ԿՈՄԻՏԱՍ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Պատրաստեցՙ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԸ ՀԲԸՄ-ի անգլիալեզու «AGBU» հանդեսի էջերից քաղում ենք հետեւյալ տեղեկությունները Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի լույս ընծայած գրքերի մասին: Ամերիկացի համարձակ դիվանագետ, Հայաստանում Մ. Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսի «Պատանդված ճշմարտությունը: Ամերիկան եւ Հայոց ցեղասպանությունը» (Truth Held Hostage: America and the Armenian Genocide) հատորից բացի, որի մասին անդրադարձել ենք «ԱԶԳ-ի» հունիսի 2-ի համարում, Կոմիտաս ինստիտուտը վերջին մի քանի ամիսների ընթացքում հրատարակել է հետեւյալ գրքերը անգլերեն լեզվով: - «Կոնստանդնուպոլսում» (Inside Constantinople): Հեղինակՙ Լուիս Էյշնտեյնը ամերիկացի առաջին պաշտոնական անձնավորությունն է եղել, ով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը նախորդելով դեսպան Մորգենթաուին: Վերջինիս հուշերի հետ Էյնշտեյնի օրագրերը ցույց են տալիս, թե ինչ խորությամբ էին ամերիկացի դիվանագետները ծանոթ 1915-ի կատարված դեպքերին: - «Ազո: Ստրուկ տղան» (Azo. The Slave Boy) պատմում է Բաբկեն Ինջարաբյանի հոգեկան ծանր ապրումներով հարուստ անցած ճանապարհի մասին: Բաբկենը եղել է ընտանիքի հինգ երեխաներից ամենափոքրը: Ծնվել է 1906-ին Ամասիայում (Թուրքիա): Եղբայրները զորակոչվել են Օսմանյան բանակում ծառայելու համար եւ ընտանիքի անդամները նրանց այլեւս չեն տեսել: Ծնողների եւ երկու քույրերի հետ 9-ամյա Բաբկենը 1915-ի հունիսի 21-ին տարագրվել է դեպի անապատները: Ընթացքում ծնողներին եւ քույրերին կորցնելուց հետո քրդերին է որպես ստրուկ վաճառվել եւ դարձել մահմեդականՙ Ազո անունով: Գիրքը պատմում է ինը տարբեր տերերի ծառայելու չորսամյա տառապանքների եւ փախչելու փորձերի մասին: - «Հորս ճակատագիրը» (My Father՛s Destiny) Օսմանյան կայսրությունում ամենաշատ հայկական բնակչություն ունեցող նահանգիՙ Սվազի մասին է: Գրքի հեղինակ Ժան Վ.Կյուրեղյանը թարգմանաբար այնտեղ ներկայացրել է իր հորՙ Արամ Կյուրեղյանի հիշողություններըՙ գրված 16 տարեկանում: Գիրքը 1999-ին առաջին անգամ տպագրվել է ֆրանսերեն, այնուհետեւ 2004-ինՙ թուրքերեն, իսկ այժմՙ անգլերեն: - «Միսաք: Մի հայու կյանք» (Misak-An Armenian Life): Հեղինակՙ Քարեն Եփփե: Միսաքը եղել է Քարեն Եփփեի որդեգրած տղայի անունը: Կենսագրական բնույթի գրքի թարգմանությունը, նախաբանըՙ Եփփեի գործունեության մասին եւ ծանոթագրությունները կատարել է Հյուսիսային Ջորջիայի համալսարանի պատմության դասախոսի օգնական Ջոնաս Քաուֆելդը : - «Ուղեւորություն դեպի Արարատ» (Journey to Ararat) վերահրատարակություն Դորպատի (այժմ Տարտու, Էստոնիա) համալսարանի ծագումով ֆրանսիացի հայտնի բնախույզ, բժիշկ եւ ֆիզիկոս Ֆրիդրիխ Պարրոտի Մեծ Մասիսի ամենաբարձր գագաթը կատարած պատմական ուղեւորությանՙ հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի ուղեկցությամբ: Պարրոտի հուշագրությունը գերմաներեն լույս էր տեսել 1834-ին, ապա թարգմանվել անգլերեն Ուիլյամ Քուլիի կողմից եւ հրատարակվել ԱՄՆ-ում 1846-ին: Նոր հրատարակությունը ներառում է նոր քարտեզներ, Հայաստանից եւ Էստոնիայից ձեռք բերված պատմական նոր փաստաթղթեր, լուսանկարներ անգլերեն առաջին թարգմանությունից եւ նախաբան գրված Պիետրո Շաքարյանի կողմից, որը առավել արժեքավոր է դարձնում հատորը: |