ԱՅԴ ԽԻՍՏ ՊԵՏՔԱԿԱՆ ԿԻՆԸՙ ԱՆՊԵՏՔՈՎԱ ԳԱՅԱՆԱՆ ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ Հայ-աֆրիկյան կապերը պրպտելիս հայտնաբերեցի աֆրիկյան ֆոլկլորի հայազգի մի հետազոտողիՙ ռուս բանասեր, մանկավարժ Գայանա (Գայանե) Գալուստի Անպետքովա-Շառովային (1925-2003): Նա ծնվել է Կրասնոդարում, սակայն ելնելով իր արտառոց ազգանունիցՙ ենթադրում ենք, որ նախնիները եղել են նորնախիջեւանցիներ, որոնք (դեռ Հրաչյա Աճառյանն է նկատել) հայտնի են եղել իրենց տարօրինակ ազգանուններով (Փորքշեյան, Գոզոտյան եւ այլն): Հայրըՙ Գալուստ Անպեքովը, ստալինյան բռնաճնշումների զոհ է դարձել, աղջկան մեծացրել է խորթ հայրը: Գայանա Անպետքովա-Շառովան միջնակարգ կրթությունն ստացել է Կույբիշեւում, սովորել տեղի մանկավարժական ինստիտուտում, իսկ 1944-ից դարձել Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասական բաժանմունքի ուսանողուհի: 1949-ին ընդունվել է ասպիրանտուրա, սովորել ուսուցչապետ Իոսիֆ Տրոնսկու ղեկավարությամբ (այն նույն Տրոնսկու, որիՙ անտիկ գրականության դասագրքով ուսանել ենք շատերս): Ավելի քան 60 տարի Գայանա Գալուստովնան եղել է Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասական բաժանմունքի ընթերակա, ապաՙ դոցենտ, դասավանդել անտիկ լեզուներ եւ գրականություն տարբեր ֆակուլտետներում: 1970-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Եվրոպիդեսի «Բաքոսուհիների» հիմնահարցերը» թեմայով: Նա հրատարակել է ավելի քան հիսուն գիտական աշխատություն, այդ թվումՙ երեք դասագիրք: Իր հիմնական աշխատություններից բացիՙ Անպետքովա-Շառովան համալսարանի աֆրիկացի ուսանողներից գրառել է գիտությանն անհայտ հեքիաթներ եւ հրատարակել է «Մամպրուսիի հեքիաթներ» (1966) եւ «Սեւ երկրի պատմությունները: Անգոլայի ժողովուրդների հեքիաթներ» (1975) ժողովածուներում: Լենինգրադի համալսարանում Գայանա Գալուստովնան համընդհանուր ճանաչում է ունեցել որպես տաղանդավոր դասախոս եւ յուրահատուկ մանկավարժ, ամենասիրվածներից մեկը ֆակուլտետում, որի դասախոսությունները մշտապես անցել են լեփ-լեցուն դահլիճներում: Նա կարդացել է առանց կոնսպեկտի, թեթեւ, զվարթ, հաճախ կատակելով: Չափազանց սիրել է իր ուսանողներին եւ կարողացել է առաջին կուրսեցիներին սիրել տալ անտիկ գրականությունը: Անպետքովա-Շառովան հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես օտարերկրյա ուսանողներին (մեծ մասամբՙ չինացիներ եւ աֆրիկացիներ), որոնց հետ պարապել է առանձին, երբեմն նույնիսկ նրանց համար գրառել դասախոսությունըՙ հաշվի առնելով նրանցՙ ռուսերենի ոչ բավարար իմացությունը: Մշտապես աջակցել է նեղ վիճակում հայտնված ուսանողներին. խորհրդային տարիներին նա մի անգամ պաշտպանել է իր մի ուսանողի հավատացյալ եղբորը, ինչի համար հեռացվել է աշխտանքից, սակայն հավատարիմ է մնացել իր սկզբունքներին: Նրան էլի մի քանի անգամ հեռացրել են աշխատանքից, բայց հետո վերականգնել են, քանի որ անգամ ամենից անողոք եւ անտարբեր մարդիկ հասկացել են, թե որքան բան կկորցնի համալսարանը, եթե Անպետքովա-Շառովան այլեւս չաշխատի համալսարանում: Հատկանշական է, որ կյանքում նա ընդամենը երեք անգամ է վերցրել անաշխատունակության թերթիկՙ դեկրետ գնալիս եւ աչքի երկու վիրահատությունների ժամանակ: Հանրագիտարանային գիտելիքներով եւ հետաքրքրություներով օժտված Գայանա Անպետքովա-Շառովան ոչ պաշտոնապես մասնակցել է նաեւ գրականությանը չառնչվող մի շարք նախագծերի իրականացմանը: Առանց նրա օժանդակության եւ գործնական աջակցության Լենինգրադում չէին ստեղծվի Դոստոեւսկու թանգարանը, ԽՍՀՄ-ում առաջին գիտական համակարգը Լենինգրադի մարզի ավելի քան 170 պահպանվող տարածքներից (1959-1961), քաղաքի եւ Լենինգրադի մարզի զարգացման գլխավոր նախագծի (1985 2005) երկու բաժինըՙ նվիրված էկոլոգիական խնդիրներին, ինչպես նաեւ գիտության բնագավառի մի շարք հետաքրքրական աշխատանքներ: Ամուսնուՙ ճարտարապետ, նկարիչ, մշակութաբան, ազգաբան Գեորգի Պիոնտեկի (1928-2005) հետ միասին 60 տարի նվիրվել է «Մարդը եւ Շրջապատը» զբոսայգի-թանգարանի ստեղծմանը, որտեղ հավաքված են ԽՍՀՄ ժողովուրդների պատմությանը, կենցաղին ու ֆոլկլորին նվիրված գրականություն, արխիվ եւ իրային ֆոնդեր: Ամուսիններն են հիմնել նաեւ 1825-1861 թթ. Սանկտ-Պետերբուրգի քաղաքային ճորտատիրական կենցաղի թանգարանը: Ժամանակակիցները Գայանա Անպետքովա-Շառովային հիշում են որպես չափազանց բարի, գործին եւ ուսանողներին ինքնամոռացության աստիճան նվիրված եւ բոլորին հասնող, եռանդուն, իսկական ինտերնացիոնալիստ ու հայրենասեր անձնավորություն: Նա իրեն համարել է երջանիկ մարդ, չնայած դժվարություններն անպակաս են եղել նրա կյնաքից: Գայանա Գալուստովնան եւ ամուսինը բնակվել են անհավանական կենցաղային պայմաններում, տարիներ շարունակՙ առանց հոսանքի եւ ջրի: Իր դասախոսություններին պատրաստվել է ու իր աշխատությունները գրել է կերոսինի լամպի կամ մոմի լույսի ներքո: Մի անգամ Պետերբուրգի «բնակարանային մաֆիան» կարողացել է ձեռք գցել նրանց բնակարանը, սակայն օգնության են հասել լրագրողներըՙ սպառնալով բացահայտել շանտաժիստներին, որոնք, ի վերջո, տեղի են տվել ու վերադարձրել են բնակարանը: Կյանքի վերջին տարիներին այլ հարվածներ էին սպասում գիտնական ամուսիններին: Նրանց բնակարանը ենթարկվել է կողոպուտի ու հրդեհի, որի ժամանակ ոչնչացել է նրանց ձեռագրերի եւ ԽՍՀՄ ժողովուրդների եւ սեւ Աֆրիկայի ավելի քան 20 ժողովուրդների ֆոլկլորային գրառումների մեծ մասը: Հրդեհից հետո նրանց ասել են. «Մենք ավելի քան տաս տարի անջատել ենք ձեր լույսն ու ջուրը, իսկ դուք շարունակում եք աշխատել»: Այդ սիրալիր տարեց կինըՙ Գայանա Անպետքովա-Շառովան, որն իրականում խիստ պետքական էր շատ-շատերին, աշխատել է մինչեւ կյանքի վերջին օրըՙ դասախոսել է, զեկուցում լսել ամբիոնի նիստին, իսկ հետո, պատրաստվելով գնալ տուն, հանկարծ կորցրել է գիտակցությունը ու այլեւս հետ չի եկել... Մահից մեկ տարի անց նրա հիշատակին կազմակերպվել է «Լեզվաբանությունը եւ թանգարանը բնության ծոցում» երիտասարդ գիտնականների միջազգային գիտաժողովը, իսկ 2005-ին, ծննդյան 80-ամյակի առթիվՙ «20-րդ դարի երեք քառորդը եւ 21-րդ դարի երեք տարին. մեկ մարդու կյանքը եւ գործունեությունը» գիտաժողովը... |