ԳՈՂԱՑՎԱԾ ՎՌՈՒԲԵԼԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ ՆԱԻՐ ՅԱՆ 2000-ականներին պարզվեց, որ 90-ականներին մեր թանգարաններից արվեստի արժեքավոր գործեր են անհետացել: Օրինակՙ 5 տարի առաջ Հայաստանին հանձնվեց 1990-ականներին ԱՕՔՍ-ի շենքից անհետացած Այվազովսկու կտավը: Ինչպես էր այն գողացվել, ինչ հանգամանքներում եւ ովՙ տեղեկությունները կցկտուր եւ ժուժկալ էին: Մի մեկնաբանություն տրվեց միայնՙ այդ տարիներին ԱՕՔՍ-ում վերանորոգում է եղել, դուռ-պատուհան բաց են թողել. Այվազովսկին հեշտությամբ գողավցել է: Այսքանը միայն: Ձեռքից ձեռք անցած կտավը հետո հայտնվել էր ռուս հավաքորդի մոտ ու վերջապես հանձնվել իրական տերերինՙ մեզ: Նույն 90-ականներին, իսկ ավելի ստույգՙ 1995-ին, Երեւանի Ռուսական արվեստի թանգարանից, որը հիմնված է ռուսաստանաբնակ պրոֆեսոր Արամ Աբրահամյանի հավաքածուի վրա, գողացվել է ռուսական մոդեռնի նախահայր Միխայիլ Վռուբելի «Դեւն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը: Գողության հանգամանքները համենայնդեպս մեզՙ հասարակ մահկանացուներիս, հայտնի չեն: 22 տարի շարունակ նկարը միջազգային հետախուզման մեջ է եղել եւ 2017-ին հայտնաբերվել ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Անցյալ տարիՙ նոյեմբերի 15-ին, Ռուսաստանում հայկական մշակույթի օրերի շրջանակում Վլադիմիր Պուտինը գողացված Վռուբելին հանձնեց Սերժ Սարգսյանին: Ի դեպ հանձնման արարողությունը կազմակերպվել էր Տրետյակովյան պատկերասրահի Վռուբելյան դահլիճում: Այն մեր նախագահին հանձնեց վերականգնող վարպետ Իննա Սոլովովան: Կտավի հայտնաբերումից հետո 8 ամիս նա միլիմետր առ միլիմետր վերականգնել էր այն: Վռուբելի նկարն արդեն մի քանի օր է վերադարձել է տունՙ Երեւանի Ռուսական արվեստի թանգարան: Այնտեղ նրա համար առանձին սրահ են պատրաստել, որտեղ այցելուին է ներկայացված կտավի պատմությունըՙ ստեղծումից մինչեւ վերածնունդ ու տունդարձ: Միխայիլ Վռուբելը «Դեւն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը Լերմոնտովի մահվան 50-ամյա տարելիցի առիթով 1891 թվականին լույս տեսած պատկերազարդ ժողովածուի համար է նկարել: Այն Վռուբելի 36 գծանկարներից մեկն էՙ շարքի ամենավերջին ստեղծագործությունըՙ նվիրված Լերմոնտովի «Դեւը» պոեմին: Միխայիլ Վռուբելը գծանկարների շարքը նկարել է հատուկ պատվերով. «Դեւն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործությունը պատկանել է գործարար, մեկենաս, Վռուբելի ընկեր Սավվա Մամոնտովին: Հետո այն պատկանել է Մեծ թատրոնի բալետի պրիմա-պարուհի Եկատերինա Գելցերին: Նրա հավաքածուից էլ հենց նկարը ձեռք է բերել Արամ Աբրահամյանը եւ տեղափոխել Երեւանՙ իր հիմնադրած Ռուսական արվեստի թանգարան: Վերականգնող վարպետ Իննա Սոլովովան պատմում է, որ նկարը սարսափելի վնասված է եղել: Նրա ենթադրությամբՙ տեւական ժամանակ կամ շատ ծանր իր է դրվել վրան, կամ ուղղակի ճզմվել է: Այնպես որ, նա ստիպված է եղել կտոր-կտոր հավաքել-վերականգնել նկարը: «Երբ ձեռքս առա Վռուբելի տանջված ու չարչարված նկարը, այնպիսի զգացողություն ապրեցի, ասես արժեքավոր մի մասունքի էի դիպչում: Ամեն վայրկյան մտածել եմ, որ շատ կարեւոր գործ եմ անումՙ վերակենդանացնում եմ մի արժեք, որի ապրելու հույսերը մարած են: Նկարը սարսափելի վիճակում էր: Մինչեւ հիմա չեմ կարողանում նրան առանց ձեռնոցի դիպչել: Երբ նոր էի սկսել վերականգնել, չէի պատկերացնումՙ կստացվի՞, թե ոչ: Չեմ հասկանումՙ ինչպե՞ս են վարվել արվեստի գլուխգործոցի հետ, որ այդ ողբերգական վիճակին են հասցրել: Չափազանց ուրախ եմ, որ նրան երկրորդ կյանք տվեցի: Դա ինձ համար մեծ պատիվ է: Վռուբելի այս ստեղծագործությունը միշտ էլ բարձ է գնահատվել. վստահ եմՙ չարչարանքի տարիներ անցկացնելուց հետո նրա արժեքը չի խամրել, այլ ավելի է բարձրացել: Չէ՞ որ հիմա նկարը գեղարվեստական արժեքից բացի, նաեւ կենսագրություն ու պատմություն ունի»,- երեւանյան թանգարանում նկարին հրաժեշտ տալովՙ ասաց Իննա Սոլովովան: Ծնունդ, 105 տարի հետոՙ կողոպուտ, 22 տարի հետոՙ հայտնաբերում, վերականգնում, վերածնունդ ու տունդարձ. Միխայիլ Վռուբելի «Դեւն ու հրեշտակը Թամարի հոգու հետ» ստեղծագործության պատմությունն է: Միայն թե դարձյալ ոչ մի տեղեկություն չի հրապարակվում, թե ինչպես է այն գողացվել թանգարանից, ում ձեռքն է անցել ու ինչպես է հայտնաբերվել: Նկարի 22 տարվա ոդիսականն անհայտ է: |