RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2018-05-25 > #021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 08-06-2018



ՌԵՅ ՉԱՐԼԶԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2018-06-07 23:03:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 3055, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԵՍ ԲԱՑԱՀԱՅՏԵՑԻ ԳԵՂԵՑԻԿ ՄԻ ԵՐԿԻՐ....»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Հարցազրույց երգչուհի-լուսանկարչուհի ԱՌԼԵՏ ՔՈՉՈՒՆՅԱՆԻ հետ

Առաջին անգամ Հայաստանում էր հայազգի ֆրանսիական երգահան-երգչուհի եւ լուսանկարիչ Առլետ Քոչունյանը: 1942-ին ծնված Քոչունյանը, որն իր կարիերայի սկզբում գրվել է նաեւ Առլետ Ավետյան եւ Անն Գրեգորի, երգել է 21 տարեկանից, ձայնագրել «Ասում ենՙ ծիծաղում ես վրաս» սինգլը, գրել է երգեր Էդդի Լուիսի, Մարտին Քլեմանսոյի եւ այլ երգիչների համար: Ամենից նշանակալիցը նրա համագործակցությունն էր լեգենդար Ռեյ Չարլզի հետ, որի երգացանկի լավագույն երգերից մեկըՙ «Արեւը մեռավ» («The Sun Died»), Առլետիՙ ֆրանսերենից կատարած թարգմանությունն է: Տարիներ տեւած նրանց բարեկամության ընթացքում նրանք միասին աշխատել են նաեւ «Ուզում եք հավատալ» լուսանկարչական ալբոմի վրա: Ռեյ Չարլզի կենսագիր Մայքլ Լայդոնը «Ռեյ Չարլզ. մարդն ու երաժշտությունը» գրքում («Ռութլեջ», 2004) Առլետի անունը հիշատակել է վեց անգամ: «Դասական ձախակողմյան, բոհեմյան, փոքրամարմին, թուխ եւ թունդ ծխող Քոչունյանը թարգմանել է «The Sun Died» երգը, որը ձայնագրել էր իր երգիչ ընկերներից մեկը: Արլետը ձայնագրությունը բերել է իր հետ, որը նրան ուղի է հարթել Ռեյի հետ հանդիպման համար հյուրանոցում: Ռեյը հավանել է երգը, Առլետը հետաքրքրել է նրան...» (էջ 272): 1976 թ. Առլետը լույս աշխարհ է բերել Ռեյ Չարլզի հինգերորդ զավակինՙ Վենսան Քոչունյանին...

Իմ ծանոթությունն Առլետի հետ կայացավ Երեւանի ամենագեղեցիկ օազիսներից մեկումՙ «Միրզոյան գրադարանում», մեր ընդհանուր բարեկամ, «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ Գայանե Գեորգյանի միջոցով, որն ակտիվ գործունեություն է ծավալում մեր հանրային եւ մշակութային կյանքում...

- Առլե՛տ, բարի եկաք Հայաստան: Խնդրեմ նախ պատմեք ձեր արմատների, ձեր ընտանիքի մասին ...

- Երկար պատմություն է: Իմ երկու ծնողներն էլ Ցեղասպանության վերապրածներ են: Մեծ ծնողներս սպանվել են ամենասկզբում, տատիկներիցս մեկը մահացել է աքսորի ճանապարհին: Մայրսՙ Մանուշակ Ավետիսյանը, Բուրսայի մոտի մի գյուղից էր: Նրա երեք եղբայրները` Մարտիրոսը, Զավենը եւ Թագվորը, նույնպես Ցեղասպանությունից վերապրածներ էին: Մորս որդեգրել է մի մահմեդական ընտանիք Մոսուլում: 19 տարեկանում նա հայտնաբերել է, որ ինքը հայ է ու սկսել է փնտրել հարազատներին: Իմացել է, որ մի եղբայրը Հունաստանում է, ուստի հայտարարություն է տպագրել թերթում, նրանք գտել են միմյանց, եւ մայրս գնացել է Հունաստան: Իմանալով, որ մյուս եղբայրն էլ Ֆրանսիայում է, մայրս Հունաստանից մեկնել է Փարիզ ու այլեւս երբեք չի վերադարձել Մոսուլ: Իմ հորեղբայր Թագվոր Ավետիսյանը 1947-ին Ֆրանսիայից հայրենադարձվեց Խորհրդային Հայաստան, բայց հետագայում մայրս օգնեց նրան տեղափոխվել Լոս Անջելես` վերամիավորվելու ընտանիքի մյուս անդամներին: Փարիզում էլ մայրս հանդիպել է հորսՙ Սիմոն Քոչունյանին: Նա էլ ծնունդով Ալեքսանդրեթից էր, որ հետո տեղափոխվել էր Ֆրանսիա ու այնուհետ դարձել ֆրանսիական բանակի զինվոր Հնդկաչինում...

- Ձեր ընտանիքում խոսո՞ւմ էին հայերեն:

- Ոչ: Քանի որ մայրս մեծացել էր որպես մուսուլման, նա խոսում էր արաբերեն, ֆրանսերեն ու անգլերեն, հետագայում հորս հետՙ շատ քիչ հայերեն: Խիստ շփոթեցնող էր, որովհետեւ ես կարծում էի, թե նրանք խոսում են թուրքերեն: Իմ եղբայր Սերժը սովորել է Սեւրի Մխիթարյան հայկական վարժարանում, այնպես որ խոսում ու գրում է հայերեն: Իսկ ես մի քիչ հասկանում ու շատ քիչ էլ խոսում եմ, բայց երբեք հայերենս զարգացնելու հնարավորություն չեմ ունեցել: Հաջորդ անգամ երբ գամ Հայաստանՙ ավելի երկար կմնամ ու արդեն կխոսեմ հայերեն (ծիծաղում է):

- Ինչպե՞ս մտաք երաժշտական աշխարհ:

- Դա էլ է երկար պատմություն: Եղբորս ընկեր Էդդի Լուիսը ջազ երաժիշտ էր, որն ինձ ծանոթացրեց ջազին: Սկսեցի գրել երգեր, նաեւՙ երգել ու հնարավորություն ունեցա լսումների մասնակցել մի քանի ձայնագրման ընկերություններում: Այնուհետեւ սկսեցի աշխատել մեկ այլ երգչուհուՙ Մարտին Քլեմանսոյի հետ, մենք հաջողություն հասանք 1973 թվականին Եվրոտեսիլ մրցույթում` իմ խոսքերով գրված «Առանց քեզ» երգով, որի երաժշտությունը գրեց հայ երգահան Պոլ Կուլակը կամ Կուլաքսզյանը...

- Ով որ գրել է «Ֆորտ Բոյար» հեռուստախաղի երաժշտությո՞ւնը...

- Ճիշտ այդպե՛ս: Հետո ես սկսեցի ուրիշ բաներով զբաղվել. ժամանակը փոխվում է, դու էլ ուզում ես զբաղմունքդ փոխել: Հանդիպեցի Ռեյ Չարլզին, մենք երգեր ձայնագրեցինք իմ խոսքերով: Ես նաեւ մի քանի երգի երաժշտությունն եմ գրել, բայց հիմնականում հանդես եմ եկել որպես երգերի խոսքերի հեղինակ:

- Ուրեմն կարո՞ղ ենք ձեզ նաեւ բանաստեղծ համարել:

- Այդ աստիճանՙ ո՛չ (ծիծաղում է): Ես պարզապես օգտագործել եմ տարբեր միջոցներՙ գրելով երգեր, խոսքեր, լուսանկարել, մի խոսքովՙ սիրում եմ տարբեր բաներ փորձել:

- Դուք հանդիպել ու համագործակցել եք բազմաթիվ ճանաչված ջազային գործիչների հետՙ Մայլզ Դեւիս, Քիթ Ջարեթ...

- Ես պարզապես նրանց դիմանկար լուսանկարներն եմ ստեղծել: Որպես երգահան համագործակցել եմ միայն Ռեյ Չարլզի հետ:

- Որպես ջազի աշխարհից մարդՙ ի՞նչ եք կարծում ջազի ազգային դրսեւորումների մասին:

- Ջազը միջազգային է, համընդհանուր: Այն սկիզբ է առել Ամերիկայում, բայց կան դրա գործածման ազգային ուղիները: Պարզապես վերցնում ես որեւիցե մեղեդի ու իմպրովիզացիա ես կատարում, ցանկացած մարդ կարող է անել: Այստեղ մենք այցելեցինք «Մալխաս» ջազ ակումբը, նա գեղեցիկ է նվագում: Գիտեմ նաեւ Տիգրան Համասյանին... այս երաժիշտներիՙ ջազի մեկնաբանման ձեւը հայկական է:

- Կապ ունե՞ք Փարիզի հայ համայնքի հետ:

- Որոշ մտավորականներիՙ հոգեվերլուծող Հելեն Փիրալյանի, լրագրող Ժանին Ալթունյանի հետ, ընկերություն եմ անում երգահան Վենսան Բագյանի (Փամբագյան) հետ: Միշտ մասնակցում եմ ապրիլի 24-ի ոգեկոչմանը: Ես շատ մոտ չեմ համայնքին, բայց երբ ինչ-որ կարեւոր նախաձեռնություն է լինումՙ ես ներկա եմ:

- Ձեր որդուՙ Վենսան Քոչունյանի մասին առաջին անգամ լսել եմ Շառլ Ազնավուրի մի հարցազրույցում, որտեղ նա ասաց, որ Ռեյ Չարլզի որդիներից մեկը կես հայ է: Հուսով եմ, որ Հայաստան ձեր հաջորդ այցելության ժամանակ նա կմիանա ձեզ:

- Ես էլ եմ հուսով: Հաջորդ անգամ մենք միասին կգանք: Ես նաեւ հույս ունեմ, որ նա մի օր կամուսնանա հայուհու հետ. մենք ուզում էինք այդ գործը կազմակերպել Լոս Անջելեսում, որտեղ նա ապրում է:

- Նա կրում է մոր ազգանունըՙ Քոչունյան:

- Նաեւՙ հոր ազգանունը:

- Իսկ նա ունի՞ հայկական հետաքրքրություններ:

- Ունի: Մի քանի բառ գիտի: Հոր հետ խոսում էր անգլերեն, ինձ հետՙ ֆրանսերեն, բայց գիտի, որ հայ է: Վերջերս նա ինձ հարցեր տվեց իմ ընտանիքի մասին, քանի որ մորս պատմությունն այնքան բացառիկ է, եւ ասացՙ ինչո՞ւ մինչեւ հիմա այդ մասին ինձ չէիր պատմել: Ես էլ ասացի. «Պատմել եմ, բայց այն ժամանակ դու չէիր ուզում լսել»...

- Դուք առաջին անգամ եք Հայաստանում: Ինչպե՞ս եկաք այստեղ:

- Այս ձմեռ այցելեցի Սորբոնի համալսարան, այնտեղ դասավանդող իմ մի ընկերոջ հրավերով: Նա ինձ ծանոթացրեց տարբեր դասախոսների հետ, որոնք ներգրավված էին Սերգեյ Փարաջանովի վերաբերյալ մի նախագծում: Ես ցանկություն հայտնեցի մասնակցել այս ծրագրին եւ ապրիլին նրանց հետ Հայաստան գալ: Ես ուզում էի այստեղ լինել ապրիլի 24-ին, բայց չեկա, քանի որ ապրիլի 27-ինՙ իմ ծննդյան օրը, չուզեցի միայնակ լինել: Այնուհետեւ տեղի ունեցավ այս հեղափոխությունը, ու ես մտածում էի. «Օ՜հ, Աստվա՛ծ իմ, եթե գնամՙ կհայտնվեմ այդ իրադարձությունների մեջտեղում»: Բայց քանի որ տասնօրյա արձակուրդ ունեիՙ որոշեցի անպայման գնալ, թեկուզ մենակ: Սակայն երբ զանգահարեցի իմ բարեկամ Վենսան Բագյանին ու ասացի, որ մեկնում եմ Հայաստան, նա էլ որոշեց գալ: Եվ հետո հայտնաբերեցի, որ իմ փարիզաբնակ զարմուհի Սեդա Ճոլոլյանը նույնպես այստեղ է, որը եկել էՙ մաս կազմելով Հայաստանին նվիրաբերվող հեծանիվների ծրագրին: Հետո հայտնաբերեցի, որ այստեղ է նաեւ իմ մեկ այլ զարմիկը Լոս Անջելեսից: Եվ մենք երեք զարմիկներով նստած էինք Ստեփանակերտում ու կազմում էինք մեր տոհմածառը... Այնպես որ, ամենասկզբից իսկ ես թեկուզ մեկ րոպե միայնակ չեմ մնացել:

- Գիտե՞ք որեւիցե հայկական երգ:

- Միակ հայկական երգը, որ ես գիտեմ, հայկական մեղեդի է, որի համար ֆրանսերեն խոսքեր է գրել Վենսան Բագյանը, եւ դա վերաբերում է Հայաստանին: (Առլեթը երգեց «Հովիվը սարում տխրեց» երգի մեղեդին): Ես բացահայտեցի գեղեցիկ մի երկիր: Այստեղ հանդիպեցի ու ընկերացա Գայանե Գեորգյանի հետ, որի միջոցով հայտնաբերեցի Դադիվանքը. երկու օր անցկացրինք այդ զարմանահրաշ վայրում: Ես մի փոքր բացահայտեցի Երեւանը, մի փոքրՙ Հայաստանը, կուզեի ավելի շատ ժամանակ ունենալ երկիրը ճանաչելու: Շատ տարօրինակ է, որ մինչեւ հիմա երբեք չէի եղել այստեղ: Ես սիրում եմ լսել հայերենի երաժշտությունը, չնայած այն տարբեր է իմ ծնողների խոսած հայերենից: Հույս ունեմ, որ շուտով կվերադառնամ, քանի որ մենք ծրագիր ունենք նկարահանելու մի փաստագրություն իմ երաժշտության ու Ռեյ Չարլզի վերաբերյալ, ինչպես նաեւ Երեւանում կազմակերպելու իմ լուսանկարների ցուցահանդեսը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #22, 08-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ