RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2018-10-12 > #039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 26-10-2018



Տեղադրվել է` 2018-10-25 20:07:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1134, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒԼԵՐՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ ՓԱԿՎԵՑ

Նաիր ՅԱՆ

Նույն հոկտեմբերին մոլորակը ցնցեց երկրորդ բոթը. 90 տարեկանում մահացավ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուրեը: Պատվաբեր տիտղոսներ, կոչումներ, շքանշաններ. կյանքի ընթացքում Արա Գյուլերը համաշխարհային փառքի ու դափնիների պակաս չի զգացել: Բայց նրա հետ թեկուզ մեկ ժամ զրուցած մարդու համար պարզ է դարձել, որ Գյուլերը փառքին ու կոչումներին օտարի աչքերով է նայել: Նրա համար ամենաարժեքվոր, թանկ պահը մտերմիկ միջավայրում զրույցն էր, Ստամբուլիՙ իր անունը կրող սրճարանում մտավորականների հետ մի սեղանի շուրջ հավաքվելը, իր հետ առաջին անգամ ծանոթացող հայ լրագրողի ուսին վարպետաբար թփթփացնելն ու նրա լուսանկարչական սարքի որակը գնահատելը: Գյուլերը ֆոտոհարցազրույցներ է արել Ինդիրա Գանդիի, Ուինսթոն Չերչիլի, Բեռնար Ռասսելի, Սալվադոր Դալլիի, Պաբլո Պիկասոյի, Մարկ Շագալի, Ալֆրեդ Հիչքոքի - հարյուրավոր հանրահայտ մարդկանց հետ, հոդվածներն ու լուսանկարները հայտնվել են միջազգային մեդիայի առաջին հորիզոնականներում: Նրա նպատակը հայտնիներին նկարելը չի եղել, այլ հայտնիների պարզ, մարդկային, անպաճույճ նկարագիրը, նրանց խառնվածքն ու էությունը բացահայտելը: Գյուլերի աչքը կարողացել է «մերկացնել» անվանի մարդկանցՙ քաղաքական գործիչների, պետությունների ղեկավարների, դերասանների, արվեստագետների ու մտավորականների ներաշխարհի թաքնված էությունն ու անկեղծ հոգեվիճակը: Իսկ երբ Գյուլերն իր լուսանկարչական սարքով շրջել է մեծ ու փոքր քաղաքներով, հավերժացել են մարդկային կենցաղի, միջավայրի, ապրելակերպի ամենաիրական ու չմիջնորդավորված պատկերները: «Ստամբուլի աչք». թուրքերն շտապել են Գյուլերին «սեփականաշնորհել»ՙ նրա անունը կապելով բացառապես Ստամբուլի հետ, նրան հռչակելով հազարամյանի 10 ամենահայտնի թուրքերից մեկը, «Դարի լուսանկարիչ»: Եվ իսկապես, Արա Գյուլերը, որի մայրական կողմը 400 տարվա պոլսահայեր են, իսկ հայրը շապինգարահիսարցի է - իր հսկա գերդաստանից փրկված միակ ներկայացուցիչը, մոտ 70 տարի կամա թե ակամա մեծ փառք է բերել Թուրքիային:

Արա Գյուլերն իր հուշերում պատմում է, որ երիտասարդ տարիներին ցանկացել է կա՛մ սցենարիստ, կա՛մ ռեժիսոր դառնալ: Մի օր էլ լուսանկարչական սարքով ուղղակի խաղացել է, մի-երկու անգամ չըրխկացրել ու զգացել է, որ այս զբաղմունքն իր սրտով է: Ի վերջո, լուսանկարչությունը սցենարիստի եւ ռեժիսորի մասնագիտությունների համադրությունն է, եթե դիտարկենք Արա Գյուլերի տեսանկյունից: Նա լուսանկարները բեմադրել է, ուրեմն ռեժիսոր է, նրա ամեն լուսանկար մի առանձին պատմություն է պատմում, ուրեմն նա սցենարիստ է: Առաջին անգամ Գյուլերը լուսանկարել է 1948 թվականին, երբ Աթաթուրքի արձանը ջարդել են: Նա այդ տեսարանը լուսանկարել ու հրապարակել է. այդ օրվանից էլ սկսվել է ֆոտոլրագրողի երկարամյա ու անդավաճան ճանապարհը:

Գյուլերը 2013-ին Երեւան էր եկել Ազգային պատկերասրահում կազմակերպված «Բարեւ ձեզ» խորագրով անհատական ցուցահանդեսի առիթով: Նրա 4-րդ այցն էր Հայաստան: «Հայ ըլլալը առավելություն է, ամմա սաստիկ դժվար բան մ՛է: Հայաստանի մէջ գնահատվիլը անչափ դժվար է, պետք է 10 անգամ ծնվիս-մեռնիս. ան ալ հարց էՙ վերջը կգնահատվի՞ս, թե ոչ: Երկու անգամ Արարատ սարը ելած եմՙ ամենեն վերին գագաթը, կուզեի Նոյի տապանը գտնել, չգտա:...Իմ գործս լուսանկար քաշելն է, ամմա ադիկա միայն լուսանկար չէ, ադոր ֆոտոժուռնալիստ կըսեն. շատերը կշփոթեն, ճիշտը չեն գիտնար: Է՜, ի՞նչ ընեմ. ունեցած-չունեցածս լուսանկարներս են, նայեք, կահավնիքՙ աղեկ, չեք հավնիրՙ հոգ չէ»,- ասաց Գյուլերը: Ի դեպ, աշխարհը Նեմրութ սարի մասին համապարփակ տեղեկություններ է ստացել Գյուլերի լուսանկարների շնորհիվ: Նա 130 լուսնակար էր բերել իր հետ, չթաքցրեց, որ շատ կուզենար Հայաստանում թանգարան ունենալ: Ի՞նչ իմանար Գյուլերը, որ մեր երկրում մշակութային, կրթական նշանակության շինություններ, որպես կանոն, չեն կառուցվում: Դա երկաթե օրենք է, որն աշխատում են չխախտել:

Մոլորակի վրա չկա մի անկյուն, որտեղ Արա Գյուլերն իր լուսանկարչական սարքով եղած չլինի: Դրա արդյունքում է, որ համարյա 1 միլիոն լուսանկար ունի: Նրա գործերը միջազգային հեղինակավոր հաստատություններում են, ինչպիսիք են Փարիզի Ազգային գրադարանը, Չիկագոյի եւ Նյու Յորքի մասնավոր հավաքածուները, Քյոլնի «Լյուդվիգ» թանգարանը: Գյուլերը հարյուրավոր ցուցահանդեսներ է ունեցել ամբողջ աշխարհում, նրա լուսանկարը եղել է «Պիկասո. մետամորֆոզ եւ միասնություն» գրքի բազմալեզու հրատարակությունների առաջին էջում: 1989 թվականից Գյուլերը մասնակցում էր «Մեկ օր... կյանքից» միջազգային նախագծինՙ միանալով աշխարհի տարբեր երկրների լուսանկարիչներին:

Արա Գյուլերի լուսանկարչական արվեստը վավերագրության ու գեղարվեստի համաձուլվածք է, որն ամփոփում է պատմություն, դարաշրջան, սերնդափոխություն, փիլիսոփայություն եւ այլ արժեհամակարգերի մի ամբողջություն: Ի վերջո, աշխարհի մի ծայրից մյուսը հասնելու, տարբեր քաղաքների, անհայտ գյուղերի փողոցներով, արվարձաններով, կամուրջներով, խեղճ ու աղքատ թաղամասերով շրջելու համար միայն լուսանկարիչ լինելը բավական չէ: Գյուլերը խորությամբ գիտակցել է իր առաքելությունըՙ ինքը դար, տարի, ամիս, օր, պահ է հավերժացնում, ինքը մարդկային հոգեվիճակ, միջավայր, ժամանակ է կանգնեցնում ու նորից կյանք տալիս, ինքն անմահացնում է մեզ համար աննկատ ու աննշմար, իր համարՙ չափազանց կարեւոր ու անասելի գեղեցիկ երեւույթներ: Այսպիսի արվեստագետները հարյուր տարին մեկ են ծնվում: Ու ծնվում են հարյուր տարվա եղած-չեղածը, ամբողջ հունձքը, արժեքները, ժառանգությունը սերունդներին ավանդելու հատուկ առաքելությամբ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #40, 26-10-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ