RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 25-08-2017



Տեղադրվել է` 2017-08-24 19:58:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 6074, Տպվել է` 24, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀՐԱԺԵՇՏ

Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ

Օրենքի բարոյականություն պատգամող գրողը

Գրողը ճեղքում է ժամանակի պատնեշն այնպես, որ հայացքի ներքո անցյալը վերափոխվում է նոր ճշմարտության, որտեղ ուրվագծում, տեսանելի է փորձում դարձնել ժողովրդի, երկրի ապագան, որովհետեւ առաջադրում է ապրելու նոր սկզբունքներ եւ արժեքներ... Պերճ Զեյթունցյանի ներկայությունը զգաստացնող եւ արթուն պահապանի դեր ուներ. նա առողջ հասարակության համար առաջնայինը համարում էր օրենքի բարոյականությունըՙ օրենքի գերակայությունը, մշակույթի համարՙ լուսանցքում չմնալը, նայել այն ուղղությամբ, ուր ընթանում է համաշխարհային արվեստըՙ ազգայինը պահպանելով: Նաեւՙ որովհետեւ այդ գրականությունը հանրային կյանքի զարկերակը չափում է ճշգրտորեն ու ազնիվ, շատ կարեւոր որակ, երբ գեղարվեստական մտածողությունը սերում է ստեղծագործողի ներքին ազնվությունից:

Այդ գրականությունը էականորեն տարբերվել է ժամանակի ընդունված կարծրատիպերիցՙ պատանեկան առաջին իսկ գրական փորձերից, առաջին պատմվածքներից սկսած: Նրա մշակութային արժեքները արեւմտյան գեղագիտության չափանիշների մեջՙ խարսխված են ազգայինի վրա, համամարդկային ակունքներից սնվում եւ հանգում են հայկականին: Հարթ չէ բնավ այդ գրականությունը, երբեքՙ հանդարտ, այն դրամատիկ է, ինչպես մարդկային կյանքը, անհանգիստ, ինչ - որ տեղՙ ողբերգական: Եթե բարոյախոսություն կաՙ ուղղված է մարդու ներքին ազատությանը, եւ խոհականությունը հաճախ հեգնանք է կյանքի աբսուրդին: Պերճ Զեյթունցյանը քաղաքացիական ակտիվ կեցվածքով սակավ գրողներից էր ժամանակի, որ գեղարվեստ, գրականություն ստեղծելով փորձում էր լուծում տալ ազգային կարեւոր հարցերին, եւ չէր կարող հեռու մնալ հանրության, մանավանդ վերջին տասնամյակների հայ ազգային կյանքը վտանգող երեւույթներից, հատկապեսՙ արտագաղթի:

Գրողը պատմությանը դիմում է երբեք ոչ պատահականորեն, պատմական անցյալի եւ ներկայի զուգորդումներում նա փորձում է գտնել ռացիոնալը, տեսնել այն սխալները, որ ճակատագրական են եղել ժողովրդի համար, ստեղծում է կերպարներ, որոնք նոր լուծումներ են առաջադրում, ովքեր կրում են այնպիսի գաղափարներ, որով հնարավոր է վերափոխել կյանքը: Նա նորարար գրող է, առաջադիմական սկզբունքների դավանող: Սա արտահայտվեց դեռ 60-ականներից, գեղագիտական մտածողության մեծ փոփոխությունների ժամանակներում, երբ խորհրդային գաղափարական պատը ճաք տվեց միանգամայն դրական իմաստով, բացվեցին պատուհաններՙ արեւմուտքի ազատ մտածողության ներհոսքի դիմաց: Նա առաջիններից էր իր սերնդի գրողներից, որ տեսավ նորի անհրաժեշտությունըՙ հրաժարվելով գեղարվեստական արձակում ժամանակին տիրող ձեւերից ու ոճերիցՙ նկարագրական ավելորդաբանությունից ու շռայլաբանումներից: Գեղարվեստական խոսքի այն զսպվածությունը, որով կարելի է բնորոշել նրա ոճը, նպատակային էր, կամային, որովհետեւ գրողը որոշակի գաղափարներ ներմուծելու խնդիր ուներ: Այն առավելապես ազդեցիկ ու տպավորիչ է դառնում, երբ հոգեկան բարդ վիճակները, մարդկային ապրումներն արտահայտվում են խիստ դատողական ու խոհական խոսքի միջոցով: Սա գրականության այն տեսակն է, որ պասիվ ընթերցողին մերժում է, նա անխուսափելիորեն պիտի մասնակիցը դառնա հերոսի ներքին մենախոսությանը. խոսքը հատուկ կառուցված է այդպեսՙ փոխանցելի դարձնելու առաջադրված գաղափարները: Այսպես է կայանում գրականության ազդեցությունը հանրային մտածողության վրա: Դա նա հաջողեց իր գրականության ուժով եւ անբասիր կենսագրությամբՙ վաստակելով խորագույն հարգանք եւ ժողովրդային սերՙ ինչպես խորհրդային, այնպես էլ փոփոխությունների նոր ժամանակներում:

Բացի կառուցվածքային եւ ոճական մոտեցումներից շատ կարեւոր էր թեմատիկ այն նորությունները, որ ներմուծեց գրողը: «Կլոդ Ռոբերտ Իզերլի» վեպը (1968 թ.) անդրադարձ է ամերիկյան իրականությանը, նորՙ արեւմտյան վեպի սկզբունքներով եւ կառուցվածքով գրված, որտեղ անհատի, ազգային հերոսի եւ իրականության հակադրությունը, անջրպետը կյանքի աբսուրդը հասցնում է ծայրակետին: Այս գործը նոր շնչառություն, նոր որակներ բերեց ժամանակի հայ վիպագրությանը: Այդպիսին էր նաեւ «Ամենատխուր մարդը» պիեսըՙ հայտնի եւ սիրված բեմադրություն, ժամանակին Դրամատիկական թատրոնի լավագույն ներկայացումներից, ուր մարդու ներքին ողբերգությանը իրականությունը շատ սուր է արձագանքումՙ անհատի երկփեղկմանը, երկատմանը, ազատության ընկալմանն ու նվաճմանը: Սպանության պատճառով ցմահ դատապարտված Բոբ Ստրաուդը բանտի իր խցում զբաղվում է գիտությամբ: Հանրությունը, որ գիտեր այս անունը միայն գիտական հոդվածներով, երբեք չէր կարող կռահել, թե 53 տարվա բանտային կյանքից հետո շնորհված ազատությունը նրա համար այլեւս աբսուրդ է...

Ավելի ուշ, հատկապես հետանկախության շրջանում, Զեյթունցյանի արձակը սեւեռվում է ազգային հիմնահարցերին, մասնավորապեսՙ պիեսներում, որոնք գաղափարական հստակ ուղղվածություն ունեն, մանավանդ ազգային մեր ամենացավոտ հարցինՙ Հայոց ցեղասպանությանը վերաբերող: Այս անցումը օրինաչափ էր, շատ բնական: 1948-ին Եգիպտոսից Հայաստան ներգաղթած ընտանիքըՙ այնտեղ բարեկեցիկ կյանքով ապրած, հայրենիքում բախվում է սոցիալական ու բարոյական անասելի խնդիրներիՙ անարդարության ու անազատության խորհրդային կարծրաշերտ պատին: 40 տարիների խորհրդային իրականության այս մղձավանջը, գաղափարական արգելանքները, գեղարվեստական մտածողության պարտադրանքն ու սահմանափակումները ազատագրվելու իրենց ժամանակը պիտի ունենային: Թերեւս նրա հրապարակագրությունն էլ սրա հետեւանքն է. չէ՞ որ հասարակական կյանքի կենտրոնում լինող, սուր դիտողականությամբ եւ խորաթափանցությամբ օժտված գրողը չէր կարող չլինել այդպիսին, եւ չլինել հրապարակագրություն մեջՙ մանավանդ 88-ի ազգային շարժումից հետո. «Ես շարժման մասնակից ամենաանաղմուկ, բայց հավատարիմ գրողն էի, Օպերայի հրապարակում իմ մշտական, մեկուսի տեղն ունեի, ամեն երեկո առանց բացառության բոլոր հռետորներին ծայրեծայր լսում էի: Եթե հանրահավաքը շատ ուշ էր վերջանում, ոտքով էի տուն վերադառնում: Որքան մեծ էր իմ ոգեւորությունը, այնքան էլ դառն ու խորը եղավ հաջորդած հիասթափությունը, մանավանդ որ նյութականը իսկույն փոխարինեց հոգեկանին, գրական ընթերցանությունը մոռացվեց, մշակույթն ընդհանրապես անտեսվեց: Իմ հրապարակագրությունը ներքին այդ բախումից է ծնվել, քանի որ ինձ համար օրենքը հասարակության, երկրի բարոյականության հիմքն է»:

Այսպեսՙ դրսի եւ ներսի իրականության բախումից ծնվում է խոհը, արթնանում պայքարի ոգին. գրողը այն վերածում է գրականության, որտեղ նա իրադարձությունների առջեւում է, ճանապարհ մատնանշողն է, որ տալիս է լուծման բանալին, առաջադրում է ելքեր: Պերճ Զեյթունցյանի համար այդ Ելքը անվերապահորեն միակն է եւ անխոցելի: Դա ոչ առաջարկ է, ոչ էլ ցանկություն, դա Պատգամ է.

«Եթե ուզում ես վրեժ լուծել, թուրքերի քթի տակ ստեղծիր ուժեղ, բարեկեցիկ, օրինապահ երկիր, որտեղից մարդ չուզենա հեռանալ .... »:

Օրերի տխրությունը անչափելի է, նրա հեռացումը կյանքից ցավոտ է. բարոյականության կշռաչափը օր օրի նվազում է. հիշողությունը դեռ ոչինչ է: Պերճ Զեյթունցյանը ջատագովն էր գործնական հայրենասիրության.- մեծ կորուստների ցավը մեղմվում է մեծերի պատգամներն իրականացնելու ճանապարհով միայն...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 25-08-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ