ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ Մելանյա ԲԱԴԱԼՅԱՆ Պատկերի եւ հիշողության միջեւ... Հեղափոխական շարժումների պատմության մեջ հայկական թավշյա հեղափոխությունը եզակի համարելու մի շարք գործոններ, վստահաբար, կան: Գեղարվեստի պետակադեմիայի «Ալբերտ եւ Թովէ Բոյաջյան» ցուցասրահը թվում էր, թե ծավալները մեծացրել է այնպես, որ փորձել է ընդգրկել մոտ երեք ամիս առաջ Հայաստանի եւ սփյուռքի հայությանը փոթորկած աննախադեպ իրադարձությունները: Գեղարվեստի պետակադեմիան առաջինն է, որ հեղափոխական շարժման էներգիան փորձում է բերել գեղարվեստական իրականություն, իրացնել այն գեղարվեստական մտածողության մեջ: Ապրիլյան իրադարձությունները այս էլ որերորդ անգամ հայոց պատմության համար դառնում են ճակատագրական: 2018-ի ապրիլը ազգային, քաղաքական եւ սոցիալական բովանդակությունից բացի արժեքային փոփոխությունների ազդանշան էրՙ կարեւոր ուղերձ մեր նոր իրականությանը: Սակայն հայտնի էՙ հասարակական արմատական փոփոխությունները պայմանավորված են անհատի գիտակցության փոփոխությամբ հատկապես, ինչի ժամանակը հենց հիմա է, հետհեղափոխությանՙ նորոգվելու, վերակրթվելու կարեւոր այս շրջանում: Հեղափոխության առաջամարտիկը, շարժիչ ուժը երիտասարդությունն էր, ավելի շուտՙ ուսանողությունը: Երբ թվում էր, տարիների նպատակամղված քաղաքականությունըՙ մարդկային բարոյական արժեքների նսեմացման փորձերը, մարդուն դարձնելու կամազուրկ, փոքրոգի, վախկոտ, ներառել է նաեւ երիտասարդությանը, վերածելով նրան սպառողական հոգեբանությամբ հասարակության անտարբեր մի հատվածի, բացահայտվեց ճիշտ հակառակը: Արդեն ապրիլյան քառօրյանՙ 2016-ի, ջարդեց մտածողության, հոգեբանության վտանգավոր այդ կարծրատիպը, երբ սահմանին կանգնած 18-20 տարեկան հայ երիտասարդը, որ նոր- նոր փորձում էր հասկանալ կյանքը, գերազանցեց ինքն իրեն, գերազանցեց իր տարիքը, երկրի, հողի, ինքնապաշտպանության գիտակցական արթնությամբ, ենթագիտակցությամբ անգամ զգալով վտանգի ահռելիությունը... եւ այս հասունությունը արժեցավ ամենաթանկը, ի գին սեփական կյանքերի: 2018-ի ապրիլին երեւանյան փողոցներում հեղափոխության ջրերը նետվեցին նույն երիտասարդները, այսինքն նույն մտածողությամբ երիտասարդ մարդիկ, ովքեր զարմանալի կամք ու համառություն ցույց տվեցին, ովքեր հասկացան, որ տանուլ տալու պարագայում իրենց վաղվա օրը, իրենց ապագան վտանգված է գուցե եւ անվերադարձ: Նրանց պայքարը նոր էր, պայքարի ձեւերըՙ ճկուն ու շարժունակ, անհասկանալի հներին: Նրանք ուզեցին փոխել կյանքը, հավատացին եւ արեցին դա, չընկրկելով ամենավտանգավոր պահերին անգամ: Հեղափոխությունը այնքան կայծակնային էր, որ երազի պես թվաց. ամեն ինչ անակնկալ էր, ժողովրդի ինքնաբուխ մղումները. նրա ստեղծագործ էներգիան բացվեց անսպասելի, այն ուղղակիորեն հորդում էր: Տարիների նվաստացումների, անարդարությունների ու կեղեքումների հատուցման պահը եկել էր: Երիտասարդությունը այս բեռը վերցրեց իր ուսերին, տարավ այն մի տեսակ թեթեւությամբ, թավշե ծիծաղով, երգ ու պարով, մի խոսքով ստեղծագործաբար: Հեղափոխության կարճատեւ ընթացքը իր մեջ ահռելի ծավալներ է ընդգրկումՙ ազգային, քաղաքական, սոցիալական, բարոյական, հոգեբանական շերտեր, ընդվզման հզոր ալիք, ամենաանսպասելի ու հետաքրքրական դրսեւորումներ.- համաժողովրդական հուզումների մի հսկայական կտավ, որի վրա յուրաքանչյուրը թողեց իր հետքը: Այս հեղափոխությունը ասես արվեստ, արվեստի մի տեսակ լիներ... Ահա եւ հիշողությունների այս հետքերին է փորձում մեզ վերադարձնելՙ ՀԳՊԱ-ի արվեստաբանության բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մերի Ղազարյանը ՙ կազմակերպելով եւ համակարգելով «Թավշյա հեղափոխություն. պատկերի եւ իրականության միջեւ» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որ մեզ է վերադարձնում հեղափոխության դեռ թարմ շունչը, ապրիլյան իրադարձությունների հայտնի ու անհայտ էջերը, տպավորիչ դրվագներ, դեմքեր: Սա եւ՛ հուզիչ է, եւ՛ կարոտ արթնացնող: Ծանոթ պատկերներ, հարազատ դարձած մարդիկ, իրադարձություններ, լուսանկարների տեսքով արդեն պատմություն դարձող, պայքարի միջով անցած իրեր, բախումների հետեւանքով վնասված, պատառոտված հագուստ, կոշիկներ, բարձրախոս, պաստառներ եւ այլ, որ «կրողն» են այդ օրերի հիշողության, որ թանգարանային արժեքներ գուցեեւ դառնան: Ցուցահանդեսի նպատակը համացանցում ավելի լայն տարածում ստացած լուսանկարների հեղինակներինՙ որպես հեղափոխության տրամադրությունների տարածմանը նպաստած շարժման ակտիվ մասնակիցների, բացահայտելն է: Այսպիսի անմիջական ու վարակիչ տրամադրություն ստեղծելու համար ցուցահանդեսի համակարգողը պետք է որ մասնակիցը լիներ այդ իրողությունների, ապրած լիներ այդ ամենը: Ցուցահանդեսի մասին մեկ-երկու հարց տալուց հետո, դիմում եմ Մերիինՙ «Իհարկե դու ինքդ գալիս ես հեղափոխության փողոցներից»: Պատասխանըՙ տաք ժպիտն է: «Սա ակադեմիայի, մեր ուսանողների վերաբերմունքն է հեղափոխությանը: Շատ էր ասվում, թե երիտասարդները անտարբեր են, սակայն ականատեսը եղանք հակառակ երեւույթին, այս հեղափոխության շարժիչ ուժը երիտասարդներն էին, մասնավորապես ուսանողները: Եւ ակադեմիան իր լուման ունեցավ այստեղ: Այս ցուցահանդեսը եւս մեկ անգամ հաստատում է, որ ուսանողությունը անտարբեր չէ իր երկրի ապագայի հանդեպ, նա տեսավ իրականությունը, բողոքի իր ձայնը բարձրացրեց: Կարեւոր է, որ ցուցադրված աշխատանքները բոլորը պրոֆեսիոնալ են, արված են սիրով» , - ուսանողների ոգեւորությունը հավասարապես կիսում է Էդվարդ Վարդանյանը: Լոսանջելեսցի Անդրանիկ եւ Ազատուհի Փիլիպոսյան ամուսիններին Հայաստան վերջին այցելելությունից 42 տարի անց կրկին բերեց միայն թավշյա հեղափոխությունը, այդ շունչը տեղում զգալու, փոփոխությունները տեսնելու ցանկությունը: Ակնհայտ ոգեւորություն եւ լավատեսական տրամադրություն, ահա այն, ինչ նրանք փոխանցեցին մեզ. «Աշխարհի միակ հեղափոխությունն է խաղաղ, առանց պատերազմի, առանց զենքի, ոչ մի երկրում այսպիսի հեղափոխություն չի եղել: Ինձ համար, եթե ինձ հարցնեք Փաշինյանը որտեղի՞ց եկավ, ես կասեմՙ երկնքից իջավ, հայության համար իջավ...»: |