ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆ Մերուժան Տեր-Գուլանյան, «Անհայտի սահմանը», Երեւան, «Տիր» հրատ., 2018թ. Ֆրանսիացի նշանավոր արձակագիր եւ փիլիսոփա Ժակ դը Լակրետելը Լառոշֆուկոյի մի քանի տողանոց, բայց հանճարեղ մաքսիմները կամ բարոյախոսական դատողություններն անվանում էր «վեպի սերմեր», որոնցից հմուտ գրիչը կարող է մարդկային նկարագիրն ամենայն խորությամբ ներկայացնող արձակ երկեր «ծլեցնել»: Արդեն քանի տարի, ամեն անգամ «Առավոտ»-ի շաբաթօրյա թողարկման մեջ Մերուժան Տեր-Գուլանյանի էսսեները կարդալիս հիշում եմ այդ դիպուկ բնորոշումը եւ զարմանում, թե ինչպես արձակագիր-լրագրող հեղինակն այդպես շռայլորեն, շաբաթը մեկ, մի նյութից դյուրությամբ անցնելով մյուսին, խտացված վեպեր, ավելի ճիշտՙ վեպերի սեղմագրություններ, պատմագիտական, սոցիոլոգիական, հոգեբանական եւ այլ գիտական ուսումնասիրությունների նախագծեր է շարադրում անդուլ ու անխոնջ: Իսկապես որ լիաբուռն «սերմնացան»: Այս անգամ սակայն Մերուժան Տեր-Գուլանյանի էսսեները ոչ թե զատ-զատ, շաբաթը մեկ, այլ ժողովածուի մեջ իրար ետեւից կարդալիս, անմիջապես հիշեցի մի եղելություն, որ տեղի է ունեցել հիսունմեկ տարի առաջ, Երեւանում, աշնանային մի երեկո: 1957 թ. Բեյրութից առաջին անգամ Հայաստան եկած արձակագիր Գեղամ Սեւանը, նախկին «Ինտուրիստ» ռեստորանում լավ քեֆ անելուց հետո, կեսգիշերն անց հայաստանցի իր գրչակից ընկերների հետ դուրս է գալիս փողոց եւ «Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում մի բեխավոր միլիցիոներ տեսնում: - Ո՞վ է աս մարդը, - հարցնում է նա: - Զինվորակա՞ն է: - Ոչ, միլիցիոներ է, ոստիկան: - Հա՞յ է: - Այո: Այդ ժամանակ Գեղամ Սեւանը հուզված մոտենում է միլիցիոներին, գրկում եւ պահանջում. - Հայ ոստիկան, ձերբակալե զիս: - Ախպեր ջան, կարգը չես խախտում, քեզ ընչի՞ ձերբակալեմ: - Կը պահանջեմՙ ձերբակալե՛, կ ուզեմ հայ ոստիկանի մը կողմե ձերբակալված ըլլալ: (Իմիջիայլոց, այս եղելությունը, անցած աշնանը, Ծաղկաձորում պատմում էի` Սփյուռքի եւ Հայաստանի գրողների համաժողովի մասնակից, Միացյալ Նահանգներից ժամանած, արձակագիր Սարգիս Վահագնին: Նա ուշադիր եւ համբերատար լսելուց հետո ասաց. «Աս դիպվածը իմ մասիս ալ կը պատմվի, ինձմե զատ եւս քանի մը հոգիներու մասին»: Հետաքրքրական է եւ խորհրդանշական, որ իսկապես Գեղամ Սեւանի հետ տեղի ունեցած իրապատում այս միջադեպը, հրաշապատում երանգներ ընդունելով, տարիների ընթացքում վերագրվել է նաեւ ուրիշ մտավորականներին, դրանով իսկ ապացուցելով, որ Սրբազան Հայրենիքի հանդեպ ունեցած այդ վերաբերմունքը հատուկ է սփյուռքահայերի ջախջախիչ մեծամասնությանը): Միլիցիոներ-ոստիկանը Սրբազան Հայրենիքի` հայկական պետականության առավել քան կենդանի եւ նույնքան սրբազան մարմնավորումն էր, որի կողմից ձերբակալվելն անգամ երջանկություն էր Պոլսում ծնված, այնտեղ կրթություն ստացած եւ գրող դարձած, այնուհետեւ Բեյրութ տեղափոխված կրկնակի սփյուռքահայ մտավորականի համար: Ենթադրում եմ, թե ինչպիսի առարկություններ կհնչեն, եթե ասեմ, որ Մերուժան Տեր-Գուլանյանի էսսեներում միեւնույն երկյուղած պաշտամունքն եմ տեսնում հայկական պետականությունը ներկայացնող, մարմնավորող ու խորհրդանշող ամեն ինչի հանդեպ: Իհարկե, ոչ «հայ ոստիկանի մը կողմե ձերբակալված ըլլալու» տենչանքով, այլ անհամեմատ ավելի չափավորված, իմաստավորված ու կշռադատված: Եվ նրա տրամաբանությունն այս դեպքում լիովին մեկնելի է. նրա համար Պրոտագորասի նշանավոր ասույթը փոխվում է, եւ ոչ թե «մարդը», այլ հայոց պետականությունն է դառնում «չափն ամենայնի», հետո նոր մնացած ամեն ինչը: Եվ, բնականաբար, ոչ թե «պետականությունը» հանուն «մարդու», այլ հակառակը: Նա Մերձավոր Արեւելքի, Միացյալ Նահանգների կամ Եվրոպայի հայ գաղթօջախներից չի եկել Հայաստան, այլ Ջավախքից, որն, ըստ էության, նույնպես Սփյուռք էր, իսկ այսօր` առավելեւս: Ավելին, նա ժառանգել է` մոտ 180 տարի առաջ Էրզրումից գաղթած իր նախնիների կարոտն առ Հայրենիք, կարոտ, որ կուտակվել է նրանում, թանձրացել, բարդացել եւ դարձել արքետիպ, որ մեզնից անկախ ուղղորդում է մեր մտքերն ու գործողությունները: Անում ենք բաներ, որոնք չանել չենք կարող: Բայց խնդրո առարկա էսսեների հեղինակն արդեն կես դար է իր հողի վրա է, եւ շարունակելով երկրպագել իր պաշտամունքի առարկա հայրենիքին, արդեն ստանձնել է նրա ապագայի պատասխանատվությունը կամ ինչպես ինքն է պատկերավոր ասում` դարձել է Զվարթնոցի սյուներից մեկը: Եվ այն աստիճան, ասես ամբողջ ծանրությունն է ընկել նրա ուսերին: Իսկ «ծանրությունները» շատ են, նյութական եւ աննյութական: Անկախացած երկրի «ծանրություններ»ՙ սոցիալականից մինչեւ ռազմաքաղաքական: Ավելի քան քառասուն տարվա լրագրող, այնուհետեւ պետական գործիչ եւ դարձյալ փորձառու, համահայկական, թերեւս, լավագույն հանդեսի` «Անդին»-ի հմտացած լրագրող-խմբագիրը չի կարող չտեսնել այդ խնդիրները, որոնց մասին իր գործընկերներից ոմանք օրնիբուն բարձրաձայնում են մամուլում եւ այլուր: Նա տեսնում է այդ ամենը, նույնիսկ անդրադառնում ուղղակի կամ անուղղակի, չտեսնել եւ լռել չի կարող, սակայն դարձյալ «արքետիպի» թելադրած հայացքով եւ ի՛ր բացատրությամբ: Նրա հոգեկանի անմատչելի խորքերում անջնջելիորեն հաստատված «արքետիպն» իր տեսողությունն է թելադրում: Գիրքն ավարտվում է «Պատմական, թե բանասիրական հայրենիք» նամակ-էսեներով, որոնք կարծես հեղինակին ստիպում են ընդլայնել իր հայացքը, փորձել անցյալ կատարյալի միջով նայել այսօրվա լրջագույն խնդիրներին: Այդ հայացքը, հեղինակի բառերով ասած, «Ահեղ մենությունն է պատմական հայրենիքի հանդեպ»: Հարցականների մի շարան է տողանցում նրա գրչի տակով, որոնց շիտակ պատասխանը կօգնի ոչ միայն ճիշտ վերլուծելու անցյալի սխալները, այլեւ լուծելու ներկայիս թնջուկները: «Ամեն հայի ներսում մի քնած Մհեր կա», - գրում է նա եւ կոչ անում արթնացնել նրան: Այո՛, բայց Մհերը պայմաններ էր դրել, կատարենք նախ դրանք, ասել է թե երկիրը Երկիր դարձնենք, եւ նա ինքն իրեն, առանց մեր միջամտության «կարթնանա»: Այս էսեներն ընթերցողի դատին են ներկայացվում փաստորեն երկրորդ անգամ: Առաջին անգամ տպագրվել են գերազանցապես «Առավոտ» թերթի շաբաթօրյա համարներում եւ ընթերցվել որոշակի օրվա համատեքստում: Դրանց մի մասն առտնին խնդիրների ուղղակի անդրադարձներն են, մյուս մասն էլ կարծես փորձ էր ընդհանրապես հասկանալու «աշխարհի բանը»: Այժմ հավաքելով մեկ գրքի մեջ, հեղինակը գիտակցաբար հրաժարվել է նշել, թե դրանք որտեղ եւ երբ են լույս տեսել: Դժվարին քննության է ենթարկում նա իր մտորումներըՙ ասես ստուգելու, թե օրվա կենսական պահանջը որքանով էր հավերժական եւ որքանով է կենսական հավերժականը: Եվ թող ընթերցողը որոշի: Երեւան, հոկտեմբեր, 2018թ. |