ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՑԻ ԽՆԴԻՐԸ ԿԱՄ ՄԻ ԲՈՒՌ «ԱՂ»ՙ ԱԲՈՎՅԱՆԻ «ՎԵՐՔԻՆ» Գեւորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Երբ առաջին անգամ «Վերք Հայաստանին» կարդացի, հոգվույս մեջ այնպիսի ալեկոծություններ զգացի, որ երբեք չեմ մոռանար: Կոմիտաս Դեռեւս 90-ականների սկզբին որոշ խելոք գլուխներ կանխատեսում էին, որ տնայնագործական գրականագիտությունը մի օր մեր գրականության «գլուխն ուտելու է», եւ նրանք չսխալվեցին: «Գլխակեր» գրող-գրականագետները միշտ էլ շատ են եղել մեր իրականության մեջ, դեռեւս ստալինյան բռնաճնշումների շրջանից մեզ հայտնի են մի շարք հմուտ «գլխակերներ»: Բայց հին ու նոր գլխակերների մեջ մի մեծ տարբերություն կա, եթե հները հիմնականում ուտում էին գրողների գլուխները, նորերը ուտում են գրողի երկերի գլուխները. այսինքն տասնամյակների ընթացքում «ախորժակի փոփոխություն» է տեղի ունեցել: Ահա այդպիսի մի «ախորժակի փոփոխությամբ» համակցված «գրականագիտական գլխակերության» դեպք էլ տեղի է ունեցել 2016 թ.: Արսեն Սարգսյան անունով մի մարդ, չգիտես որտեղից, որոշել է, որ «Վերք Հայաստանի» վեպի լեզուն այլեւս անհասկանալի է ընթերցողին եւ «տուրք տալով ժամանակի պահանջներին»` «փոխադրել» է այն: Որոշել է, պատկերացնու՞մ եք: Չնայած հետաքրքիր էՙ ո՞վ է նրան թույլ տվել «հեշտացնել» վեպը, կամ ամենակարեւորըՙ ո՞վ է ապացուցել, որ այն դժվար է, իսկ փոխադրությունըՙ ժամանակի տուրք, ովքե՞ր են այդ ժամանակի կրողները եւ ի՞նչ ակնկալիք ունեն վեպից, ո՞ր կողմից են մոտենում դրան եւ այլն: Մի՞թե պարոնը չգիտի, որ լեռնագնացը լեռան բարձունքը գրավելու համար ոչ թե քանդում է այն, այլՙ բարձրանում լեռն ի վեր: Կատարվել են այնպիսի փոփոխություններ, որոնք առաջին հայացքից ծիծաղ են առաջացնում, ապաՙ զայրույթ: Խմբագրական կոլեգիայի անդամներից հատկապես ո՞ւմ մտքի փայլատակումն է եղել Նազլու անունը զուգորդել Նազիկի հետՙ Նազլու-Նազիկ: Բայց այս առումով պետք է ուրախ լինենք, որ Կարոյին Կարապետ չի դարձրել, Մոսունՙ Մովսես, Անի քաղաքն էլ, ի պետս ժամանակի, Անուլ չի դարձրել, ոնց որ ժողովուրդն է ասումՙ «Աստված էլ բեթարից կարոտ պահի»: Վեպում կան հատվածներ, որտեղ նույնիսկ մեկ շաղկապի փոփոխությունից կարող է մթագնել ամբողջ իմաստը, էլ ուր մնաց նախադասությունների փոփոխությունները, որի արդյունքում վեպն ուղղակի դարձել է լավ գաղափարների սխալ արտահայտություն: Կարծում եմ` փոխադրողը պետք է իմանար, որ վեպում նկարագրվող մարդուն լավագույնս հասկանալու համար հարկավոր է այն կարդալ Աբովյանի «հին ու անհասկանալի» լեզվով: Օրինակՙ վեպի «Հառաջաբանում» (որն, ի դեպ, «անողոք» գրչի «գերժամանակակից» ցնցումների արդյունքում «Առաջաբան» է դարձել) բոլորիս հայտնիՙ Կրեսոսի համր որդու խոսքն ուղղված պարսիկ զորականինՙ խմբագրման արդյունքում կորցրել է իր բուն հմայքն ու ոգեղենությունը: Բնօրինակն այսպես է. - Անօրե՛ն, էդ ու՞մ ես սպանում, քաշի՛ր թուրդ ետ, չե՞ս տեսնում, որ առաջիդ Կրեսոս ա, աշխարքի տերն ա : Փոխադրված տարբերակումՙ. - Անօրեն, ո՞ւմ ես սպանում, հեռացրու թուրդ, չե՞ս տեսնում, որ քո առաջ Կրեսոսն էՙաշխարհի տերը: (Փոխադրված հատվածները կլինեն շղատաղ: Գ.Գ.) Կամ, վեպի գլխավոր հերոս Աղասու խոսքն ուղղված խանի ֆառաշներին: Բնօրինակՙ - Դժո՛խքի որդիք, ձեզ ո՞վ ա ղրկել էստեղ, ո՞ւմ վրա եք էդպես կատաղել: Ասենք, թե հայը ձեն չի՛ հանում, պետք է նրան սաղ-սաղ ուտե՞ք: Աչքըներիդ լիսը կթռցնեմ էս սհաթը, կորե՛ք, թե չէ ամեն մեկդ ճուտի պես առաջիս կթպրտա: Քանի էս կուռը վրես ա, դուք էստեղանց թել չե՛ք կարող դուս տանիլ : Փոխադրությունՙ - Դժողքի ծնունդներ, ձեզ ո՞վ է այստեղ ուղարկել, ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում, ո՞ւմ վրա եք այդքան կատաղել, ասենք, թե հայը ձայն չի հանում, ուրեմն նրան պետք է ողջ-ողջ ուտե՞ք: Հենց հիմա, բոլորիդ աչքերի լույսը կթռցնեմ, կորեք, թե չէ ամեն մեկդ հավի ճտի պես կթպրտա առջեւս: Քանի այս ձեռքը կա, դուք այստեղից մի թել անգամ չեք տանելու: Ահա, այս փոքր, բայց շատ կարեւոր հատվածները գալիս են ապացուցելու ոչ միայն վերը բերված պնդումները, այլեւ հավելում, որ անգամ փոխադրության տեխնիկական կողմը փոխադրության նման չէ: Բառերն անհարկի դուրս են մղվել, որոշ բառեր էլՙ հավելվել, կան բառ-բառակապակցություններ, որոնք ոչ թե փոխադրվել են, այլ փոխարինվել բնագրի հետ կապ չունեցող բառակապակցությամբ, օրինակ ` «դժողքի որդիներ» բառակապակցությունը փոփոխվել էՙ «դժողքի ծնունդներ» -ով, «ո՞ւմ վրա եք էդպես կատաղել» -ը վերածվել է, «ո՞ւմ վրա եք ձեռք բարձրացնում» -ի եւ այլն: Սրանք փոփոխություններ են, որոնք պարզապես ոչնչացրել են աբովյանական շունչն ու ոգին: Վեպի հիմնական հերոսները 19-րդ դարի հայ գյուղացիներ են (պարսիկ զորականներըՙ բացառություն),հետեւաբար չի կարելի արհեստականորեն նրանց պարանոցին փաթաթել 21-րդ դարի լեզվամտածողությունը, եւ տեքստը տարանջատել գոծողություններից, բառըՙ արտաբերողից: Այս ամենը հաշվի չի առնվել եւ փոխադրության արդյունքում իմաստազրկվել են մի շարք խոսքի կառույցներ, որոնք տիպիկ գյուղական են եւ այլընտրանք ունենալ չեն կարող: Սա եւս ապացուցում է, որ Աբովյանի վեպը ոչ միայն փոխադրվելու կարիք չունի, այլեւՙ երբեւէ չի էլ ունենալու, հասկացողը կհասկանա, վերջին հաշվով եթե որեւէ մեկի ուղեղը փոքր է «Վերք Հայաստանին» հասկանալու համար, պետք է ոչ թե «վերանարոգված» տարբերակ փնտրի, այլ ուղեղի ծալքերը շատացնի: Հանճարեղ Վիլյամ Շեքսպիրն ստեղծագործել է հին անգլերենով, եւ մինչ օրս նրա երկերը ոչ միայն վերահրատարակվում են հին անգլերենով, այլ խստիվ արգելված է որեւէ տիպի փոփոխություն մտցնել որեւէ երկի որեւէ հատվածումՙշեքսպիրյան լեզվամտածողությունը չխամրեցնելու համար: Ի՞նչ եք կարծում, ագլիացիները չե՞ն կարող ժամանակակից անգլերենի փոխադրել Շեքսպիրի երկերը, թե՞ ժամանակակից անգլերենի մասնագետ չունեն: Ոչ եւ երիցս ոչ: Փոխարենն ամեն շեքսպիրյան հրատարակություն լույս է տեսնում նախկին հրատարակության ծանոթագրությունները վերստին լրամշակված: Մենք չե՞նք կարող այսպես անել, մենք չե՞նք կարող թարմացնել Աբովյանի վեպի ծանոթագրությունները: Թող վեպի չափ էլ ծանոթագրություններ լինեն, դեռ մի բան էլ ավելի, բայց բնագիրը պահպանվի, որովհետեւ բնագիրն Աբովյանինն է, իսկ Աբովյանն անփոխարինելի է: Որոշ մարդիկ, կարծեմՙ դարձյալ տնայնագործ, նմանատիպ փոխադրություններն արդարացնելու համար որպես ապացույց բերում են գրաբարից արդի հայերենի փոխադրված, 10-րդ դարի բանաստեղծ Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան» պոեմը: Բայց այստեղ միանգամից իր հատու խոսքն է ասում գրականագիտական շառաչուն ապտակը, ապացուցելով, որ մենք հեռացել ենք մեր լեզվի այդ ոսկեղենիկ տարբերակից, մեր սկզբից, մենք ուրացել ենք այն, դրա համար, ցավոք սրտի, այսօր ստիպված ենք «Մատեան ողբերգութեան» պոեմը կարդալ երրորդ մարդուՙ փոխադրողի միջոցով. մեղա՜, մեղա՜, Նարեկացուն: Բայց այսօր, երբ հնարավոր է հասկանալ ու պահպանել նախանցյալ դարի լեզուն, ինչո՞ւ փոխադրել այն, գրաբարն արդեն կորցրել ենք, դա՞ էլ կորցնենք: Լավ, Ֆրիկին, Քուչակին, Սայաթ-Նովայի՞ն էլ փոխադրենք: Վայ այն սերնդին, որ Ֆրիկին, Քուչակին, Սայաթ-Նովային, Աբովյանին ու մյուսներին, չի հասկանա, դա կլինի մի տեսակ նահանջ, գուցեեւՙ հենց առանց երգի: Եվ այսպես, որպես հիմք ունենալով անցյալի ու ներկայի հայտնի աբովյանագետներին, հանդգնում եմ իմ համեստ տեսակետները համեմատել նրանց աներկբա ելակետային տեսակետների հետ եւ գալ այն եզրակացության, որ այս նախաձեռնությունը գրականագիտական խոտան է եւ կամա-ակամա փչացնում ու որակազրկում է «Վերք Հայաստանի» վեպը: Նշեմ, որ բացի այս վեպից, արեւմտահայերենից «փոխադրվել» է նաեւ Շահան Նաթալու «Թուրքերը եւ մենք» աշխատությունը: Այս եւ նմանատիպ խնդիրների լուծման ճանապարհին ամենամեծ անելիքն, իհարկե, ժամանակակից գրականագետներինն է, որոնք, չգիտեսՙ ինչու, լռում են, բայց պակաս անելիք չունի նաեւ Մշակույթի նախարարություննՙ իր մշակույթի մարմնացում հանդիսացող նախարարի գլխավորությամբ: Ես ցանկանում եմ հարցնել այդ կառույցինՙ դուք կա՞ք, գոյություն ունե՞ք որպես այդպիսին, թե՞ տարված լինելով մշակույթին ոչինչ չտվող ֆորումներովՙ մոռացել եք, որ իսկական մշակույթը ճաքեր է տալիս: Գործե՛ք, գործե՛ք, սա գրականության հացի խնդիրն է: |