ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՅԱԶԳԻ ՋԱԶՄԵՆԸ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Եղեռնամահ մտավորականի որդինՙ ֆրանսիական ջազի հիմնադիր Ջազի սիրահարները մեզանում մեծ թիվ են կազմում, սակայն քանի՞ հոգի կարող է տալ պատմության մեջ հանդես եկած առաջին հայազգի ջազմենի անունը... Որքանով պարզել ենք, այդ անձը եղել է Գրիգոր Քելեկյանը , հայտնի Գրեգոր բեմական անվամբ, որը 1920-ականների վերջին, 1930-ականների սկզբին ճանաչված դեմք է եղել Ֆրանսիայի երաժշտական շրջանակներում: Նա ծնվել էր 1898-ի փետրվարի 28-ին, Կոստանդնուպոլսում, բանասեր, խմբագիր, դասախոս, ռամկավար մեծանուն գործիչ Տիրան Քելեկյանի (1862, Կեսարիա- 1915, Չանղըրը) ընտանիքում: Արժե համառոտ ներկայացնել նրա հորը, որը ժամանակին հեղինակություն է եղել Օսմանյան կայսրությունում: Ֆրանսիայում բարձրագույն կրթություն ստացած այս մտավորականը խմբագրել է թուրքերեն թերթեր, աշխատակցել հայ, թուրք, անգլիական եւ ֆրանսիական պարբերականներին, հիմնել ֆրանսերեն եւ անգլերեն թերթեր (Եգիպտոս): Գրել է հայատառ թուրքերեն գեղարվեստական եւ տնտեսագիտական գործեր, կատարել թարգմանություններ ֆրանսերենից, կազմել թուրքերեն-ֆրանսերեն բառարան: Կ.Պոլսի Օսմանյան համալսարանում դասավանդել է թուրքերի պատմություն: Մեծ դեր է կատարել թուրք հասարակական կարծիքի ստեղծման ասպարեզում: Ի պատասխան իր այս թուրքանպաստ գործունեությանՙ երիտթուրքերը 1915 թվականին նրան այլ հայ մտավորականների հետ միասին աքսորել են Չանղըրը եւ տանջամահ արել Ալիս գետի մոտ: Նահատակությունից առաջ Քելեկյանն ընկերներին ասել է. «Ափսոս, որ 30 տարի աս ոճրագործ ցեղին համար գրիչ շարժեցի եւ միտք յոգնեցուցի. երանի թէ ձեռքերս կոտրէին եղեր... Գոնէ դուք կը մխիթարուիք, թէ ազգին համար աքսորուեցաք եւ կը մեռնիք... իսկ ես, կ արժէ՞ր որ այսքան ապերախտ ցեղին համար 30 տարի աշխատէի»: Ի դեպ, կարծում ենք, Տիրան Քելեկյանն է Հրաչյա Քոչարի «Մայրենի լեզու» վիպակի պատմություններից թուրքերենի ուսուցչի հերոսի նախատիպը... Հոր սպանությունից հետո երիտասարդ Գրիգորը հեռացել է Թուրքիայից, չնայած հետագայում, 1930-ականների վերջին, երբ հանրապետական Թուրքիայի ստեղծող Քեմալ Աթաթյուրքին ներքին օրգանի պատվաստման անհրաժեշտություն է եղել, Քելեկյանը, մոռանալով հոր ողբերգական վախճանը, պատրաստակամություն է հայտնել «թուրքերի հորը» նվիրաբերել իր համապատասխան օրգանը: Հայկական անհեթեթ այլասիրության հերթական օրինակը... Առհասարակ, Գրիգոր Քելեկյանը բավական արտակենտրոն անձնավորություն է եղել: Ֆրանսիացի նշանավոր ջազ դաշնակահար եւ ջութակահար Ստեֆան Գրապելլին նրան հիշել է այսպես. «Գրեգորը երեւույթ էր: Նա ուներ տպավորություն գործելու, շոուի եւ թատրոնի զգացողություն»: Քելեկյանն իր գործունեությունը Եվրոպայում սկսել է որպես բռնցքամարտիկ, այնուհետեւ նվիրվել է պարինՙ հանդես գալով կաբարեներում եւ կազինոներում, իսկ նվագախմբի ղեկավար դարձել է բոլորովին պատահաբար: Մի անգամ Ամստերդամում իր պարային համարից հետո նա մնացել է բեմում եւ ի բնե լինելով զվարթ կատակաբանՙ հանկարծաբանությամբ սկսել է ղեկավարել նվագախումբը ակրոբատիկ շարժումներով: Նրա խեղկատակությունը հիացրել է հանդիսասրահում գտնվող փարիզյան երկու մեծ կաբարեների տնօրեններին, որոնք արտիստին կանչել են իրենց մոտ եւ ասել, որ ուզում են նրա նվագախմբի ելույթները հյուրընկալել իրենց կաբարեներում: Քելեկյանն առանց աչք թարթելու համաձայնվել էՙ խոստանալով Փարիզ գալ շատ ավելի լավ մի խմբովՙ առանց ասելու, որ հենց նոր իր ղեկավարած նվագախումբն իրականում իրենը չէ, ոչ էլ որ ինքը սեփական խումբ ունի: Ինչեւէ, Ամստերդամից Գրեգորը շտապել է Փարիզ, գնացել «Տաբակ Պիգալ» բարը եւ նվագախումբ է վարձել: Նրանք փորձելու ժամանակ չունեին, բայց Քելեկյանը վստահ էր, որ իր սեփական եռանդը բավարար կլիներ: Բեմում հանկարծաբանելը եւ տպավորություն ստեղծելը նրա մեծ տարերքն էր. ինչպես ինքն էր ասումՙ «Ես մարդկանց մատուցում եմ ապուր եւ հավատացնում եմ, որ շոկոլադ է»: Եվ այդպես, 1928 թվականին ստեղծվել է «Գրեգորը եւ նրա գրեգորյանները» ջազ նվագախումբըՙ Ֆրանսիայի առաջին ջազ խմբերից մեկը: Ժամանակի ընթացքում այս խմբում հանդես են եկել ժամանակի եւ հետագայի լավագույն ֆրանսիական ջազ երաժիշտներըՙ սաքսոֆոնահարներ Անդրե Էքյանը եւ Ալիքս Կոմբելը, տրոմբոնահար Լեո Վոշանը, տրոմբետահար Ֆիլիպ Բրյունը, կլառնետահար Էդմոն Կոանիեն, դաշնակահար Լյուսիեն Մորավեկը եւ այլք: Ինքըՙ Գրիգորը, որեւէ գործիք չի նվագել, հիմնականում հանդես է եկել որպես իմպրեսարիո, սակայն երբեմն կատարել է անգլերեն եւ ֆրանսերեն երգեր: Հումորը եւ հանկարծաբանությունն անպակաս են եղել «գրեգորյանների» կատարումներում. օրինակ, «Ֆանտազիա «Այ-այ-այ»-ի թեմաներով» գործում «այ-այ-այ» բացականչությունը խումբը կատարել է իսպանական, գերմանական, հրեական, ռուսական երաժշտական ոճով: Քելեկյանի նվագախումբն է Ֆրանսիայում առաջինը կատարել ջազ երաժշտության ձայնագրություններ, սկսած 1929 թվականից: Ձայնագրած առաջին երգերից մեկը եղել է «Պարում եմ անձրեւի տակ» հայտնի ամերիկյան երգըՙ ֆրանսերեն, նախքան որ այդ երգը հանրահայտ կդառնար հոլիվուդյան նշանավոր երաժշտաֆիլմի շնորհիվ: Ավելին, Գրիգոր Քելեկյանն է հիմնել Ֆրանսիայի առաջին ջազ պարբերականըՙ «Ռեւյու դյու ջազը» (լույս է տեսել ինը համարՙ 1929-1930 թթ.): 1930-ին նկարահանվել է «Գրեգորը եւ իր գրեգորյանները» վավերագրական ֆիլմը (ռեժիսորՙ Ռոժե Լիոն): Ցավոք, Գրեգորի աստղը շուտ է խամրել: Իր «աստղաշատ» նվագախմբով Եվրոպայով մեկ շրջագայելը սպառել է նրա բանկի հաշիվը: 1930-ին նրա անունը կապվել է մի խորհրդավոր ավտովթարի պատմության հետ, ուստիեւ երաժիշտը մեկնել է Հարավային Ամերիկաՙ խուսափելու համար բանտարկությունից: Նրա հեռանալուց հետո նախկին գրեգորյանները կազմել են նոր նվագախումբՙ Ալեն Ռոմանի եւ Անդրե Էքյանի ղեկավարության ներքո: Հաստատվելով Արգենտինայումՙ Քելեկյանը շարունակել է երաժշտական գործունեությունը, կատարել ձայնագրություններ Բուենոս Այրեսում: 1938-ին նրան տեսնում ենք Ստամբուլում, որտեղ պարող-պարաստեղծ Արտաշես Փանոսյանը նրա երաժշտությամբ եւ ֆրանսերեն տեքստով ստեղծում է բաշ-բաշա (գլուխ գլխի) պարերգը: Այստեղ զեյբեկ պարի տարրերը հարմարեցվել են ամերիկյան ջազային երաժշտությանն ու պարին: Բնույթով լինելով եվրոպական պարՙ բաշ-բաշան միակն է, որի մեջ գործածվել են գլխի շարժումներ (զույգերը պարը կատարում ենՙ ճակատները միմյանց հանդիպադրած), ինչը բնորոշ է արեւելյան պարին: Սակայն պատերազմի պատճառով այս պարը տարածում չի գտել: Հետագայում Գրիգոր Քելեկյանին տեսնում ենք Բաղդադում: Այստեղ նա ունեցել պարի սեփական ստուդիա, որտեղ էլ 1958-ին վերածնել է բաշ-բաշանՙ արժանանալով Իրաքի պաշտոնական մամուլի եւ հասարակության ուշադրությանը: Քելեկյանի հետագա կյանքի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ: Նա իր մահկանացուն կնքել է 1971 թվականին, Գերմանիայի Մալենտե քաղաքում: Եթե Գրիգոր Քելեկյանն աշխարհի առաջին հայազգի ջազմենն է, ապա ուշադիր ընթերցողը պիտի որ նկատեր նաեւ հոդվածում երկու անգամ հիշված երկրորդ հայազգի ջազ երաժշտին: Հայազգի ֆրանսիական սաքսոֆոնահար Անդրե Էքյանը (Էքշյան, 1907-1972) հանդես է եկել Քելեկյանի հետ գրեթե միաժամանակ: 1920-ականների վերջից հանդես գալով տարբեր նվագախմբերումՙ նա հայտնի է դարձել առավելապես ազգությամբ գնչու նշանավոր ջազմեն Ջանգո Ռեյնհարդտի հետ իր համագործակցությամբՙ նրա հետ ձայնագրելով դասական ջազի տասնյակ ստեղծագործություններ... |