ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԴԳՐԿՈՒՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ Քնարիկ ԱՎԱԳՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող ՀՀ ԳԱԱ 75-ամյակին ընդառաջ ՀՀ ԳԱԱ հիմնադրման 75-ամյա հոբելյանական միջոցառումների շարքը նշանավորվեց նաեւ «Բալթիկայից մինչեւ Սեւ ծով. Հայերը մշակութային, տնտեսական եւ քաղաքական գործընթացներում» թեմայով հայագիտական միջազգային գիտաժողովով, որը տեղի ունեցավ 2018 թ. հոկտեմբերի 15-18-ին Երեւանում: Գիտաժողովի կազմակերպիչը Հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամն էր (գլխավոր տնօրենՙ Արմեն Խեչոյան, Կազմակերպիչ հանձնաժողովի նախագահ): Սա Հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամի կազմակերպած միջազգային ընդգրկման չորրորդ խոշոր գիտաժողովն էր: Գիտաժողովի համակազմակերպիչներից էին ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, Բելառուսի Հանրապետության ԳԱԱ Պատմության ինստիտուտը, Գիտելիքների լեհական ակադեմիան, Ռուս-հայկական համալսարանը, Երեւանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտըՙ Մատենադարանը, Ռուսաստանի Դաշնության Մշակույթի նախարարության Արվեստագիտության պետական ինստիտուտը, Երեւանի պետական համալսարանը, Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը, Բելառուսի Հանրապետության Պետական համալսարանի Պատմության ֆակուլտետը: Պատմաաշխարհագրական լայն ընդգրկում ունեցող սույն գիտաժողովը հնարավորություն ընձեռեց ոչ միայն Հայաստանի գիտանականներին, այլ նաեւ աշխարհի շուրջ երկու տասնյակ երկրներից (Ավստրիա, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բուլղարիա, Գերմանիա, Լեհաստան, Լիտվա, Հունգարիա, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Ուկրաինա, Ֆրանսիա) մասնակցության հայտ ներկայացրած եւ ժամանած ավելի քան 60 հետազոտողներին լուսաբանել Բալթիկայից մինչեւ Սեւ ծով հայերի եւ այլ ժողովուրդների միջեւ փոխհարաբերությունները, ինչպես նաեւ գնահատել հայկական համայնքների եւ Հայաստանի ներդրումը հիշյալ տարածաշրջանի երկրների անցյալի ու ներկայի պատմությանը, մշակույթին ու գիտությանը: Օտար մասնակիցների թիվը զգալի էր (ընդհանուրի շուրջ 70%-ը), ինչը վկայում է սույն միջոցառման նկատմամբ գիտական հանրության հետաքրքրության մասին: Արտերկրի երբեմնի անհետացած գաղթօջախներում հայության թողած ժառանգության, ինչպես նաեւ արդեն իսկ ձեւավորված կամ նորերս ձեւավորվող համայնքներում հայկական էթնիկ խմբի ներկայացուցիչների կողմից իրենց երկրներում ունեցած ներդրումների բազմակողմանի ուսումնասիրումը հույժ կարեւոր խնդիր է: Ահա թե ինչու, սույն միջազգային գիտաժողովում ըստ ամենայնի ներառված էին հումանիտար ոլորտի տարբեր մասնագետներ (պատմաբան, արխիվագետ, ազգագրագետ, թանգարանագետ, աղբյուրագետ, բանագետ, փիլիսոփա, սոցիոլոգ, արվեստագետ, մշակութաբան, քարտեզագետ, միջազգայնագետ, տնտեսագետ եւ այլն), ինչը թույլ տվեց հայ համայնքների պատմությունը դիտարկել նաեւ միջառարկայական տեսանկյունից: Ելույթ ունեցողները, հանդես գալով երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն), ներկայացրին հայ եւ օտար ժողովուրդների միջեւ պատմական, էթնոդավանաբանական, գիտամշակութային, ռազմական, միջազգային եւ այլ առնչությունների, փոխհարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ պատմագիտական, աղբյուրագիտական, սփյուռքագիտական եւ հարակից այլ թեմաներՙ ներառելով ժամանակագրական տարբեր շրջափուլեր (անցյալից մինչեւ ներկա, այդ թվում նաեւՙ խորհրդային եւ հետխորհրդային ժամանակաշրջաններ): Գիտաժողովի հանդիսավոր բացումը տեղի ունցավ Երեւանի Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտումՙ Մատենադարանում: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը : Կարեւորելով նմանատիպ գիտական միջոցառումների անցկացման կենսական նշանակությունը Հայաստանի եւ, հատկապես, հայագիտության համարՙ նա մասնավորապես նշեց. «Հայագիտության բնագավառը գիտական դիսցիպլինների համակարգում իր կարեւոր տեղն ունի: Չնայած տարիներ շարունակ պետության կողմից այն եղել է ուշադրության կենտրոնում, ֆինանսավորման առումով այդ ուշադրությունը բավարար մակարդակի վրա չի եղել: Հայագիտությունը տարբերվում է այլ դիսցիպլիններից նրանով, որ այն ոչ միայն գիտատեսական, այլ նաեւ պրակտիկ բնագավառ էՙ հայ ինքնության, հայապահպանության, անցյալն արժեւորելու ու այս նոր ժամանակաշրջանում նորովի վերաիմաստավորելու տեսանկյունից»: Հայագիտության, հայոց եւ տարածաշրջանի պատմագիտության եւ աղբյուրագիտության, պատմամշակութային ժառանգության առջեւ ծառացած խնդիրների եւ հարակից այլ հարցերի անդրադարձան հաջորդ բանախոսներն իրենց ողջույնի խոսքում (Երեւանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն, պ.գ.դ. Վահան Տեր-Ղեւոնդյան , Հայագիտական հետազոտությունների զարգացման եւ աջակցության «ԱՆԻՎ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, տնտ. գ.թ. Արտյոմ Կոնստանդյան , ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Մելքոնյան , Յագելոնյան համալսարանի Մշակույթի պատմության եւ պատմական կրթության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Կշիշտոֆ Յան Ստոպկա , Բելառուսի Պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Կրթական նորարարությունների եւ միջազգային համագործակցության գծով դեկանի տեղակալ, պ. գ. թ., դոցենտ Անդրեյ Պրոխորով , ՌԴ մշակույթի նախարարության Արվեստագիտության պետական ինստիտուտի գիտակազմակերպչական հարցերի գծով փոխտնօրեն, արվ. գ.դ. Արմեն Ղազարյան ): Լիագումար նիստում զեկուցումներով հանդես եկան ճանաչված գիտանականներՙ «Փարիզ 1» համալսարանի պրոֆեսոր, պ.գ.դ. Կլոդ Մութաֆյանը , պրոֆեսոր Կշիշտոֆ Յան Ստոպկան, արվ. գ. դ. Արմեն Ղազարյանը, Տրես դե Ֆեբրերոյի համալսարանի պրոֆեսոր, փիլիսոփայության դոկտոր Նելիդա Ելենա Բուլուրջյանը , Ռուս-հայկական համալսարանի քաղաքագիտության բաժնի վարիչ, փիլ. գ. թ. Հովհաննես Սարգսյանը : Հոկտեմբերի 15-ին եւ 16-ին գիտաժողովն իր երկօրյա նիստերի աշխատանքները շարունակել է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտումՙ հետեւյալ խորագրերը կրող չորս բաժանմունքներումՙ «Հայերը կենտրոնական, հարավային եւ հարավարեւելյան եվրոպայի երկրներում», «Բելառուսի, Լեհաստանի եւ Ուկրաինայի հայ համայնքները. պատմություն եւ արդիականություն», «Հայ-ռուսական հարաբերությունները պատմական հեռանկարում եւ արդի փուլում», «Հայկական մշակույթը, արվեստը, ճարտարապետությունը, քարտեզագրությունը Սեւ ծովից մինչեւ Բալթիկ ծով ընկած տարածաշրջանում»: Հագեցած էր նաեւ միջազգային գիտաժողովի մասնակիցների համար նախատեսված մշակութային-ճանաչողական ծրագիրը: Այն ներառել էՙ այցելություն Գառնիի, Գեղարդի, Զվարթնոցի, Էջմիածնի, Խոր Վիրապի հնավայրեր, Ս. Փարաջանովի տուն-թանգարան, ինչպես նաեւ հայկական ժողովրդական գործիքների կատարումների ունկնդրում դասական ոճի նորակառույց հաստատություններում: Հայագիտական սույն միջազգային գիտաժողովն իր թեմատիկ տարողությամբ եւ հետազոտողների ընդգրկուն մասնակցությամբ ոչ միայն հանրագումարի բերեց ՀՀ ԳԱԱ 75-ամյա հոբելյանական տարվա միջոցառումների հումանիտար շարքը, այլ նաեւ նոր հորիզոններ ուրվագծեց Հայաստանի եւ տարբեր երկրների հայագետների համագործակցության ասպարեզում: |