RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 02-11-2018



ՀԱՅՐԻԿԻ ԳԱՆՁԵՐԸ

Տեղադրվել է` 2018-11-01 21:53:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1023, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁ ԳԱՆՁԵՐ. ԱՐԺԵՔԱՎՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻՆ

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

«Մեր պատմության գանձերը պետք է ա՛յս հողի մեջ հավաքվեն: Թող բոլորը մեր պատմության գանձերը Հայրենիք բերեն: Սփյուռքում մենք կորչում ենք, եւ մեր պատմության ու մշակույթի արժեքների պահպանման ամենաանվտանգ վայրը Հայաստանն է: Մեր գանձերը հայրենի հողում պետք է պահենք»,- այս համոզմանն է նորջուղայեցի ականավոր հայագետ, մանկավարժ ու մտավորական Լեւոն Մինասյանի դուստրըՙ Արմինե Մինասյանը :

Հոկտեմբերի 3-ին Արմինե Մինասյանը Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանին նվիրաբերեց 21 միավորից բաղկացած 1668-1912 թթ. հնատիպ արժեքավոր գրքեր եւ հայագիտական գրականություն: Դրանք լայն աշխարահագրություն են ընդգրկում, ինչպես պատմության ընթացքում ստեղծված մեր հռչակավոր մշակութային օջախներըՙ Մադրաս, Վենետիկ, Ամստերդամ, Կ. Պոլիս, Էջմիածին, Հռոմ, Մարսել... Գրքերի շարքում առանձնահատուկ տեղ ունեն հատկապես մի քանիսըՙ «Մովսես Խորենացի. Գիրք աշխարհաց եւ առասպելաբանութեանց, Ամստերդամ, 1668», «Դավիթ Անհաղթ. Գիրք սահմանաց, Մադրաս, 1797», «Եղիշէ. Պատմութիւն Վարդանանց, Կ. Պոլիս, 1764», «Պաղտասար Դպիր. Քերականութիւն, հտ 1-2, Մադրաս, 1791», «Տօմար. Վենետիկ, 1685»... Հավաքածուի գրքերի շարքում կան այնպիսիք, որոնք միակ պահպանված օրինակներն են հանդիսանում Մատենադարանում: Գրքերի հավաքածուն նաեւ այս տեսանկյունից է արժեքավոր:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը , կարեւորելով Արմինե Մինասյանի արժեքավոր նվիրատվությունը, նախեւառաջ ընդգծեց այն մեծ դերը, որ Լեւոն Մինասյանը կատարել է հայագիտության մեջ: Նրա խոսքով Լեւոն Մինասյանը եղել է այն խոշորագույն գիտնականը, որի գործունեությունը հավասարապես բարձր են գնահատել թե՛ աշխարհիկ, եւ թե՛ հոգեւոր իշխանությունները:

- Ուզում եմ նրա մասին խոսելՙ որպես մեծ բարերարի: Լեւոն Մինասյանը մինչ օրս եղել է Մատենադարանի խոշոր բարերարներից մեկը: Նա տարիների ընթացքում Մատենադարանին է նվիրաբերել 54 արժեքավոր ձեռագրերի մի հավաքածու: Նա մի մարդու կերպար էր, որն անմնացորդ նվիրված էր դպրությանը, հայագիտությանը եւ կրթությանը,- ասաց նա:

Վահան Տեր-Ղեւոնդյանի բացման խոսքում ներկաներից շատերն առաջին իրենց համար բացահայտեցին Լեւոն Մինասյան հայագետին: Իմացան, որ Նոր Ջուղայում մոտ ինը տասնամյակ ապրել ու արարել է մի մեծ հայորդի, որը տարիներ շարունակ բծախնդրորեն դասավորել է Ս. Ամենափրկիչ Վանքի դարավոր արխիվըՙ 1606-1983 թթ.: Կազմել է վանքում պահվող հնագույն հայկական ձեռագրերի մատենագիտական ցուցակը: Տաղանդավոր գիտնականը հեղինակել է 60-ից ավելի մեծածավալ աշխատություններ, մենագրություններ, հազարավոր հոդվածներ, որոնք սերունդներին են ժառանգում Ջուղայի հարուստ պատմությունը: Նրա ուսումնասիրոթյուններից պարզ է դառնում, որ, օրինակ, Իրանում եւ Միջին Արեւելքում առաջին տպարանը հիմնել են հայերը` 1636 թ.-ին, իսկ երկու տարի անցՙ 1638 թ.-ին Խաչատուր վարդապետ Կեսարացու տպագրած գիրքը ՙ«Սաղմոս Դավթի որ եւ կոչի սաղմոսարան», եղել է առաջինը ամբողջ մերձավորարեւելյան տարածաշրջանում: Լեւոն Մինասյանի աշխատությունների շարքում կարեւոր տեղ ունեն «Ցուցակ ձեռագրաց Նոր Ջուղայի Ս. Ամենափրկչեան վանաց թանգարանի» գրքի երկրորդ հատորը, «Պատմութիւն Փերիայի հայերի. 1606-1957 թթ.», «Փերիայի Հայ աշուղները», «Իրանի Հայկական վանքերը», «Տպագիր գիրքը Իրանում. 1638-2000 թթ.» մենագրությունները:

Հանդես եկավ նաեւ մատենադարանի գլխավոր ֆոնդապահ Գեւորգ Տեր-Վարդանյանը : Հայացք գցելով Լեւոն Մինասյանի թողած գիտական ժառանգությանըՙ նա հատկապես առանձնացրեց աշխատությունները, հայագիտական հոդվածները.

- Ես բախտ եմ ունեցել առնչվելու Լեւոն Մինասյանի հետ: Մենք պարտավոր ենք կազմելու Լեւոն Մինասյանի մատենագիտությունը եւ նրա երկերը հրատարակել ծավալուն հատորների տեսքով: Գիտության իմաստով նա 20-րդ դարի իրանահայ ամենաերեւելի մտավորականն էՙ ճիշտ այնպես, ինչպես Երուսաղեմի հայկական կաճառի լավագույն գործիչ Նորայր արքեպիսկոպոս Պողարյանը,- ասաց նա:

Նշենք, որ այս հավաքածուն Արմինե Մինասյանի միակ նվիրատվությունը չէ Հայաստանին: Լեւոն Մինասյանիՙ հնագույն ձեռագրերի ու գրքերի հավաքածուն կազմել է շուրջ 3000 միավոր, որոնք թվագրվում են 15-16-րդ դարերով: Դրանց մի մասը նվիրաբերվել է Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի մատենադարանին: Իսկ մնացածը մոտ երկու տարի առաջ Արմինե Մինասյանը տեղափոխել է Հայաստան եւ ի պահ տվել Եղիշե Չարենցի գրականության եւ արվեստի թանգարանին, այդ թվումՙ արժեքավոր գեղանկարներ: Նյու Յորքի իր տանը դեռ շատ հնատիպ գրքեր ու ձեռագրեր կան: Խոստանում է հաջորդ տարի մնացյալ գանձերը եւս բերել Հայաստան, ինչպես նաեւ հայ մշակույթի համար կարեւոր արժեք ունեցող գրքեր, արվեստի գործեր:

- Ինձ համար շատ դժվար է բաժանվել այս գրքերից: Բայց ամենաապահով վայրը, որտեղ պետք է պահպանվեն մեր պատմության նշխարները, այս սուրբ կառույցն էՙ Մատենադարանը,- ասաց Արմինե Մինասյանը:

Ես միայն կատարել եմ պարտքս իմ ազգի, իմ մշակույթի եւ հորս առաջ: Մեր պապերը դարեր շարունակ ջանք են թափել պահպանելու հայ ինքնությունը: Եվ եթե մենք այսօր կորցնենք մեր մշակույթը, լեզուն, կկորցնենք մեր ազգությունը: Շատ ուրախ եմ, որ այսօր հայրս ժպտում է վերեւից:

Լուսանկարներըՙ Գագիկ Պողոսյանի

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 02-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ