ՄԻ ԱՆՄԱՀ ԳՆԱՑ ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Ազնավուրն էր մահացել, ու կրպակներից շատ արագ սրբել-տարել էին բոլոր թերթերը Գերմանական մեդիան շռայլ էՙ հոկտեմբերի 2- ին Ազնավուրի մահվան բոթն առնելուն պես չկա թերթ ու հանդես, հեռուստառադիո ու առցանց լրատվամիջոց, որ Ազնավուրի մասին չհիշատակի. կաղապարված լուր չէ, ծավալուն անդրադարձ էՙ համեմատություններով, հիշողություններով, եւ անպայմանՙ հայկական արմատներին, հայությանն ու Հայաստան հայրենիքին նվիրվածությունը շեշտադրելով: Լրագրողները երբեմն շատ են անկեղծացելՙ չեն թաքցրել իրենց ապրումըՙ լուրը լսել, ես էլ եմ լաց եղել, կամՙ փայփայում էի այն երազը, որ իր 95- ամյակին աշխարհի որ ծայրում էլ համերգ ունենար, հասնելու էի: Բայց ամենա- ամենան ինձ համար երեկ լույս տեսած «Դի ցայթ» շաբաթաթերթի Ֆրանսիայի թղթակցի հոդվածն էր: Գեորգ Բլումեի ապրումի փոխանցածի մասինՙ ամենավերջում: Նույն սերը, ուշադրությունն ու իմացությունը ցավոք չնկատեցինք երեկ ու դրանից առաջ Գերմանիայի տարբեր վայրերում, երբ Ազնավուրի մասին հարցուփորձ արեցինք գերմանացիների միջավայրում: Երեքշաբթի օրվանից տարբեր տարիքի մարդկանց, գերմանացիների նույն հարցն եմ ուղղումՙ ճանաչու՞մ եք Շառլ Ազնավուրին: Երիտասարդները, որ Ֆրանսիայի, ֆրանսերենի դեմ, այսպես ասենքՙ թշնամական հիշողություն չունեն, ոչինչ չգիտեն: Միջին սերունդը, որքան էլ զարմանալի, նրա անունը կապում է իրենց Նոբելյան մրցանակակրիՙ Գյունտեր Գրասի գրչով, 1979- ին Ֆոլկեր Շլյոնդորֆի ռեժիսուրայով «Օսկարի» արժանացած «Թիթեղյա թմբուկ» ֆիլմում Ազնավուրի կերտած Զիգիզմունդ Մարկուսի հետ: Ասում ենՙ անմոռաց է այդ ֆիլմը: Այն շաբաթ օրն ի պատիվ Ազնավուրի ցուցադրվելու է գերմանական հեռուստատեսության առաջին ալիքով: Ավագ սերունդն առավել տեղյակ է, որ ֆրանսիացի այս մեծ արտիստը 5 լեզվով, դրանց թվումՙ նաեւ գերմաներեն, մատչելի է դարձրել իր երգը, որ «զտարյուն» բանաստեղծություն էՙ առավելաբար սիրո մասին ու կյանքի: Ազնավուրին նախընտրում են ֆրանսերեն ունկնդրել, բայց ինքնության մի շերտ շոյվում է, երբ շանսոնյեն գերմաներենի դերը չի թերագնահատել, ասում են: Երեկ գրախանութներում փորձեցի փնտրել Ազնավուրի ինքնակենսագրական ժառանգությունը, որ Գերմանիայում ժամանակին թարգմանվել ու, որքան հասկացա, լավ սպառվել է: Գրողիՙ գերմանական այս հրատարակություններն, ավաղ, պատվիրել այլեւս անհնար է, ձայնասկավառակներն ու երաժշտական ալբոմներն անշուշտ կարելի է գտնել: Գրախանութի այցելուներից մեկը, ունկնդրելով գրավաճառի հետ մեր զրույցը, անսպասելի միջամտեցՙ «լաց եմ եղել, նա մեր հանդեպ իր սերը երբեք չի թաքցրել»: Միասին դուրս եկանք: Չհասցրի զարմանքս հայտնել, կռահեցՙ հրեական մեր համայնքի համար օրինակ էրՙ «լինել ֆրանսիացի ու հայ լինել, իսկ Իսրայելին իր հավատարմությունը չի վարանել ցույց տալ», ասաց: Երբ հաղորդեցի, որ փաստորեն երկրորդում է Շվեյցարիայում գերմաներեն հրատարակվող tachles շաբաթաթերթի հոկտեմբերի 3- ի վերնագիրըՙ «Իսրայելի երկարամյա բարեկամը», իսկ Գերմանիայում հրատարակվող հրեական «Յուդիշե ալգեմայնեն» դեռ հրաժեշտի բառեր չի «գտել», շատ զարմացավ: «Այդպես աչալուրջ հետեւու՞մ եք... Իրավո՛ւնք ունեք: Նա ձեր ուժն էր»: Նա մեր ուժն էր, հպարտությունը, տաղանդը, անցաթուղթը, անձնագիրը, պահանջատերը... Իր ձայնով սիրո հենքին հյուսված բանաստեղծությունը, կյանքին ամուր կպած երգը մեր աշխարհին թողածՙ մի անմահ էր, գնաց հավերժություն: Վերջին տողս, որ գտա նաեւ Գեորգ Բլումեի հոդվածում, առիթ է տալիս «Դի ցայթ»- ից Ազնավուրին նվիրված հոդվածից մի հատված մատուցել: Ե՞րբ են փարիզյան մետրոյին կից թերթի կրպակներում 20- րդ դարում թերթերը սպառվել: Համարյա բոլոր մեծ իրադարձություններից հետո: Իսկ 21- րդ դարում այդպես չէՙ պիտի շատ բացառիկ մի բան եղած լինի, որ ահել- ջահել թերթի կրպակ ուխտի գնան: Այս շաբաթվա երեքշաբթին այդպիսի մի օր էրՙ Շառլ Ազնավուրն էր մահացել, ու կրպակներից շատ արագ սրբել- տարել էին բոլոր թերթերը: «Նոր էր Ճապոնիայից եկել, 94 տարեան էր», պատմում է սեւամորթ թերթավաճառըՙ շարունակելովՙ «շատ ընկերներ ունեմ, որ ռեփ են ստեղծում, նրան շատ լավ են ճանաչում, քանի որ պատճենում են նրա տեքստերը», ասում է ու խորհուրդ տալիս հարեւան ծխախոտի կրպակում թերթ փնտրելՙ միգուցե լինի: Ազնավուրի մահվան այդ օրը, թվում էր, մի անմահՙ մահվան ճանապարհն էր բռնել: Դեռ մեկ շաբաթ առաջՙ հինգշաբթի օրը տված իր վերջին հարցազրույցում շանսոնյեն, որ քրոջն էլ խոստացել էր 100- ամյակը տոնել, ասել էրՙ իրավունք չունեմ հանձնվելու: Ազնավուրի նոր ալբոմն արդեն հրատարակվել է, բայց իր նոր երգն իր կատարմամբ էլ չենք ունկնդրելու, ուրիշները կերգեն, ռեփփերները: Ազնավուրը Ֆրանսիայի հավիտենական դեսպանն է, բեմումՙ շարժվող Էյֆելյան մի աշտարակ, գրում է «Դի ցայթի» հեղինակն ու Ազնավուրի բանաստեղծությունըՙ խիտՙ 2 բառով տիեզերք արարելու տաղանդը համեմատելի դարձնում ճապոնական հոքուին: «Դեռ երեկ...» Ազնավուրի երգի վերնագիրը «Լիբերասիոնի» համար էլ վերնագիր է դարձելՙ ավելին ինչպե՞ս ասել: Ազնավուրի համաշխարհային փայլը չխամրեց երբեք: Աստերիքսն ու Nouvelle Vague խումբն ԱՄՆ- ում այնքան ճանաչված չէին, որքան Ազնավուրը: Եվ եթե հիմա նա արժանի հետեւորդ ունի, ապա նախագահ Էմանուել Մակրոնն է: Ազնավուրի նման, նա էլ ֆրանսիացի այն եզակիներից է, որ համաշխարհային հանրությանը հասանելի են կամենում լինել եւ հասնում են դրան, եզրափակում է «Դի ցայթը»ՙ Ազնավուրի մասին իր հոդվածում, որ ի պատիվ Բանաստեղծիՙ «Լիբերասիոնի» նման վերնագրել էՙ «Դեռ երեկ...»: |