումներ են բեմադրում իրենց իսկ պատրաստած տիկնիկներով: Փորձը ցույց է տալիս, որ մեկ անգամ ամառային դպրոց հաճախողը մասնակցում է ամբողջ դասընթացին ու նաեւ հաջորդ տարիներին է դառնում մշտական սան: Գաղտնիք չէ, որ փոքր տարիքում ընկալածն ու ճանաչածը մարդն իր հետ տանում է ամբողջ կյանքի ընթացքում: Բացի այդ, փոքրուց ձեւավորվում է ճաշակ ու մտածողություն, ընդլայնվում է աշխարհայացքը. երեխան կրթվում է բարձր արվեստի հիմքի վրա, իսկ այդ տարիքում սերմանվածը ծիլեր է գցում ու հետագայում անճաշակ ու անարժեք երեւույթները վանում, մերժում: Հարկ է, որ բոլոր թանգարանները մեմորիալ, քարացած ու անձեռնմխելի կարգավիճակից դուրս գան, դառնան ավելի մատչելի ու հասանելի, հեշտ յուրացվեն ու հասարակություն-թանգարան անջրպետը վերանա: Անշուշտ, բարձր արժեքները չեն կարող զանգվածային հետաքրքրության առարկա դառնալ, բայց հասարակության մեջ որքան մեծ տոկոս կազմեն կրթված ու զարգացած մարդիկ, այնքան հասարակության որակը կբարձրանա, կազնվանա: Իսկ մարդուն կրթել, զարգացնել, արվեստին կապել հարկավոր է մանկուց. ինչ արժեհամակարգով երեխան ձեւավորվի, նույն արժեհամակարգով էլ կմեծանա ու կամրանա: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ արվեստի միջավայում աչք բացած մարդկանց չնչին տոկոսն է մեծ տարիքում հանցագործ դարձել. եղած դեպքերն էլ ինչ-ինչ հանգամանքներով են պայմանավորված: Պարտադիր չէ, որ բոլորն արվեստագետ, ստեղծագործող դառնան. կարեւորն այն է, որ բացասական հակումներն ու ընդունակություններն արվեստի հետ շփվող մարդկանց շրջանցում են. ապացուցված էՙ արվեստն ազնվացնում է: Մեր թանգարաններն էլ գտել են դեպի ազնվացում տանող ազնիվ ճանապարհՙ ամբողջ ամառ երեխաներին հյուրընկալում են իրենց հարկի տակ: Կոմիտասի թանգարան-ինստիտուտն այս տարի առաջին անգամ հանդես եկավ նոր նախաձեռնություններով ոչ միայն երեխաների, այլեւ մեծահասակների համար: Երեխաներին ուղղված դասընթացը երաժշտությամբ համեմված ժամանց էր. մանուկները ծանոթանում էին մի քանի տասնյակ նվագարանների հետ, այդ թվումՙ հնագույն գործիքների: Նրանք հնարավորություն ունեին ձեռք տալու, նվագելու այդ գործիքները, որպեսզի լսեն սեփական ձեռքերի հպումից ստացվող հնչյուններն ու ձայները. դա երեխայի համար կատարյալ հրճվանք, ոգեւորություն է: Թանգարանային նմուշներն այցելուին մոտեցնելու, հասանելի դարձնելու եւս մի հաջողված փորձՙ այն էլ կոմիտասյան մթոլորտում, կոմիտասյան մասունքների շրջապատում: Պարզ է, որ նման միջավայրում ստացած յուրաքանչյուր տեղեկություն ու գիտելիք երեխան երբեք չի մոռանա ու իր հետ կտանի միշտ: Կոմիտասի թանգարանի ամառային մյուսՙ «Կոմիտասը եւ հայ երաժշտությունը» ծրագիրը մեծահասակների համար էր: Հուլիսի վերջին շաբաթը թանգարանում անց կացվեցին դասընթացներ, որոնց մասնակցեցին տարբեր մասնագիտություններ ունեցող երիտասարդներ: Հայտերն ընդունվել են նախապես. դիմողները պատասխանել են հարցաշարին ու գրել նամակ, թե ինչու են ուզում մասնակցել երաժշտության ու երաժշտագիտական տարբեր շերտեր ուսումնասիրող դասերին: Ընտրվել է հիսուն հայտ, որոնց հեղինակները բժիշկներ, պատմաբաններ, իրավաբաններ, երաժիշտներ, մանկավարժներ են: Հիսուն հոգուց քառասունը Հայաստանից են, մյուսներնՙ արտասահմանից: Սանկտ-Պետերբուրգի կոնսերվատորիայից երեք ուսանողուհի եկել էր Հայաստանՙ հատուկ այս դասընթացին մասնակցելու: Նրանք միջնադար են ուսումնասիրում ու հետաքրքված են հայ երաժշտության պատմությամբ եւ Կոմիտասով: Ամառային դպրոցի մասնակիցներին դասավանդել են ոլորտի լավագույն մասնագետներըՙ Աննա Արեւշատյանը , Գայանե Ամիրաղյանը , Մարիաննա Գրիգորյանը , Տաթեւ Շախկուլյանը եւ այլք: Դասավանդվել են հայ երաժշտության պատմություն, հայ միջնադարյան երաժշտություն, հայ երաժշտական ֆոլկլոր եւ Կոմիտաս: Դասընթացի մասնակիցներից շատերը եկել էին Կոմիտասի թանգարանՙ երաժշտագիտական գիտելիքների բացը լրացնելու, ավելին իմանալու ձգտումով: Նրանք նշում էին, որ այլ մասնագիտություն ընտրելովՙ երաժշտության ու հատկապես Կոմիտասի նկատմամբ սերն անթեղված մնացել է: Բժշկությունը կամ իրավաբանությունն իրենց ժամանակի մեծ մասը տանում է, բայց Կոմիտասը ներքին պահանջ է, անհրաժեշտություն, որին ավելի խորությամբ ճանաչելը կօգնի նրանց ավելի գեղեցիկ ու իմաստավորված ապրել, կառչել ազգային արժեքներին ու ինքնությանը: Մուլտիպլիկատոր Սյուզան Մելիքյանն առաջին իսկ դասաժամին ինքանբուխ գծանկարեց Կոմիտասին. միջավայրի ու մթնոլորտի անմիջական ներգործությունից էր: Նա մինչ այդ երբեք չէր նկարել Կոմիտասին: Բժիշկ Վարդգես Մովսիսյանը խոստովանեց, որ մանկուց կիսատ թողած երաժշտական կրթությունն ու երաժշտական սերն է եկել շարունակելու թանգարանում: Պատմեց, որ աշխատավայումՙ հիվանդանոցում, հաճախ են Կոմիտաս երգում: Ի դեպ, ամառային դպրոցի ավարտին բոլորը պետք է Կոմիտաս երգեին, համենայն դեպս, փորձելու էին: Գիտական գիտելիքը հանրամատչելի դարձնելու միտումներ կան անգամ ամենաբարդ ուղղությունների բնագավառում: Բնականաբար, արվեստի ոլորտն անմասն չէ: Կոմիտասին ճանաչելի, մատչելի ու հանրամատչելի դարձնելն է դասընթացի նպատակներից մեկը: «Ինտելեկտուալ մասնագիտություն ունեցող շերտը հանրության մտավոր սերուցքն ու շարժիչ ուժն է: Մենք ազգային երաժշտության հարցերը դիտարկում ենք մեր ինքնության խնդիրների շրջանակում, որը արդի մարտահրավերներից մեկն է ու պատասխանատվության բեռ է դնում հենց ազգի ինտելեկտուալ շերտի ուսերին: Ես դեմ եմ այն պնդումներին, թե Կոմիտաս պետք է ամենուր հնչեցնել ու ամեն տեղ երգել: Ասում ենՙ ռաբիսը տարածվում է, իսկ ինչու Կոմիտաս չի հնչում ռաբիսի փոխարեն: Ես ասում եմՙ ռաբիսի փոխարեն Կոմիտաս հնչել չի կարող: Ինչքան էլ ասենքՙ Կոմիտասն ամբողջ ազգինն է, Կոմիտասը միավորում է ամբողջ աշխարհում սփռված հայությանը, միեւնույն է, դժվար է պատկերացնել, թե հանրության լայն զանգվածները կարող են լսել, ընկալել Կոմիտասի ժառանգությունը: Գաղտնիք չէ, որ դա բարդ, մտավոր զարգացում, կրթված ճաշակ ու կրթված ականջ, ազգային մաքուր ընկալումներ պահանջող բարձր մշակույթ է, ու սա զանգվածային դարձնելն ուղղակի անհնար է. Կոմիտասին կփչացնենք: Մեր նպատակը ոչ թե Կոմիտասին զանգվածային դարձնելն է, այլ ընդհակառակըՙ որքան հնարավոր է հանրության շատ ներկայացուցիչների ընդգրկելն ազգային մշակույթը ճիշտ, բարձր մակարդակի, կրթված, պատշաճ որակական հատկանիշներով, ընկալունակ դաշտի մեջ» , - դասընթացի նպատակն ու Կոմիտասի արժեքը մեկնաբանեց կոմիտասագետ, թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Մհեր Նավոյանը : Խորհրդային տարիներին երեխային երաժշտական դպրոց տալը «պրեստիժ» էր համարվում: Պրեստիժ-պատճառն, իհարկե, կար: Նույն խորհրդային համակարգը եւս խրախուսում էր, որ ավելի շատ թվով երեխաներ հաճախեն երաժշտական դպրոցներ, թեեւ գաղտնիք չէր, որ նրանց մեծ մասը տհաճությամբ, հոգեկան կտտանքների ենթարկվելով էր մոտենում դաշնամուրին ու ջութակին: Իսկ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո այդ գործիքները կողպվում էին առհավետ: Նույն խորհրդային համակարգը այսկերպ գերագույն նպատակ էր հետապնդումՙ կրթել հասարակությանը, արվեստ սերմանել. ճիշտ է, երաժշտական կրթություն ստացածների մեծ մասը յոթնամյայից հետո թողնում էր այդ ոլորտը, բայց գոնե ճանաչում էր կոմպոզիտորներին ու կվինտետը տարբերում կվարտետից, ալտըՙ ջութակից, կոնտրաբասըՙ թավջութակից: Ու դասական համերգներին դադարների ժամանակ ծափ չէր տալիս: Հիմա ոչ զանգվածային կերպով ու ոչ պետական ծրագրված քաղաքականության ուժով, բայց անհատական նախաձեռնություններով փորձ է արվում կրթել հասարակությանը, նրան մասնակից դարձնել մշակութային կյանքին: Իհարկե, շատ հաճախ նման նախաձեռնությունները նաեւ ֆինանսական որոշակի եկամուտ են հետապնդում: Երեխաների համար նախատեսված ամառային դպրոցները վճարովի են. հազար դրամի պատճառով դասընթացները ոչ բոլորին են հասանելի: Բայց երկու երանի մեկտեղ չի լինում: Դեպի արվեստ տանող ճանապարհն անցնում է նաեւ գրպանի միջով: |