«ՈՍԿԵ ԾԻՐԱՆ». ՓԱՍՏԵՐԻ ԼԵԶՎՈՎ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի թիմ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն անցած 15 տարիների ընթացքում ձեռք բերեց բազմաթիվ բարեկամներ եւ բնականաբար նաեւՙ չկամներ: Քավ լիցի, մենք չենք սպասում, որ բոլորը պարտավոր են մեզ սիրել: Մենք միշտ պատրաստ ենք լսել նաեւ որեւիցե առողջ քննադատություն, եթե դա անում են իրազեկ եւ սրտացավ մարդիկ: Երբ երեք տարի առաջ «Ազգ» շաբաթաթերթում (2015, հուլիսի 17) Նաիր Յան ստորագրությամբ հեղինակը հանդես եկավ փառատոնին եւ մասնավորապես նրա հիմնադիր Հարություն Խաչատրյանին նվիրված «Ծիրան, ծիրան, «Ոսկե ծիրան» հեգնական հոդվածով, մենք հարկ չհամարեցինք արձագանքելՙ համարելով այն մի լրագրողի սուբյեկտիվ կարծիք: Երեք տարի անց նույն հեղինակը այս տարվա հուլիսի 14-ին տպագրված իր «Ոսկե ծիրանից» կախված» հոդվածում նույն կրքով քննադատում է «Ոսկե ծիրանը» ՙ կրկնելով նախկինում իր ասածները: Մենք դարձյալ չէինք անդրադառնա այս հոդվածին, եթե չլիներ «Ազգ» շաբաթաթերթի ընթերցողների մեծ քանակը ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհում: Հակված չենք կարծել, թե «Ազգը» հատուկ անբարյացակամություն է դրսեւորում երեւանյան կինոփառատոնի հանդեպ, այլ հակված ենք մտածել, որ պարզապես կեղծանվան ներքո թաքնված իր աշխատակիցն է անտեղյակ ոլորտից: Իսկ այս անդրադարձով մենք նպատակ չունենք «լիկբեզ» անցկացնելու անծանոթ հեղինակի համար, պարզապես կա մի քանի կետ, որոնց վրա անհրաժեշտ ենք համարում հրավիրել ընթերցողների ուշադրությունըՙ ետ պահելու համար նրան թյուրիմացությունից: Հայ կինոյի զարգացմանը մեզնից շատ ավելի նախանձախնդիր Նաիր Յանը երկու հոդվածում էլ հեգնում ու դժգոհում է, որ «Ոսկե ծիրանը» չի նպաստում ազգային կինոարվեստի զարգացմանը: Անկեղծ ցավում ենք, որ հեղինակը լրիվ անտեղյակ է թեմայից, եւ որ նա նմանվում է այն պատահական անցորդներին, որոնց համար փառատոնն սկսվում եւ ավարտվում է կարմիր գորգով: Այդպիսի մարդիկ գուցեեւ պարտավոր չեն իմանալ «Master School of Cinema» նախաձեռնության կամ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի մասին, որը փառատոնն իրականացնում է տաս տարուց ավելիՙ կինոցուցադրություններին զուգահեռ: Այս ծրագրի շրջանակներում տարեկան տասնյակ երիտասարդ ռեժիսորներ, սցենարիստներ, պրոդյուսերներ մասնակցում էին ժամանակակից կինոյի վարպետների եւ մասնագետների վարած թրեյնինգներին, աշխատարաններին եւ վարպետության դասերին: Հենց այս ծրագիրն է ճանապարհ հարթել վերջին տարիների լավագույն հայկական ֆիլմերի ստեղծման համար, մասնավորապեսՙ Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» («Ալավերդի»), Իննա Սահակյանի եւ Արման Երիցյանի «Հայաստանի վերջին լարախաղացը», Սերժ Ավետիքյանի «Փարաջանով», Լուսին Դինքի «Սարոյանլենդ» եւ այլ ֆիլմերի համար: Ընդհանուր առմամբՙ 2007 թվականից ի վեր «Ոսկե ծիրանի» համաարտադրության հարթակները զանազան կինոնախագծերի զարգացման եւ ֆիլմերի արտադրության համար հատկացրել են 76.000 եվրո եւ 160.000-ից ավելի ԱՄՆ դոլար: Իսկ եթե հաշվի առնենք այն գումարները, որոնք տարիների ընթացքում ծախսվել են միջազգային բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ հայաստանյան թրեյնինգների, սեմինարների եւ այլ կրթական միջոցառումների կազմակերպման վրա, ապա ընդհանուր հաշիվը եռակի ավելին կլինի: Սակայն այն, ինչ ներելի է կարմիր գորգը պատահաբար տեսած հյուրին, ներելի չէ լրագրողին, որը շահարկում է հանրային կարծիքը: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այն, որ հոդվածի հեղինակը չի նկատել կամ հատուկ չի ցանկացել նկատել «Ոսկե ծիրանի» նոր նախաձեռնությունը, որով խոշոր հաշվով պայմանավորված էր 15-րդ հոբելյանական փառատոնի յուրահատկությունը: Խոսքը «Ոսկե ծիրանի» GAIFFPro նոր հարթակի մասին է, որը միտում ունի զարգացնել կինոարտադրության տեխնոլոգիաները եւ մասնագիտական շփումը տեղական, տարածաշրջանային եւ արտասահմանյան կինոգործիչների միջեւ: Միջազգային մասնագետներն իրենց փորձն ու գիտելիքներն էին փոխանցում մասնակիցներինՙ վարելով վարպետության դասեր եւ փիթչինգ սեսիաներ, ֆիլմի նախագծի եւ սցենարի զարգացման աշխատարաններ, Փոքր Կովկասի տարածաշրջանի կինոռեժիսորների համար նախատեսված կինոնախագծերի եւ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի արտադրական շուկաներՙ ֆինանսավորման եւ համագործակցության նոր հեռանկարներ բացելով տեղի կինոգործիչների համար: Ամենեւին ցանկություն չունենալով վատնել ընթերցողի ուշադրությունն ու ժամանակն ակնհայտն ապացուցելու վրաՙ ներկայացնենք միայն GAIFFPro նախագծի չորուցամաք արդյունքները: Եվ այսպեսՙ «Ոսկե ծիրանի» նոր նախաձեռնությունըՙ GAIFFPro-նՙ փաստերով եւ թվերով. Հավատարմագրում - ավելի քան 80 կինոգործիչ, որոնց մեծ մասը հայեր էին, դիմել եւ ստացել էին GAIFFPro եւ C2C կինոշուկայի հավատարմագրում` հնարավորություն ստանալով մասնակցել միջազգային առաջատար մասնագետների մասնակցությամբ մասնագիտական աշխատարաններին, հանդիպումներին, քննարկումներին : C2C կինոշուկա - «Ոսկե ծիրանի» շրջանակներում կայացավ C2C տարածաշրջանային կինոշուկա, որին մասնակցեցին 12 կինոնախագծեր, երեքական յուրաքանչյուր երկրից` Հայաստան, Թուրքիա, Իրան եւ Վրաստան, ինչպես նաեւ աշխատանքային փուլում գտնվող ութ ֆիլմ` երեքական Հայաստանից եւ Վրաստանից, մեկականՙ Իրանից եւ Թուրքիայից: Կինոշուկայի օրերին այս նախագծերի հեղինակները 96 անհատական հանդիպում ունեցան Եվրոպայի եւ ԱՄՆ-ի լավագույն հիմնադրամների ներկայացուցիչների, պրոդյուսերների հետ: «ՍինեՄիտք» դասընթացներ - 11 հայ երիտասարդ կինոգործիչ մասնակցել են «ՍինեՄիտք» դասընթացին, որը բաղկացած է եղել 10 պարապմունքից: Այս դասընթացներն սկսել էին դեռեւս ապրիլին, իսկ դասընթացի ավարտին` հունիսի 30-ին,մասնակիցներն իրենց կինոգաղափարները ներկայացրին հանրությանը: Արդեն «Ոսկե ծիրանի» օրերին 16 կինոնախագիծ մասնակցել է թրեյնինգներին, որոնք վարել են Լյուդմիլա Ցվիկովան (Նիդեռլանդներ), Գիյոմ դե Սիլը (Ֆրանսիա) եւ Քարին Արիկյանը (ԱՄՆ): Հուլիսի 12-ին մասնակիցներին հնարավորություն է տրվել ներկայացնել իրենց նախագծերը ժյուրիին: Նախագծերից երկուսը` վավերագրական «Ապերը» եւ խաղարկային «Վարորդը», ստացել են 900.000-ական դրամ զարգացման մրցանակ, որը հովանավորվել է ՀՀ վարչապետի կողմից: Այս տարի «Ոսկե ծիրանի» շրջանակներում հերթական անգամ անցկացվել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը, որի շրջանակներում չորսական կինոգործիչ Հայաստանից ու Թուրքիայից ներկայացրել են իրենց նախագծերը միջազգային ժյուրիին, որոնցից մեկը` «Ինքնուրույնը», արժանացել է ԵՄ եւ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմանը` 7000 եվրո: Վարպետության դասեր - «Ոսկե ծիրանի» շրջանակներում վարպետության դասեր են անցկացվել ՀԲԸՄ-ում եւ Թումո կենտրոնում: ՀԲԸՄ-ում հանդիպումներ են եղել փառատոնի պատվավոր հյուրեր Վալերի Մասադյանի (50 մասնակից), Դարեն Արոնոֆսկու (300 մասնակից), Ուլրիխ Զայդլի (150 մասնակից), Ասղար Ֆարհադիի (200 մասնակից), Շոն Բեյքերի (150 մասնակից) եւ Ջանֆրանկո Ռոզիի (100 մասնակից) հետ: Թումոյում հանդիպումներ են անցկացվել Դարեն Արոնոֆսկու, Արսինե Խանջյանի եւ Լարի Սմիթի հետ : Ավելի քան ակնհայտ է, որ Դարեն Արոնոֆսկու, Լարի Սմիթի կամ Արսինե Խանջյանի կողքին կարմիր գորգի վրա հայտնվելն ամենեւին փառատոնի կազմակերպիչների նպատակը չէ: Մեր գլխավոր խնդիրն է ստեղծել այն հողը, այն մթնոլորտը, որի վրա պետական մշակութային ճիշտ քաղաքականության եւ տաղանդների առկայության դեպքում կարող է զարգանալ տեղական կինոարվեստը: Նաիր Յանը հեգնում է, թե իբր փառատոնը բերում է «ժամկետանց» կինոաստղերի: Սակայն եթե նա կինոյից քիչ թե շատ հասկացող մեկը լիներՙ կիմանար, որ «Ոսկե ծիրանի» կողմից 15 տարվա մեջ Հայաստան հրավիրված կինոռեժիսորները (Մարկո Բելոկիոն, Վիմ Վենդերսը, Աբաս Քիառոսթամին, Գոդֆրի Ռեջջոն, Բելա Տարը, Թեո Անգելոպուլոսը, Լի Չան-դոնը, Կիմ Կի-դուկը, Ցզյա Չժանկեն, Մարգարեթ ֆոն Տրոտան, Իշտվան Սաբոն, Ջաֆար Փանահին, Մոհսեն Մախմալբաֆը, Ուլրիխ Զայդլը, Կլեր Դընին, Օթար Իոսելիանին, Վիկտոր Էրիսեն, Ալեքսանդր Սոկուրովը, Լեոս Կարաքսը, Կոհեյ Օգուրին, Նուրի Բիլգե Ջեյլանը, Կատրին Բրեյան, Անդրեյ Զվյագինցեւը եւ այլք) արդի միջազգային կինեմատոգրաֆի ամենաականավոր դեմքերն են, որոնց ներկայության մասին երազում է աշխարհի յուրաքանչուր կինոփառատոն: Երիտասարդներին, կինո ուսանողներին նույնպես հեգնող Նաիր Յանը երբեւէ հարցրե՞լ է, թե ի՞նչ նշանակություն են ունեցել նրանց հանդիպումներն այդ կինովարպետների հետ: Կարելի էր հերթով անդրադառնալ Նաիր Յանի հոդվածի մյուս հեգնանքներին ու մեղադրանքներին ու կետ առ կետ «ջրել» դրանք, սակայն ոլորտին անտեղյակ (մեղմ ասած) լրագրողի գրածին այսքան անդրադարձն էլ բավական է: «Ոսկե ծիրանի» թիմի այս 15 տարվա աշխատանքն ինքնին խոսուն է: Եվ վերջում նաեւ բոլորին հեգնող լրագրողին խորհուրդ կտանք լսել կինոյից եւ կինոփառատոներից ավելի բանիմաց գործընկերների կարծիքը: Օրինակ, BBC-ի լրագրող Ալեքսանդր Կաննը, «Նովայա գազետայի» կինոքննադատ Լարիսա Մալյուկովան կամ Դեյվիդ Դ՛Արսիին, որը «Screen International» հանդեսում հրապարակած իր հոդվածը վերնագրել է «Production - Armenia - The Apricot Revolution» («Արտադրանքըՙ Հայաստան. Ծիրանի հեղափոխություն»): Բոլորն անխտիր ընդգծում են «Ոսկե ծիրանի» կարեւորությունը եւ փառատոնը դիտարկում են որպես Հայաստանի ազգային կինոարտադրության խորը ճգնաժամը հաղթահարելու եւ հայ կինոն համաշխարհային կինոհամայնքում ներգրավելու հեղափոխական փորձ: Այո, Հայաստանն այսօր մեծ կինոարտադրություն չունի, սակայն մի նոր խորհրդանիշ է ձեռք բերելՙ«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը: Այդ նոր խորհրդանիշով Հայաստանը ճանաչվել է նաեւ ժամանակակից կինոյի աշխարհում: Դա այլեւս անժխտելի փաստ է: Խմբ. կողմից.- Կարծում ենք, որ ոսկեծիրանցիների դժգոհությունը նախորդ համարում մեր տպագրածի վերաբերյալՙ տեղին է, սակայն մասամբ: «Ոսկե ծիրան» փառատոնի ղեկավար կազմը չէր այն թիրախը, որը պետք է քննադատվեր հայկական կինոյի թույլ լինելու համար: Թիրախը պետք է լիներ եւ է՛ համապատասխան նախարարությունը, կինեմատոգրաֆիստների միությունը, մասնագիտական ձեռներեցների խումբը, որոնք վերջին տարիներին չեն կարողացել արժանի կինոֆիլմեր ստեղծել, որի հետեւանքով այժմ ունենք միջազգային հեղինակություն վայելող կինոփառատոն, բայց ո՛չ կինո: |