RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#029, 2017-07-28 > #030, 2017-08-18 > #031, 2017-08-25 > #032, 2017-09-01 > #033, 2017-09-08

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 25-08-2017



ՊՐԵՄԻԵՐԱ ՇՈՒՇԻՈՒՄ

Տեղադրվել է` 2017-08-24 19:58:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 4206, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ» ՕՊԵՐԱՆՙ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԱՄԲՈՂՋՈՒԹԱՄԲ

Նաիր ՅԱՆ

Շուշիի Ռեալական վարժարանը ոչ միայն պատմաշակութային շենք ու հուշարձան է, այլեւ բացօթյա բեմ: Արցախի պատմության կարեւոր իրադարձություններին նվիրված հոբելյանական բեմադրությունների պրեմիերաներն այնտեղ են իրականացվել, օրինակՙ «Կրակե օղակն» ու «Արծվաբերդը»:

Շուշիի Ռեալական վարժարանը պատրաստվում է հերթական պրեմիերային: Արցախի անկախության տարեդարձի նախօրեինՙ սեպտեմբերի 1-ի երեկոյան, բոլոր հյուրերին, արվեստասերներին առաջին անգամ կներկայացվի կոմպոզիտոր Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» օպերան: Ներկայացումը նվիրվում է Շուշիի ազատագրման 25 եւ Հարո Ստեփանյանի ծննդյան 120 ամյակներին: Նախագծի հեղինակը եւ գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է. նա իր շուրջն է հավաքել ստեղծագործական հսկայական խմբի, որի կորիզը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն է: Կան նաեւ հրավիրված մասնագետներՙ դիրիժոր Սուրեն Շահինջանյանը ՙ Ֆրանսիայից, Հայաստանում բնակվող պարսկահայ ռեժիսոր Արմեն Փիրի Մասիհին , խորեոգրաֆ Արսեն Մեհրաբյանը ՙ Շվեդիայից, Սասունցի Դավթի դերակատար Մկրտիչ Բաբաջանյանը ՙ Գերմանիայից: Բեմադրության մեջ ներգրավված են մեր օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, բալետային խումբը, երգիչները, ինչպես նաեւ «Հովեր» երգչախումբը, մասամբՙ «Սպեղանի» երգչախումբը: Բացի Շուշիի պրեմիերայից, սեպտեմբերի 9-ին «Սասունցի Դավիթ» օպերան կներկայացվի նաեւ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Բեմադրությունն իրականացվել է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ եւ ԼՂՀ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Երբեմնի պետական մրցանակակիր Հարո Ստեփանյանըՙ մոռացված մեր օրերում

Մ. Գնեսինին, Վ. Շչերբակովին աշակերտած, Լենինգրադի կոնսերվատորիայում ուսանած Հարո Ստեփանյանը նախորդ դարակեսին մեծ համարում ունեցած կոմպոզիտոր է եղել: Նա մասնակցել է Քրիստափոր Քուշանյանի կազմակերպած ժողովրդկան երաժշտության հավաքման արշավին: Հայաստանի տարբեր շրջաններում, հատկապես Շիրակում, նրանք հավաքել են 350-ից ավելի հայկական ու քրդական մեղեդիներ: Հարո Ստեփանյանը հեղինակել է հինգ օպերա, երեք սիմֆոնիա, կամերային-երաժշտական ստեղծագործություններ, ռոմանսներ, մոտ տասը տարի ղեկավարել է Հայաստանի կոմպոզիտորների միությունը, 1960 թվականին ստացել է ժողովրդական արտիստի կոչում: Նրա հինգ օպերաներից չորսըՙ «Քաջ Նազարը», «Լուսաբացինը», «Նունեն», «Հերոսուհին» բեմադրվել են իր իսկ կենդանության օրոքՙ 1950-60-ականներին: Վերջին երեք օպերաները հեղափոխության շնչով են գրված. առհասարակ, Հարո Ստեփանյանի գործերը Խորհրդային կայսրությունում սովետական թեմաներով գրված առաջին օպերաներն են: Նրա «Լուսաբացին» օպերան բեմադրվել է նաեւ Մոսկվայի Մեծ թատրոնում, արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի: Հարո Ստեփանյանը մեր ազգային օպերային արվեստում ընդլայնել է թեմատիկ- սյուժետային եւ դրամատիկական ժանրերի սահմանները:

«Քաջ Նազար» եւ «Սասունցի Դավիթ» օպերաների լիբրետտոների հեղինակը Հարո Ստեփանյանի ժամանակակիցն ու մտերիմ ընկերըՙ Դերենիկ Դեմիրճյանն է: «Սասունցի Դավթի» լիբերտտոն նա գրել է մեր համանուն էպոսի հիման վրա: Օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936 թվականին. հետագայումՙ 1941-ին, այն խմբագրել, վերանայել է հայտնի դիրիժոր Միքայել Թավրիզյանը , եւ «Սասունցի Դավթի» նախաբանն ու վերջաբանը համերգային տարբերակով բեմ է բարձրացվել: Իսկ ամբողջական օպերան երբեք չի բեմադրվել: Փաստորեն, մոտ 70 տարվա ընդմիջումից հետո Հարո Ստեփանյանի երաժշտական ժառանգությունն ուշադրության է արժանանում, ավելինՙ առաջին անգամ բեմ է բարձրանում նրա երբեւէ չբեմադրված «Սասունցի Դավիթ» էպիկական օպերան:

Սասունցի Դավիթն էպոսում եւ բեմի վրա

Սարինե Ավթանդիլյանն ուսումնասիրել է Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահվող Հարո Ստեփանյանի արխիվն ու մասնավորապես նրա «Սասունցի Դավիթ» օպերայի լիբրետտոն, պարտիտուրաներն ու նոտաներըՙ ստեղնաշարի համար: Այդ ամբողջը նաեւ թվայնացվել է: «Մենք հիմնվել ենք Հարո Ստեփանյանի երաժշտական նոր արտահայտչամիջոցների, լեզվի, ոճի վրա: Բեմադրության մեջ նոր անուններ կան, որոնք իրենց հետ նոր մոտեցումներ ու հայացքներ են բերում: Հանդիսաստեսը պետք է պատրաստ եւ իրազեկված լինի, որ ավանդական օպերա չի տեսնելու, առավել եւսՙ թրով ու ատլետիկ կազմվածքով, սասունցու հագուկապով Սասունցի Դավիթ չի տեսնելու: Մեր հերսոն ուրրիշ է լինելու, շատ տարբեր համընդհանուր պատկերացումներից ու կարծրատիպերից: Դավիթն ազատատենչ, նուրբ հոգու տեր երիտասարդ է, որը Մսրա Մելիքին հաղթում է ոչ թե իր ֆիզիկական, այլ աստվածային ուժի շնորհիվ: Նա փիլիսոփայական կերպար է, եւ ընդհանրապես մեր ազգային էպոսն է հագեցած համամարդկային փիլիսոփայական խոր շերտերով: Յուրաքանչյուր էպոս բնութագրում է իր ազգին. մեր էպոսը խաղաղության, բարության գովերգումն է, իսկ Դավիթը համամարդկային վեհ արժեքների ճարտարապետն է, որի ուզածը խաղաղ, շեն երկիրն է: Նա մարմնացումն է իր ժողովրդի: Ալեգորիաների միջոցով հենց դա ենք փորձել վեր հանել այս բեմադրության մեջ: Սա մեծածավալ կտավ է, որտեղ կան 17 մեներգիչներ, իսկ ժողովրդի դերում, ժողովրդին մարմնավորողը երգչախումբն է»,- երկու տարի տեւած բեմադրական աշխատանքների վերջնարդյունքն ի մի բերեց Սարինե Ավթանդիլյանը:

Երկու տարբեր ներկայացումներ, երկուսն էլ առանց դեկորացիաների

Շուշիի Ռեալական վարժարանի ճարտարապետությունը թույլ է տալիս, որպեսզի օգտագործվի շենքի թե ներսը, թե դրսի հատվածն ու հրապարակը: Դրան միանալու են նաեւ լուսային նորագույն սարքավորումների հնարավորությունները: «Սասունցի Դավիթ» օպերայում ոչ մի դեկորացիա չկա: Անիմացիայի ռեժիսորներ Սերժ Գաբյանն ու Արմեն Փիրի Մասիհին ստացել են այն բոլոր պատկերները, որոնք ստեղծելու են էպոսի միջավայրն ու ժամանակաշրջանը: Ի դեպ, պատկերները կարող են անսպասելիորեն փոխվելՙ հայկական Սասունից կտրուկ անցում արաբական Մսըր (Եգիպտոս): Սեպտեմբերի 9-ին Երեւանում կայանալիք ներկայացման ժամանակ եւս ծանր դեկորացիաներ չեն օգտագործվելու. բեմադրության հեղինակներն ապավինել են համակարգչային գրաֆիկայի ու նորագույն տեխնիկայի հնարավորություններին: Շուշիի բացօթյա հրապարակն ու օպերային թատրոնի փակ բեմահարթակը ստիպել են միմյանցից տարբեր ներակայացումներ բեմադրել: Երեւանում «Սասունցի Դավիթ» օպերայի համերգային բեմադրությունն է լինելու: Այդպես ու այդքան է թույլ տալիս մեր բեմը:

Նախագծի պատասխանատուները հույս ունեն, որ «Սասունցի Դավիթը» նշանակալի հետք կթողնի հատկապես արցախցիների վրա: Մեր ազգային էպոսի երաժշտական բեմադրությունը նրանք նաեւ դիվանագիտական քայլ են համարում. չէ՞ որ Դավիթն իր հայրենիքի սահմաններն անսասան պահելու համար էր պայքարում, նրա կռիվը Սասունն ազատագրելու գերագույն նպատակի համար էր:

Արցախի անկախությանն ու Շուշիի ազատագրմանը նվիրված «Սասունցի Դավիթ» օպերայի բեմադրության մասին տեղեկացվել է Հարո Ստեփանյանի որդինՙ Զորայր Ստեփանյանը: Նա իր ուրախությունն է հայտնել, որ հոր ստեղծագործական ժառանգությամբ վերջապես սկսել են հետաքրքրվել նաեւ մեր օրերում: Զորայր Ստեփանյանն ապրում է Կանադայում: Նա 85 տարեկան է եւ չի կարող ներկա գտնվել օպերայի պրեմիերային: Սակայն հանդիսատեսի շարքերում կլինեն նրա դուստրն ու երկու թոռները:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #31, 25-08-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ