«ՍԻՄՈՆ ՍԻՄՈՆՅԱՆ: ԼԵՌՆԱԿԱՆՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՀԵՏՆՈՐԴԸ» ՀԱՏՈՐԸՙ ԱՆԳԼԵՐԵՆ Հ. Ծ. «Արմինյն Միրոր Սփեքթեյթր» շաբաթաթերթում Արամ Արքունի գրախոսականից տեղեկանում ենք, որ Հալեպից Լեւոն Շառոյանի ջանքերով սփյուռքահայ գրող, հրապարակագիր եւ հրատարակիչ Սիմոն Սիմոնյանի (1914-1986) մահվան 30-րդ տարելիցի առթիվ անգլերեն լեզվով 2017-ին լույս է տեսել «Սիմոն Սիմոնյան: Լեռնականների վերջին հետնորդը» հատորը, որտեղ ամփոփված է նրա գրական ժառանգությունը: Նախկինում «Գանձասար», «Ազդակ» եւ «Յառաջ» թերթերի հաջորդական համարներում տպագրված նյութերը Շառոյանը ամփոփել է այդ գրքում, որի անգլերեն թարգմանությունը իրականացրել է դոկտ. Վահե Աբելյանը , Սիմոն Սիմոնյան հիմնադրամի հովանավորությամբ: Հատորը գիտական մենագրություն չէ, այլ անհատական հարազատ մոտեցում նրա գործերին: Շառոյանի պապըՙ կոշկակար Լեւոն Շառոյանը սասունցի էր, ինչպես Սիմոնյանի ծնողները, եւ Սիմոնը իր գրություններում հիշատակել էր նրան: Թոռըՙ Լեւոնը մեծացել էր կարդալով այդ պատմվածքները: Սիմոնյանի ընտանիքի անդամները մասնակցել են գրքի խմբագրման աշխատանքներին: Բացի «Սեւան» հրատարակչատան իր աշխատանքներից, «Սփիւռք» շաբաթաթերթի խմբագրման գործից, եւ սասունցիների կյանքին նվիրված պատմվածքներից Սիմոն Սիմոնյանը հեղինակել է «Արեւելահայ գրականութիւն» (1962) «Սիփանայ քաջեր» (1967), «Լեռ եւ ճակատագիր» (1970) եւ «Կը խնդրուի խաչաձեւել» հատորները: Շառոյանն իր գիրքը ավարտում է նկարագրելով Սիմոնյանի Մ. Նահանգներ այցելությունը 1983-ին, որտեղ նա մեծ պատիվների էր արժանացել Նյու Յորքում, Լոս Անջելեսում եւ Ֆիլադելֆիայում: Արամ Արքունի կարծիքով Շառոյանի նոր գիրքը կարեւոր ներդրում է Սիմոնյանի գրական ժառանգության հետ ծանոթանալու համար, մանավանդ որ այնտեղ ընդգրկված են բազմաթիվ հետաքրքրական լուսանկարներ Սիմոնյան ընտանիքի արխիվից: |