ԱՆՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ԿԱՐԵՎՈՐ Է, ՈՐ ԻՄ ԳՐԱԾ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԻԿ ԼՍԵԼՈՎ ԼԻՆԵՆ ՆԵՐԴԱՇՆԱԿ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԵՆՑ ՄԻՋԵՎ» Մանանա ՀՈՎԱԿԻՄՅԱՆ Հայ իրականության մեջ, որքան էլ բողոքում ենք ցածրորակ երաժշտությունից եւ երիտասարդ սերնդի անտարբերությունից դեպի դասականը, որակյալը, սակայն շատ ու շատ տաղանդավոր ստեղծագործողներ ապացուցում են, որ այդպես չէ: Երիտասարդ կոմպոզիտոր Աննա Մանուկյանը դեռեւս 12 տարեկանից սկսել է ստեղծագործել, ապա ստանալով բարձրագույն կրթություն, «Շանթ» հեռուստաընկերության աջակցությամբ ձայնագրել է իր իսկ ստեղծագործություններից բաղկացած ձայնասկավառակ: Այս տարի Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Դեբյուտ» նախագծի շնորհիվ Աննա Մանուկյանի «Տերեւների պար» ստեղծագործության հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, որի ռեժիսորն է Արմեն Ռոնովը : «Դեբյուտ» նախագծի նպատակն է դասական երաժշտաարվեստում բացահայտել եւ հանրությանը ներկայացնել նոր անուններ, նոր ստեղծագործություններ: «Ազգ»-ի հետ զրույցում Աննան նշեց, որ «Տերեւների պար» ստեղծագործությունը գրել է վաղուց, հետագայում մշակել եւ ավելացրել է ջութակի հատվածը: Հարցին, թե ո՞րն է ստեղծագործության ասելիքը, Աննան ասաց. «Յուրաքանչյուրն ինքը պետք է լսի այս երաժշտությունն ու գտնի իր համար պատգամը։ Սակայն ինձ համար կարեւոր է, որ իմ գրած ստեղծագործությունները մարդիկ լսելով լինեն ներդաշնակ իրականության եւ իրենց միջեւ, որն ամենակարեւոր բանն է այս կյանքում»։ Թե ի՞նչը կարող է ստեղծագործելու համար խթան հանդիսանալ, երիտասարդ կոմպոզիտորը նշեց. «Իրականում, տարբեր էմոցիաների կուտակումներն են, որ օգնում են ինձ ստեղծագործել, որեւէ հստակ վայր կամ միջավայր չկա, որտեղ ստեղծագործում եմ, դա լինում է ամենուր»: Աննան ուրախությամբ նշեց նաեւ, որ լսելով իր ստեղծագործություններըՙ հրավեր է ստացել հայ գործարար Վիլիկ Մանուկյանից համերգային ծրագրով հանդես գալու Ղրիմում: Խոսելով ղրիմյան համերգի մասին Աննան հավելեց. «Շատ ջերմ ու լավ մթնոլորտում անցավ համերգը, ավելին Վիլիկ Մանուկյանի շնորհիվ Ղրիմում` համերգային ծրագրի ժամանակ հնարավորություն ունեցա նվագելու 1818թ.ի դաշնամուրով, որն ինձ համար մեծ պատիվ էր: Ի դեպ, մեր հայազգի գործարարը շատ ու շատ երիտասարդ շնորհալի մարդկանց է աջակցում ստեղծագործական քայլեր կատարելու գործում»: Ի դեպ, Աննա Մանուկյանը Ղրիմում ստացել է տեսահոլովակ նկարահանելու առաջարկ, որին կանդրադառնանք ապագայում: |