RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2018-02-16 > #007, 2018-02-23 > #008, 2018-03-02 > #009, 2018-03-09 > #010, 2018-03-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018



150-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Տեղադրվել է` 2018-03-01 20:36:02 (GMT +04:00)


Ընթերցված է` 2515, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀՆԵՐ ՆՎԱՃԵԼՈՒ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ

Ն. ԹՈՒԽԻԿՅԱՆ-ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

ԸՍՏ ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԻ

«Թվական մեծությունը գուցե անհրաժեշտ է մեծ պատերազմներով ազգեր ու աշխարհներ կործանելու համար, իսկ գրականության ու գիտության մեջ, որ նույնպես մի մեծ պատերազմ է, պատերազմ լույսի ու խավարի, այստեղ խնդիրը վճռում է ժողովրդի բարոյական մեծությունը» : Եզրափակիչ խոսք Հայ գրողների ընկերության առաջին երեկույթին, 1912:

Երբ Թումանյանը դեռ շատ երիտասարդ էր, գրադարանում գտավ Շեքսպիրի թատերգությունների եւ սոնետների մի հատոր եւ սկսեց կարդալ:Շնորհիվ անգլերենից կատարված հրաշալի թարգմանության , նա ծանոթացավ հանճարի հետ: Հովհաննեսի համար դա մի աներեւակայելի հանդիպում էր գրականության միջոցով: Եվ Շեքսպիրը նրա համար դարձավ մի չափման միավորՙ էտալոն, որեւէ ազգի զարգացման աստիճանը որոշելու համար. «Շեքսպիրը դարձել է մի չափ ազգերի զարգացման աստիճանը որոշելու համար: Եթե մի ժողովուրդ նրան չի թարգմանում, կնշանակի տգետ է, եթե չի հասկանում, կնշանակի տհաս է. եթե մի լեզու նրա վրա չի գալիս, կնշանակի տկար է» : «Համլետ», ողբերգություն Շեքսպիրի, 1896:

Շեքսպիրի շնորհիվ երիտասարդ պոետը եւ ապագա հանճարեղ գրողը հասկացավ ստեղծագործության հաջողության հիմնական գաղտնիքըՙ Ոչ թե ինչ, այլՙ ինչպես :

Այն բոլոր թեմաները, պատմությունները, որոնք դարձել էին Շեքսպիրի թատերգության ակունքները, բնավ նորություն չէին : Դրանց շուրջ կամ դրանց վրա էր բարձրացել նաեւ նախորդ դարերի գրականությունը: Այդ թեմաները հավերաժական են: Գաղտնիքը գրողի ոճի, ճաշակի եւ նրա վարպետության բացառիկության մեջ է: «Հենց բանն էլ հայտնելու ձեւի եւ ուժի մեջն է. արտահայտությո՛ւնն է բանաստեղծությունը, ոչ թե միտքը» : 1900, նամակ Փ. Վարդազարյանին:

Շեքսպիրի հաղթարշավը նվաճեց ոչ միայն ընթերցողների սրտերը, այլեւ թատերական բեմեր, արտիստների ու հանդիսականիՙ ամբողջ աշխարհում:

Կոստանդնուպոլսի մեծանուն դերասանները Երեւանի, Թիֆլիսի, Նոր Նախիջեւանի հայոց թատրոնների իրենց տաղանդավոր գործընկերների հետ բեմադրեցին Համլետ, Լիր Արքա, Մագբեթ եւ Օթելլո:

Շատ հետաքրքական է հետեւել ֆանատիկ ընթերցող Թումանյանի վերափոխմանը ֆանատիկ հանդիսականի: Արտիստների տաղանդավոր խաղը, շեքսպիրյան թատերգությունների մեկանբանությունն ու արտահայտիչ շեշտադրումները Թումանյանի համար լրացուցիչ խորքեր բացահայտեցին: Որքա՜ն ազդված էր Պետրոս Ադամյանի խաղով:

Եվ այսպեսՙ Շեքսպիրն իր մայրենի լեզվով գրավեց աշխարհի անգլիախոս համայնքները: Իսկ լավագույն թարգմանիչները եւ հրաշալի դերասանները միացան Շեքսպիրինՙ աշխարհի լիակատար նվաճման համար:Նա կարողացավ միավորել մարդկությանը իր գրական հանճարի կախարդական ուժով: Բայց դա միայն մեկ գրողի հաղթանակը չէր, այլ ամբողջ Բրիտանիայի:

«Այսօր Մեծ Բրիտանիան իր նավատորմիղով չէ պարծենում, այլ իր գրականությամբ» ,- գրեց Թումանյանը 1911 թվին:

«Ինչ բան է Անգլիայի կամ մի որեւէ անգլիացու տվածը մի Շեքսպիր պահելու համար, մի Շեքսպիր, որին էսօր նույն Անգլիան չի փոխում ամբողջ Հնդկաստանի հետ»: «Գրականությանը ազգային պաշտպանություն պետք է լինի», 1916թ.

Միակ Արքան, որ իշխում է եւ պահպանում անգլիացիների ինքնությունը Մեծ Բրիտանիայից Ամերիկա, Աֆրիկայից Նոր Զելանդիա, Հնդկասանից Ավստրալիա Սըր Ուիլյամ Շեքսպիրն է:

«Սա էլ մի ուրիշ բարձր տեսակի աշխարհակալություն է, որ անում են մեծ կուլտուրական ժողովուրդները, եւ անում են ոչ թե իրենց դրեդնոուտներով, թնդանոթներով ու ցեպպելիններով, որոնք կարող են փչանալ, ծովում խորտակվել կամ երկնքից ցած ընկնել, այլ իրենց մեծ բանաստեղծներով, մեծ գիտնականներով ու մեծ գեղարվեստագետներով, որոնք, միշտ հզոր ու սիրելի, տիրում են ժողովուրդների մտքերին ու սրտերին եւ թանկագին ու հարազատ կերպով կապում են իրենց հայրենիքի հետ»: «Հայ ժողովրդի կապը Գերմանիայի հետ», 1918

1603 եւ 1616ՙ երկու թվական, որ համաշխարհային գրականության պատմության եւ մարդկանց գիտակցության մեջ ահռելի փոփոխություն բերեց:

1603թ տպագրվեցին «Համելտն» ու «Դոն Քիշոտը»ՙ մեկըՙ Անգլիայում, մյուսըՙ Սպանիայում: «...մտածող ու տառապող նոր ինտելիգենտի ողբերգությունը եւ համաշխարհային ազնիվ խենթի արկածների պատմությունը» : «Շեքսպիր եւ Սերվանտես», 1916թ.

Եվ հաջորդը 1616թ. Ապրիլ 23-ն էՙ «...երբ միեւնույն օրը վախճանվեցին Անգլիայում Շեքսպիրը, Իսպանիայումՙ Սերվանտեսը, եւ էսպեսով համաշխարհային գրականության հորիզոնի վրա միաժամանակ մեր մտան երկու հսկայական արեգակ: Երկու հսկայական արեգա՜կ...» :

«Երկու հսկայական արեգակ», - գրեց Թումանյանը 1916թ. Արեգակների մահվան 300 ամյա տարելիցի կապակցությամբ:

Եվ այսպեսՙ Հովհ. Թումանյանի համար Միգել Սերվանտեսը Շեքսպիրի հետ միասին նվաճողները եղան մարդկային մտքերի:

«Հարգանք անգլիակնան մեծ ազգին, որ մարդությանը էնքան մեծ հանճարներ ու հանճարեղ կարգեր է տվել, հարգանք իսպանական ազգին, որ կարող է միշտ պարծենալ իր շատ մեծ զավակների անուններով, եւ հարգանք նրանց հանճարեղ զավակներիՙ Շեքսպիրի ու Սերվանտեսի անմահ հիշատակին» : «Շեքսպիր եւ Սերվանտես», 1916թ.

Կա՞ արդյոք մի առեղծվածային կապ այս երկու տարեթվերի միջեւ, թե՞ պարզապես դա մի զուգադիպություն է, որը գրականության վրա թողել է սիներգետիկ էֆեկտ: «Շեքսպիր եւ Սերվանտես...Համլետ ու Դոնքիշոտ... Նրանք էին, որ հունական ֆաթալիզմից ու միջնադարյան միստերիայից, այլեւ Իսրայելի Եհովայի ահավորությունից ազատագրեցին մարդկային միտքը, պալատներից ու վանքերից դուրս բերին գեղարվեստն ու գրականությունը էս լեն ու արձակ արեւ աշխարհը եւ տիրողներին բերին , ցիփ մերկացրին ժողովուրդների առջեւ ու ցույց տվին մարդըՙ մինը իր բարձր հումորով, մյուսը կյանքի ամենկողմանի ու խորին ըմբռնումով ու հանճարեղ վերարտադրումով, եւ իրական կյանքի վրա դրին համաշխարհային նոր գրականության սկիզբը: Էսպեսովՙ նոր գրականությունը դարձավ էն թարմ, առողջ օդը, որ Վերածնության շրջանից սկսած շնչում է մարդկությունը, եւ , միշտ նոր ուժ առնելով, իրար ետեւից նորանոր հորիզոններ է նվաճումՙ անդադար ընդարձակելով իր կյանքի ու աշխարհայացքի սահանները»: «Համաշխարհային գրական տոնը» 1916:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 02-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ