ԴԱՇԴՈՆԴՈԳ ԲԱՅԱՐՍԱՅԽԱՆ. «ՀԱՅԿԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՄՈՆՂՈԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ» Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ Դաշդոնդոգ Բայարսայխանը Մոնղոլիայի Ազգային համալսարանի պատմության պրոֆեսոր է, Մոնղոլիայի կայսրության եւ հայ-մոնղոլական պատմական առնչությունների մասնագետ: Ուսանել է Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետում: Իր դոկտորական ատենախոսությունըՙ «Մոնղոլա-հայկական քաղաքական հարաբերությունները (1220-1335 թթ.)», պաշտպանել է Օքսֆորդի համալսարանում: Դաշդոնդոգ Բայարսայխանը աշխատել է Քեմբրիջի համալսարանի «Մոնղոլական կայսրության պատմության» ծրագրի հայկական աղբյուրների բաժնում: Հեղինակ է «Մոնղոլները եւ հայերը (1220-1335 թթ.)» (Բրիլլ, Լեյդեն, 2011) եւ «Ակնարկներ իլհանների մասին. Հուլաղուից մինչեւ Աբու Սաիդ» (Ուլան-Բատոր, 2016) անգլերեն մենագրությունների: Հայերենից մոնղոլերեն է թարգմանել 13-րդ դարի պատմիչ Գրիգոր Ակներցու «Պատմութիւն ազգին նետողաց» աշխատությունը (Ուլան-Բատոր, 2010), հրատարակել բազմաթիվ հոդվածներ մոնղոլերեն եւ անգլերեն լեզուներով հայ-մոնղոլական պատմական կապերի վերաբերյալ: Դաշդոնդոգ Բայարսայխանը հաճախակի է մասնակցում գիտաժողովների եւ գիտական նախագծերի Եվրոպայում, Ասիայում եւ ԱՄՆ-ում: Սույն հարցազրույցը Դաշդոնդոգ Բայարսայխանի հետ կատարվել է էլեկտրոնային փոստով...
- Հարգելի Բայարսայխան, ես հիշում եմ Ձեր զեկուցումը հայ մատենագիտության մեջ առկա մոնղոլերեն բառերի մասին, 1986 թվականին Երեւանում կայացած հայ միջնադարյան գրականությանը նվիրված միջազգային գիտաժողովում... - Այո, այդ գիտաժողովում ներկայացված զեկուցումս հիմնված էր իմ դիպլոմային աշխատանքի վրա: Միջնադարյան հայկական աղբյուրներում կան բազմաթիվ մոնղոլերեն բառեր. միայն Կիրակոս Գանձակեցու աշխատության մեջՙ մոտ 70-ը, դրանց հայերեն իմաստներով հանդերձ: Այս մոնղոլերեն բառերը բացառիկ են, քանի որ լույս են սփռում միջին մոնղոլերենի վրա եւ լեզվաբանական տեսանկյունից արժանի են սերտ ուսումնասիրության: - Հայտնի է, որ հայկական աղբյուրները մոնղոլներին հիշել են որպես «ազգ նետողաց» եւ բազմաթիվ տեղեկություններ են պարունակում նրանց մասին: Դուք, որպես այս հարցի մասնագետ, որքա՞ն հավաստի եք համարում մոնղոլների մասին հայկական աղբյուրները: Ի՞նչ կարեւորություն ունեն դրանք մոնղոլ ժողովրդի պատմության եւ մոնղոլագիտության համար: - Հայկական պատմական աղբյուրներն իմ հպարտության առարկան են: Երբ ես ընդունվեցի Օքսֆորդի համալսարանՙ պաշտպանելու իմ դոկտորական ատենախոսությունն իլխաններիՙ 13-14-րդ դարերում Միջին Ասիայի մոնղոլ ղեկավարների մասին, որոշ պրոֆեսորներ թերահավատ էին այդ թեմայի մեջ իմ ներդրման վերաբերյալ, քանի որ այն արդեն լավ հայտնի էր գիտական շրջանակներին: Սակայն ես համոզեցի նրանց, որ մոնղոլների մասին հայկական աղբյուրները հատուկ թեմա են, արժանի լիակատար ուշադրության: Այստեղ պետք է նշեմ պրոֆեսոր Թեո վան Լինթին, որն Օքսֆորդի համալսարանում իմ ղեկավարներից էր: Համառ աշխատանքի արդյունքում գիրքը տպագրվեց: Միայն հայկական աղբյուրներում են մոնղոլները կոչվում նետաձիգների ազգ, ինչը ժամանակակից մոնղոլները շատ բարձր են գնահատում: Մոնղոլների մասին հայկական սկզբնաղբյուրների մեծամասնությունը գրված է 13-14-րդ դարերում, այսինքնՙ պատմիչները եղել են իրենց նկարագրած իրադարձությունների ականատեսները, ուստիեւ աղբյուրների հավաստիությունն անհերքելի է: Մոնղոլները կառուցել են համաշխարհային պատմության մեջ մեծագույն ցամաքային կայսրությունը: Սույն թեման ուսումնասիրելու համար պետք է կարդալ սկզբնաղբյուրներ բազմաթիվ լեզուներով, այդ թվումՙ մոնղոլերեն, չինարեն, պարսկերեն, արաբերեն, լատիներեն, հունարեն, ասորերեն, կորեերեն, ճապոներեն, ռուսերեն, թյուրքերեն, ույղուրերեն, տանգուտերեն եւ անգամ եբրայերեն: Այս շարքում հայերեն աղբյուրները ոչ միայն կարեւոր են, այլեւ գրված են բազմաթիվ ժանրերովՙ պատմություն, ժամանակագրություն, հայրաբանություն, հիշատակարաններ, արձանագրություններ եւ բանաստեղծություններ: Այս փաստը եզակի է մոնղոլների մասին այլ լեզուներով գրված աղբյուրների մեջ: - Վերոհիշյալ գիտաժողովում ողջ լսարանը տպավորված էրՙ լսելով Ձեր սահուն հայերենը: Ձեր լեզվիմացությունն ավելի շեշտվեց, երբ Ձեզանից հետո ելույթ ունեցող երեւանցի մի տիկին իր զեկույցը կարդաց... ռուսերեն: Ինչպե՞ս է պատահել, որ սկսեցիք ուսանել Երեւանի պետական համալսարանում: - Այդ ժամանակ իմ սահուն հայերեն խոսքը պատահական չէր: Ես վեց տարի ապրել եմ Հայաստանումՙ 1975-1981 թվականներին սովորելով Երեւանի պետական համալսարանում: Հայաստան եկա Մոնղոլիայի եւ Հայաստանի գիտությունների ակադեմիաների միջեւ կնքված համաձայնագրի շնորհիվ: Հայաստանի գիտությունների ակադեմիայի այդ ժամանակվա նախագահ, երջանկահիշատակ Վիկտոր Համբարձումյանը եւ Մոնղոլիայի գիտությունների ակադեմիայի այդ ժամանակվա նախագահ պրոֆեսոր Բ. Շիրենդիբը որոշեցին հայագիտություն ուսանել ցանկացող մոնղոլ ուսանողների համար Երեւանի պետական համալսարանում բացել ազատ տեղեր: 1975 թվականին ավարտեցի Ուլան-Բատորի հանրակրթական դպրոցը: Քանի որ շատ լավ գնահատականներ ունեի, ինձ համար առաջնային էր ընտրել իմ հետագա կրթության առարկան: Փնտրում էի այնպիսի համալսարաններ, որտեղ կարող էի սովորել արեւելագիտությունՙ թյուրքերեն, պարսկերեն կամ արաբերեն: Սակայն այդ տարի տեղեր կային միայն ճապոներենի, չինարենի եւ հայերենի համար: Ես ընտրեցի հայագիտությունը, ինչը մեծ գոհունակություն պատճառեց ծնողներիս, հատկապես հորս, որը թատերական քննադատ էր եւ Հայաստան էր այցելել 1969-ինՙ Հովհաննես Թումանյանի 100-ամյա հոբելյանի առթիվ: - Երբ ես Երեւանի պետական համալսարանի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետի ուսանող էի, մեր հանգուցյալ լեզվաբան պրոֆեսոր Հովհաննես Բարսեղյանը, մի անգամ դժգոհելով մեզնից, օրինակ բերեց, որ տարիներ առաջ իրենց մոտ սովորող մոնղոլ ուսանողուհին գերազանցել էր տեղացիներին: Հիշում եմ նաեւ Ձեր համակուրսեցի իմ մի ծանոթուհու պատմածը, թե ինչպես էր նա Ձեզանի՛ց արտագրում Բարսեղյանի դասախոսությունները: Եվ այսպես, ինչպե՞ս հասաք լեզվի տիրապետման այդ մակարդակին: - Ես թանկ հիշատակներ եմ փայփայում Երեւանի համալսարանի իմ դասախոսներից: Շատ էի սիրում պրոֆեսոր Բարսեղյանի դասախոսությունները հայոց լեզվի պատմության վերաբերյալ: Դա մի ժամանակաշրջան էր, երբ ես խորամուխ էի եղել առարկայի մեջ, գիտելիքներ էի ստանում հայոց պատմության եւ լեզվի մասին: Ես շատ երախտապարտ եմ նաեւ իմ մեկ այլ ուսուցչինՙ պրոֆեսոր Սուրեն Ավագյանին, որն ինձ սովորեցրեց գրաբար եւ իմ ղեկավարն էր այդ տարիներին: Նա էր, որ ինձ ներկայացրեց հայկական պատմական աղբյուրները եւ տարավ Մատենադարան, որտեղ ես շատ ժամանակ էի անցկացնում իմ ուսումնառության տարիներին: Ես հասկացա, թեեւ ուշացումով, որ նա ինձ ծանոթացրել էր Մատենադարանի գիտնական քարտուղարիՙ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Անցյալ տարի ես շատ ոգեւորվեցիՙ Տեր-Պետրոսյանից ստանալով էլեկտրոնային նամակներ եւ նույնիսկ գրքեր: - Իսկ ի՞նչ եղան Հայաստանում սովորած մյուս մոնղոլ ուսանողները: - Երեւանի կոնսերվատորիայում սովորում էին մի քանի մոնղոլ ուսանողներ, որոնք Մոնղոլիայում դարձան հաջողակ երաժիշտներ: Նրանցից ոմանք շփվում են ինձ հետ. բոլորն այնքան կարոտախտ ունեն Հայաստանի հանդեպ: Նրանք հայերեն խոսելը չեն մոռացել: Ինձ հետ սովորած մյուս աղջիկըՙ Բատսուխը, ցավոք, երբեք չզբաղվեց հայագիտությամբ: - Ձեզ հաջողվո՞ւմ է այսքան տարի հետո պահել հայերենի իմացությունը մի երկրում, որտեղ շատ քիչ հայեր են բնակվում: - Իհարկե, խոսքի պրակտիկան կորել է: Բայց ես հայերեն կարդում եմ եւ մոնղոլների պատմությունը հետազոտում եմ հայկական աղբյուրների հիմամբ: - Ի դեպ, ի՞նչ կասեք Մոնղոլիայի հայ բնակիչների մասին: - Ցավոք, Ուլան-Բատորում հայերի հետ ոչ մի շփում չունեմ, բայց գիտեմ, որ Մոնղոլիայում ապրող մի քանի հայեր զբաղվում են մանր բիզնեսով: - Շարունակո՞ւմ եք ձեր հետազոտությունները հայ-մոնղոլական հարաբերությունների վերաբերյալ: - Այո, շարունակում եմ: Ես գրում եմ հայկական աղբյուրների, մոնղոլական ժամանակաշրջանի հայ պատմիչների, ինչպես նաեւ հայ-մոնղոլական մշակութային փոխհարաբերությունների մասին: Դրանցից մի քանիսը հասանելի են անգլերենով, մի քանիսը տպագրության ընթացքի մեջ են: Վերջերս մի հոդված գրեցի Կիրակոս Գանձակեցու մասին, թե ինչ փորձառություն է նա ունեցել իր բանտարկության ժամանակ Մոլար անունով մի մոնղոլ նոյանի (իշխանավորի) հետ: - Գիտեմ, որ երկար ժամանակ է, ինչ չեք եղել Ձեր ուսանողության քաղաքում: Ե՞րբ Ձեզ կրկին կհանդիպենք Հայաստանում: - Շատ լավ հարց է: Ես իսկապես կարոտում եմ Հայաստանը, քանի որ 1980-ականների վերջից չեմ եղել այնտեղ: Եթե հնարավորություն լինի, կցանկանայի այցելել Հայաստան, Երեւան: Ես ունեմ երկու ասպիրանտ, որոնց հայերեն եմ դասավանդում: Լավ կլինի նրանց ինձ հետ բերեմ Հայաստանՙ ցույց տալու համար մեծ մշակույթ եւ պատմություն ունեցող մի երկիր... |