5000 ԴՐԱՄԱՆՈՑ «ԽՈՐՈՎԱԾԱՅԻՆ» ՏԻԳՐԱՆԱԿԵՐՏ Նաիր ՅԱՆ 2006 թվականից պեղվող Տիգրանակերտում հնագիտական արշավախումբը Համլետ Պետրոսյանի գլխավորությամբ այս տարի եւս աշխատանքները շարունակել է: Արցախի մշակույթի նոր նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ամեն ինչ արել է, որ ֆինանսական աջակցությունը ժամանակին փոխանցվի: Այս տարի ռուսաստանաբնակ Արտեմ Քոչարյանցը 5 մլն. դրամ է տրամադրել արշավախմբին, այսինքնՙ Արցախի կառավարության 12 միլիոնին գումարվել է անհատ բարերարի 5 միլիոն նվիրատվությունը, ինչը շատ է ոգեւորել հնագետներին: Նրանք նախաձեռնել եւ իրականացրել են Տիգրանակերտի արեւելյան դամբարանադաշտի պեղումերը: Դամբարանադաշտը 2010-ին է հայտնաբերվել, այնտեղ կարասային թաղումներ են եղել, որոնք արտաքին նշաններ չունեն, այսինքն եթե չպեղվեին, այդպես էլ չէին հայտնաբերվի: Այդ հատվածը 400 քմ. է: Կարասային թաղումների հնագիտական արժեքը մեծ է, որովհետեւ հասնում են մինչեւ Կուր գետ եւ էթնիկ մեծ տեղեկություն են պարունակում: Հայտնաբերվել է քաղաքային մշակույթը ներկայացնող հարուստ նյութ: Ք.ա. 1-ին դարի կեսերին թվագրվող արծաթե դրամներ, նաեւ խեցեղեն ու զարդեր են հայտնաբերվել, որոնք հստակեցնում են Տիգրանակերտի ժամանակագրությունը: Այս ամռանը կարասային թաղումների պեղման ժամանակ հայտնաբերվել է դրսից պատկերազարդված կարասՙ որսի շքեղ տեսարանով, շներով, հեծյալներով, ծառերով, եղջերուներով: Կարասը վերականգնվում է: Այն եւս արժեքավոր գտածո է, քանի որ ամբողջացնում է Տիգրանակերտի բնակիչների զինատեսակների, ճաշակի, մշակութային ու կենցաղային առօրյայի նկարագրությունը: Տիգրանակերտի պեղումները ցույց են տալիս, որ քաղաքը եղել է մեր տարածաշրջանի կարասային թաղումների կենտրոններից մեկը: Տիգրանակերտը 70 հա է, բայց ունեցել է շատ ավելի ընդարձակ շրջակայք. ջրանցքը մոտ 3,5 կմ է, հարեւան բնակավայրերը մեծապես ազդվել են Տիգրանակերտից: Շարունակվում են պեղումները հյուսիսային պարսպապատի շրջանում: Այս հուշարձանը 400 մ. երկարություն ունի եւ դասական ճարտարապետության նմուշ էՙ բաղկացած ուղղանկյուն եւ կլոր աշտարակներից, որոնք կառուցված են ծիծեռնակապոչ կապերով. պարսպի հաստությունը 2,80 մ է, աշտարակների տրամագիծն 9 մ է: Ամբողջ ճարտարապետությունը հուշում է Ք.ա. 2-րդ դարի մասին: Հնագետների կարեւորագույն բացահայտումներից մեկն էլ այն է, որ Տիգրանակերտն ունեցել է բազմաթիվ թաղամասեր ՙ ուղիղ փողոցներով, անկյուններով. դարձյալ դասական քաղաքի օրինակ: Երկրորդ անտիկ թաղամասը հայտնաբերվել է այս ամառվա ընթացքում: Պեղումները շարունակվել են վաղքրիստոնեական հրապարակում: Հայտնաբերվել է եկեղեցու քիվի մի բեկոր, որի վրա փորագրված է հայերեն Բ տառը: Ընդհանրապես Տիգրանակերտում հնագետները մեկ տասնյակից ավելի հայերեն արձանագրություններ են գտել: Քանի որ եկեղեցին կառուցվել է 5-րդ դարավերջին, Համլետ Պետրոսյանը վստահաբար ասում է, որ դրանք հայերեն երկաթագրերի առաջին օրինակներն են: Այս տարածքը 4-րդ դարում միացվել է Աղվանից թագավորությանը եւ հաճախ կոչվել Աղվանք: Ադրբեջանցիները հայտարարել են, թե այդ տարածքում հայերն ինչ էլ գտնեն, ոչ թե հայկական, այլ աղվանական է, այսինքնՙ իրենց քրիստոնյա նախապապերի ժառանգությունը: Հայերեն արձանագրություններն ադրբեջանական ստահոդ հայտարարությունների դեմ իրեղեն անհերքելի ապացույց են: Քաղաքի կենտրոնում հայտնաբերվել է նաեւ վաղքրիստոնեական երկու եկեղեցի: Տիգրանակերտի հանդիպակաց սարերի բարձունքներին եւս կրոնատեղիներ կան: Հնագետներին ապշեցնում է հայտնաբերված խեցեղենի որակը. նման որակ չի նկատվել Հայաստանի ամենախոշոր քաղաքներում անգամ: Բացի բարձր որակից, ակնառու է նաեւ խեցեղենի քանակը. դրանք հազարների են հասնում: Հելլենիստական լավագույն ավանդույթներ ունեցող քաղաք է Տիգրանակերտը, որտեղ անտիկ ու վաղքրիստոնեական ժամանակաշրջանները միաձուլված են: Տիգրան Մեծը հավաքել է Փոքր Ասիայի, Հայաստանի լավագույն վարպետներին, ճարտարապետներին եւ համատեղ ուժերով կառուցել իր անունը կրող քաղաքը: Տիգրանակերտը հայ մշակույթի քաղաքային կերպար է: Հակառակ հնագետների, որոնք 2006-ին սկսելով պեղումներըՙ ակնկալել են, որ գտնելու են գավառական շարքային մի բնակավայր, հողի շերտերի տակից հատված առ հատված, թիզ առ թիզ ամեն տարի հայտնաբերվում է քաղաքային մշակույթի հինավուրց մի օրրանՙ հայկական պատկանելությամբ, վավերացմամբ ու դրոշմով: Տիգրանակերտը տնտեսության, ճարտարապետության, մշակույթի, քաղաքակրթության, ժողովրդական ծիսատեղիների մի ամբողջություն է, որի բազմաշերտությունը վկայում է բացառիկ կոթողի մասին: Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը երբեք չի թաքցրել, որ հայկական երկու պետությունների իշխանությունները անտարբեր վերաբերմունք ունեն հնավայրի նկատմամբ, եւ պեղումները շարունակելու համար ամեն տարի մի կերպ է փող պոկում: Ֆինանսական աջակցություն ամեն տարի տրամադրում է Արցախի կառավարությունըՙ 10 մլն. դրամ. երկար բողոքներից, բանակցություններից հետոՙ եւս 6 մլն. ավելացնում: Հուրախություն հնագետներիՙ Արցախի մշակույթի նոր նախարարը տեղեկացրել է, որ 2019-ի պեղումների համար կառավարությունը կտրամադրի 18 մլն. դրամ. նման պատրաստակամությունն ու բարեխիղճ վերաբերմունքը հնագետներին զարմանք է պատճառել: Համլետ Պետրոսյանը միշտ էլ նշել է, որ Տիգրանակերտը լիարժեք պեղելու եւ ուսումնասիրելու համար ամեն տարի 30-35 մլն. է պետք, բայց միանգամից ու առանց չեմուչումի 18 միլիոնը նրանց շատ է ոգեւորել: Գտածոների ոսկրաբանական հետազոտությունների պատասխանը հնագետներն ստանում են երկու տարի հետո, որովհետեւ ֆրանսիական լաբորատորիաներում մեր գտածոները հերթի են դրվում, որ մեզ վրա էժան նստեն: Եթե լաբորատոր ծառայություններն արագ մատուցվեն, գինը կթանկանա: Տիգրանակերտի նկատմամաբ պետական անտարբերությունն արտահայտվում է ոչ միայն ֆինանսական ժլատ աջակցությամբ: Քաղաքի մուտքի վրա փակցված է եղել ցուցանակՙ հետեւյալ գրությամբՙ այցելությունը 250 դրամ, պիկնիկըՙ 5000 դրամ: Օրինականացված պայմաններՙ Արցախի մշակույթի նախարարության կողմից: Տիգրանակերտում հրաշալի աղբյուրներ կան, կանաչ օազիսներ, որոնք գրավում են ոչ միայն այցելուներին, այլեւ պաշտոնյաներին: Նրանք չեն զիջում շարքային քաղաքացիներին ու մեծ հաճույքով քեֆեր են կազմակերպում Տիգրանակերտի տարածքում: «Վերջին անգամ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն է այցելել Տիգրանակերտ: Ես նրան պատմեցի հնավայրի մասին ու խնդրեցի, որ Արցախ այցելությունների ժամանակ Տիգրանակերտը որպես քեֆի տեղ չընկալվի: Նախորդ իշխանություններն էլ են այցելել Տիգրանակերտ, բայց ոչ թե հնավայրով հետաքրքրված լինելու, այլ քեֆ-ուրախություն կազմակերպելու համար: Մենք մաքրենք, պեղենք, նրանք գան -վայելեն: Մեկ էլ տեսնում եսՙ մենք կռացած պեղում ենք, կողքից խորովածի ծուխը բարձրանում է, ամբողջ հնավայրը պատում: 5 տարի պայքարել եմ, որ 5000 դրամով թույլ տրվող պիկնիկի գրությունը հանվի, վերջապես հանվեց»,- պատմեց Համլետ Պետրոսյանը: Տիգրանակերտն այն եզակի հնավայրերից է, որը նաեւ խնամված է, ցանկապատված, բարեկարգ, աղբյուրների շրջակայքը մաքրված: Մշակութային այդ պատկերում մխրճված է նաեւ խնջույքի գաղափարը: «Այն հուշարձանները, որոնցից հնարավոր է օգուտ քաղել, պետությունը միայն դրանք է իր ուշադրության տակ պահում. ցանկապատում է ու սկսում փող աշխատել, ինչպես Գառնին, Դվինը: Իսկ այն հուշարձանները, որոնք այդ տեսակետից հեռանկարային չեն, անտարբերության են մատնվում: Փլվում են, թող փլվեն: Տիգրանակերտի նման երկրորդը ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլեւ ամբողջ տարածաշրջանում չկա: Մի անգամ Շվեյցարիայից 40 զբոսավար էր եկել: Շրջում էին հնավայրում, մի քիչ այն կողմ խարույկ էր վառվում, մեկը խորովածի շամփուրները պտտեցնում էրՙ ծուխն ամբողջ Տիգրանակերտով մեկ տարածած: Դա նորմա՞լ է: Աշխարհի որեւէ վայրում թանգարանի, հուշարձանի տարածքում նման պատկեր կտեսնե՞ք: Սա քաղաքականություն է, պետական քաղաքականություն: Բայց հիմա փոփոխություն նկատում եմ Արցախի մշակույթի նոր նախարարի մոտեցումներում: Նրա օրոք ցուցանակը հանվեց»,- ավելացրեց Համլետ Պետրոսյանը: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը երկու անգամ այցելել է Տիգրանակերտ. դրա մասին Համլետ Պետրոսյանը հետո է իմացել: Նա վիրավորված է, որովհետեւ տարիներ շարունակ զբաղվում է Տիգրանակերտով, Հայաստանի մշակույթի նախարարն այցելում էՙ առանց իրեն տեղեկացնելու կամ կանչելու: «Այսինքնՙ Տիգրանակերտը միայն մեր խնդիրն է, մեր բոստանն է ու մեր կարտոլը. ուրիշ ոչ ոք գործ չունի դրա հե՞տ»,- ավարտեց Համլետ Պետրոսյանը: |