RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#028, 2018-07-20 > #029, 2018-07-27 > #030, 2018-08-16 > #031, 2018-08-24 > #032, 2018-08-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2018-08-15 23:08:07 (GMT +04:00)


Ընթերցված է` 1382, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱՄԱԿ ԱՐՄԷՆ ՅԱՐՈՒԹԻՒՆԵԱՆԻՆ

Կարօ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ, Պէյրութ

Սիրելի Արմէն

Տարին անցաւ եւ տակաւին չ՛ամբողջացուցիր կիսատ մնացած նամակդ: Մեր ամէն տեսակցութեան խոստացար վերջացնել այդ նամակը եւ սկսիլ նորին: «Հէյ-վախ, այնքան կուտակուած նորութիւններ կան», կ՛ըսէիր:

Օր մը երբ քեզի յիշեցուցի Այնթապի յուշամատեաններուն պարագան թէ ցարդ հրատարակուած էին 3 հաստափոր հատորներ եւ առաւել հատորիկ մը դուն ալ իբրեւ հարազատ այնթապցի յիշեցուցիր, թէ հրատարակուած 3 հատոր նամակ ունէիր առաւել հայատառ մամուլի մէջ հրատարակուած եւ կէս հատոր կազմող մօտ 50 նամակ եւ տակաւին հազարաւոր գրուելիք նամակներ: Ունէիր իւրայատուկ երգիծաոճ որ կ՛արտացոլար խօսակցութիւններուդ եւ նամակներուդ մէջ:

Չգրուեցան այդ նամակները եւ պիտի չգրուին ալ: Ոչ մէկը պիտի կարենայ քեզի նման քաջութեամբ անխախտ ուղղամտութեամբ եւ անաչառութեամբ իրականութիւնները բացայայտող նամակներ գրել:

Ասպարէզով արդիւնաբերող զգացումովՙ եկեղեցասէր հաւատացեալ պատկանելիութեամբՙ ՀԲԸՄ-ՀԵԸի անդամ երիտասարդ տարիքէդ եւ ապա երկարամեայ ղեկավար ապրումովՙ հայ գիրի ու գրականութեան սիրահար եւ գործնապաշտօրէն ալՙ հայ դպրոցին ուսուցիչին ու ուսանողին թիկունքն էիր: Հոպպիդ գիրքի ու մամուլի անօրինակ սիրահարութիւնդ էր: Ժամերով եւ անյագօրէն կ՛ընթերցէիր եւ ընթերցողներուդ ալ բաժին կը հանէիր իսթանպուլահայ թէ փարիզահայ եւ թէ երեւանեան թերթերէ կատարած արտատպումներէդ:

Սիրեցիր հայ եկեղեցին հայ դպրոցը հայ խմբագրատունը հայ մշակութային կեդրոնները: Ունէիր բազմաթիւ անուանի ու վաստակաւոր գրող մտաւորական դաստիարակ իրաւ բարեկամներ ինչպէս նաեւ (քու բառերովդ) ոխերիմ բարեկամներ: Գիտէիր իրաւ բարեկամութեան արժէքն ու արժեչափերը եւ նաեւ անկեղծ յարաբերութիւններու վերաբերմունքներու տարողութիւնը. եւ յաճախ ալ ժպիտով մը կ՛ունենանայիր քեզի յատուկ նօ ալտըրմէյշըն արտայայտութիւնը:

Աշխարհը փոխուեցաւ եւ կը փոխուի շրջապատդ փոխուեցաւ բարեկամներդ փոխուեցան եւ սակայն դուն չփոխուեցար: Մերժեցիր փոխուիլ: Մնացիր նոյն պարզ հարազատ սկզբունքներուն հաւատարիմ ինքնատիպ անձնաւորութիւնը:

Ճակատիդ քրտինքէն առատօրէն բաժին հանեցիր քու ընկալած սկզբունքներուդ ուղղութեամբ: Անշեղ սկզբունքով կը հաւատայիր մարդակերտումի գաղափարին: Տարիներով յաւելեալ ամսական յատկացուցիր հայերէն լեզու եւ հայոց պատմութիւն դասաւանդող ուսուցիչներու: Թոշակ կապեցիր համալսարանական անհամար ուսանողներու: Գրական հրատարակութիւններու մատենաշար մը հաստատեցիր քու եւ սիրելի տիկնոջդ անունով: Այսօր այդ մատենաշարէն հրատարակուած են արժէքաւոր 60 հատորներ: Անմիջական օգնութիւնդ չզլացար բազմաթիւ յայտնի եւ անյայտ կարիքաւորներու: Եւ այս բոլորը կատարեցիր հակառակ ունեցած յուսախաբութիւններուդ պատասխանատու անձերու անտարբերութեան ի տես:

Չէիր կրնար հանդուրժել սրբութիւնները սրբապղծողներուն: Չէիր կրնար ընդունիլ հայ դպրոց փակողներու որոշումները, որքան որ ալ արդարանալի պատճառներ տրուէին չէիր կրնար ընդունիլ հայ լեզուի ուսուցիչներու թիւի նոսրացումը չէիր կրնար ընդունիլ հայ եկեղեցւոյ մէջ կամ շուրջ ստեղծուած տագնապը չէիր կրնար ընդունիլ արեւմտահայերէնի աղաւաղումը եւ չէիր ընդունիր հայ տպագիր մամուլի անշքացումը:

Հիմա կ՛երթաս հոն ուրկէ եթէ նոյնիսկ գրելու կարելիութիւնը ունենաս նամակներդ պիտի չհասնին մեզի: Եւ միով բանիւ մեր անբարունակ կացութիւնը պիտի շարունակուի մեր տագնապները աւելի եւս պիտի սրին: Քու բացակայութիւնդ անխուսափելիօրէն պիտի զգացուի:

Ափսոս «Պէյրութէն նամակներ»ը դադրեցան. դադրեցաւ նաեւ ազնիւ ու մաքուր խիղճ ունեցող սիրտին տրոփիւնը:

Յիշատակդ ու ժպիտդ վառ պիտի մնայ մեր բոլորին յիշողութեան մէջ:

Շատ պիտի կարօտնանք քեզի:

Արմեն Հարությունյան

Մեկենասն ու հրապարակագիրը

Շուրջ 3 շաբաթ առաջ, երբ «Ազգ»ը գտնվում էր արձակուրդում, Բեյրութում իր մահկանացուն կնքեց շուրջ 60 անուն գրքերի մեկենաս, լիբանանահայ տարբեր պարբերականներում նամակագրական (էպիստոլյար) ժանրի հարյուրավոր հոդվածների (լույս է տեսել նաեւ առանձին գրքով) հեղինակ, ազգային, եկեղեցական եւ ուսանողական մարզերում բազմաթիվ ու բազմազան բարերարություններով հայտնի, ասպարեզով գործարար, սակայն անմնացորդ գրքասեր ու մշակութասեր գործիչ Արմեն Հարությունյանը: Ծագումով այնթապցիՙ գործնապաշտ ու ճշմարտասեր անձ էր նա, շիտակ ու համարձակ մարդՙ որ իր շիտակությամբ անհանգստություն էր պատճառում ոմանց, որի համար էլ թերթերը հաճախ անհյուրընկալ էին դառնում նրա հոդվածների առաջ, ինչով բացատրվում է նրա գրությունների թափառումը թերթից թերթ: Տիկնոջՙ Միմիի հետ Երեւան կատարած բազմակի այցելություններին գերադասում էր բնակվել մեր խմբագրատան դիմաց գտնվող հյուրանոցումՙ երեկոյան զրույցներ ունենալու համար խմբագրակազմի հետ: Նա մղիչ ուժն էր Այնթապի հայրենակցական միության ջանքերով Նոր Այնթափում հիմնված ժանյակի գործարանի, որի սեփականատիրության համար այժմ թեժ պայքար է մղվում տարբեր «սեփականատերերի» միջեւ, մինչդեռ դրա բուն տերը լռության է մատնվել...

Սիրված ու հարգված մեկենասի մահվան առիթով, դարձյալ Բեյրութից, մեկ այլ գրասերՙ գրականագետ եւ հրատարակիչ Կարո Աբրահամյանը մեզ է ուղարկել մահագրական հետեւյալ հուզիչ նամակը, որը հրատարակում ենքՙ կցելով մեր խմբագրության ցավակցությունները հանգուցյալի տիկնոջը եւ բոլոր մյուս հարազատներին:

Նկար 1. Ձախից աջ` նստած` Թորոս Թորանյան, Ռոպեր Հատտեճյան, կանգնած` Կարո Աբրահամյան եւ Արմեն Հարությունյան:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ