ԱՐՏԱՌՈՑ Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ, Թատերագետ Ստվերային տպագրության առաջնեկը Հինգ հարյուր տարվա հայ գրատպության պատմության մասին առաջին անգամ ստիպված եմ խոսել նոր տերմինովՙ ստվերային տպագրության նորահայտ օրինակ: Թե՛ գրագողությունը եւ թե՛ գրքագողությունը ավելի քան երկու հարյուր տարվա պատմություն ունեն: Բայց այն, ինչ կատարվել է 21-րդ դարի սկզբներին, բացառիկ երեւույթ է: Ժողովրդական առակն ասում էՙ «Սատկած նապաստակի են ման գալիս, որ նալերը հանեն»: Բայց արի տես, որ նապաստակի պայտերից օգտվելն էլ մեծ հերոսություն է: Եթե նապաստակին մարդկայնացնենք, կստացվի, որ նա գրող է, պայտերն էլՙ գրքերը: Կարծելով, թե հեղինակը շուտով կմեռնի, կարելի է նրա անունով գրքի արժեքը յուրացնել եւ ոչ ոք ոչինչ չի իմանա: Տեսնենք, թե ինչ ճանապարհով է ծնունդ առել այդ ստվերային հրատարակությունը: Տվյալ դեպքում սատկած նապաստակը ես եմ, պայտերս էլՙ «Հայոց ծածկանունների բառարանս», որ Գալուստ Գյուլբենկյան հաստատության միջոցներով լույս է տեսել 2005 թվականին Պետական համալսարանի հրատարակությամբ: «Հայոց ծածկանունների բառարանի» վրա ես սկսել եմ աշխատել 1951 թվականիցՙ դիպլոմային աշխատանքիս համար մի քանի ծածկանուն վերծանելով: Հետագա տարիներին տեսնելով, որ նման բառարանի կարիքը ոչ միայն երիտասարդ գիտնականների, այլեւ հասուն մասնագետներին էլ է հետաքրքում, որոշեցի հավաքածս նյութերը տպագրության պատրաստել: 1965-ից մինչեւ 2004-ը շատ դռներ թակեցի, բացող չեղավ: Վերջին անգամ տպագրության համար դիմեցի Մշակույթի նախարարությանը եւ Գալուստ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանին: Նախարարությունը լռեց, իսկ Եկավյանը գործեց: Բառարանի տպագրությունը գրեթե մի տարի (2004-2005) տեւեցՙ եռասյուն եւ երկսյուն շարվածքովՙ 18 լեզվով, ծածկանունների եւ հեղինակային ցանկերով, օժանդակ աղբյուրներով, 785 էջ ծավալով: Պարունակությունըՙ 8 հազար հեղինակի 25 հազար ծածկանուն: Իմ բառարանն ավելի մեծ է, քան ուկրաինական, բելոռուսական, վրացական, ադրբեջանական ծածկանունների բառարանները միասին վերցրած: Բառարանի տպագրության ընթացքում իմ աշխատավայր (Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան) եկավ «Տի Սո գրաֆիքս» ՍՊԸ հրատարակիչ Տիգրան Սոսոյանը եւ հայտնեց, որ նախարարությունից հանձնարարել են իրեն, որ Ծածկանուների բառարանից մի քսան մամուլ հաձնեմ իրենՙ տպագրելու: Ես, բնական է, առարկեցիՙ պատճառաբանելով, որ համալսարանի տպարանում արդեն տպագրվում է ամբողջությամբ, ինչ իմաստ ունի 135 մամուլից 20-ը տպագրելը: Սրանով էլ ավարտվեց մեր խոսակցությունը: Անցել են տարիներ: Այս տարվա սկզբներին Ազգային գրադարանի գրքերի քարտարանում որոնումներ կատարելիս աչքիս ընկավ «Հայոց ծածկանունների բառարանի» 2-րդ քարտը: Զարմացա, հետաքրքրվեցի նրա հայտնության հարցով: Պարզվեց, որ ստացել են Մշակույթի նախարարությունից: Այ քեզ ստվերային հրատարակություն, որից գրքի օրինական հեղինակն անտեղյակ է: Ստացվել է, որ երբ բառարանը լույս է տեսել, նույնՙ 2005 թվականին գործի են անցել նախարարությանՙ համապատասխան բնագավառի աշխատակիցները: Այս նորՙ ստվերային հրատարակությունը լույս է տեսել իմ անունով, բառարանի նույն վերնագրով, Ա-Ղ տառերով ծածկանունների կրճատումներով, «Տի ՍՈ գրաֆիքս» ՍՊԸ-ի կողմից, 2005, 319 էջ ծավալով: Գիրքը լույս է տեսել անշուք տեսքով, քառակուսի, անճոռնի տառերով: Հայ գրատպության պատմության մեջ սա երեւի առաջին հրատարակությունն է, որի հեղինակը վերջում դարձել է խմբագիր: Ափսոս, որ Ֆելիետոնի ժանրը վերացել է մեզանում: «Հայոց ծածկանունների բառարանի» այս գաղտնիՙ ստվերային հրատարակությունը լույս է տեսել պետական միջոցներով: Գրքի վրա դրված է իմՙ հեղինակային իրավունքի նշանըՙ C , տպաքանակըՙ 400 օրինակ: Հետաքրքրական է, եթե գիրքը 400 օրինակով է տպագրվել, դրանցից միայն մեկն է գրադարանին հանձնվել, ապա ո՞ւր են մնացած օրինակները: Գուցե միայն 4 օրինակ է տպվել, առանց զրոների: Ինչո՞ւ է գիրքը հեղինակից գաղտնի տպագրվել, ինչո՞ւ է լույս տեսնելուց 13 տարի հետո շրջանառության մեջ մտել: Բացառված չի կարելի համարել, որ Մշակույթի նախարարությունը միայն գրքի տպագրական ծախսերն է հոգացել: Բայց չէ՞ որ գիրքն ունեցել է «հեղինակ», «խմբագիր», տեքստը շարող, սրբագրիչ, էջը կապող. այդ բոլորը ձրի՞ են աշխատել, թե՞ նրանց փոխարեն ստորագրողներ են եղել: Մի՞թե սրանց մեջ չի եղել մի ազնիվ մարդ-քաղաքացի, որ հետաքրքրվի, թեՙ հեղինակն ինչո՞ւ չի հետեւում տպագրության ընթացքին: Հնարավոր է, որ այսպիսի ստվերային հրատարակությունը նորություն չէ տպագրական աշխարհում: Վերը հիշատակված ինչուները քննության ենթակա հարցեր են, որոնց պարզաբանման գործով պետք է զբաղվի Մշակույթի նախարարությունըՙ ջրի երես հանելով անօրինակ խարդախության մեղսակիցներին: Նրան պետք է միանան Գրողների միությունըՙ գրական-տպագրական աշխարհում դատապարտելով նման անօրինական վարմունքը, ինչպես նաեւ հեղինակների իրավունքների պաշտպանության կոմիտեն եւ առհասարակ իրավախախտման եւ հանցագործությունների դեմ պայքարող բոլոր կազմակերպություններըՙ վերջ տալու ուրիշների հաշվին ապրողների ախորժակին: |