ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ Մարգարիտ ԲԱԲԱՅԱՆ Ներկայացվող հոդվածը լույս է տեսել Փարիզում հրատարակված «Ֆուայե» («Օջախ») ֆրանսերեն-հայերեն թերթի 1929 թվականի օգոստոսի 15-ի համարում: Հեղինակն է ժամանակին հայաշխարհում եւ Ֆրանսիայում նշանավոր երգչուհի, երաժշտագետ, Կոմիտասի մտերմուհի եւ պաշտպան Մարգարիտ Բաբայանը (1874-1968), որը գնահատական խոսք է ասում ՀՍԽՀ Կուլտուրայի տան կից Մոսկվայի հայ երաժշտական կոլեկտիվ ՀԽՍՀ Պետհրատի Երաժշտական Սեկտորիՙ ժամանակակից հայ երգահանների նվագագրությունների հրատարակությունների մասին: Հոդվածն արժեքավոր է այն առումով, որ տալիս է կյանքի մեծ մասն արտերկրում ապրած հայ երաժշտագիտության առաջին սերնդի ներկայացուցիչներից մեկի թեկուզեւ ժլատ գնահատական խոսքը խորհրդահայ երաժշտության ներկայացուցիչների եւ առաջին հերթինՙ Արամ Խաչատրյանի մասին: Ի դեպ, սա թերեւս Խաչատրյանի անվան առաջին հիշատակությունն է սփյուռքահայ մամուլում: Ինչպես տեսնում ենք, Բաբայանը, խստապահանջ եւ ճաշակավոր մասնագետ լինելով, ներկայացվող երգահանների մեջ նախապատվությունը տվել է Արամ Խաչատրյանին: Ի դեպ, տարիներ անց Վահրամ Մավյանն իր «Օր. Մարգարիտ Բաբայեանի հետ» հուշագրության մեջ վկայել է, որ պատկառելի երաժշտագետը, տալով «Հայրենիքի երաժիշտներէն» անուններ, չի հիշատակել Խաչատրյանին (տե՛ս Վահրամ Մավեան, Ամբողջական երկեր, Անթիլիաս, 1993, էջ 685), ինչը թերեւս կարելի է բացատրել, որ Բաբայանը նրան համարել է մոսկվաբնակ երաժիշտ, ոչ Հայրենիքի...
Մենք նորերս ծանոթացանք Մոսկվայի հայ երաժշտական կոլեկտիվի նոր հրատարակությունների մի ամբողջ հավաքածուի հետ: Առաջին տեղում դնենք հանգուցյալ տաղանդավոր երաժիշտ Ա. Սպենդիարյանի ՙ Ղրիմի թաթարների երկու երգերը, որի երկրորդ պարերգը մասնավորապես հետաքրքրական է իր պտտվող 4-8-5-8 փոփոխական ռիթմով: Ստեղծագործություններն ունեն նաեւ նվագախմբային ուղեկցությամբ տարբերակ: Մոսկվայից մեզ տեղեկացնում են նույն երգահանի «Ալմաստ» օպերայի մոտալուտ ներկայացման մասին, որի դիպաշարը վերցված է Հ. Թումանյանի «Թմբկաբերդի առումը» վիպերգից, եւ որի նոտագրությունը նվագախմբի համար պատրաստում են պարոնայք Ստեյնբերգը եւ Կալաֆատին: Պարոն Ա. Տեր-Ղեւոնդյանից հրատարակվել է քայլերգը նրա «Սեդա» օպերայից, որի մոտիվները կովկասյան են: Նվագախմբի պարտիտուրի ընթերցումը ցույց է տալիս մի ամուր կառուցվածք: Ինչպես նաեւ «Երգեր եւ ռոմանսներ» հավաքածուում մենք գտնում ենք երկու մեղեդի, որոնցից մեկը հմայիչ ռուս երգահանների (ինչպիսին է Ռախմանինովը) ճաշակով է, իսկ մյուսըՙ հայկական ժողովրդական մոտիվով, որը մշակվել է ոչ ճկուն կերպով եւ առանց ներդաշնակեցման որեւիցե անձնական որոնումների: Մինչդեռ նույն ժողովածուում Ռոմանոս Մելիքյանի երկու հայկական մեղեդիները լի են համ ու հոտով, եւ ներդաշնակությունը խոսում է ինքնատիպ որոնումների ու հայկական ֆոլկլորի ըմբռնումի մասին: Կան շատ երիտասարդ երգահաններ, որոնց անունները բացահայտվել են վերջերս. Կարո Զաքարյանի մասին, որի աշխատանքային մեղեդիները ժողովրդական ոճի են, եւ որոնցից մեկը հաճելի էջեր է պարունակում, դեռեւս դատել հնարավոր չէ, իսկ Հարո Ստեփանյանի մասինՙ առավել եւս, որի չորս երգերը (ստեղծ. թիվ 2, 1926) մեզ ներկայացրել է հայ երաժշտական կոլեկտիվը: Դեռեւս հարկավոր է սպասել այլ ստեղծագործություններիՙ դատելու համար այս երկու շատ երիտասարդ երաժիշտներին: Ամենավերջումՙ պարոն Արամ Խաչատրյանի մասին, որն, ինձ թվում է, ունի առավել ուժեղ եւ գուցե նույնիսկՙ առավել ինքնատիպ անհատականություն, եւ իր ներդաշնակեցմամբ ու ռիթմիկ որոնումներով խիստ գերազանցում է նախորդներին: Նա գործածում է շատ ավելի ժամանակակից միջոցներ եւ կիրառում է դրանք իր սեփական եղանակով: Նրա «Ֆանտազիա ջութակի եւ դաշնամուրի համար» (ստեղծ. թիվ 1, 1926) եւ «Պոեմ դաշնամուրի համար» (ստեղծ. թիվ 3) գործերը, չնայած միջին հատվածում որոշ թուլություններին, հետաքրքրություն են առաջացնում եւ ի հայտ են բերում երաժշտական անհատականություն: Մենք գիտենք, որ նա ծնվել է 1904-ին (իրականումՙ 1903-ին - Ա. Բ.), Թիֆլիսում եւ որ երաժշտությանը նվիրվել է 17 տարեկանից, Մոսկվայումՙ պարոնայք Գնեսինի եւ Գլիերի ղեկավարությամբ: Կոլեկտիվն աշխատում է, եւ ինչպես տեսնում ենք, խրախուսում է Կովկասի եւ Ռուսաստանի հայ երգահանների նորելուկ տաղանդներին: Նախաբանը եւ թարգմանությունը ֆրանսերենիցՙ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԻ |