ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՍԱՆ ՄԻՆԻԱՏՈ ԱԼ ՄՈՆՏԵԻ ԱԲԲԱՅՈՒԹՅԱՆ ՀԱԶԱՐԱՄՅԱԿԸ ՏՈՍԿԱՆԱՅԻ ՆՎԱԳԱԽՄԲԻ ՀԵՏ Իտալերենից թարգմանեց ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ Սեպտեմբերի 27-28-ին Տոսկանայի նվագախումբը նշեց Սան Մինիատո ալ Մոնտե եկեղեցու հազարամյակը հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի երաժշտությամբ, այդ թվում` եկեղեցու աբբայությանը եւ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին նվիրված «Յոթ աղոթքներ» ստեղծագործության առաջին կատարմամբ: Տոսկանայի նվագախումբն ամառային համերգաշրջանը եզրափակեց այս կարեւոր եւ սպասված իրադարձությամբ, որը մաս է կազմում հազարամյակի ծրագրի 50 միջոցառումների եւ վերահաստատում է կապը Սան Մինիատո ալ Մոնտեի եւ Հայաստանի միջեւ: Եկեղեցու ներսում նվագախումբը կատարեց ժամանակակից մեծագույն հայ հեղինակիՙ Տիգրան Մանսուրյանի երաժշտությունը: Նրա երաժշտությունն արտացոլում է հին հայ երաժշտական ավանդույթի ժառանգությունը, որը թվագրվում է ավելի քան հազար տարի առաջ, սկսած միջնադարյան եկեղեցական երգչախմբերի մեղեդիներից մինչեւ հատուկ հնչյունաշարային համակարգերը եւ երաժշտական ձեւերը: Նրա ստեղծագործությունները հայ երաժշտարվեստի եւ ժողովրդական ավանդույթների շատ հետաքրքրական խառնուրդ էՙ վառ եւ արտահայտիչ մեղեդիներով եւ նուրբ իմպրեսիոնիստական տոնայնությամբ: Համերգը բացվեց «Հավատով խոստովանիմ» ստեղծագործությամբ, գրված 1994 թ. ալտահար Քիմ Քաշքաշյանի եւ բրիտանական «Հիլիարդ» համույթի չորս ձայնի համար: Յոթ աղոթքների առաջին կատարումից հետո աբբայությունը հանձնարարել է մի նոր երաժշտական ստեղծագործությունՙ որպես հարգանքի տուրք Ֆլորենցիայի նախավկա հայազգի Մինիատոյին (Մինաս): Այս ստեղծագործությամբ Մանսուրյանը շարունակում է «Հավատով խոստովանիմով» սկսած աշխատանքըՙ ներշնչված 12-րդ դարի բանաստեղծ, երաժիշտ եւ հոգեւոր առաջնորդ Ներսես Շնորհալու ժողովածուից: 24 աղոթքները, յուրաքանչյուրը օրվա մեկ ժամի համար, դարերի ընթացքում թարգմանվել են հունարեն, լատիներեն, իտալերեն եւ քսանինը այլ լեզուներով: 1994 թ. Մանսուրյանը երաժշտական ձեւի մեջ է դրել առաջին յոթ աղոթքներըՙ անվանելով այն ստեղծագործության սկզբնական բառերովՙ «Հավատով խոստովանիմ»: Ինչ վերաբերում է աբբայության հանձնարարությանը, նա ամբողջացրել է հաջորդ աղոթքներըՙ 8-ից 14-ը, բարիտոնի, երգչախմբի եւ նվագախմբի համար, որը նվիրել է Հռոմի Պապ Ֆրանցիսկ Բերգոլիոյին: Այս ստեղծագործությունը գրելու չորս տարիների ընթացքում Մանսուրյանը փորձել է մերձենալ այնպիսի ոգեշնչման, որը նրան կուղղորդեր դեպի միջնադարի մեծ վարպետներըՙ ծնունդ տալով «մտածելը երաժշտության մեջ», որը բարձրանում է դեպի արարողակարգային ծեսերը, փորձելով այդ վարպետությունն իրականացնել այսօրվա երաժշտական մտքի մեջ: «...Դրա հետ մեկտեղ ես ստիպված եղա կրկին սովորել միաձայնությունից բազմաձայնության վերափոխման գործընթացը, ծիսական երգից մինչեւ կոմպոզիտորական գրություն եւ եկեղեցուց համերգային դահլիճ ընկած ուղին»: Երեկոյի գլխավոր դերակատարներն էին Տոսկանայի նվագախմբի առաջին ալտահար Ստեֆանո Ձանոբինին , հայ բարիտոն Գուրգեն Բավեյանը , երգիչներ Ջուլիա Պերին , Ջովաննի Բիսուասը , Պաոլո Ֆանչուլաչին , Գաբրիելե Լոմբարդին («Լ՛օմ արմե» համույթից) եւ Սիենայի Մայր տաճարի «Գուիդո Սարաչինի» երգչախումբը Լորենցո Դոնատիի ղեկավարությամբ: Նվագախումբը եւ մենակատարներին ղեկավարել է Ջորջ Փեհլիվանյանյանը , լիբանանահայ դիրիժոր, որը մեծացել է Լոս Անջելեսում, ձեւավորվել Պիեռ Բուլեզի եւ Լորին Մաազելի ղեկավարության ներքո: https://www.sanminiatoalmonte.it |