RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2018-03-09 > #010, 2018-03-16 > #011, 2018-03-23 > #012, 2018-03-30 > #013, 2018-04-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 23-03-2018



Տեղադրվել է` 2018-03-22 22:41:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 2664, Տպվել է` 12, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՉԱՐԵՆՑԻ ՏԱՐԵԴԱՐՁԸ

Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Լսո՞ւմ եսՙ այդտեղ իմ սի՛րտն է թաղած,

Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս,

Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա,

Մեր լա՛վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ...

Հրանտ Մաթեւոսյանն ասում էր. «Մարդ ու անասուն իրարից ջոկվում են հիշողությամբ: Հիշողությունը դրած է անասունի ու մարդու արանքում:»

Մարտի 13-ին հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի ծննդյան օրն էր: Հայ, այն էլՙ մեծանուն, լավ է ասված, եւ ամենեւին տարակույս չկա: Մենք պարտավոր ենք նրա անունը բարձրում պահելու, գոնե սեփական անուն ունենալու համար:

Այլ երկրներում սովորաբար ընդունված էՙ մեծերի հիշատակի օրերը մեծ շուքով նշել: Բայց այլ երկիրնՙ այլ երկիր, իսկ մեզ մոտՙ Հայաստանում, ձեւը մի փոքր այլ է, ասում եմՙ մի փոքր, բայց մի ահագին մեղմ եմ ասում:

Չարենցը մերն է, մեր մեծանունը: Թե ինչպես դիմավորեցինք մենք մեր մեծանունի ծննդյան օրը, ուղիղ համեմատական է մեծությանՙ մեր ընկալման հետ: Նշեցի՞նք: Այո, իհարկե. գրեթե բոլորը պարտք համարեցին իրենց ֆեյսբուքյան էջերում մի քառատող մեջբերել Չարենցից եւ... եւ ցավոքՙ այդքանը:

Չարենցի հիշատակի օրվա նախօրեին մենք Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրեցինք սերնդին ոչինչ չտվող, բայց շատ կարեւորից զրկող ֆիլմեր հրամցնող մեկին, եւ օրեր անց սերունդներին մեծ գաղափար թողած մարդու ծննդյան օրըՙ լռեցինք: Դիտավորյալ գրում եմ մենք, որովհետեւ պարգեւատրողին մենք ենք ընտրել, պարգեւատրողը մեր ընտրյալն է, հետեւաբարՙ պարգեւատրվողըՙ նույնպես: Բոլորը լռեցին, պետական մակարդակով ոչ մի հավուր պատշաճի միջոցառում (թերեւս, բացի Չարենցի տուն-թանգարանից): Ցավալի է, բայց նույնիսկ մեր մտավորականները լռեցին (բացի Գրողների միության նախագահից, թերեւսՙ ի պաշտոնե): Բայց ցավը կրկնապատիկ է դառնում, երբ հիշում ես, որ վայ մտավորականությունն առաջինն է արձագանքում սովետական ինչ-որ մնացուկների կամ թյուրիմացաբար քաղաքական ծնունդ առած հաստլիկների ծննդյան տարեդարձներին, առաջինըՙ շնորհավորում, առաջինըՙ խոնարհվում, եւ հատկանշական է, ձգտումՙ վերջինն ուղղել խոնարհված մեջքը. խեղճ ողնաշար, գլխի ձեռը կրակն է ընկել: Այստեղ թերեւս տեղին կլինի մեջբերել Ռուբեն Սեւակի հայտնի խոսքը. «Ձուկն իր գլուխէն կը հոտի, ազգնՙ իր մտաւորականներէն»:

«Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության եւ դեպի նո՛ր Ավարայր, նո՛ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը: Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված նաիրյան ոգին: Կանչում է կիսաստվեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե՛ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փառքը: Կանչում է ձե՛զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրբ կրոնը եւ հայրենիքի փառքը, կանչում է քե՛զ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողությունՙ հանուն կրոնի եւ հայրենյաց: Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ՛, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը: Եվ նրանք չէ, այո՛, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետեւ դո՛ւ, դո՛ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները եւ ո՛չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում են փռի անաղ հացըՙ թոնրի անուշաբույր լավաշի փոխարեն... »

Մի՞թե կարելի էր նման կերպ դիմավորել ու ճանապարհել այս տողերի հեղինակին: Ո՛չ: Իհարկե, բարեբախտաբար ունենք մտավորականներ, ովքեր դեռ շատ վաղուց իրենց մտավոր ունակություններն ի սպաս դնելով Չարենցի անվանը, լավագույն հարգանքի տուրքն են մատուցել գրողին, բայց նրանք այնքան քիչ են, այնքան նվազ, ինչին Չարենցն արժանի չէր:

Այս մասին շատ կարելի է խոսել ու շատերին ձաղկել, բայց կարծում եմՙ մինչ բուն նյութին անցնելը Մաթեւոսյանն իր խոսքով «ակնարկեց» մեր ժամանակի ու դրաՙ Չարենցի հանդեպ լկտի դրսեւորման մասին, Ռուբեն Սեւակն էլ մեջտեղում «շարունակեց», իսկ ինձ որպես վերջաբան մնում է մեջբերել գրականագետ Սեյրան Գրիգորյանիՙ Չարենցի ծննդյան օրվա կապակցությամբ Ֆեյսբուք սոցցանցում կատարած հետեւյալ գրառումը . «Չարենցը էս ժողովրդին շատ էր »:

Ահա, այսքանը, իսկ չակերտների ներսում բառ տեղադրելը թողնում եմ ընթերցողին...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #11, 23-03-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ