ՍՏԱՄԲՈՒԼԻ ՊԱԼՅԱՆԱԿԱՆ ԴԻՄԱԳԻԾԸ Նաիր ՅԱՆ Պալյանների ճարտարապետական ժառանգությունը Ստամբուլում այնքան ակներեւ է, որ թուրքերն էլ են ընդունումՙ Ստամբուլի ճարտարապետական դիմագծի համար պարտական են Պալյաններին: Պալյան գերդաստանի ճարտարապետների 9 սերունդ մոտ 300 տարի շարունակ նախագծել են բազմաթիվ նշանակալի շինություններ, մզկիթներ, պալատական կառույցներ, առանձնատներ, ռազմական հաստատություններ, որոնց ծավալը հավասար է այսօրվա Երեւանի կենտրոնի կրկնակի չափերին: Եվ սա դեռ միայն Ստամբուլում: Նրանք շինություններ ունեն նաեւ Ստամբուլի հարակից տարածքներում, նաեւ Երուսաղեմում: Պալյանների ճարտարապետական ժառանգության մասին գրքեր են գրվել նաեւ Թուրքիայումՙ ներկայացնելով նրանց արվեստի առանձնահատկությունները, ոճական ձեռագիրը, որոնց շնորհիվ նախագծած կառույցները Ստամբուլում համարվում են պատմամշակութային կոթողներՙ ներառված զբոսաշրջային փաթեթներում: Սական մինչեւ այժմ այն, ինչ հրատարակվել է Պալյանների ճարտարապետական ժառանգության մասին, հիմքում այսօրվա Ստամբուլում պահպանված շինությունների լուսանկարներն ու ժամանակակից վկայություններն են. Պալյանների արխիվը մինչեւ 2014 թվականը համարվել է կորած: Թուրքերը տարբեր վարկածներ են առաջ քաշել, օրինակՙ արխիվն այրվել է: Ոմանք էլ հերքում են Պալյանների հայ լինելը, հայտարարելով, թե նրանք իտալացի «Պալյանիներն» են: Հայաստանի քաղաքաշինության պետական կոմիտեին առընթեր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը 1990-ականներից զբաղվում է արտերկրի հայ ճարտարապետների կյանքի ու գործունեության ուսումնասիրմամբ: Պալյանների ժառանգությունը հետազոտելիս հետքերը մեր մասնագետներին տարել են Իտալիա. պարզվել էՙ այնտեղ է գտնվում Պալյան գերդաստանի 150-ամյա արխիվը: Իսկ թե ինչպես եւ երբ է արխիվը Ստամբուլից հայտնվել Իտալիայում, բացահայտվել է հետեւյալը. Հռոմի համալսարանի ուսանող տրապիզոնցի Լեւոն Կյուրեղյանը սուլթան Աբդուլ Համիդ 2-ի գահակալության ժամանակ վերադառնում է Ստամբուլՙ իր ճարտարապետական գործունեությունը սկսելու Պալյանների արվեստանոցում: Համիդը հենց այդ ժամանակ սկում է հայկական հերթական ջարդերը: Երիտասարդ ճարտարապետին հաջողվում է Պալյանների արխիվը Ստամբուլից տեղափոխել Իտալիա եւ այն պահպանելՙ ավելի բարենպաստ ժամանակներում հանձնելու հայ ժողովրդին: Սական այդպես էլ բարենպաստ ժամանակները չեն գալիս: Լեւոն Կուրեղյանը որդունՙ դարձյալ ճարտարապետ Հովհաննես Կյուրեղյանին է պատգամում պահպանել ու հայ ժողովրդին հանձնել Պալյանների արխիվը, նա էլՙ իր որդունՙ Արմեն Կյուրեղյանին : Այսպես 100 տարուց ավելի արխիվը պաստպարված է մնացել Իտալիայում: Վերջապես Կյուրեղյանները վստահել են մեր ճարտարապետության ազգային թանգարանին եւ Պալյան գերդաստանի թղթային ամբողջ ժառանգությունը հանձնել Հայաստանին: Մեր արտգործնախարարության միջամտությամբ արխիվն Իտալիայից բերվել է Հայաստան: Անմիջապես էլ սկսվել են ուսումնասիրություններն ու վերծանումները: Թանգարանի գիտաշխատող Աշոտ Գրիգորյանը պատմում է, որ արխիվային փաստաթղթերի մեջ բացի շենք-շինությունների նախագծերից, կահավորանքի էսքիզներից, պահպանվել են նաեւ վկայություններ, որոնց վրա Պալյանները ֆրանսերեն, թուրքերեն, հայերեն ձեռագրեր են թողել. դրանք վերծանելը բավականին բարդ է: Կան նաեւ փաստաթղթեր, որոնք վկայում ենՙ բացի այն, որ Պալյանները նախագծել են Ստամբուլի հարյուրավոր շինությունները, հայ վարպետները, արհեստավորներն էլ հենց կառուցել են դրանք: Ներքին հարդարման, կահավորման աշխատանքները եւս հայերն են արել, անգամ կահույքը, գորգերը, ջահերն են մեր վարպետները պատրաստել: Այսինքնՙ Պալյանների նախագծած շինությունների կառուցումն ու վերջնական տեսքն 90 տոկոսով ապահովել են հայերը: Փաստորեն, Պալյանների արխիվային ժառանգությունը մինչեւ այժմ գիտական շրջանակներին ծանոթ չի եղել, ու միայն հիմա է հնարավոր դարձել տեսականորեն ուսումնասիրել այդ ճարտարապետական նախագծերը: Պահպանված փաստաթղթերում կան նշանավոր շինությունների հատակագծեր, ճակատային հատվածների գծագրեր, անգամ զարդանախշերի, ջահերի, նկարների, հայելիների շրջանակների էսքիզներ: 18-19-րդ դարերում թուրքերը ջանում էին հետ չմնալ Եվրոպայից ու Ռուսաստանից: Օսմանյան կայսրության ներկայացուցիչները Պալյաններին պատվիրում էին նախգծել Վերսալի, Լուվրի, Ձմեռային պալատի նմանությամբ պալատներ. անգամ ներքին հարդարանքը պետք է համապատասխաներ ֆրանսիական ոճին ու ճաշակին: Եվրոպայում ուսանած Պալյանների համար արեւմուտքի ճարտարապետական լուծումներով աշխատելն ու թուրք բարձրաստիճանների պահանջները բավարարելը բարդ չէր: Պալյանները ներմուծել են շինությունների ներքին հարդարման ֆրանսիական մշակույթը, իսկ այդ մշակույթը կիրառելիորեն իրագործողները եղել են հայ վարպետները: Օրինակՙ պալատական կառույցներից մեկում դեսպանների ընդունելության սրահի հատակին գցված գորգը գործել են հայ գորգագործները, վարագույրներըՙ հայ ջուլհակագործները, սպասքը պատրաստել են Քյոթահիայի հայ վարպետները: Անգամ շենքերի շրջակայքի կանաչապատումն ու հարդարումը հայերն են իրականացրել, այսինքնՙ Պալյանները Ստամբուլում կենտրոնացրել են Հայկական բարձրավանդակի արհեսատագործական ու արվեստագիտական ներուժըՙ ստանալով ճարտարապետական նշանակալի կառույցների ամբողջական, վերջնական տեսքՙ հայկական ուժերով: Այս ամենը բացահայտվել է Պալյանների արխիվի շնորհիվ: Իհարկե, երիտթուրքերի կառավարման ժամանակներում թուրքն ազգայնամոլները սկսել են ցեխ շպրտել Պալյանների վրա, թե իբր նրանց հեղինակությունը, ճարտարապետական ձեռագիրն այնքան հզոր ու ազդեցիկ է եղել, որ ստվերել է թուրքական ազգային ճարտարապետության ուրվագծերը: Թուրքերը մեղադրել են Պալյաններին, որ նրանք թույլ չեն տվել զարգացնել Ստամբուլի ճարտարապետության թուրքական դիմագիծը: Պալյանների արխիվում մեր մասնագետները գտել են առանձնատների, հողամասերի հատակագծեր. դրանցից մեկի վրա հայերեն գեղեցիկ ձեռագրով գրված էՙ Հայոց ազգին պարտեզ, մյուսի վրաՙ Հայոց ազգին պարտեզին տուն: Ենթադրվում է, որ 19-րդ դարում Ստամբուլում եղել է հայերի համար նախատեսված հանգստյան գոտի, նաեւ հասարակական շինություն, որտեղ հավաքվել են ստամբուլահայերը: Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի գիտաշխատող Աշոտ Գրիգորյանը Պալյանների արխիվի հիման վրա հրատարակել է ստվարածավալ գիրք-ալբոմ, որի վերնագրի համար օգտագործել է Պալյանների նշած «Հայոց ազգային պարտեզ» տեղանունը: «Հայոց ազգին պարտեզի գանձերը. Պալյաններ» գրքում ամփոփել է Պալյանների ճարտարապետության թղթային ժառանգությունըՙ յուրաքանչյուր նախագծի ու հատակագծի կողքին զետեղելով տվյալ հաստատության լուսանկարը: Իսկ լուսանկարները նա արել էՙ մեկնելով Ստամբուլ: Առաջին անգամ Պալյանների ճարտարապետական ավանդը ներկայացվել էՙ հիմք ընդունելով արխիվային փաստաթղթերն ու վկայությունները, որոնք ապացուցում են, որ Ստամբուլն իր ճարտարապետական նախկին ու ներկա նկարագրի համար պարտական է Պալյան տոհմին: Աշոտ Գրիգորյանը տեսակավորել է արխիվային նյութերըՙ ընդգծելով Պալյանների ճարտարապետության պատմամշակութային, ոճային առանձնահատկությունները: Գիրքը հրատարակվել է հայերեն. ծանոթագրությունները նաեւ ֆրանսերեն ու անգլերեն են: Նախատեսված է գիրք-ալբոմը մոտ ապագայում հրատարակել նաեւ անգլերեն ու թուրքերեն: Գրքում հրապարակված են Դոլմաբահչե պալատական համլիրի, Նուսբեթիե մզկիթի, Բեյլերբեյի, Չըրաղանի, Իհլամուրի պալատների, Սելիմեյի ռազմական զորանոցի եւ այլ նշանավոր շինությունների նախագծերն ու հատակագծերը: Դոլմաբահչեն թուրքերի ազգային պատկերասրահն է եւ տարեկան միլիոնավոր զբոսաշրջիկ-այցելուներ է ունենում: «Ակօս» թերթի վաղամեռիկ լրագրող Սարգիս Սերոբյանը պատմում էր, որ մի օր Դոլմաբահչեում տեսել է զբոսաշրջիկների մի խմբի. հասնելով դեսպանների ընդունելության մեծ սրահին, որտեղ կախված է հսկայական, շքեղ ջահ ՙ զբոսաշրջիկներից մեկն ասել է. «Վերջպես ասելո՞ւ եք, թե ով է այս հրաշքների հեղինակը, ովքե՞ր են կառուցողներն ու կահավորողները»: Թուրք զբոսավարը պատասխանել է. «Մի՞թե չգիտեքՙ իտալացի Բալիանի եղբայրներն են»: Մինչեւ 2000-ականները թուրք մտավորականները գիտեին Պալյանների հայկական ծագման մասին, բայց չէին բարձրաձայնում. հիմա պատկերը փոխվել է. թուրքական որոշ շրջանակներ չեն խուսափում այս թեմայից ու չեն հերքում ճշմարտությունը, ավելինՙ հայտարարում են, որ առանց Պալյանների Ստամբուլի դիմագիծն աղավաղված կլիներ, իրենք շատ բան կորցրած կլինեին: Հայ բարերարների շնորհիվ Ստամբուլում վերակառուցվել է Պալյանների գերեզմանը, եւ Ստամբուլի քաղաքապետը հրահանգել է, որ բոլոր տուրիստական կազմակերպությունները Պալյանների պանթեոնը ներառեն իրենց երթուղու մեջ: Այնպես որ թուրքերն արդեն սկսել են ընդունել, որ Պալյանները հայեր են եւ նրանք են գլխավորապես ձեւավորել Ստամբուլի ճարտարապետական դիմագիծը: |