ՆԱՐ-ԴՈՍԻ ՀԵՐՈՍ ՋԱՓԻՆՅԱՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՆԱԽԱՏԻՊԸ Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Նար-Դոսի «Նեղ օրերից մեկը» պատմվածքը շատերիս հայտնի է դպրոցական դասագրքերից: Այնտեղ առկա է «կայսերական թատրոնների երգիչ» Ջափինյանի դրվագային, սակայն տպավորիչ կերպարը: Թիֆլիսահայ լրագրի խմբագրության ցուրտ սենյակում նստած աշխատում են թերթի քարտուղարն ու պատմվածքի գլխավոր հերոս Պատրիկյանը, երբ սենյակ է մտնում այս Ջափինյանը, դժգոհում շոգից, ասում «Իբրեւ հայ երգիչ, իմ բարոյական պարտքս համարեցի այցելել ձեր խմբագրատուն», խոսում է իր գործունեությունից, արդարացնում իր բեմական անունը Ժապինով դարձնելը, հավաստիանում, որ իր այցելության մասին կգրվի թերթում եւ հեռանում: Քարտուղարը նրա հեռանալուց հետո ասում է. «Գիտե՞ս ով էր: Երեկ-մեկէլ օրվա քելեխ ուտող տիրացուն էր, է՛... Նո՛ր հիշեցի, Պատրիկ ջա՛ն, նոր: Խմբագիրը պատմում է, թե երեսփոխական արարողությունների մասին որ հայտարարություն էր բերում, չէր համարձակվում դռան շեմքից առաջ գալ, իսկ հիմա... իր բարոյական պարտքն է համարել այցելություն տալու խմբագրությանը: Ցիլինդրի տակ լրագիր դրեց, որ չփոշոտվի: Տեսա՞ր նրա փողկապի ադամանդը, մուշտակը: Մենք այստեղ ցրտից կաղկանձում ենք, իսկ նա քրտինքն էր սրբում... Գնացել վարժապետ եւ գրող ես դառել, վայ, գրողը տանի քեզ, Պատրիկ ջան, գրո՛ղը... ինձ էլ քեզ հետ»... Թեեւ Ջափինյանի այս որոշ չափով գրոտեսկային կերպարը կարող է մտացածին թվալ, սակայն անհավանական չենք համարում, որ նա ունեցել է որոշակի նախատիպ եւ ահա՛ թե ով կարող էր եղած լինել: Սկսած 19-րդ դարի վերջիցՙ ռուսական օպերային թատրոններում եղել են մի քանի աչքի ընկնող հայ երգիչներՙ Պետրոս Աֆրիկյան, Ներսես Շահլամյան, Արշակ Կոստանյան, Բեգլար Ամիրջան: Վերջինս էլ իր գործունեությամբ ամենից շատ է համապատասխանում Ջափինյանի կերպարին: Բեգլար Ամիրջանյանը (1868-1937) ծնվել է Թիֆլիսում: Ուսանել է Ներսիսյան վարժարանում: 1886-1889 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (Մակար Եկմալյանի հրավերով երգել է Պետերբուրգի հայկական եկեղեցում): Համագործակցել է Կոմիտասի, Քրիստափոր Կարա-Մուրզայի հետ: 1894 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորիան եւ իտալական օպերային թատրոնի կազմով հանդես է եկել Մոսկվայում: 1895-1916 թվականներին եղել է Մոսկվայի Մեծ, Թիֆլիսի արքունական թատրոնների, Սանկտ Պետերբուրգի ժողովրդական տան եւ ռուսական տարբեր քաղաքների օպերային թատրոնների մեներգիչ: 1913-ից երգեցողություն է դասավանդել Պետերբուրգում, ապաՙ Թիֆլիսում: 1921 թվականին նրա նախաձեռնությամբ բացվել է ժողովրդական երգի հինգ դպրոց: 1932 թվականին գլխավոր դերով նկարահանվել է Լեո Էսակիայի «Շակիր» ֆիլմում: Ամիրջանը թիֆլիսեցի է, ինչպես եւ Ջափինյանը: «Նեղ օրերից մեկի» գրման թվականին (1904) նա արդեն կայսերական թատրոնների մեներգիչ էր: 1916 թվականին Երեւանի «Էրիվանսկիե օբյավլենիյա» («Երեւանյան հայտարարություններ») ռուսերեն-հայերեն թերթը նրան հիշել է հենց «Կայսերական թատրոնների երգիչ Բ. Ամիրջան» ձեւով («Эриванские объявления», 26.03.1916): Հուշող է նաեւ երգչի եւ գրական կերպարի ազգանունների մեջ ջ տառի առկայությունը. երգիչը կրճատել է ազգանվան -յանը, իսկ Ջափինյանը ռուսացրել է ազգանունը: Ինչ վերաբերում է պատմվածքի այն նշմանը, որ նա «երեկ-մեկէլ օրվա քելեխ ուտող տիրացուն» էր, չի բացառվում, որ մինչեւ Պետերբուրգ գնալը (որտեղ, ինչպես նշվեց, երգել է տեղի հայկական եկեղեցում) Ամիրջանյանը տիրացություն է արել նաեւ Թիֆլիսի հայկական եկեղեցիներից մեկում: Վերջապես, կարեւոր է հաշվի առնել նաեւ Ամիրջանի եւ Ջափինյանի արտաքինը: Նար-Դոսը Ջափինյանին բնութագրել է որպես «մի թիկնավետ երիտասարդ, բեղերն ու մորուքը սափրած»: Ամիրջանը նույնպես եղել է թիկնեղ եւ հաճախՙ սափրված դեմքով: Ինչպես վկայել է Եվգենյա Արիստակյան-Պոլյակինան իր անտիպ հուշերում. «Պետրոգրադի Պետական օպերայում բավականին բարդ տեղ էր բռնում բարիտոն Ամիրջանը: Նա նման էր մեր դերասան Պետրոսյանին, նրա պես բարձրահասակ եւ գեր էր, բայց իր աչքերը շատ խոշոր էին, հաստ հոնքերով, որոնք կարծես կախված էին այդ աչքերի վրա, ուսերըՙ լայն, ձեռքերըՙ հաստ, քայլվածքըՙ ծանր: Ամեն ինչ մեծ էր նրա մեջ, եւ նա նմանում էր մի խոշոր սեւ արջի, որը մեծ թաթով կարող է կործանել սեղան, աթոռ, ինչ որ գտնե առջեւը: Երբ նա մեզ մոտ էր եկել «Դեւ» օպերայի մեջ երեւալու համար, ես միշտ վախենում էի, որ մեր հյուրասրահի սպիտակ, կանաչ մետաքսով աթոռները կոտրվեն, երբ նա նստում էր նրանց վրա: Ինքն էլ էր վախենում եւ ասում էր ծիծաղելով մորս. «Տիկի՛ն Արիստակյան, իմ ջանդակին այս տեսակ ֆինտիֆլոշ աթոռները չեն սազում» : Հանդիպադրենք «Նեղ օրերից մեկը» պատմվածքիՙ Ջափինյանին վերաբերող մի քանի այլ հատվածներ Բեգլար Ամիրջանի հետ, եւ նմանություններն ավելի ակնհայտ կլինեն: «Նեղ օրերից մեկը» | Ամիրջանի կենսագրությունից | - Կարելի՞ է մտնել,- լսվեց մի ուժեղ բարիտոն: | Համարվել է ժամանակի լավագույն բարիտոններից մեկը, «թիֆլիսյան Կոտոնյի»: | Երեւի գիտեք, որ ես ձայնս մշակել եմ Իտալիայում: | 1894 թվականին ավարտել է Միլանի կոնսերվատորիան: | ....սրանից վեց տարի առաջ, ինձ հրավիրեցին Օդեսա: Երկրորդ տարին երգեցի Իրկուտսկում, հետո մի-մի սեզոն էլ երգել եմ Խարկով, Կիեւ, Մոսկվա, իսկ անցյալ սեզոնին երգում էի Պետերբուրգում: Այժմ ինձ հրավիրել են Թիֆլիս: | Ի թիվս այլ ռուսական քաղաքներիՙ հանդես է եկել նաեւ Մոսկվայում, Պետերբուրգում, Իրկուտսկում, Խարկովում եւ Կիեւում: | Երգելու եմ Օնեգինի պարտիան: Հետո դուրս կգամ «Մազեպայ»-ի, «Կնյազ Իգոր»-ի, «Կապեց Կալաշնիկով»-ի, «Ցարսկայա նեվեստա»-ի, «Ժիզն զա ցարյա»-ի, «Ռուսլան եւ Լյուդմիլա»-ի, «Ռուսալկա»-ի եւ ուրիշ օպերաների մեջ: | Ի թիվս այլ օպերաներիՙ հանդես է եկել նաեւ «Եվգենի Օնեգին», «Մազեպա», «Իշխան Իգոր», «Ռուսլան եւ Լյուդմիլա», «Կյանք ցարի համար» օպերաներում: |
Մենք հակված ենք կարծել, որ Ջափինյանի կերպարը կերտելիս Նար-Դոսը սոսկ կիրառել է Բեգլար Ամիրջանի անձի եւ կենսագրության որոշ դրվագներ, ոչ թե ստեղծել հենց նրա կերպարը: Ամիրջանն իրականում հեռու էր այն ոչ դրական կերպարից, որպիսին ներկայանում է Ջափինյանը «Նեղ օրերից մեկը» եւ «Վերջին մոհիկանները» պատմվածքներում: Նա կանգնած է հայ օպերային արվեստի ակունքներում, որը մտահոգվել է մայրենի լեզվով օպերա ունենալու հարցով, ուստիեւ 1914-ին նրա նախաձեռնությամբ Մոսկվայում բեմադրվել է «Դեւը» օպերան, որտեղ հանդես է եկել գլխավոր դերով: Դարձյալ մեջբերենք Եվգենյա Արիստակյան-Պոլյակինային. «Նրա ունեցած ձայնը ուժեղ, բայց նույն ժամանակ շատ փափուկ բարիտոն էր: Երգում էր «Դեւը», որը իր ամենահաջող դերերից մեկն էր, երգում էր Տոնիոն «Պալիաչչիի» մեջ, նույնպես շատ հաջող: Սակայն այն պատճառով կամ ավելի շատՙ պատրվակով, թե իր առոգանությունը ռուսերենի մեջ մաքուր չէ (ճիշտ է, ռուսերեն շատ կոպիտ էր խոսում, սակայն երգելու ժամանակ այդ չէր կարող շատ խիստ կերպ նկատի գալ) նրան երբեք առաջ չտարան, նա չունեցավ այն տեղը, որն իր ձայնի հատկությամբ եւ գեղեցկությամբ պիտի գրավեր, եթե ռուս լիներ» ... |