«ՀԵՌԱՎՈՐ ՀԱՄԱՍՏԵՂՈՒԹՅՈՒՆ» ՎԱՎԵԳՐԱԿԱՆԸ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ, ԲՈՍՏՈՆՈՒՄ ԵՎ ՉԻԿԱԳՈՅՈՒՄ Հ.Ծ. «Անկախ ոգու մրցանակին» առաջադրված բոստոնցի կին ֆիլմարտադրիչ Շեվոն Միզրահիի «Հեռավոր համաստեղություն» վավերագրական ֆիլմը նոյեմբերի 2-ից ցուցադրվում է Նյու Յորքի Մետրոգրաֆում, ըստ «Միրոր-Սփեքթեյթրի» հաղորդագրության: Միզրահիի Թուրքիայում (Ստամբուլում) նկարահանված, մրցանակակիր ֆիլմը (82 րոպե, թուրքերեն, հայերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով), որը վեց տարվա միանձնյա աշխատանքի արդյունք է, պատմում է ծերանոցում ապրող, Ցեղասպանությունը վերապրած մարդկանց հոգեսարսուռ ապրումների ու հիշողությունների մասին: Նրանք պատմաբաններ են, արվեստագետներ, պճնամոլներ, հասարակ մարդիկ, որոնք ռեժիսորական խցիկի առաջ բացում են իրենց ներաշխարհը հիշելով անցյալի տխուր իրադարձությունները, նաեւՙ արկածային հետաքրքրությունները: Ֆիլմի առաջին ցուցադրումը տեղի է ունեցել Լոկառնոյում (Շվեյցարիա), որտեղ ստացել է ժյուրիի «Հատուկ հիշատակության արժանի» մրցանակը: Այն «FIPRESCI» եւ «Լավագույն ֆիլմ» մրցանակներին է արժանացել համապատասխանաբար Վիեննայի եւ Ջոնջուի (Հարավային Կորեա) կինոփառատոներում: Տարկովսկու ոճով նկարահանված վավերագրական ֆիլմը Նյու Յորքում մինչեւ նոյեմբերի 8-ը ցուցադրվելուց հետո, նոյեմբերի 9-ին Չիկագոյում է ներկայացվելու, իսկ նոյեմբերի 26-ինՙ Բոստոնումՙ Բրեթլ թատրոնում: Ներկա է լինելու ռեժիսորը, որին վերջերս շնորհվել է «Գուգենհայմ» ընկերությանը անդամակցելու պատվավոր կոչումը: |