ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՋԱԶԻ ԼԵԳԵՆԴԱՐ ՊՐՈԴՅՈՒՍԵՐ ՋՈՐՋ ԱՎԱԳՅԱՆԸ Հ. Ծ. «Նյու Յորք Թայմսը» տեղեկացնում է, որ 98 տարեկանում Մանհաթենի իր տանը վախճանվել է սկավառակների ձայնագրությունների պրոդյուսեր եւ տաղանդներ հայտնաբերող ջազի լեգենդար հովանավոր Ջորջ Ավագյանը, որը կարեւոր դեր է խաղացել Մայլզ Դեյվիսի, Դեյվ Բրուբեկի, Քիթ Ջարեթի եւ Բոբ Նյուհարտի կարիերաներում: Դեռ քոլեջում սովորելու տարիներին նա մեծ հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության հանդեպ, նպաստել ժողովրդականացնելու սկավառակների արտադրությունը: Կազմակերպել ջազային սկավառակների վերաթողարկմանըՙ պահպանելու համար Լուի Արմսթրոնգի ժառանգությունը: Նա նաեւ Էդիթ Փիաֆին ներկայացրել է ամերիկացի հանդիսատեսին: Ջորջ Մեսրոպ Ավագյանը ծնվել էր 1919-ի մարտի 15-ին Արմավիրում: Նրա ծննդից անմիջապես հետո ընտանիքը տեղափոխվում է Մ. Նահանգներ: Եղբայրըՙ Արամը դառնում է ֆիլմերի ռեժիսոր եւ մոնտաժող: «Եյլ» համալսարանի երկրորդ կուրսում նա արդեն ջազային ստեղծագործությունների քննադատ է դարձել եւ համոզել «Դեկա Ռեկորդս» ընկերությանը ձայնագրելու կիթառահար Էդի Կոնդոնի եւ այլոց ստեղծագործությունները: 1940-ին նա աշխատանքի է անցնում «Կոլումբիա» ձայնագրման ստուդիայում եւ կազմում Արմսթրոնգի, Էլինգտոնի, Բեսի Սմիթի եւ ուրիշների ստեղծագործությունների անթոլոգիաները: 1959-62 թվերին աշխատել է «Ուորներ Բրադերզի» նորաստեղծ ձայնագրման ստուդիայում, ապա միացել է «RCA Victor Records» ընկերությանը: Ամուսնացած էր ջութակահար Անահիտ Աճեմյանիՙ լարային կվարտետի հիմնադրի հետ, ով վախճանվեց անցյալ տարի: 2014-ին նրանք հասցրել էին իրենց արխիվը նվիրել Նյու Յորքի հանրային գրադարանի կատարողական արվեստի Լինկոլն կենտրոնին: Ձեռք բերած նվաճումների համար 2009-ին եւ 2010-ին պարգեւատրվել էր Ձայնագրման արվեստի ազգային ակադեմիայի կողմից: |