RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16 > #044, 2018-11-23

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 09-11-2018



ՊԱՊԻԿ ԵՎ ԹՈՌՆԻԿ

Տեղադրվել է` 2018-11-24 03:26:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1115, Տպվել է` 4, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՏԵՐ-ՂԱԶԱՐՅԱՆՆԵՐԻ ԱՐՎԵՍՏԻ ՄՈԳԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ»ՙ այս խորագիրն է կրում օրերս Երեւանի պատմության թանգարանում բացված ցուցահանդեսըՙ նվիրված Էդուարդ Տեր-Ղազարյանի 95-ամայկին: Այն սերունդների երկխոսություն է, տարիների ընթացքում հասունացած գաղափար, երբ մեծանուն միկրոքանդակագործ Էդուարդ Տեր-Ղազարյանն իր անվանակից ավագ թոռանը սկսեց փոխանցել իր յուրօրինակ արվեստի գաղտիքները: «Պահպանել, զարգացնել եւ փոխանցել հաջորդ սերունդներին»ՙ ահա՜ այն ապագան, որը նա երազել է տեսնել իր կյանքի գործիՙ միկրոքանդակագործության համար:

Վարպետի երազանքն այսօր իրականություն է դառնում, որի ապացույցը ցուցահանդեսին ներկայացված 25 աշխատանքներն են. դրանցից 14-ն ընտրվել էին Էդուարդ Տեր-Ղազարյանիՙ 1000-ից ավելի անգերազանցելի միկրոքանդակներից, իսկ 11-ը թոռանՙ Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերիՙ արդեն 100-ից անցնող գործերից:

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսում ներկայացված են նաեւ բազմաթիվ արխիվային նյութեր, արտերկրում լույս տեսած պարբերական մամուլից քաղվածքներ, լուսանկարներ... Դրանք այցելուների համար բացահայտում են փաստեր, որ Էդուարդ Տեր-Ղազարյանն իր կյանքի ուղին սկսել է որպես երաժիշտ, երկար տարիներ եղել է Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերը: Նա միկրոքանդակագործությամբ սկսել է զբաղվել դեռեւս 1939 թվականից: Անզեն աչքի համար անտեսանելի իր առաջին աշխատանքները սկսել է ցուցադրել Երեւանումՙ շուրջ յոթ տասնամյակ առաջՙ 1947-ին: Նա, լինելով ջութակի հանրահայտ վարպետ-նորարար, քանդակագործ, ծաղրանկարիչ եւ գյուտարար, իր մեծ ավանդն է բերել նաեւ բժշկության եւ գիտության ասպարեզում: Հայտնի ակնաբույժ Սվյատոսլավ Ֆյոդորովի համար ստեղծել է հատուկ միկրոսարքավորումներ աչքի վիրահատությունների համար: Նրա հեղինակային գյուտերի շարքից է նաեւ արյան անոթները միացնող սարքը:

Էդուարդ Տեր-Ղազարյանի խոշորագույն նվաճումը եղել եւ մնում է միկրոքանդակագործության նորՙ ամենաբարդ ժանրիՙ շարժական միկրոքանդակների ստեղծումը: Աչքի համար ոչ տեսանելի միկրոքանդակները (որոնք հաճախ բաղկացած են տասնյակ, անգամՙ հարյուրավոր դետալներից) շարժվում ենՙ կատարելով ոչ սինխրոն շարժումներ: Նրա այդ աշխատանքները եզակի են ամբողջ աշխարհում եւ մինչեւ օրս մնում են չգերազանցված, թեեւ դրանց առաջին ցուցադրությունից անցել է ավելի քան 30 տարի: Պատահական չէ, որ օտարները նրա գործերն անվանել են «Աշխարհի ութերորդ հրաշալիք»:

Էդուարդ Տեր-Ղազարյանի ցուցահանդեսները խորը հետք են թողել շատերի սրտերումՙ շրջելով աշխարհի բազմաթիվ երկրներումՙ Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Գերմանիա, Ճապոնիա, Ռուսաստան, Իրան, Եգիպտոս եւ այլն:

Մեծանուն երաժիշտ, ջութակի վարպետ-նորարար Էդուարդ Տեր-Ղազարյանի շնորհիվ կյանքի է կոչվել Բախի վիոլա-պոմպոզան, որը լռել էր ավելի քան 270 տարի: Նա հիմնադրել է նաեւ եզակի երաժշտական գործիքների «Դվին» քառյակը:

Հանճարեղ պարզություն

Էդուարդ Տեր-Ղազարյանի միկրոսկոպի տակ աշխարհը տեսավ ու նորովի ճանաչեց հայի ստեղծագործ մտքի թռիչքըՙ տիեզերական աշխարհ, որը Վարպետը տեղավորել է մարդկային աչքի համար անտեսանելի մակերեսների վրա: Միայն նրա՛ն հաջողվեց ասեղի անցքի մեջ տեղադրել մեծ հանճարներ Չապլինին ու Պագանինիին, ԱՄՆ-ի Ազատության արձանը, Աբու Լալա-Մահարիի ուղտերի քարավանը, մազի մեկ սանտիմետրի վրա տեղադրել տարբեր դարաշրջանների 12 հայկական խաչքարեր, բարձրաքանդակներ հիշեցնող պատկերներ, ճարտարապետական կոթողներ... Նրա միկրոգլուխգործոցները նվեր են ստացել Ռոքֆելլերը, Ինդիրա Գանդին, Խրուշչովը, Եղիսաբեթ II-ը եւ այլք: Սակայն Վարպետիՙ բազմաթիվ հրաշք աշխատանքերի շարքում կարեւորագույն տեղ ունի Գուլիվերն ու գաճաճները, որը բաղկացած է 200 շարժական դետալներից եւ մնում է միկրոքանդակագործության չգերազանցված, բարդագույն գործերից մեկն ամբողջ աշխարհում:

Սերունդների երկխոսություն

...Դեռեւս 2009 թվականին Վարպետը սկսեց իր արվեստի փորձն ու գաղտնիքները փոխանցել Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերին: Նրանք միասին աշխատեցին մինչեւ Վարպետի մահըՙ 2012թ. ապրիլի 16-ըՙ մի կողմից իրար փոխանցելով փորձն ու գիտելիքները, մյուս կողմիցՙ այդ ամենին նորովի նայելու կարողությունը: Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերը, թողնելով իրավաբանի կարիերան, նվիրվեց այս բարդ ու եզակի գործինՙ սովորելով նրա աշխատանքի հիմնական սկզբունքները եւ լիարժեքորեն ընկալելով հանճարեղ պապի ֆենոմենը:

«Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» ցուցահանդեսին կողք-կողքի ներկայացված էին պապի ու թոռան ստեղծագործությունները: Դրանցում հայ ժողովրդի պատմության գանձերն են, հայ եւ համաշխարհային մշակույթի, մարդկության անցյալի մասին Տեր-Ղազարյանների մտորումներն ու գեղագիտական բարձր ընկալումներն են. մոլեկուլի չափ փոքր եզակի ստեղծագործություններ, որոնք մոնումենտալ քանդակներ ու գեղանկարներ են ամփոփում:

Հ.Գ. Մինչ սույն հոդվածը պատրաստում էի հրատարակության, Էդուարդ Տեր-Ղազարյան կրտսերն իր ֆեյսբուքյան էջով արվեստասեր հանրությանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 1-ից Աբովյան 8 հասցեում («Նոյյան տապան» գրախանութ, առաջին հարկ) գործելու է «Էդուարդ Տեր-Ղազարյանների միկրոարվեստ» թանգարանը, որն այցելուների համար բաց է լինելու ամեն օր: Սա առաջին քայլն է Էդուարդ Տեր-Ղազարյանի արվեստը ներկայացնելու ամբողջ աշխարհինՙ որպես ազգային արժեք եւ համաշխարհային մշակույթի բացառիկ երեւույթ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #42, 09-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ