ՀԱԿԱՄՇԱԿՈՒՅԹՆ ԸՆԴԴԵՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ Նաիր ՅԱՆ Հայրենի նոր կառավարության առաջին քայլերի մեջ արդեն մեկ ամիս է փնտրում ենք մշակույթի նորանշանակ նախարարի քայլը. նրա կողմից առայժմ հնչել է, որ ինքն առայժմ ախտորոշում է: Արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչների ու խմբերի է ընդունում, լսում բոլորին, ծանոթանում, հետո աշխատանքային խմբերի հետ քննարկում մշակութային քաղաքականության նոր մեխանիզմները: «Փորձում ենք ստեղծել հավասարության դաշտ, որպեսզի դրամաշնորհները, պետական հովանավորությունը տրամադրվեն բոլորին հավասար: Գիտենք, որ կան օրենսդրական, կանոնակարգային խնդիրներ, կան անտեսված արվեստագետներ, չունենք թատրոնի, կինոյի մասին օրենքներ: Բոլոր խնդիրները քննարկում ենք եւ փորձում լուծման տարբերակներ մշակել»,- այսպես ասաց Լիլիթ Մակունցն «Արամ Խաչատրյան» համերգադահլիճի ճեմասրահում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել հայրենի մտավորականներին ու արվեստի գործիչներին: Հանդիպման գաղափարը վարչապետինն էր, իրականացնողըՙ մշակույթի նախարարությունը: Ու քանի որ մշակույթի նախարարության ցուցակներում ի սկզբանե նույն անուն-ազգանունները եղել են դեռեւս նախորդ բոլոր նախարարների օրոք, այդ պատճառով էլ այսօրվա նախարարն իր նախորդներից ժառանգել էր նույն անուն-ազգանունների նույն ցուցակը: Ու մենք դահլիճում նստած տեսանք այն նույն դեմքերին, որոնց մեր աչքերը վարժվել են տեսնել արդեն 20-30 տարիՙ բացառությամբ մի քանի արվեստագետների ու մտավորականների: Օրինակՙ պետական մակարդակով կազմակերպված որեւէ հանդիպման կամ համերգի ազգագրագետ Հրանուշ Խառատյանին երբեւէ չենք տեսել: Այդ օրը, այդ հանդիպմանը տեսանք նույնիսկ Հրանուշ Խառատյանին: Ով ուզում է, թող այդ փաստը կապի Լիլիթ Մակունցիՙ ՀԱԿ-ին հարող քաղաքական հայացքների հետ, ով չի ուզում, թող չկապի դրա հետ: Հրանուշ Խառատյանը վարչապետին հարց տալու իր իրավունքից օգտվելովՙ նշեց, որ մշակույթի նախարարությունը, կապված մշակույթի հետ առնչություն չունեցող իր գործունեության հետ, չպետք է կոչվի մշակույթի նախարարություն, առավելագույնն այն պետք է անվանվի, ասենք, արվեստների նախարարություն. ընդամենը: Բայցեւայնպես, մոտ երկու ժամ տեւած հանդիպումն անցավ Նիկոլ Փաշինյանիՙ մեր մշակութային կյանքն ավելի լավը դարձնելու պատկերացումների շուրջը պտտվող հարցուպատասխանի ձեւաչափով: Իսկ մեր մշակույթի գործիչները մեծ մասամբ ոչ այնքան հարց էին տալիս, որքան ելույթ էին ունենում ու վարչապետից առանձին, անհատական հանդիպում էին ուզում: Եղած հարցերն էլ մեծ մասամբ նեղ հետաքրքրության դաշտից էին: Ու ոչ ոք չէր թաքցնում, որ ինքը պետբյուջեից փող է ուզում: Փառատոների, ստեղծագործական խմբերի ղեկավարները պետական կարգավիճակ էին ուզում: Հաղթանակ Շահումյանը բարձրացրեց մեկենասության մասին օրենքի հարցը, որը 25 տարի առաջ նախաձեռնվել է ու կիսատ մնացել: Նիկոլայ Ծատուրյանի կարծիքով թատրոնները պետք է մասնավոր շենքերից ավելի շքեղ լինեն. այդպես նրանք կհամարվեն արվեստի տաճարներ: Թե թատրոնի շենքի արտաքին ճոխ տեսքն ինչպես է ավելացնելու ապաշնորհ ռեժիսորի ու դերասանների շնորհքը. դա երեւի միայն Նիկոլայ Ծատուրյանը կիմանա: Աբովյան փողոցի վրա Գեղագիտության ազգային կենտրոնին կից գործում է Փոքր թատրոնը, որի տարածքը 2 սենյականոց բնակարանի չափ է: Բեմադրիչ Վահան Բադալյանն այնտեղ թատերական հրաշքներ է գործումՙ օգտագործելով տարածքի ամեն միլիմետրը: Արվեստի տաճարըՙ ներսից, իր բովանդակությամբ ու ձեռագրով, Փոքր թատրոնն է, ոչ թե, օրինակ, Սունդուկյան թատրոնն իր մի քանի հազար քմ տարածքով ու ճարտարապետական սիրուն տեսքով: Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանն իր հիացմունքը հայտնեց Նիկոլ Փաշինյանի հեղափոխական կերպարի նկատմամբ, գովեց ու մեծարեց նրան. խոսքի վերջում հարցրեցՙ Համազգայինի շենքի կառուցումն ուժի մե՞ջ է: Պատասխանը դրական էր: Վարչապետին գովեց ու մեծարեց նաեւ դերասան Միքայել Պողոսյանը : Նա Փաշինյանին հիշեցրեց, որ դեռեւս 2002 թվականին իր «Երեւան ջան» ֆիլմում ստեղծել է նախագահի կերպար, որը տեսնելովՙ ժողովուրդն իր առջեւ բոբիկ է կանգնածՙ ինքն էլ է հանում կոշիկները: «Ես վստահ եմ, որ դուքՙ պարոն Փաշինյան, բոլորին կոշիկ եք հագցնելու»,- իր ելույթ-նվիրումն ավարտեց Միքայել Պողոսյանը: Մշակույթի գործիչների գովաբանությունները Փաշինյանը լսում էր ամոթխած ժպիտովՙ թաշկինակով ճակատի քրտինքը շուտ-շուտ մաքրելով: Չնայած իր 94 տարեկան հասակինՙ հանդիպման էր եկել նաեւ կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը : Նա ոչ մի հարց չուներ, ուղղակի գովեց ու հաջողություններ մաղթեց Փաշինյանին: Հայկական շոուբիզնեսից դահլիճում նստած էին Արսեն Գրիգորյան-Մրոն եւ մյուս երգիչ-երգահան Արսեն Գրիգորյանը , որը մեկ-մեկ էլ ժողովրդական երգեր է երգում: Շոուբիզնեսի մյուս ներկայացուցիչների բացակայության մասին կարելի է միայն ենթադրություններ կամ հետեւություններ անել: Ինչ վերաբերում է մեր մշակույթի մերօրյա դասականներին, նրանցից Տիգրան Մանսուրյանը ոչ թե Փաշինյանին կամ Մակունցին, այլ միայն լրագրողներիս տեղեկացրեց. «Մի քանի օր առաջ Արտավազդ Փելեշյանը, ես ու Ռոբերտ էլիբեկյանը խոսում էինք մշակույթի այսօրվա վիճակի, նոր կառավարությունից մեր ակնկալիքների մասին. երեքս էլ նույնն ասացինքՙ մեր ակնկալիքները հանձնում ենք երիտասարդ սերնդին: Մեր մշակույթն ու այսօրվա երիտասարդների մշակույթը խիստ տարբեր են. մենք չենք խառնվի նրանց, ուղղակի կողքից միգուցե խորհուրդներ տանք. ընդամենը»: Դահլիճի մթնոլորտը, հնչած հարցերի որակն ու նպատակները, ջուրը սեփական ջրաղացին մոտեցնելու ձգտումները ստիպում էին համոզվել, որ մեր մտավորականներն ու արվեստագետները մինչեւ հիմա չեն հասկացել, որ երկրում, ինչպես Փաշինյանը կասեր, իրավիճակ է փոխվել: Եթե էլի պիտի նույն մտածելակերպը շարունակվի ու պետական հովանավորության կարկատած վերմակն ամեն մեկն իր կողմը քաշի, ուրեմն ոչինչ չի փոխվել ու չի էլ փոխվի: 20-30 տարվա մեջ բացի երաժշտության ու թանգարանների ոլորտներից, մշակույթի մյուս դաշտերը մեծ հաշվով դեռ խոպան են: Մեկանգամյա օգտագործման ֆիլմեր ու ներկայացումներ, պետական միջոցներով հրատարակված-չընթերցված գրքեր, մի գլուխ փառատոներ ու փառատոներ, պաթոսախեղդ հոբելյաններ ու մսխված, անխնա մսխված պետական գումարներ: Ու եթե նոր կառավարությունը նորից պիտի հենվի այս կարծրացած մտքերի, թեւակոտոր, անհամարձակ գաղափարների վրա, ուրեմն նոր Հայաստանում ամենակարեւորՙ մշակութային շրջադարձին սպասելն իզուր ու անիմաստ է: Վարչապետն իր ելույթում նշեցՙ պետք է բարձրացնել հասարկության կրթական մակարդակը, պետք է մշակույթի հետ հաղորդակցվելը բոլորի համար դառնա ամենօրյա անհրաժեշտություն, պետք է բոլոր աշակերտները տարեկան մի քանի անգամ գնան թատրոն, համերգ, թանգարան: Նա համոզված է, որ մեր երկրում կա լավ մշակույթ, բայց այդ լավ մշակույթով հետաքրքրվող հանրություն չկա, որովհետեւ մինչեւ հիմա մթնոլորտն է վատը եղել: Պետական հովանավորության ձգտող բոլոր հարցերին ի պատասխանՙ վարչապետը մի քանի անգամ շեշտեց. «Եթե նշանավոր համերգներն անցնում են կիսադատարկ դահլիճներում, եթե ցուցահանդեսներն այցելու չունեն, մենք չպե՞տք է մտածենք նման խնդիրները լուծելու մասին»: Փաշինյանի առաջ քաշած խնդիրը, իհարկե, շատ ավելի լուրջ էր, քան բոլոր արվեստագետների հնչեցրած բոլոր հարցերը միասին վերցրած: Բայց նրա հարցին ոչ ոք պատասխան չտվեց ու հակամշակույթի դեմ պայքարի ելքեր չառաջարկեց: Չառաջարկվեց, որովհետեւ այսօր դժվար թե գտնվի մեկը, որը ազգային խնդիրը վեր դասի անձնայինից, որովհետեւ յուրաքանչյուրին թվում է, թե մոլորակն ի՛ր շուրջն է պտտվում, որ հենց իրե՛ն է վերապահված հանրության կրթամշակութային մակարդակը բարձրացնելու վսեմ առաքելությունը: Իսկ արդյունքն այն է, ինչ ունենք այսօր: Եվ միայն կոմպոզիտոր Գեղունի Չթչյանը փորձեց օգնել վարչապետինՙ խորհուրդ տալով. «Ժողովրդական երգ-երաժշտության մեծ արշավ է հիմա, ես դեմ չեմ, դա շատ լավ է: Բայց եթե ուզում եք ունենալ կիրթ հասարակություն, երեխաներին դեռ մանկապարտեզից մոտեցրեք դասական երաժշտությանը: Մերձբալթյան երկրների հաջողությունը հենց դրանում է. նրանք դասական երաժշտություն են անցնում փոքր տարիքից մինչեւ դպրոցն ավարտելը: Դասական, պարոն Փաշինյան, Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Գրիգ, Բրամս»: Պարոն Փաշինյանը խմբագրեց Գեղունի Չթչյանին. «Համաձայն եմ Ձեզ հետ, դասական, բայց իմ պատկերացմամբ դասականի մեջ են մտնում նաեւ Կոմիտասը, Սայաթ-Նովան, Ջիվանին եւ այլք: Եկեք նրանց բաց չթողնենք»: Փաշինյան-արվեստագետներ հանդիպման ընդհանուր տրամաբանությունից ու իրավիճակից ելնելովՙ պետք էր երանի տալ նրանց, ովքեր, բարեբախտաբար մինչեւ հիմա չեն գրանցվել մշակույթի նախարարության ցուցակներումՙ որպես հայրենի արվեստագետ կամ մտավորական: Իսկ ե՞րբ է գալու այդ քարացած ցուցակներից հեռու կանգնածների ժամանակը, որոնք ի վիճակի են բարձրացնել մեր հասարակության կրթամշակութային ցենզն ու ստիպել անել մի բան, որից միտումնավոր, ծրագրված կերպով զրկվել ենքՙ ՄՏԱԾԵԼ: |