ՔԵԶ ՀԱՄԱՐ, ԱԶՆԱՎՈՒՐ Նաիր ՅԱՆ Շառլ Ազնավուրը քանի անգամ եկավ Հայաստան, խելքը գլխին մի համերգ, մի հիշարժան երեկո այդպես էլ չհաջողվեց կազմակերպել: Կազմակերպվեցին, բայց ի՞նչ որակի: Մաեստրոն դահլիճի օթյակից ներողամտաբար ժպտում էր ու ձեռքով անումՙ իբր շատ գոհ ու շնորհակալ է իրեն նվիրված երեկոների համար, բայց հանդիսատեսը հասկանում էրՙ այն, ինչ ցուցադրվում է բեմից, անգամ մի միջին դասի արվեստագետի արժանի չէ, էլ ուր մնացՙ Շառլ Ազնավուրին: Հասկացողները շրթունքները սեղմած, ատամները կռճտացնելով հեռանում էինՙ արժանապատվության զգացումը վիրավորված թե՛ իրենց, թե՛ Շառլի փոխարեն: Երանի Ազնավուրը տեսներ, որ Երեւանում վերջապես իրեն արժանի համերգ է կազմակերպվելՙ անմիջական, առանց պաթոսի, առանց ֆոնոգրամայի, առանց մեծ նվագախմբի, առանց հայ շոու-բիզնեսի «մեգաաստղերի»: Նման համերգային երեկոՙ հենված բացառապես տեղի ուժերի վրա, վերջին տարիներին չէր եղել: Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկու օրՙ հոկտեմբերի 29-30-ին, անշլագ էր: Դահլիճն ուղղակի ցնծում էր, ալեկոծվում բեմից հորդող որակյալ երաժշտության, երգերի պրոֆեսիոնալ կատարումների էներգիայից: «Քեզ համար, Ազնավուր» խորագրով համերգը կազմակերպել էր մշակույթի նախարարությունը: Երեկոն անց կացնելու ամբողջ պատասխանատվությունը երիտասարդ արտիստ Հայկ Պետրոսյանի ուսերին էր: Նա արժանապատվորեն իրականացրեց այդ պարտավորությունը, որովհետեւ քաջատեղյակ է Ազնավուրի արվեստին, ազնավուրյան միջավայրին, նրա կյանքին: Այստեղ, անշուշտ մեծ դեր ուներ, որ Հայկը Վարդան Պետրոսյանի որդին է ու մեծացել է ազնավուրյան միջավայրում: Հանդիսավարի, երգչի նրա հմտությունների հիմքում, իհարկե, բարձր ինտելեկտը, գիտելիքների, իմացությունների հարուստ պաշարն է եւ հանդիսատեսի հետ հարաբերվելու անմիջականությունը: Այս հմտությունները որդուն անցել են հորից: Հանդիսատեսը վերջապես բեմում տեսավ նոր դեմքերի, լսեց նոր անուններ, որոնք մինչ այժմ ստվերում էին, քանի որ ունեինք շոու-բիզնեսի «մեգաաստղեր», որոնք 10-20 տարի շարունակ ամենուր են եղելՙ էկրաններին ու պետական համերգներին, կորպորատիվ միջոցառումներին ու հոբելյանական երեկոներին, քարոզարշավներին ու մեծարման երեկոներին: Նրանք երգում էին ամեն ինչՙ Սայաթ-Նովա, Մայքլ Ջեքսոն, Ալ Ջերո, գուսան Շերամ, Կոմիտաս, ծանր ռոք, 6/8, Ազնավուր: Այս համերգին նրանք չկային: Նրանց փոխարեն Ազնավուրի հիթային երգերը կատարում էին հանրությանն անհայտ կամ քիչ հայտնի երգիչ-երգչուհիներ, կատարում էինՙ այդ երգերի խոհափիլիսոփայական իմաստը հասկանալով, Ազնավուրի զգացածը վերզգալով, Ազնավուրի ապրածը վերապրելով: Որքան անունն անհայտ, կատարումն այնքան հուզիչ ու զգայական: Ամեն երգից հետո դահլիճը թնդում էր ծափերից: Իսկ դահլիճում նստած էր գիտակ ու պատրաստված հանդիսատեսՙ Ազնավուրի երկացանկին քաջատեղյակ, Ազնավուրի արվեստի իսկական երկրպագու: Սա եւս բացառիկ երեւույթ է, որովհետեւ նմանատիպ համերգներին սովորաբար ներկա էր լինում չինովնիկական ու կուսակցական իգական էլիտան: Իսկ այս անգամ դահլիճում շարքային մահկանացուներ էին նստած: Եվ համերգի առաջին անակնկալըՙ բեմ հրավիրվեց Ժերեմի Դելվերը ՙ այն նույն ֆրասիացին, որը Շառլ Ազնավուրի հրաժեշտի ժամանակ հայերեն երգեց: «Հայկական վալսը» նա նորից երգեց այս անգամ երեւանյան բեմումՙ որպես Ազնավուրի հիշատակի համերգի պատվավոր հյուր: Հաջորդ անակնկալից դահլիճն ուղղակի ցնցվեց ու ալեկոծվեց: 6 տարվա ընդմիջումից հետո հայկական բեմում էր Վարդան Պետրոսյանը : Նրա ամեն մի բառը, ամեն շարժումը հանդիսատեսն ուղղակի կուլ էր տալիս: Կարոտել էինքՙ հնչեց դահլիճից: Կարոտել էիՙ պատասխանեց Վարդան Պետրոսյանը բեմից: Ու իրեն հատուկ արտիստականությամբ, հումորով, էներգիայով, շիտակությամբ ու անկեղծությամբ նա հափշտակեց ամբողջ դահլիճը, մոռանալ տվեց 6 տարվա ընդմիջումը, ճակատագրի խաղացած դաժան դիպվածը: Ազնավուրը ջնջեց դառը հիշողություններն ու ապրումները, Ազնավուրն օգնեց, որ բեմ մտնելու առաջին իսկ պահերից Վարդան Պետրոսյանը միաձուլվի հանդիսատեսին, ու չլինի ոչ մի խորթություն, ու լինեն միասնական հույզեր, բեմում ու դահլիճում սրտերը համաչափ բաբախեն: «Այս տարվա հունվարին Ազնավուրը եկավ մեր տուն: Անսպասելի էր: Ես նոր-նոր էի սկսել բեմ դուրս գալ. հետո հասկացաՙ եկել էր իր օրհնությունը տալու: Մենք խոսեցինք... ինքնՙ իր ընտանիքից, եսՙ իմ: Մեծ-մեծ բաներից, քաղաքականությունից չխոսեցինք: Դա մտերմիկ, խաղաղ զրույց էր: Ազնվուրն այլեւս չկա: Իր գնալով նա ինձ հայկական բեմ բարձրացրեց»,- ասաց Վարդան Պետրոսյանը: Պատմեց, որ կալանավայրում մի օր ընկերները կիթառն իր ձեռքն են տվել, թեՙ երգի: Թեւաթափ, կոտրված, բայց չի մերժել ընկերներին: Երգել է «Լա բոհեմը»ՙ հայերեն: «Ես երգեցի մեր բոհեմի մասին, կալանավորներիս «Բոհեմը»: Տղերքից մեկը, թեՙ բառերը գրի-տուր, էլի»: Դառը հուշերը, միախառնած ազնավուրյան երգերին, Վարդան Պետրոսյանը բեմում էրՙ իբրեւ ճշմարիտ արտիստ, որի խոսքը սթափեցրել է այն ժամանակ, սթափեցնելու է միշտ: Նա ապացուցեց, որ իր տեղը ոչ ոք չի կարող լրացնել ու իր կարիքը մենք շատ ունենք: Երեկո էրՙ արժանի Ազնավուրին: |