RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 15-06-2018



Տեղադրվել է` 2018-06-14 23:17:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 4945, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՕՐՀՆՎԱԾ ՕՐՀՆԵՐԳԻ ԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Դանիել ԵՐԱԺԻՇՏ

Այսօր հայ ժողովրդի վերազարթոնքի «ալիքի» վրա կրկին արծարծվում է Նոր Հայաստանին համահունչ օրհներգի խնդիրը: Ոմանք կարծում են, որ այսօրվա հիմնը պետք է մնա, որպես Հայաստանի առաջին հանրապետության խորհրդանիշ: Մյուսները պահանջում են վերականգնել Խորհրդային Հայաստանի հիմնը, որի խոսքերի հեղինակը Սարմենն է, իսկ երաժշտությանՙ Արամ Խաչատրյանը: Վերջինիս կողմնակիցները վստահ են, որ նորացված խոսքերով, Ա. Խաչատրյանի օրհներգը ավելի ճշմարիտ կարտացոլի իրականությունը եւ կլինի ավելի ազդեցիկ: Մեր դիրքորոշումը հնարավորինս ճշգրիտ արտահայտելու նպատակով, անհրաժեշտ ենք համարում կատարել մի հակիրճ պատմական էքսկուրս:

Ըստ Կոմիտասի, «Երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին» (Կոմիտաս Վարդապետ, Ուսումնասիրութիւններ եւ յոդուածներ, գիրք Բ, Ե., 2007, էջ 195): Սա վերաբերում է նաեւ ազգի, տվյալ դեպքում հայի պետական օրհներգին, քանի որ օրհներգի խոսքերը եւ երաժշտությունը ամփոփ կերպով պիտի արտահայտեն ազգի ոգին, պատկերացում տան նրա ինքնության, առանձնահատկության մասին: Ինչպես մյուս «տարբերանշանն» էՙ գերբը, որի վրա Մարտիրոս Սարյանը պատկերել էր հայ ժողովրդի, արարատյան մարդու (Կոստան Զարյան) խորհրդանիշ բիբլիական Արարատը:

Հայտնի է, խոսքի եւ երաժշտության ներգործության ուժը տարբեր է: Դեռ Պլատոնն էր նշում, որ երաժշտությունն անմիջապես մխրճվում է հոգու խորքերը: Մինչդեռ խոսքը միջնորդված է, բացի այդ, օտարները թարգմանության կարիք ունեն:

Որքան էլ երգի խոսքերը գեղեցիկ, խոր, ազդու լինեն, եթե մեղեդին թույլ լինի, խոսքերը, գաղափարը տեղ չեն հասնի: Թերեւս, եթե վերցնենք հակառակը, ապա խոսքերի թուլությունը հզոր երաժշտության ազդեցությանն ավելի քիչ կխոչընդոտեն: Այս են վկայում Շուբերտի հանճարեղ երգերը, որոնք գրված են միջակ բանաստեղծությունների հիման վրա, կամ Բրոքեսի միջակ խոսքերով գրվածՙ Բախի գլուխգործոցները: Տեղին է նաեւ երաժշտագետ Առնոլդ Ալշվանգի մեջբերումըՙ գերմանական մի թերթից, որտեղ Բեթհովենի « Քրիստոսը Ձիթենյաց լեռան վրա» աղոթերգության մասին գրված է հետեւյալը. «Բեթհովենը խմբերգում ցույց տվեց, որ նույնիսկ ամենավատ խոսքերից հանճարեղ կոմպոզիտորը կարող է ստեղծել գլուխգործոց» (А. Альшванг, Бетховен, М., 1971, стр. 188): Բացի այդ, կան բազում զարդոլորուն երգեր, որոնք հիմնված են մեկ կամ մի քանի բառերի վրա, ինչպես միջնադարյան հոգեւոր երգերը, որտեղ վանկերը միմյանցից այնքան են հեռու, որ մեղեդիով զմայլված, երբեմն դժվարանում ես կապակցել դրանք:

Դասական արվեստում պոեզիայի եւ երաժշտության փոխհարաբերության վերաբերյալ մոտեցումները տարբեր էին: Ոմանք պնդում էին, որ երաժշտությունը պիտի ծառայի պոեզիային: Մինչդեռ ըստ Մոցարտի, «Պոեզիան երաժշտության հնազանդ դուստրն է» (Г. Чичерин, Моцарт, М., 1979, стр. 96): Անշուշտ, առանձին դեպքերում նույն կոմպոզիտորի արվեստում կարող են հանդիպել թե առաջին, եւ թե երկրորդ սկզբունքները: Սա կարող է պայմանավորված լինել գործի առանձնահատկությամբ: Երգի պարագայում մեղեդին կարող է մանրամասնորեն արտահայտել, նմանակել բանաստեղծական տեքստի յուրաքանչյուր ելեւէջին: Սակայն կարող է նաեւ, ինչպես կինոերաժշտությունը կադրի հետեւում, հակադրվել «առաջին պլանում» տեղի ունեցող իրադարձություններին: Ինչ վերաբերում է Ա. Խաչատրյանի օրհներգին, ապա այստեղ առկա է մի ճչացող հակասություն: Օրհներգը ստեղծվել է 1944 թվականին, կոմունիստական գաղափարախոսության գերիշխող պայմաններում:

Խաչատրյանի օրհներգի խոսքերը փառաբանում էին բռնակալներ Լենինին, Ստալինին, ովքեր մեծ վնաս են հասցրել հայ ժողովրդին: Սակայն երգի մեղեդին խոսքերի իլյուստրացիան չէ: Բացի այդ, երաժշտությունը նման է լոտոսի, որն աճելով հանդերձ ճահիճում, մնում է մաս-մաքուր: Գնալով քչանում է նրանց թիվը, ովքեր ապրել են խորհրդային ժամանակաշրջանում, ովքեր լսելով հին օրհներգըՙ կարող են դառն հիշողություններով համակվել: Մինչդեռ նոր սերունդը հոգեբանորեն կապված չէ այդ շրջանի հետ: Այնպես որ, ինչ երաժշտություն հրամցնես, այդպես էլ կտրամադրվեն: Անշուշտ խոսքը լավ երաժշտության մասին է: Էլ չենք ասում ապագա սերունդների մասին, ովքեր Ա. Խաչատրյանի օրհներգը, նորացված կամ նոր խոսքերով, պիտի որ սրտաբաց ընդունեն եւ զորանան: Օրհներգի վեհապանծ երաժշտությունն աչքի է ընկնում խաչատրյանական զորությամբ եւ մեծակերտությամբ: Մեղեդու կառուցվածքը, զարկերակը սաղմոսերգային է, այսինքն յուրաքանչյուր վանկին համապատասխանում է մեկ հնչյուն, ինչն իր արմատներով խորանում է ոսկեդարի երգարվեստի ընդերքը: Մեղեդին նմանվում է Ներսես Շնորհալու «Քրիստոս ի մէջ մեր յայտնեցաւ» երգին, որը Կոմիտասի պատարագում հառնում է բազմաձայն, բազմաթեւ ճախրանքով: Հավելենք նաեւ, որ ըստ երջանկահիշատակ Վազգեն կաթողիկոսի, հայ հոգեւոր երգարվեստը շաղախված է Սուրբ Հոգով: Ահա թե որտեղ է այդ արվեստի զորության աղբյուրը: Օրհներգին հատուկ խրոխտություն է հաղորդում մեղեդին եզրափակող դարձվածը, որը համահունչ է հայոց ազգային -ազատագրական պայքարն արտահայտողՙ «Զեյթունցիների քայլերգի» վերջավորությանը: Նկատի առնենեք նաեւ այն, որ այդ Օրհներգը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտի թեժ օրերին, երբ որոշվում էր նաեւ հայոց ճակատագիրը: Իսկ դա նշանակում է, որ երգն արարելիս, հեղինակը նայել է մահվան «աչքերին», որ երգը հրափորձություն է անցել:

Այսպիսով, Խաչատրյանի օրհներգը միավորում է Արեւմտյան եւ Արեւելայան Հայաստանի խորհրդանիշերը, դասական, հոգեւոր եւ աշխարհիկ արվեստի նվաճումները, օժտված է մեծ ներուժով եւ ունակ է վառ պատկերացում տալու «ծովից ծով» Հայաստանի եւ իր ժողովրդի ստեղծագործ հոգեկերտվածքի մասին:

Իսկ ովքեր կարծում են, որ այն հնացել է, ապա դա ճշմարիտ է խոսքերի վերաբերյալ, որոնք կարելի է փոխել: Իսկ ինչ վերաբերում է երաժշտությանը, ապա այն հին է, բայց ոչ հնացած, այն հին է, ինչպես Նոյյան գինին, ինչպես Արարատը, ինչպես մեսրոպաբույր այբբուբենը, այսինքն վերժամանակյա է, հավերժ:

Տեղին է հիշել Մարտիրոս Սարյանի հետեւյալ խոսքերը. «Ես հինգ հազար տարեկան եմ, նույն տարիքն ունի Արամ Խաչատրյանը, քանզի արվեստագետներն իրենց մեջ տեղավորում են իրենց ժողովրդի կենսագրությունն ու պատմությունը» (В. Юзефович, Арам Хачатурян, М., 1990, րՑՐ. 269):

Հիրավի, Արամ Խաչատրյանի նախնիք Գողթան երգիչների աշխարհից են, որտեղից սերվել են նաեւ Գարեգին Նժդեհը եւ կոմպոզիտորի խոսքով ասածՙ իր «ամենամեծ ուսուցիչ Կոմիտասը»: Եվս մի նրբագիծ. Խաչատրյանին նվիրված հայտնի ֆիլմում, որտեղ նա հանդես է գալիս նաեւ որպես դիրիժոր, նվագախմբի ուշադրությունը կենտրոնացնելու համար, բարձր տոնով նա ասում է. «... И вообще я громкий человек!»: Այո, հնչեղ մարդ էր Ա. Խաչատրյանը, հնչեղ է նաեւ իր օրհներգը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ