«ՌԻԽԱՐԴ ՎԱԳՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՐՎԵՍՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ» ՍԻՄՊՈԶԻՈՒՄ Մարինե ԿԱՐՈՅԱՆ, Երաժշտագետ Երեւանի Ժամանակակից Արվեստի ինստիտուտի (www.ica.am) եւ «ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնի (www.arepaf.am) միասնաբար կազմակերպվող այս սիմպոզիումը կանդրադառնա Ռիխարդ Վագների Gesamtkunstwerk (Համապարփակ արվեստ) հայեցակարգի ազդեցությանըՙ երաժշտության, փիլիսոփայության, արվեստների եւ քաղաքականության հետագա զարգացումների եւ, ընդհանուր առմամբ, արդի եւ ժամանակակից դարաշրջանի հասարակության վրա: 19-րդ դարի փիլիսոփայական, երաժշտական, վիզուալ եւ կատարողական արվեստների տարատեսակ խմորումներն ու հատկապես դրանց ներքին կապերի խնդիրները թերեւս իրենց առաջին հստակ բնորոշումը ստացան Ռիխարդ Վագների (1813-1883) մոտՙ հարթելով մոդեռն եւ ժամանակակից արվեստների զարգացումների առաջնահերթությունները: Իր «Ապագայի արվեստի ստեղծագործությունը» էսսեում (Das Kunstwerk der Zukunft; 1849թ) Ռ.Վագներն առաջին անգամ ներկայացրեց իր «Գեզամթկունսթվերք» (Gesamtkunstwerk) կամ «Տոտալ/համապարփակ արվեստ» հայեցակարգը: Մարդկային փորձի ողջ սպեկտրը ներգրավելու եւ սեփական օպերաներում արտացոլելու ցանկությունը նրան հրահրեց հավասար ուշադրություն դարձնել վերջնական արդյունքի բոլոր բաղկացուցիչների վրա: Նա համոզված էր, որ միայն այսօրինակ ինտեգրումով է հնարավոր հասնել արտահայտչականության այնպիսի որակի, որը կդառնար շարժիչ ուժՙ ընդհանրապես արվեստի փոխակերպման համար: Gesamtkunstwerk- ի վագներյան առաջադրումը բոլոր արվեստների իդեալական միության, դրանք սինթեզելու մասին է: Սա արվեստների ինտեգրման համապարփակ, գործնական եւ տեսական համակարգ ստեղծելու առաջին փորձերից մեկն էր: Իրավամբ, դժվար է գերագնահատել այս գաղափարի ուժն ու ազդեցությունը արվեստի զարգացման հետագա 170 տարիների ընթացքում: 20-րդ դարի արվեստագետները շարունակեցին հանդիսատեսի փորձառությունը լիարժեք դարձնելու ջանքերըՙ հնարավորինս միասնական դարձնելով ավանդաբար առանձին դիսցիպլինների ներկայությունը արվեստի մեկ ստեղծագործության մեջ: Այդ արվեստագետներից շատերը կարծում էին, որ արվեստի ստեղծագործության ամբողջական ընկալումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ այդ փորձառության մեջ ներգրավված է ընկալման հնարավորությունների ամբողջ տիրույթը: Ըստ այդ արվեստագետների, ժամանակի արագությունը, էներգիան եւ հակասությունները չէին կարող արտահայտված լինել արվեստի հին, «սահմանափակ ձեւերի» միջոցով, երբ թղթի վրա բառ էր, կտավի վրաՙ նկար, երաժշտական ստեղծագործությունն էլ որեւէ երաժշտական գործիք էր պահանջում: Արդեն 1916թ. իր «Ֆուտուրիստական կինոն» մանիֆեստում Ֆ.Տ. Մարինետտին եւ նրա հեղափոխական խումբը կինոն հայտարարում են բարձրագույն արվեստ, քանի որ այն ի վիճակի է ներառել արվեստի բոլոր մյուս տեսակներըՙ սինթեզելով դրանք եւ ծառայեցնելով ընդհանուր կոնցեպտին: 20-րդ եւ հետո նաեւ 21-րդ դարերի արվեստի զարգացումը, սակայն, ցույց տվեց, որ այս միտումը ներծծվեց բոլոր մյուս արվեստների մեջՙ հետզհետե ավելի ու ավելի դառնալով նոր, հասկանալի ու ընդունված իրողություն:Դադաիստների, Բաուհաուզի ներկայացուցիչների, հեփփենիգների, պերֆորմանսների պատմությունը հենց դրա մասին է: Մեր օրերում նորագույն տեխնոլոգիաների օգտագործման շնորհիվ այս մտայնությունը մտել է նոր փուլ: Սիմպոզիումը տեղի կունենա նոյեմբերի 17-18: Երկօրյա այս միջոցառումը կներառի մասնագետների ելույթներՙ ունկնդրի հարց-պատասխան մասնակցությամբ: Որպես բանախոսներ հանդես կգան արվեստի փիլիսոփաներ, երաժիշտներ, մշակութաբաններ, այդ թվումՙ Մարկ Նշանեանը, Մարինե Կարոյանը, Հրաչ Բայադյանը, Նազարեթ Կարոյանը, Վարդան Ջալոյանը: Միջոցառմանը կենդանի կատարմամբ կհնչի Ռ. Վագների «Վեյզենդոնք երգեր» շարքը: Վերջում տեղի կունենա Ռիխարդ Վագների երաժշտական, փիլիսոփայական եւ քաղաքական գործունեության հակասություններին նվիրված խմբային քննարկում: Սիմպոզիումի գլխավոր հովանավորն էՙ Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը: Համագործակիցներՙ Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (http://komitasmuseum.am/) եւ «Արտ Բրիջ» գրախանութ/սրճարան (http://artbridge.am/): Սիմպոզիումը տեղի կունենա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Հասցենՙ Արշակունյաց 28: Սկիզբըՙ 11:00: |