RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2018-06-01 > #022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 15-06-2018



2800-ԱՄՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ-2

Տեղադրվել է` 2018-06-14 23:17:32 (GMT +04:00)


Ընթերցված է` 2889, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ՆՍԵՄԱՑՆԵԼՈՒ ՄԻ ՁԱԽՈՂՎԱԾ ՓՈՐՁ

Երվանդ ԳՐԵԿՅԱՆ

Անկեղծ ասած` մենք ցանկություն չէինք ունենա արձագանքելու Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ի տարեգրության կառուցվածքին ու գահակալական տարիների հաջորդականությանը վերաբերող մեր երկու հոդվածների կապակցությամբ բանասիրական գիտությունների դոկտոր Ալբերտ Մուշեղյանի կատարած անդրադարձին ( «Երեւանի հիմնադիր Արգիշտի I արքային հանիրավի նսեմացնելու մի ձախողված փորձ, «Ազգ-Մշակույթ» , 2018-06-08)` այն արժանացնելով գնահատանքի տարաբնույթ ձեւերից մեկին` արհամարհանքին, եթե իր հոդվածի վերջում պրն Մուշեղյանը հանիրավի չհիշատակեր մեր անունը Ադրբեջանի նախագահ Ալիեւի արտասանած ինչ-ինչ զառանցանքների համատեքստում, թերեւս, ակնարկելով, բայց չգիտես ինչու` չգրելով, որ Երվանդ Գրեկյանը ջուր է լցնում ադրբեջանական ջրաղացին, քանի որ «նսեմացնում է հայոց մայրաքաղաքը հիմնադրած Արգիշտի արքային», կասկածի տակ է առնում Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի ընդունված տարեթիվը եւ, ինչպիսի սարսափ, այն առաջ է բերում մի ամբողջ տարով:

Ահավասիկ մի քանի փաստ` անդրադարձում տեղ գտած թյուր մտքերի եւ ոչ պակաս թյուր վերլուծության շուրջը:

Նախ ցանկանում ենք նշել, որ այն անձը, ով օգնել է պրն Մուշեղյանին` ծանոթանալու մեր հոդվածներին (այստեղ նշենք, որ պրն Մուշեղյանը վաղ տարիքում կորցրել է տեսողությունը եւ գրականության հետ հաղորդակցվում է միջնորդավորված) կամ ընտրողաբար է ծանոթացրել հեղինակին մեր հոդվածների դրույթների հետ (հուսանք, որ այս մեկը նա կընթերցի ամբողջությամբ) կամ, որ առավել հավանական է, հեղինակը այդպես էլ մնացել է դրանց անհաղորդ:

Մասնավորապես, դեռեւս իր անդրադարձի սկզբնամասում պրն Մուշեղյանը նշում է, որ մեր հոդվածում (թերեւս` նկատի ունի ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդես»-ում հրատարակված հոդվածը) շոշափված թիվ մեկ խնդիրը Էրեբունի ամրոցի եւ Երեւանի հիմնադրման թվականը մեկ տարով ճշգրտելու անհրաժեշտությունն է: Իրոք զարմանալի է, քանի որ այդ հարցին մեր 19 էջանոց հոդվածում անդրադարձել ենք ընդամենը վերջին էջի տողատակում` մեկ ծանոթագրության մեջ, ընդ որում, խոսքն ամենեւին էլ մեկ տարվա մասին չէ: Բայց նախ այն մասին, թե որտեղից այդ մեկ տարին, որի մասին իրականում նա չի էլ գիտակցում:

Ալբերտ Մուշեղյանը լինելով գիտությունների դոկտոր եւ զբաղվելով նաեւ պատմագիտական խնդիրներով` պետք է իմանար, որ Ք.ա. 1 թ-ը եւ Ք.հ. 1 թ-ը երկու տարի չէ, այլ` ընդամենը մեկ տարի («զրո» թվական/տարի գոյություն չունի): Այլ կերպ ասած` ասելով Ք.ա. 1 թ. եւ Ք.հ. 1 թ. մենք նկատի ենք ունենում նույն տարին: Հետեւաբար, նա պետք է իմանար նաեւ, որ երբ հեռավոր 1968 թ-ին հանդիսավորությամբ նշվում էր Էրեբունի-Երեւանի հիմնադրման 2750-ամյակը` հաշվարկը սկսելով քաղաքի հիմնադրման ավանդական տարեթվից` Ք.ա. 782 թ-ից, արդեն իսկ կատարվել էր մեթոդաբանական պարզունակ սխալ. Ք.ա. ընկած 782 տարվան պարզապես գումարվել էր Ք.հ. ընկած 1968 (իսկ այսօր արդեն` 2018) տարին (782+1968 = 2750 կամ 782+2018 = 2800): Մինչդեռ, ինչպես նշեցինք, Ք.ա. 1 թ-ը եւ Ք.հ. 1 թ-ը դա մեկ տարի է (ընդգծումը մերն է): Հետեւաբար, արդեն իսկ սխալ հաշվարկ է իրականացվել, քանի որ Էրեբունի-Երեւանի 2750-ամյա տարեդարձը պետք է նշվեր 1969 թ-ին (հիմք ընդունելով Ք.ա. -782 թ-ը, ինչը նշանակում է, որ հաշվարկը պետք է սկսել հանելով մեկ տարի նշված թվականից, այսինքն` մենք ունենում ենք 781 տարի): Նույնը եւ հիմա` 2018 թ-ին լրանում է քաղաքի հիմնադրման 2799-րդ տարին, իսկ 2800-ամյակը լինելու է 2019 թ-ին (782-1+2019 = 2800): Այսինքն` անկախ պրն Մուշեղյանի եւ իմ կամքից` Էրեբունի-Երեւանի 2800-ամյակը (եթե հիմք ընդունենք հիմնադրման ավանդական տարեթիվը) լրանում է 2019 թ-ին:

Բայց սա մի կողմ, քանի որ ուրարտական արքա Արգիշտի Ա-ի տարեգրության` մեր կողմից առաջարկված վերակազմության համաձայն Էրեբունին հիմնադրվել է Ք.ա. 780 թ-ին եւ, ըստ այդմ, քաղաքի հիմնադրման 2800-ամյակը լրանալու է միայն 2021 թ-ին (780-1+2021 = 2800): Հետեւաբար, խոսքն արդեն երեք տարվա ճշգրտման մասին է: Ինչ խոսք, սա ադրբեջանական ջրաղացին մեր կողմից լցված հերթական մեկ դույլ ջուրն է, քանի որ մենք կասկածի ենք ենթարկում «Հռոմից 29 տարով հին Երեւան»-ի անքննելի դրույթը (իսկ թե ինչու չենք ասում` «Դամասկոսից 650 տարով ավելի երիտասարդ Երեւան», այլ հարց է):

Այս հատվածը սահմանափակելով ցանկանում ենք նշել նաեւ, որ մենք բազմիցս մերժել ենք տարբեր լրատվամիջոցների առաջարկները` հրապարակավ հանդես գալու Էրեբունի-Երեւանի հիմնադրման ժամանակի հարցի վերարծարծմամբ, գտնելով, որ Ք.ա. 782 թ-ը վաղուց արմատավորվել է հայ հասարակության մեջ, այն նշվելու է նաեւ պետական մակարդակով, իսկ մեր աշխատանքների արդյունքներն ուղղված են նախեւառաջ գիտական հանրույթին: Իսկ գիտության տիրույթում, պրն Մուշեղյան, մենք մեզ որեւէ կերպ սահմանափակված եւ կաշկանդված չենք զգում:

Իսկ այժմՙ արծարծված որոշ այլ մտքերի մասին:

Հեղինակը, չգիտես ինչու, մեզ մեղադրում է այն բանում, որ մենք որպես «աշխատանքային վարկած» ենք նշել Արգիշտի Ա-ի կառավարման տարիների համար խորհրդային շրջանի ճանաչված ուրարտագետ Գեորգի Մելիքիշվիլու կողմից առաջարկված տարբերակը: Գուցե նրա օգնականը պետք է հարկ համարեր եւ հեղինակի համար ընթերցեր մեր կողմից հղված Մելիքիշվիլու «Նաիրի-Ուրարտու» աշխատության համապատասխան էջը, որտեղ, ինչպես ասում են` «սեւով սպիտակի» վրա գրված է հետեւյալը, մեջբերում ենք. «Конечно, в наших предположениях о строении летописи Аргишти I все еще много неясного и гипотетичного» (Г.А. Меликишвили, Древневосточные материалы по истории народов Закавказья I. Наири-Урарту, Тбилиси, 1954, стр. 210), իսկ Արգիշտիի համար առաջարկված եւ հայագիտության մեջ հիմք ընդունված թվականների համար (Ք.ա. 786-764 թթ.) Մելիքիշվիլին նշում է հետեւյալը. «Конечно, полученная нами на основании вышеприведенных соображений эта дата царствования Аргишти I, является все еще условной» ( նույն տեղում ):

Հուսանք` նրա կամ իր օգնականի համար ռուսերենը մատչելի լեզու է, բայց ակնհայտ է, որ նույնը չենք կարող ասել եվրոպական այն հիմնական լեզուների մասին (նկատի ունենք, նախեւառաջ, անգլերենը եւ գերմաներենը, ուրարտագիտության պարագայում` նաեւ իտալերենը), առանց որոնց իմացության պատմագիտության բնագավառում անհնար է իրականացնել որեւէ արդյունավետ ուսումնասիրություն, թեկուզեւ` անդրադարձի մակարդակով: Լավ կլիներ, որ հեղինակը ցուցաբերեր տարրական բարեխղճություն (կամ նրան հուշեին այդ մասին) եւ նա ծանոթանար նաեւ Արգիշտի Ա-ի տարեգրության կամ նրա կառավարման թվականների շուրջ թե՛ նախկինում եւ թե՛, նամանավանդ, վերջին տարիներին ծավալված քննարկումներին (այստեղ մենք նկատի ունենք, օրինակ, վաստակաշատ ուրարտագետ Միրյո Սալվինիի աշխատանքները, որոնք հղված են մեր հոդվածներում): Հեղինակի համար «եվրոպական ուրարտագիտությունը» լավագույն դեպքում 70 եւ ավելի տարվա վաղեմություն ունեցող աշխատանքներն են, որոնք որքան էլ որ ժամանակին արժեքավոր են եղել, վաղուց այլեւս հնացած են եւ սա նույնպես` անկախ պրն Մուշեղյանի եւ իմ կամքից:

Այսպիսով, պրն Մուշեղյանն աներկբա ընդունում է Արգիշտի Ա-ի համար Գեորգի Մելիքիշվիլու առաջարկած ժամանակագրությունը: Այստեղ միայն նշենք, որ Մելիքիշվիլին, ում ներդրումն ուրարտագիտության մեջ, ինչ խոսք, անուրանալի է, իր վերակազմություններում կատարել է մեկ, խիստ էական սխալ: Նա Արգիշտիի տարեգրության մաս կազմող երկու տարբեր վիմագիր կոթողների բեկորներ, մեկը` չորս, իսկ մյուսը` երկու կողմից արձանագրված, համարել է մեկ ամբողջական կոթողի հատվածներ: Դա հանգեցրել է ուրարտական արքայի կառավարման տարիների հաջորդականության խախտմանը եւ միանգամայն սխալ վերակազմությունների: Ցավոք, Մելիքիշվիլու կողմից Արգիշտի Ա-ի համար առաջարկված գահակալության թվերը տասնամյակներ շարունակ կրկնվել են` առանց սեպագիր աղբյուրները վերագնահատելու որեւէ փորձի, ինչի արդյունքում դրանք կաղապարայնացել են եւ գիտության մեջ դարձել վերջակետ: Վերջակետ` պրն Մուշեղյանի, բայց ոչ երբեք` մեզ համար:

Անդրադարձի հեղինակը մեզ մեղադրում է հինգ տարով Մենուայի գահակալության տարիները «անհիմն» կրճատելու եւ դրանք Արգիշտիին վերագրելու մեջ, իհարկե` դարձյալ հիմք ընդունելով Մելիքիշվիլու ժամանակագրությունը եւ զուտ հավանական համարելով, որ այդ հինգ տարիներին Արգիշտին կարող էր լինել իր հոր` Մենուայի գահակիցը: Երեւի նա տեղյակ չէ, որ Մենուային հաջորդելու էր ոչ թե Արգիշտին, այլ նրա ավագ եղբայրը` Ինուշպուան, ինչի մասին են վկայում նաեւ Մենուայի եւ Ինուշպուայի անունից կազմված սեպագիր արձանագրությունները: Թե ինչու Ինուշպուան գահ չի բարձրացել` այլ խնդիր է, թողնենք դրա շուրջ մտորումները պրն Մուշեղյանին:

Հեղինակը սեւեռվել է Էրեբունի-Երեւանի հիմնադրման տարեթիվը մեկ տարով հետաձգելու գաղափարի վրա (ինչպես նշեցինք` խոսքն իրականում երեք տարվան է վերաբերում եւ դա, մեկ անգամ եւս կրկնենք, բացարձակապես մեր հիմնական ասելիքը չէր)` դրանով, իբր, պայմանավորելով Արգիշտիի գահակալության սկիզբը հինգ տարով հետ տանելու փաստը: Պարզ է, որ նրան այդպես էլ հասու չեն դարձել տարեգրության կառուցվածքին վերաբերող մեր դիտարկումները, որոնք կազմում են հոդվածի հիմնական բովանդակությունը, եւ եթե հոդվածին կից նկարները` կոթողների վերակազմությամբ հանդերձ, հասկանալիորեն նրա համար անօգտակար էին (խնդրում ենք այստեղ չարախնդություն կամ հեգնանք չտեսնել), ապա գուցե կարելի էր փոքր ինչ չշտապել եւ մեր նշած փաստարկներին ծանոթանալ նորից ու նորից: Ի վերջո, գուցե եւ ընկալվեր, որ Վանի ժայռին փորագրված Խորխորյան տարեգրությունն ամբողջական չէ, որ արքայի կառավարման սկզբնական շրջանի անցքերը դրանում տեղ չեն գտել եւ որ արքայի տարեգրությունը սկզբնապես արձանագրվել է առանձին քարակոթողի վրա, ինչը, ի դեպ, նշում են բոլոր հետազոտողները: Հին Վան քաղաքի Սուրբ Սահակ եկեղեցուց հայտնաբերվել է անգամ այդ քարակոթողի մի մասը` վերին հատվածը, որի վրա արձանագրված արշավանքների հերթականությունը համադրելով Վանա ժայռին փորագրված Խորխորորյան տարեգրության համապատասխան հատվածների հետ` պարզ է դառնում, որ Խորխորյան տարեգրության այսպես կոչված «առաջին տարվան» նախորդել է ոչ թե մեկ` Արգիշտիի գահակալության տարին, ինչպես Մելիքիշվիլին էր ենթադրում, այլ` առնվազն 7 կամ 8 տարիների նկարագրությունը, ճիշտ այնպես, ինչպես 8 տարվա անցքերի նկարագրություն է արձանագրված եղել այդ նույն քարակոթողի հակառակ երեսին: Մի՞թե դժվար էր սա հասկանալ ու զերծ մնալ «գիտնական, թե շարքային» ընթերցողին չհասկանալու մեջ մեղադրելուց` դրա իրավունքը, վստահաբար, չունենալով:

Հեղինակը, կամա թե ակամա, դիմում է նաեւ աճպարարության ` ձգտելով ընթերցողի մոտ թյուր պատկերացում առաջացնել աղբյուրների հաղորդած տեղեկությունների մասին: Մասնավորապես, Ք.ա. 780 թ-ին ուրարտական բանակի կրած պարտության փաստը ժխտելու համար (ինչի մասին են հայտնում ասորեստանյան սկզբնաղբյուրները եւ որը անուղղակի փաստում է նաեւ Խորխորյան տարեգրությունը) նա հախուռն ներկայացնում է տարեգրության մի քանի տարվա իրադարձությունների ամփոփագիրը` արշավանք դեպի Խատինիլի, Նիրիբի հովտի նվաճում, Մելիտեայի հարեւանությամբ ընկած Տուատեխի ցեղի երկրի հպատակեցում (մի կողմ թողնենք, որ Տուատեխին արքայանուն է` թաբալյան Բիթ-Բուրուտաշ երկրի արքա Տուվատիսը - Ե.Գ.), շուրջ 30 հազ. մարդու գերեվարություն, արշավանք դեպի Սեւանի ավազան եւ այլն, եւ այլն: Ապա եւ հարց է տալիս. - «... ինչպե՞ս կարողացավ պարտված Արգիշտի արքան ջախջախված զորքով եւ 30.000 գերիներով անցնել Եփրատ գետի ձախակողմը, հասնել մինչեւ Սեւանա լիճը, գրավել Քի(ե)խունի (=Գեղունի) եւ Ալիշտու քաղաքները եւ դարձյալ տղամարդկանց ու կանանց գերի վերցնելով բարձրանալ հյուսիս` Արարատյան դաշտ, ամայի տեղում հիմնել Էրեբունի բերդաքաղաքը եւ այստեղ բնակեցնել անդրեփրատյան Խաթեից եւ Սուպանիից (=Ծոփք) բերած գերիներից 6.600 ռազմիկների»: Իսկ իրականում ինչ է տարեգրությունն ասում Ք.ա. 780 թ-ի համար (հեղինակի մոտ, հետեւելով Մելիքիշվիլուն` Ք.ա. 782 թ.), այն տարվա, երբ ասորեստանյան բանակի գլխավոր զորահրամանատար Շամշի-իլուն հայտնում էր Արգիշտիին հաղթելու մասին: Խորխորյան տարեգրությունը նշում է միայն դեպի Էթիունի եւ մասնավորապես` Սեւանա լճի ավազանում ընկած երկրների դեմ ձեռնարկված արշավանքի եւ Էրեբունին հիմնադրելու մասին եւ ոչ մի խոսք Ասորեստանին կամ նրա արքային հաղթելու մասին: Մի՞թե տարեգրության լռությունը արքայի կրած անհաջողության վկայությունը չէ:

Հեղինակի անդրադարձը լի է բազում անճշտություններով: Օրինակ, նրա կողմից հաճախակի հղվող եւ ինչ-ինչ չարամտությունների մեջ մեղադրվող Կ. Գրեյսոնը նորասորեստանյան արքայական արձանագրությունների դիվանի հեղինակն է եւ ոչ թե` ասորեստանյան էպոնիմների ցանկի նոր հրատարակության, որի հեղինակն է Ա. Միլարդը , մակերեսային են նրա գիտելիքները Ասորեստանի` համաժամանակյա շրջանի պատմության մասին, ինչի վկայությունն են նրա թյուր պատկերացումները Ասորեստանում Սալմանասար Դ արքայի ունեցած իշխանության (իսկ ավելի շուտ` դրա բացակայության) եւ բանակի գլխավոր զորահրամանատար Շամշի-իլու դերակատարության մասին, մի անձ, ով իր արձանագրություններում իրեն համարում էր «գլխավոր զորավար, զորագլուխն ընդարձակ բանակի, կառավարիչը Խաթթի երկրի, Գուտի երկրի եւ ողջ Նամրի երկրի, Արեւմուտքի նվաճող...», եւ իրեն իրավունք էր վերապահել արձանագրություններ թողնելու` առանց արքայի անունն անգամ նշելու (հետաքրքրական է, պրն Մուշեղյանին փորձե՞լ են գոնե ներկայացնել այդ տեքստերը):

Իսկ ընդհանրապես` զգայական հարթությունը այն միակ զենքն է, որը հաջողությամբ բանեցնում է պրն Մուշեղյանը: Մեզ մեղադրելով իբր թե Արգիշտիին նսեմացնելու փորձերի մեջ (դե իհարկե, ինչպես կարելի է Արգիշտիին մեղադրել ասորեստանցիներից կրած պարտության մեջ. դա նույնն է, ինչ Տիգրան Մեծին մեղադրես Տիգրանակերտի ճակատամարտում Լուկուլլոսից կրած պարտության մեջ), նա իր հերթին նսեմացնում է ասորեստանյան այդ նույն զորավարի դերը` ակամայից խոստովանելով միայն, որ 28 տարի նա է զբաղեցրել գլխավոր զորավարի պաշտոնը, ինչը, ի դեպ, աննախադեպ երեւույթ էր Ասորեստանի պատմության մեջ:

Իր ընդարձակ անդրադարձի մի զգալի հատվածը նա նվիրել է մի հարցի` փորձելով Դոհուկի ասսուրերեն արձանագրությունը վերագրել Արգիշտիին` հետեւելով Է. Ֆորրերի եւ Լ.Ֆ. Լեման-Հաուպտի ` շուրջ հարյուրամյա վաղեմություն ունեցող կարծիքներին: Հույս ունենք, որ իր անդրադարձի վերջում նշված ավետիսը` իր լուրջ բացահայտումների մասին, չի վերաբերում սրան: Կանխելու համար առաջանալիք հարցերը` անմիջապես նշենք, որ Արգիշտին չէր կարող թողնել մի արձանագրություն, ուր Շամշի-իլուին կհամարեր «ճակատամարտում անվախ այր», իսկ իր համար կնշեր, թե «լքել է իր ճամբարը եւ անհետացել` եզակի ձի հեծած»...:

Մենք չենք ցանկանում ընթերցողին ծանրաբեռնել նեղ մասնագիտական նորանոր մանրամասնություններով եւ գրականության հղումներով. հետաքրքրասեր ընթերցողը դրանք կարող է գտնել անգամ համացանցում:

Վերջում միայն ցանկանում ենք պրն Մուշեղյանին մատնանշել մեր եւս մեկ հոդված («Կառլ Ֆրիդրիխ Լեման-Հաուպտը եւ ուրարտական արքայացանկը. «Երեք Ռուսաներ»-ի խնդրի շուրջ», ՎԷՄ Համահայկական հանդես, Թիվ 2(58), ապրիլ-հունիս, 2017, էջ 23-37): Այն վերաբերում է մասնագիտական գրականության մեջ վաղուց արդեն քննարկվող, սակայն, ցավոք, հայագիտական շրջանակներին հիմնականում անծանոթ մեկ այլ հարցի` Ռուսա անունը կրող ուրարտական արքաների հաջորդականության խնդրի վերարծարծմանը: Շտապենք նշել, որ մեր տեսակետը կրկին տարբերվում է Ձեզ հայտնի ժամանակագրությունից, ուստի եւ` սպասում ենք Ձեր նոր անդրադարձին:

Շնորհակալություն չենք հայտնում Ձեզ` պրն Մուշեղյան, ակամայից մեր տեսակետները հանրայնացնելու համար: Պարզապես, հարգելով Ձեր տարիքը եւ միմիայն տարիքը` հրապարակավ խոստանում ենք այսուհետեւ որեւէ կերպ չարձագանքել Ձեր որեւէ հրապարակմանը` դրանցում արտահայտված մտքերի կամ օգտագործված բառապաշարի որակից անկախ: Այդ պատվին Դուք արդեն իսկ արժանացել եք:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #23, 15-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ