«ԲԱՆԱՍՏԵՂԾԸ ՎԱՇԻՆԳՏՈՆՅԱՆ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐՈՒՄԻ» ՀԵՂԻՆԱԿԸ ԱՐԺԱՆԱՑԵԼ Է ԹՈԼՈԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԻՆ Հ. Ծ. Նյույորքցի գրող եւ ֆիլմարտադրիչ Քրիստոֆեր Ադամյանը արժանացել է նորաստեղծ Թոլոլյան մրցանակի, փարիզահայ գրող Նիկողոս Սարաֆյանի «Le Bois de Vincennes» (Վենսենի Անտառը) գրքի թարգմանության համար: Մեծապես տպավորված այդ գործով եւ ցանկանալով մեծարել Սարաֆյանին, Ադամյանը վերջերս լույս է ընծայել իր նորՙ «Բանաստեղծը Վաշինգտոնյան բարձունքներից» (A Poet in Washington Heights) բանաստեղծությունների հատորը, որը մասնագետների գնահատումով նոր խոսք է պոեզիայի աշխարհում: Այն որոշ իմաստով ինքնակենսագրական է: Վաշինգտոյան բարձունքները հայտնի պատմական վայր են: Ավելի քան 200 տարի առաջ Ջորջ Վաշինգտոնն իր զորամիավորումներով ձմեռն անցկացրել է այնտեղ եւ կանգնեցրել բրիտանական զորքերի առաջխաղացումը: Վերնագիրը նաեւ ակնարկություն է «Բանաստեղծը Նյու Յորքում» գրքի, որ իսպանացի բանաստեղծ եւ դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկան (1898-1936) հեղինակել է 1930-ականներին Նյու Յորքում անցկացրած օրերին: «Քրիստոֆեր Ադամյանը շատ ուժեղ գրիչ ունի: Գերազանց պոեմներ կան այդ ժողովածուում» գրել է դրամատուրգ Ջոնաթան Լիֆը : Իսկ հուշագրությունների հեղինակ Նենսի Աղբաբյանն ավելացրել է. «Ադամյանը տեղանքի մշակութային արտակարգ հարստությունն ու բնաշխարհը կարողացել է ներկայացնել հրաշալիորեն, կարոտախտի հանգավորումներով եւ առասպելական ու հոգեւոր մոտիվներով: Բանաստեղծությունները ուղղակի գրավում են ընթերցողին»: Գիրքը հրատարակել է «Nauset» հրատարակչատունը: Նկար 1. Քրիստոֆեր Ադամյան |