RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#014, 2018-04-13 > #015, 2018-04-20 > #016, 2018-04-27 > #017, 2018-05-04 > #018, 2018-05-11

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 27-04-2018



ՀԱՅԱՀԱԼԱԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2018-04-27 00:29:19 (GMT +04:00)


Ընթերցված է` 2497, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԲԱՔՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՓԱԿՄԱՆ ՇՈՒՐՋԸ

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Բաքվի հայկական թատրոնի Դրամատիկական ստուդիայի 1947 թ. շրջանավարտ, թատերագետ

Բաքվի հայկական պետական թատրոնը Անդրկովկասի հնագույն թատրոններից մեկն էր: Թատրոնի գործունեության մասին քիչ թե շատ պատկերացում ունենալու համար համառոտակի վերհիշենք նրա անցած ստեղծագործական ուղին: Շամախիում հաճախակի կրկնվող երկրաշարժի պատճառով նահանգական կենտրոնը 1859 թվականից Բաքու փոխադրվելուց հետո, քաղաքը տնտեսական ու կուլտուրական վերելք է ապրել: Քաղաքի ու նահանգի զարգացման գործում կարեւորագույն դեր են կատարել նաեւ հայերը:

Ոչ պաշտոնական տվյալներով Բաքվի տարածքում հայերն ապրել են դեռեւս Վարդան Մամիկոնյանի ժամանակներից. իսկ ըստ պատմական հուշարձաններիՙ դեռեւս 15-րդ դարում Բաքվի մերձակա Բուզովնա գյուղում եղել է հայ բնակչություն իր մատուռով, որի ավերակներն իրենց խաչքարերով ու ջրհորի արձանագրությամբ գոյատեւել են մինչեւ 20-րդ դարի սկզբները: 1806 թվականին, երբ ռուսական զորքը մտել է Բաքու, քաղաքում ապրելիս են եղել զգալի թվով հայեր, որոնք ունեցել են իրենց եկեղեցին Միջնաբերդի (Շիրվանշահերի պալատի համալիրում) ներսում: 1860-ական թվականներին կառուցվել է Ս. Լուսավորիչ եկեղեցին, որի վերանորոգումից հետո այդտեղ է հանգրվանել Հայ եկեղեցու թեմը: 1920-ական թվականներին կառուցվել է Բուդաղյանների եկեղեցին (ճարտարապետՙ Հովհանես Քաջազնունի), որն ավերվել է կուլտուրական հեղափոխության տարիներին եւ նրա տեղը վեր հանվել Ադրբեջանի կոնսերվատորիան: Բաքվի հայության այս ստվար հատվածը եկեղեցուց ու դպրոցներից բացի, բնական է, որ պետք է ունենար նաեւ իր թատրոնը:

Հետեւելով ռուսների օրինակին, Բաքվի Ռեալական գիմնազիայի հայ ուսանողները նավթարդյունաբերող Կրասիլնիկյանների նորակառույց տանը 1870 թվականի դեկտեմբերի 28-ին տվել են իրենց առաջին ներկայացումը: Բեմադրվել են Ն. Փուղինյանի «Դալալ Ղաղո» եւ Գ. Սունդուկյանի «Գիշիրվան սաբրը խեր է» պիեսները: (Վերոհիշյալ օրինակներով էլ կազմակերպվել է ազերի աշակերտների ուժերով տրված Բաքվի ադրբեջանական թատրոնը: 1873 թվականի մարտի 10-ին ներկայացվել է Մ.Ֆ. Ախունդովի «Լենքորանի խանության վեզիրը»):

Աշակերտական ներկայացումներին շուտով փոխարինել են պրոֆեսիոնալ դերասանների մասնակցությամբ պիեսների բեմադրությունները: Թատերական գործի կազմակերպմանը եւ զարգացմանը մեծ չափով նպաստել է Հայոց Մարդասիրական ընկերությունը, որիՙ հետագա տարիներին կառուցած շենքում տեղավորված է Բաքվի քաղաքային կենտրոնական գրադարանը (եկեղեցուն կից):

1884 թվականին կազմակերպվել է Թատերական կոմիտետը, որը գործնական կապերի մեջ է եղել Թիֆլիսի թատերական Ակումբի (ընկերության) հետ եւ միասին նպաստել են Անդրկովկասի հայ թատրոնի հետագա զարգացմանը:

Սկսած 1880 թվականից Բաքվում հյուրախաղերով հանդես են եկել Սաֆրազյան ամուսինները, Գեւորգ Տեր-Դավթյանը, Գեւորգ եւ Սաթենիկ Չմշկյանները, Պետրոս Ադամյանը, Փառանձեմը, Վարդուհին, Սիրանույշը, Գեւորգ Պետրոսյանը, օպերային երգիչներ Նադեժդա Պապայանը, Արշակ Կոստանյանը, Ներսես Շահլամյանը. երկար ժամանակ գործել է Կարա-Մուրզայի ղեկավարությամբ երգեցիկ խումբը, որի մենակատարներից մեկը եղել է բանաստեղծ Հակոբ Հակոբյանը:

Բաքվում հանդես է եկել աշուղ Ջիվանինՙ իր հայերեն երգերով նպաստել հայապահպանությանը, մեծ ընդունելություն է կազմակերպվել ի պատիվ Ռափայել Պատկանյանի, իսկ 1910-ական թվականներին Բաքվի հայ գրողների ընկերությունը կազմակերպել է Վ.Յա. Բրյուսովի դասախոսությունները հայ գրականության մասին:

Իրենց բեմական գործունեությունը Բաքվի հայկական թատրոնում են սկսել Հովհաննես Աբելյանը, Գրիգոր Ավետյանը, Նիկողայոս Հովհաննիսյանը, Օլգա Մայսուրյանը (Թիֆլիսի ռուսական բեմից անցնելով հայ թատրոն), Սաթենիկ Ադամյանը (Բաթումի սիրողական խմբից), Օվի Սեւումյանը, Քնարիկը, Պոլսից եկած Արուս Ոսկանյանը եւ շատ ուրիշներ, որոնք մնայուն հետք են թողել հայ թատրոնի պատմության մեջ:

Բաքվի հայկական թատրոնի մի շարք դերասաններ օգնության ձեռք են մեկնել նոր զարգացող ազերիական թատերախմբերին: Ընդառաջելով նրանց խնդրանքին, դեռեւս 80-ական թվականների սկզբներից Ստեփան եւ Ալմա Սաֆրազյանները (վերջինս եղել է Ադրբեջանի առաջին վաստակավոր դերասանուհին, 1926 թ.), Հովհաննես Աբելյանը, Գ. Տեր-Դավթյանը, Եկատերինա Արզումանյանը, Գրիգոր Ավետյանը, Ելիզավետա Մելիք-Շահնազարյանը, Արուս Ոսկանյանը, Հովսեփ Ոսկանյանը եւ շատ ուրիշներ պարբերաբար մասնակցել են արդբեջանական ներկայացումներին:

1897-1901 թվականները եղել են Բաքվի հայկական թատրոնի ոսկեդարը: Այդ տարիներին Բաքվի հայկական թատրոնում են համախմբված եղել հայ բեմի լավագույն ուժերըՙ Ազնիվ Հրաչյա, Գ. Պետրոսյան, Սիրանույշ, Հ. Աբելյան, Պ. Արաքսյան, Գ. Ավետյան, Ա. Վրույր, Փառանձեմ, Վարդուհի, Ա. Հարությունյան, Հ. Ստեփանյան, Օ. Մայսուրյան, Ս. Ադամյան, Վարդիթեր եւ Մարի-Հրանուշ Ֆելեկյան քույրեր, Քնարիկ, Օլգա Գուլազյան, Ի. Ալիխանյան, Հ. Զարիֆյան եւ ուրիշներ, որոնք բեմ հանելով հայ եւ համաշխարհային դրամատուրգիայի լավագույն գործերը, նպաստեցին հայ թատրոնի հեղինակության բարձրացմանը:

Բաքվի թատրոնի անցած հարուստ ու հետաքրքրական ուղու վառ վկայություններից մեկն այն բազմապիսի միջոցառումներ են, որոնք տեղի են ունեցել ամենատարբեր առիթներով. հիշենք «Պեպոյի» առաջին բեմադրության 30-ամյակի (1901 թ.), Արեւելահայ թատրոնի 50-ամյակի, Հ. Աբելյանի եւ Ա. Վրույրի բեմական գործունեության 25-ամյակների (1908 թ.), Սիրանույշի 30 (1909 թ.), Գ. Ավետյանի 25 (1912 թ.), Փառանձեմի 30 (1913 թ.)-ամյակների հանդեսները:

Բաքվի թատերական կյանքի առաջընթացին նպաստել է 1906 թվականին տեղի Հայոց կուլտուրական միության գեղարվեստական մասնաճյուղի դերասանական խմբի կազմակերպումը, որը տարբեր տարիների ղեկավարել են Հ. Աբելյանը, Սիրանույշը, Հ. Զարիֆյանը, Ա. Արմենյանը, Հ. Ոսկանյանը, Ա. Հրաչյան եւ ուրիշներ: 1910-ական թվականներից Բաքվում գործել են նաեւ օպերետային խմբեր: Թատերական կյանքի բուռն վերելքի գրավիչ արտահայտություններից մեկը եղբայր Մայիլյանների կառուցած Օպերային թատրոնի շենքի գոյությունն է (հայազգի ճարտարապետ Բաեւ (1911 թ.), որտեղ մինչեւ օրս գործում է Ադրբեջանի Ախունդովի անվան Օպերայի եւ բալետի թատրոնը:

1910-ական թվականներից Բաքվի Օպերա-օպերետային թատրոնի գործունեությանը մեծ չափով նպաստել է երգիչ, ռեժիսոր, թատերական գործի կազմակերպիչ Պավել Ամիրագոն (Ամիրաղյան), որի բեմադրությամբ 1912 թվականին, առաջին անգամ Անդրկովկասում, ներկայացվել է Տ. Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» օպերետը, մասնակցել է նաեւ հայերեն մի շարք ներկայացումների:

Բաքվի երաժշտական թատրոնի կյանքում զգալի հետք են թողել երգիչ Ներսես Ղուկասովը, կոմպոզիտոր Անտոն Մայիլյանը, որը 1910-1917 թվականներին Բաքվում հրատարակել է «Թատրոն եւ երաժշտություն» հանդեսը, գրել մանկական օպերաներ («Գիքոր» եւ այլ), երաժշտություն գրել հայկական եւ ադրբեջանական դրամատիկական թատրոնների ներկայացումների համար, «Սաֆա» օպերան գրել (բեմադրվել է 1938-ին), եղել է Հայարտան երաժշտական ստուդիայի եւ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի ղեկավարը:

Բաքվի Օպերային թատրոնում են աշխատել վաստակավոր արտիստուհիներ Քնարիկ Գրիգորյանը, Մարիամ Բաբաեւան, Տատյանա Բադիրովան, երգիչներ Նինա Մարտիրոսովան, Սերգեյ Դանիելյանը, Արտաշես Հայրյանը, ռեժիսոր Բաղդասարովը, պարադիրներ Սերգեյ Կեւորկովը, Իլյա Արբատովը (Յաղուբյան), Թադեւոս Սարգսյանը (հետագայում Երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր պարադիր), բեմանկարիչ Մուշեղ Սաղյանը, պատանեկան թատրոնի հիմնադիրներից են եղել Գրիգորի Կորգանով-Կորնելլին, Առնոլդ Մարտիրոսյանը, Ագիտ-Սատիր թատրոնի ռեժիսորն է եղել վաղամեռիկ Վոլոդյա Ղասաբյանը (Ուգրյումի) եւ ուրիշներ:

Բաքվի հայկական թատրոնի դերասաններն ակտիվ դեր են կատարել քաղաքում եւ Ադրբեջանի շրջաններում խորհրդային կարգերի հաստատման համար: Նրանցից Հ. Աբելյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, Ժասմենը (որպես գթության քույր), երիտասարդ թատերասերներ, հետագայում անվանի գործիչներ Տիգրան Շամիրխանյանը, Առնոլդ Մարտիրոսյանը եւ ուրիշներ, ոմանք գեղարվեստական խոսքովՙ բանակայինների շրջանում, ոմանք զենքերը ձեռքին մասնակցել են Բաքվի կոմունայի պաշտպանությանը: Այդ շրջանում, պրոլետարիատի զինվոր-նավաստիների շրջանակներում նշվել է Աբելյանի բեմական գործունեության 35-ամյակը:

1918 թվականին մուսավաթականների նախաձեռնությամբ թուրքական եւ անգլիական զավթիչները Բաքուն գրավելուց հետո, հայ դերասանների մի կարեւոր փունջ հարկադրված է եղել թողնել քաղաքը: Աբելյանը, որը գտնվելիս է եղել Բաքվի 26 կոմիսարների հետ նույն նավում, ինչպես պատմում էր դերասանուհի Արուս Ազնավուրյանըՙ իբրեւ դեպքի ականատես, սրտի ցավով է ընդունել Շահումյանին եւ նրա ընկերներին իրենց նավից իջեցնելու եւ ուղղությունը փոխելու ոճրագործ ակտը,- մեկնել է Թերեքյան երկրամաս, այնտեղիցՙ Թիֆլիս: Սիրանույշը, Արմենյան ամուսինները, Ալ. Հովհաննիսյանը տարբեր ժամանակներ անցել են Պարսկաստան, Ժասմենըՙ նախ Աշխաբադ, ապա Էնզելի եւ կարճ միջոցից հետո նորից վերադարձել Բաքու: 1918-1919 թվականներին Բաքվի հայկական թատրոնում հիմնականում ներկայացվել են քաղաքական հարցեր չշոշափող, կենցաղային պիեսներ եւ հայկական ու թարգմանական օպերետներ:

Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, 1920 թվականի հունիսին կազմակերպվել է Բաքվի հայկական թատրոնը, որը սեպտեմբերից կրել է պետական անունը: Թատրոնի ռեժիսորը եղել է Ժասմենը: Թատրոնը գործել է Լուսավորության մինիստրության, Ազգային փոքրամասնությունների կոմիտեի, այնուհետեւ Արվեստի գործերի վարչության ղեկավարությամբ:

1922 թվականից մինչեւ 30-ականների սկզբները Բաքվում գործել է Ա. Մյասնիկյանի անվան Հայ արվեստի տունը, որն ունեցել է դրամատիկական, երաժշտական եւ նկարչական ստուդիաներ: Նույն շենքում է գործել նաեւ 1920 թվականից մինչեւ 1990-ը լույս տեսնող «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագրությունը (այժմՙ Սամեդ Վուրղունի տուն-թանգարան): Համատեղ ուժերով կազմակերպվել են ներկայացումների քննարկումներ, գրական դատեր, ասմունքի երեկոներ, որոնց մասնակցել են Վահրամ Փափազյանը, Լեւոն Երամյանը, Պահարեն, բազմաթիվ գրողներ: Այդ եւ հետագա տարիներին թատրոնը գլխավորել են ռեժիսորներ Արմեն Արմենյանը, Մուշեղ Սաղյանը, Լեւոն Քալանթարը, Թաթիկ Սարյանը, Արտաշես Հովսեփյանը:

Բաքվի թատերական կյանքի բովանդակալից ընթացքի մասին են վկայում Ա. Արմենյանի բեմական գործունեության 30-ամյակի (1921 թ.), Վարդան Միրզոյանի 25 (1924), Հ. Աբելյանի 50 (1930), Հ. Ոսկանյանի 25 (1931), Լ. Ալավերդյանի 25 (1932), Ա. Հովհաննիսյանի 20 (1934), Ժասմենի 25 (1935), Լ. Երամյանի 25 (1936)-ամյակների հանդիսավոր տոնակատարությունները: Թատրոնն իր 10-ամյակի առթիվ, 1932 թվականին, պարգեւատրվել է Կարմիր դրոշի շքանշանով, լույս է տեսել Արշակ Մկրտչյանի գրքույկը:

Իբրեւ ստեղծագործող օրգանիզմ, թատրոնն անմասն չի մնացել 30-ական թվականների ռեպրեսիաներից, որի զոհերից է Լեւոն Երամյանը: Նա մեղադրվել է դաշնակցության հետ առնչություն ունենալու համար: 1927-1928 թթ. ստեղծագործական գործուղման մեջ լինելով Փարիզում, նա «Պեպոյի» իր ներկայացմանն է հրավիրել գրական-հասարակական գործիչ, ռամկավար Արշակ Չոպանյանին: Ըստ երեւույթին սա էլ պատրվակ են դարձրել նրան անպայման մեղադրելու համար: Անհիմն մեղադրանքները եւ հաճախակի սպառնալիքները տանել չկարողանալով, 1938 թվականի դեկտեմբերի 22-ի գիշերը սրտի պայթյունից մահացել է Բաքվի բազմազգ բնակչության սիրելի, կրթված ու զարգացած դերասան, ռեժիսոր, թարգմանիչ Լեւոն Երամյանը: Բաքուն այդպիսի թաղում չէր տեսել: (Այդպիսի թաղում ունեցել է միայն բանաստեղծ Սամեդ Վուրղունը, 1956 թ.): Ժասմենի պատմելով, Ադրբեջանի կառավարությունը Երամյանի նկատմամբ անիրավացիության կասկածները ցրելու նպատակով թատրոնը կոչել է նրա անվան: 1939-1949 թվականներին թատրոնը կոչվել է Ադրբեջանի Լ.Գ. Երամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն:

Պետք է նշել, որ դեռեւս 1900-ական թվականներից, քաղաքի թատրոնին զուգահեռ, Բաքվի բանվորական արվարձաններում գործել են թատերասերների խմբակներ, որոնք սպասարկել են Սեւ եւ Սպիտակ քաղաքների, Բալախանիի, Սաբունչիի բանվորությանը: Այդտեղ հանդես են եկել նաեւ Հ. Աբելյանի եւ Սիրանույշի ղեկավարությամբ դերասանական խմբերը: 1908-1913 թվականներին գործել է վաղամեռիկ դերասանուհի Քնարիկի անվան թատերախումբը Սեւ քաղաքում: Բալախանիում գործել է նավթահանքատեր Փիթոեւների բանվորական թատրոնը: Բանվորական թատրոնների ավանդները շարունակվել են նաեւ խորհրդային տարիներին. Տնայնագործների ակումբում այդ խումբը ղեկավարել է Ա. Սաֆրազյանը, երկաթուղայինների ակումբումՙ Հ. Ոսկանյանը, Լ. Երամյանը, Հ. Հովհաննիսյանը, Պիոներ-դպրոցականների պալատումՙ Ալ. Հովհաննիսյանը:

Բաքվի հայկական թատրոնը սպասարկել է ոչ միայն հանրապետության հայաշատ զանգվածներըՙ Լեռնային Ղարաբաղի մարզը, Կիրովաբադի եւ մերձակա շրջանները, այլեւ հյուրախաղերով հանդես է եկել Ռոստովում եւ Խարկովում (1930), Թիֆլիսում, Երեւանում, Լենինականում (1934), Գորիսում (1925), Միջինասիական հանրապետություններում (1926, 1948):

Հայրենական պատերազմի տարիներին թատրոնը գործել է Ռուսական թատրոնի շենքում (իր շենքը հոսպիտալի էր վերածված), գեղարվեստական մի շարք բրիգադներով ելույթներ է ունեցել քաղաքի հոսպիտալներում եւ շրջաններումՙ արժանանալով հանրապետության եւ ԽՍՀՄ վերադաս կազմակերպությունների պատվոգրերի, շնորհակալագրերի, մեդալների: Դերասաններից Ժասմենը չորս անգամ անընդմեջ ընտրվել է Ադրբ. ԽՍՀ Գերագույն խորհրդի դեպուտատ, ոմանքՙ Քաղխորհրդի եւ շրջխորհրդի դեպուտատ:

Թատերական տեխնիկումի հայկական մասնաճյուղը փակվելուց հետո, թատրոնը եւ հանրապետության մյուս թատրոնները մասնագետ դերասաններով ապահովելու համար, թատրոնին կից 1944-1947 թվականներին գործել է Դրամատիկական ստուդիան: 1947-ին բացվել է երկրորդ ստուդիան:

Ահա, ստեղծագործական այսպիսի մեծ անցյալ ու հարուստ պատմություն ունեցող Բաքվի հայկական թատրոնը 1949 թվականի մարտի 9-ին մտել է հավիտենական փակուղի: Ինչո՞ւ, որովհետեւ թատրոնը հետպատերազմյան տնտեսական ծանր տարիներին չի կարողացել կատարել իր ֆինանսական պլանները, աշխատել է պարտքով:

Բաքվի թատրոնի երկարամյա դերասան, ռեժիսոր եւ դրամատուրգ Գուրգեն Թավրիզյանը 1968 թվականին գրած իր հուշերում հայտնում է, որ «1948 թվականի հատուկ որոշմամբ վերացվեց թատրոնին տրվող նյութական օժանդակությունը, Բաքվի հայկական թատրոնը կանգնեց լուրջ աղետի առաջ»: Թատրոնի պարտքը հասել է 600 հազարի: Սա որքան էլ լուրջ պատճառ լիներ, այնուամենայնիվ, չպետք է որոշիչ դեր խաղար թատրոնը շուտափույթ փակելու համար: Չէ՞ որ այն տարիներին ոչ մի թատրոն չէր կատարում իր ֆինանսական պլանները եւ բոլորն օգտվում էին պետական օժանդակությունից:

Աստղիկ Երամյանը 1956 թվականին գրած իր հուշերում նշել է, որ «Ամառային տուրնեից (1948 թ., Ստեփանակերտ- Բ.Հ.) վերադարձանք Բաքու: Արդեն խոսակցություն էր գնում, որ թատրոնները պետք է անցնեն տնտհաշվարկի: Բոլոր թատրոնները պետք է իրենք իրենց արդարացնեն»: Ի հավելումն սրան, Արվեստի գործերի վարչությունից անընդհատ հիշեցրել են, որ եթե թատրոնը չարդարացնի իրենՙ կփակեն: Իսկ նրանց ներկայացուցիչն ամեն օր թատրոն գալով շտապեցրել էՙ «ե՞րբ եք փակելու ձեր դուքանը»:

Դեռ ամիսներ առաջ կոլեկտիվը գիտեր, որ թատրոնը փակվելու է: Բայց նա հույս ուներ, որ կվերանայվի կառավարության որոշումը, որ չի կարելի փակել մայրաքաղաքի հայ ազգաբնակչության միակ գեղարվեստական օջախը: Գ. Թավրիզյանն այս առիթով գրել է. «միայն վերջին ներկայացումից հետո, թատրոնի աշխատակիցներն ամբողջ սրությամբ զգացին կորցրածի ցավը եւ դեռ երկար ժամանակ ճշտապահորեն աշխատանքի ժամերին հավաքվում էին փակ դռների առաջ, կարծես չէին կարողանում բաժանվել շենքից, որի կամարների տակ էր անցել նրանցից շատերի բեմական պատանեկության երջանիկ օրերը... Բաքվի հայկական թատրոնի լիկվիդացումը կարելի է դիտել որպես անիմաստ վարչարարություն»:

1949 թվականի մարտի 6-ին տրվել է վերջին ներկայացումըՙ «Մի քաղաքում», իսկ մարտի 9-ի հրամանով թատրոնը փակվել: Ըստ որում ոչ թե փակվել է, այլ Լեռնային Ղարաբաղի մարզային թատրոնը ուժեղացնելու պատրվակով Բաքվի թատրոնը միավորվել է Ստեփանակերտի թատրոնի հետ: Մեր ձեռքի տակ չկա այդ հրամանի կամ որոշման տեքստը , բայց պահպանվել են որոշ փաստաթղթեր, որոնք որոշակիորեն լուսաբանում են մեզ հետաքրքրող հարցը:

Թատրոնի փակումից հետո, առաջատար որոշ դերասանների գործուղել են Ստեփանակերտ, ոմանց թոշակ ձեւակերպել, իսկ մեծ մասին թողել բախտի քմահաճույքին: Բաքվում մնացած մի խումբ դերասաններ տեղական հաստատություններին դիմելուց եւ տնտհաշվարկով թատերախումբ պահելու առաջարկից մերժվելուց հետո, դիմել են իրենց վաղեմի ընկեր Վահրամ Փափազյանին, իբրեւ հեղինակավոր անձնավորություն եւ իրենց կոլեկտիվին մոտիկից ճանաչող դերասանՙ միջամտել Ադրբեջանի կառավարությանը վերոհիշյալ նպատակով թատրոն ունենալու հարցին դրական լուծում տալու: 1949 թվականի մայիսի 7-ին նրանք գրել են.

«Մեծարգո ավագ ընկեր եւ բարեկամ

Վահրամ Կամերովիչ

Մենքՙ Ադրբեջանի Լ.Գ. Երամյանի անվան հայկական պետական նախկին թատրոնի դերասաններս, լիազորում ենք Ձեզ, իբրեւ վստահելի ընկերոջ եւ խնդրում Ձեզՙ դիմել վերադաս կազմակերպություններին, ինչպես նաեւ ղեկավար ընկերներին խնդրանքով.- Ադրբեջանի մայրաքաղաքում մինիմալ կազմով հայկական դրամայի թատրոնի աշխատանքը շարունաեկլու մասին, չպահանջելով դրա համար ոչ մի նյութական օգնություն, այլ միայն բարոյական աջակցություն:

Թանկագին Վահրամ Կամերովիչ. ելնելով Ձեր երկարամյա փորձառությունից, խնդրում ենք Ձեզ միջնորդել վերականգնելու թատրոնը վերոհիշյալ ձեւով:

1. Երամյան Աստղիկ Մ.- Ադրբ. ԽՍՀ վաստ. արտիստուհի

2. Եսայան Վահան Ս.- Ադրբ. ԽՍՀ վաստ. արտիստ

3. Հայրյան Սերժ- արտիստ

4. Աղաբեկյան Արո- ...........

5. Արզումանյան Սոնյա- .........

6. Սիմոնյան Ծովիկ- ............

7. Ղազարյան Աշոտ- ...............

8. Դանիելյան Հմայակ- ...............

9. Թավրիզյան Մանյա- .............

10. Առստամյան Նիկիտա- ..........

եւ մի շարք ուրիշ ընկերներ:

Ընդառաջելով աղետի մատնված իր ընկերների բաղձանքին, նույն մայիսին Փափազյանը դիմել է Ադրբեջանի կոմկուսակցության Կենտկոմի առաջին քարտուղար Մ.Ջ. Բագիրովին, որի հանձնարարությամբ նրան պատասխանել են Ադրբ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, գրող Միրզա Իբրահիմովը եւ «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբագիր Համո Ամիրխանյանը: Կառավարության կողմից պարտադրված 1949 թվականի մայիսի 19-ին գրած նամակով նրանք հայտնել ենՙ

«Լենինգրադ, ժողովրդական արտիստ Վ. Փափազյանին

Հարգելի ընկեր Փափազյան

Ստացել ենք Ձեր նամակըՙ հասցեագրված Ադրբեջանի ԿԿ(բ) ԿԿ քարտուղար ընկեր Մ.Ջ. Բագիրովին:

Բաքվի հայկական դրամայի թատրոնը, ինչպես Ձեզ հայտնի է, միշտ եղել է ոչ եկամտաբեր եւ պետական խոշոր դոտացիա է ստացել: Միայն անցյալ թատերաշրջանում կուտակված պարտքը հասնում է ավելի քան 600 հազար ռուբլու:

Բոլոր ունեցած պայմանների մանրամասն ուսումնասիրությունը մեզ բերել է այն եզրակացության, որ թատրոնը չի կարող հետագայում եւս դուրս գալ ոչ եկամտաբեր վիճակից, քանի որ 1949 թվականի սկզբից նրա պարտքը շարունակելու է աճել:

Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կենտրոնում, Ստեփանակերտ քաղաքում գործում է դրամատիկական թատրոն, որն ուներ ավելի կայուն հանդիսատեսային բազա, չուներ բավականաչափ որակյալ եւ կազմված կոլեկտիվ:

Հաշվի առնելով այս հանգամանքները, հանրապետության ղեկավարությունը որոշել է ամրապնդել Ստեփանակերտի թատրոնը ի հաշիվ Բաքվի հայկական դրամայի առաջատար դերասանների, իսկ այդ թատրոնի պարտքը փակել պետության միջոցներից:

Երամյանի անվ. թատրոնի դերասանների հիմնական կորիզը արդեն մեկնել է Ստեփանակերտ, որի պատճառով թատրոնը դադարել է Բաքվում գործելուց:

Միաժամանակ որոշված է Բաքվի հանդիսատեսի սպասարկումն ապահովելու համար կազմակերպել Խորհրդային Հայաստանի թատրոնների, ինչպես նաեւ Ստեփանակերտի հայկական դրամայի հյուրախաղային ելույթները Բաքվում:

Ընկերական ողջույնններով...»:

Այս պատասխանն ուշանալու, թե՞ արձագանքելով համանման մի այլ նամակի, Փափազյանը մի առանձին նամակով դիմել է նաեւ Ադրբ. ԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Արվեստի գործերի վարչությանը, որի պետ Ա. Սուլթանովան մայիսի 28-ի պատասխան նամակում հետեւյալ պատճառաբանությունն է տվել Բաքվի հայկական թատրոնի փակման մասին.

«Հարգելի ընկեր Փափազյան

Բաքվի հայկական դրամայի թատրոնը ապակազմված չէ, ինչպես այդ նկատվում է 1949 թ. ապրիլի 22-ի (հավանաբար պետք է լինի մայիսի 22- Բ.Հ.) Ձեր նամակից, այլ միացված է Հայկական դրամայի մարզային թատրոնին, որի գտնվելու մշտական վայրը Ստեփանակերտ քաղաքն է: Հիմնականում, թատրոնի ստեղծագործական առաջատար կազմը աշխատանքի է փոխադրված Ստեփանակերտ, եւ թատրոնը ամրապնդված է համապատասխան նյութական բազայով եւ հաջողությամբ աշխատում էՙ սպասարկելով ոչ միայն ԼՂԻՄ, այլեւ Ադրբեջանական ԽՍՀ հարեւան շրջանների աշխատավորությանը, կոլտնտեսականներին, մտավորականությանը:

Բացի այդ, համաձայն Ադրբեջանական ԽՍՀ Մինիստրների խորհրդի 1949 թ. մարտի 10-ի Որոշման, թույլատրված են թատրոնի հյուրախաղերը ինչպես Բաքվում, այնպես էլ Կիրովաբադում»:

Ինչպես տեսնում ենք Փափազյանին ուղղած պաշտոնական այս երկու նամակներում ոչ մի կոնկրետ կետ չի հիշատակվում Բաքվի թատրոնի փակման անհրաժեշտության մասին: Եղածից կարելի է հետեւեցնել, որ թատրոնը պարտքով աշխատելու պատճառով ոչ թե փակվել, այլ միացվել է Ստեփանակերտի թատրոնինՙ այն ուժեղացնելու համար: (Աստված գիտե թե Կիրովաբադի հայկական պետական թատրոնն էլ ինչ պիտակով է փակվել նույն 1949 թվականին):

Թատրոնը փակվելուց հետո, դերասաններից ոմանք փոխադրվել են Ստեփանակերտի թատրոն, ոմանք էլ այլ թատրոններում աշխատելու անհաջող փորձեր կատարել: Այսպես, օրինակ. դերասանուհի Հրանուշ Բաբաջանյանը, նկարագրելով իրենց անելանելի վիճակը, դիմել է Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Գուլակյանինՙ աշխատանքի ընդունել թատրոնի առավել կարող ուժերից մի քանիսին:

Եվ, քանի որ այդ ուժերից մեկն էլ իրեն է համարել, նամակը ստորագրել է «Թատրոնի ծառա» անունով: Անկախ նամակի ստորագրությունից, Սունդուկյանի անվան թատրոնի դռներն այն ժամանակ փակ էին «կողմնակի» դերասանների համար:

Բաբաջանյանն իր նամակում գրել է. «Ամսույս (մարտի- Բ.Հ.) 6-ին վերջին անգամ փակվեց Բաքվի հայկական թատրոնի վարագույրը.... Ծանր է, անասելի ծանր է այս երեւույթը... Դուք երբեք չեք կարող պատկերացնել ինչ սարսափելի բան է այդ... Այժմ թատրոնը ներկայացնում է իրենից մի մեծ սգատուն: Բոլորը ողբում են, սկսած հնոցապանից, հրդեհաշեջներից, որոնք ռուս մարդիկ են, վերջացրած ինձնով ու դիրեկտորով: Բոլորս անխտիր սգում ենք, սգում ենք անկախ մեզանից... մենք հոգեկան մեծ վիշտ ենք ապրում, մենք կորցրինք մեր երիտասարդությունը, մեր ամենաեռանդուն ստեղծագործական տարիները տվինք մեր թատրոնինՙ այս օջախը վառ պահելու համար... Մենք ամեն ինչ կորցրինք ...

Հարգելի Գուլակյան, դիմում եմ ձեզՙ համարեցեք այս իմ վերջին խնդիրքը, գուցե եւ կտակը... Բաքվի թատրոնում կան շատ շնորհալի ուժեր: Երեւի շատերը կդիմեն ձեզՙ ձեր թատրոնում աշխատելու համար, բայց չորս մարդու համար ես ձեզ խնդրում եմ ինքս. վաստակավոր դերասանուհի Հրանուշ Բաբաջանյան, վաստակավոր դերասաններ Արզո Արզումանյան, Գուրգեն Հարությունյան եւ Աղասի Բադալյան: Այս չորս դերասանները միշտ կարդարացնեն իրենց թե շնորհքով եւ թե համեստությամբ, թե իրենց դիսցիպլինար վարքագծով: Ընդունելով նրանց, դուք չեք զղջա երբեք»:

Սրանցից եւ ոչ մեկը տեղ չունեցավ Սունդուկյանի անվան թատրոնում: Ժասմենին ընդունեցին հազիվ տասը տարի անց, իսկ Հ. Բաբաջանյանի համար «քննություն» կազմակերպեցին Մարգարիտի դերում («Պատվի համար») եւ չընդունեցին: Տարբեր տարիների Ստեփանակերտի թատրոնից Լենինականի թատրոն փոխադրվեցին Արզո Արզումանյանը, Մանյա Կարապետյանը, Աղասի Բադալյանը, Բաքվիցՙ Աստղիկ Երամյանը, Կիրովաբադիցՙ Լեւոն Աբրահամյանը, Երեւան եկավ ռեժիսոր Արտաշես Հովսեփյանը, իսկ Հրանուշ Բաբաջանյանըՙ Պատանի հանդիսատեսի թատրոն ընդունվեց:

Բաքվի հայկական թատրոնի հետ փակվեց նաեւ նրա դրամատիկական երկրորդ ստուդիան: Իսկ երկու ամիս անց, հուսահատությունից հանկարծամահ եղավ Բաքվի բազմազգ բնակչության սիրելի դերասան Սաշանՙ Ալեքսանդր Հովհաննիսյանը, այն դերասանը, որը 1910-ական թվականներից աշխատել էր այդ թատրոնում, զենքը ձեռքին կռվել Բաքվի պաշտպանության համար, աշխարհազորայինների շարասյուն ղեկավարել Հայրենական պատերազմի տարիներին:

Թատրոնի փակման հետ քայքայվել է նրա ունեցվածքը, հարուստ զգեստահավաքածոն, կահ-կարասիքը: Աստղիկ Երամյանն իր հուշերում գրել է, որ «բեռնատար մեքենան կանգնեցրին թատրոնի մուտքի առջեւ, բարձեցին մեր կահկարասիները, կոստյումները եւ այլն եւ ուղարկեցին Ստեփանակերտի թատրոնը: Հետագայում մեր սեղաններն ու աթոռները տեսել էին Աղդամում, ինչ-որ մի ճաշարանում» : Ըստ Երամյանի վկայության, թատրոնի այդքան արագ վերացումը մի նպատակ էլ է հետապնդել: «Թատրոնը փակելուց մի երեք օր հետո ,- գրել է նա,- մեր թատրոնի դռանը փակցվեցին ադրբեջաներեն լեզվով գրած աֆիշներ: Մեր թատրոնը փակվելուց անմիջապես հետո Ազիզբեկովի (անվան թատրոնի- Բ.Հ.) շենքը հիմնովին վերանորոգեցին, իսկ մինչեւ թատրոնի պատրաստվելը մեր շենքում սկսեցին իրենց ներկայացումները» :

Թատրոնի փակումից հետո, Բաքվում մնացած մի խումբ դերասաններ դիմել են վերադաս կազմակերպություններին թույլատրել խումբ կազմել եւ ներկայացումներ տալ քաղաքի շրջաններում ու արվարձաններում: Պատասխանը եղել է. «Մենք նրա համար չփակեցինք, որ դուք բաց անեք» :

Բաքվի հայկական թատրոնն իր անցած ճանապարհին այսպիսի սպառնալիքների շատ է հանդիպել: Եթե նախկինում դա հաղթահարվել էր, ապա փակումից հետո անհնար էր վերաբացել: Եզակի չեն եղել ազգային փոքրամասնությունների մշակութային օջախների վերացման փաստերը: Հայրենական պատերազմից առաջ Բաքվում փակվել էին Հրեական եւ Վրացական դրամատիկական թատրոնները: Հերթը հասել էր հայկականին. որոշեցին-կատարեցին:

Հայկական թատրոնին, նրա գործիչներին ճնշելու մասին հետաքրքրական տվյալներ է հայտնել բանաստեղծ Գառնիկ Ղազարյանը: Բաքվի «Կոմունիստ» հայերեն թերթի 1924 թ. 30-րդ համարում տպագրած «Բաքվի հայկական թատրոնը» հոդվածում ուղղակիորեն գրել է. «Բաքվի հայ դերասանական խումբը նյութապես շատ խղճուկ դրության մեջ է գտնվում: Նա մեր լուսժողկոմատից բավարար չափով չի բավարարվում: Բավարարից բարձր է վարձատրում ռուսական եւ թուրքական թատերական խմբերին, իսկ հայ խմբին միայն շենքն է ձրի տալիս եւ ասումՙ խաղացեք եւ նրա եկամուտով ապրեցեք: Սա սառը վերաբերմունք է դեպի ազգային փոքրամասնության կուլտուրական կրթական գործի աշխատանքները: Մենք գիտենք, որ աշխատակիցները ամսական շատ չնչին եկամուտ են ստանում ներկայացումներից» :

Թատերական գործի կազմակերպիչ Գուրգեն Թավրիզյանին մի կերպ հաջողվել էր Ադրբեջանի ֆիլհարմոնիային կից «Բաքվի հայկական դերասանական կոլեկտիվ» կազմակերպել եւ 1951 թվականից ներկայացումներ տալ: Բայց դա էլ երկար չտեւեց. երիտասարդ ուժերի պակասը, հասույթի 30 տոկոսի բռնագանձումը քայքայեց այդ խմբի գործունեությունը:

Այդ վերջին հույսի հետ մարվեց նաեւ նրա հանդիսատեսի մի զգալի մասի բռնագաղթումը Ստեփանակերտ: Բաքվի Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի հայկական մասնաճյուղը փոխադրվեց Ստեփանակերտ: Կամաց-կամաց փակվեցին հայկական դպրոցները, գրադարանները: Կամաց-կամաց մարեցին Շահումյանի անվան կուլտուրայի պալատի հայկական դրամխմբակի (ղեկ. Ա. Մարտիրոսյան), Էլեկտրադեպոյի հայկական դրամխմբակի (ղեկ. Ս. Հայրյան), Լ. Շմիտդի անվան մեքենաշինական գործարանի կուլտուրայի պալատի հայկական դրամխմբակի (ղեկ. Ա. Աղաբեկյան) բեմի լույսերը: Մոմի պես հալվեցին հայ մշակույթի եւ գրականության օջախները: Մնաց միայն «Կոմունիստ» թերթի խմբագրությունը, որը ոչնչացվեց 1990-ի հունվարյան դեպքերի օրերին:

20.07.1989 թ.

Նկար 1. Մայիլյան եղբայրների օպերային թատրոնը Բաքվում, 1911թ.:

Նկար 2. Վահրամ Փափազյանը Բաքվի հայկական թատրոնի դերասանների եւ «Օթելլո» ներկայացման մասնակիցների հետ. 1946-ի հունվարի 5-ի գիշերը, «Օթելլո» ներկայացումից հետո: Վերեւի շարքում, աջից առաջինը` Բ. Հովակիմյան:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #16, 27-04-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ